Կդադարեցնի՞ հեռարձակումն ընդիմադիր կայանը
Անցյալ շաբաթ հազարավոր մարդիկ Թբիլիսիում դուրս էին եկել ցույցի՝ ի պաշտպանություն Ռուսթավի-2 հեռուստաընկերության: Ցուցարարները մեղադրում են իշխանություններին անկախ հեռուստաալիքը փակելու և խոսքի ազատությունը սահմանափակելու համար:
Ռուսթավի-2-ի շենքի մոտ հավաքված ցուցարարները ‘Հեռո՛ւ Ռուսթավի-2-ից’, ‘Ռուսթավի-2-ը ժողովրդինն է’ պաստառներ էին պարզել:
Ի պաշտպանություն հեռուստաալիքի անցկացվող ակցիաները սկսեցին այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը սկսեց դիտարկել Ռուսթավի-2 հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիի հայցը: Վերջինիս հայտարարության համաձայն, 2006թ.-ին իր հեռուստաընկերությունը խլել են իրենից, նա պահանջում է վերադարձնել այն:
Ռուսթավի-2-ի կողմնակիցները համոզված են, որ հեռուստաընկերության շուրջ մասնավոր վեճը, որն այժմ քննվում է դատարանում, նախաձեռնել են իշխանությունները, որոնց նպատակն իրականում ըննդիմադիր հեռուստաընկերության խմբագրական քաղաքականության վերանայումն է՝ սեփականատիրոջը փոխելու միջոցով:
Միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպությունները նույնպես այդ կարծիքին են: Ըստ նրանց, դատական գործընթացի հետ կապված շատ հարցեր կան, մասնավորապես դատավորի անաչառության հարցը:
“Ռուսթավի-2′-ի գործը պարզ չէ ոչ միայն ԶԼՄ-ների համատեքստում: Շատ հարցեր են առաջանում դատարանի ու դատախազության աշխատանքի վերաբերյալ’, — հայտարարեց ‘Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա’ հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Անա Նացվլիշվիլին:
ԱՄՆ պետդեպարտամենտը նույնպես արձագանքեց խնդրին: ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները հայտարարեց, որ ‘խոշորագույն հեռուստաընկերության փակումը կամ հնարավոր փակումը Վրաստանի մեդիատարածքը զգալիորեն կնեղացնի, ինչն անհանգստության առիթ է տալիս: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում բոլոր այն գործողություններին, որոնք մեդիաբազմակարծության վերաբերյալ փոխզիջման տպավորություն են թողնում: Վրաստանում մեր դեսպան Յան Կելլին արդեն քննարկել է այդ հարցը նախագահի ու վարչապետի հետ, — նշեց Մարկ Տոները:
Ռուսթավի-2-ի շուրջ իրավիճակը թեժացավ օգոստոսին, երբ դատարանը կալանք դրեց հեռուստաընկերության գույքի վրա՝ դրա նախկին սեփականատիրոջ՝ Կիբար Խալվաշիի միջնորդության հիման վրա: Ըստ Խալվաշիի հայտարարության, 2006թ. Սաակաշվիլին նրան ուժով ստիպեց հրաժարվել հեռուստաընկերությունից՝ սպառնալով բանտարկությամբ և բիզնեսի ամբողջական վերացմամբ:
Իշխանությունները ժխտում են որևէ կապ Կիբար Խալվաշիի հետ, չնայած Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով մինչ այժմ ոչ պաշտոնապես ղեկավարում է երկիրը, հեռուստահարցազրույցներից մեկի ժամանակ նշեց, որ հանդիպել է Խալվաշիի հետ Մյունխենում և խոստացել է օգնել հեռուստաընկերությունը վերադարձնելու հարցում:
Ռուսթավի-2-ի ղեկավարությունն ու լրագրողները միաձայն հայտարարում են, որ Խալվաշիի միջոցով իշխանությունները փորձում են ճանկել իրենց անհարմարություններ պատճառող հեռուստաընկերությունը, որպեսզի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մաքրեն տեղեկատվական դաշտը:
‘Մի տարի հետո ընտրություններ են, իշխանությունների վարկանիշը կտրուկ ընկել է, քանի որ քննադատական տեղեկատվությունը, որը հնչում է մեր եթերում, նրանց ձեռնտու չէ: Եթե իշխանություններին հաջողվի այդ անել, դա Վրաստանի՝ բազմակարծություն ապահովող ԶԼՄ-ների վերջը կլինի’ – ասում է Ռուսթավի-2-ի գլխավոր տնօրենի տեղակալ Զաալ Ուդումաշվիլին:
Ռուսթավի-2-ի գործով զուգահեռներ են անցկացվում 2000-ականների Ռուսաստանի ու ‘ՆՏՎ հեռուստաընկերության փակման հետ: ՆՏՎ-ի դեպքում այդ գործընթացի անունը նույնպես երկու մասնավոր կողմերի միջև վեճ կնք եցին, — հայտարարեց Ուդումաշվիլին:
Նախորդ շաբաթ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան “Ռուսթավի-2-ի եթերում հրատապ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ իշխանությունները սպառնում են հրապարակել իր անձնական կյանքի վերաբերյալ կադրեր և ստիպում են նրան հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Գվարամիայի հայտարարության հիման վրա նախաքննություն է սկսվել:
“Ռուսթավի-2 հեռուստաընկերությունը հիմնվել է 1994թ.: Այն ամենախոշոր, տարածված ու ազդեցիկ ազգային հեռուստաընկերություններից մեկն է համարվում:
Հետագայում հեռուստաընկերությունը մեկ անգամ չէ, որ փոխել է սեփականատիրոջը, և մեծ մասամբ դրա առքուվաճառքի գործընթացը ծայրահեղ ոչ թափանցիկ է եղել: Կիբար Խալվաշին, որն այն ժամանակ Սաակաշվիլիի իշանությանը հավատարիմ գործարար էր, ձեռք բերեց հեռուստաընկերությունը 2005թ.: Բայցևայնպես այդ գործընթացի բարեխղճության վերաբերյալ շատ հարցեր կան, քանի որ հեռուստաալիքի նախկին սեփականատերերը՝ Էրոսի Կիցմարիշվիլին, Դավիդ Դվալին ու Ջարջի Ակիմիձեն, պնդում էին, որ իրենց ստիպել են հրաժարվել հեռուստաընկերությունից՝ Կիբարի օգտին:
Հեռուստաընկերության ներկայիս ղեկավարները Կարամանիշվիլի եղբայրներն են՝ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հավատարիմ գործարարները: Իրենց հայտարարություններում ‘Վրացական երազանք’ իշխող կուսակցությունը Ռուսթավի-2-ը հաճախ ‘Ազգային շարժման’ խոսնակ է անվանում:
Եթե դատարանի որոշումը հօգուտ Կիբար Խալվաշիի լինի, հեռուստաընկերության կողմանկիցները սպառնում են բողոքի մշտական ակցիաներ անցկացնել:
Ռուսթավի-2-ի շենքի մոտ ցուցարարներն արդեն մի քանի վրան են խփել: Նրաց խոսքով, նրանք ֆիզիկապես պաշտպանելու են հեռուստաալիքը իշխանությունների՝ բռնությամբ շենք մտնելու փորձերից:
Իշխանությունները կտրականապես հերքում են հեռուստաալիքի շուրջ ծավալվող գործընթացներին իրենց մասնակցությունը: Վրաստանի վարչապես Իրակլի Ղարիբաշվիլին զգուշացրել է Ռուսթավի-2-ի կողմնակիցներին, որ իրավապահ մարմինները խիստ են արձագանքելու ցանկացած հակաօրինական գործողության:
Հակառակ հայտարարություն իր հերթին տարածել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով նշել է, որ ‘երկրում քաղաքացիական կայունությունը սպառնալիքի տակ է’ և կոչ է արել դատարանին ‘շուտափույթ ու կտրուկ որոշումներ չկայացնել, որոնք ավելի շատ կսրեն իրավիճակը’:
Հետաքրքիր է, որ այդ գործընթացներին զուգահեռ իշխանությունները քննում են պետական իշխանությունը զավթելու դավադրության մասին գործը, որը նույնպես կապված է Ռուսթավի-2-ի հետ: Ուկրաինական կայքերից մեկը վերջերս հրապարակել էր նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ու պետական անվտանգության նախկին քարտուղար Գիգի Բոկերիայի ենթադրյալ զրույցի սղագրությունը, որտեղ խոսվում է երկրում անկարգություններ հրահրելու և այդ նպատակով Ռուսթավի-2-ն օգտագործելու մասին: Անվտանգության ծառայությունն արդեն պետության դեմ դավադրության վերաբերյալ գործ է հարուցել: Այդ ընթացքում հեռուստաընկերության շենքի ողջ տարածքում տեսաձայնագրող սարքեր են տեղադրվել, և հերթափոխում են իրավապահ մարմինները: