Կարծիք․ Վրաստան, սովորական ֆեոդալիզմ
Երկրի փաստացի ղեկավարի որդու և վարչապետի ենթադրյալ զրույցի գաղտնի աուդիոձայնագրության շուրջ իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Վրաստանի իշխանությունները ժողովրդի առաջ իրենց հաշվետու չեն համարում։
Շատ մարդիկ այս օրերին զարմացած էին թվում նրանով, որ Վրաստանի վարչապետը ոչ մի կերպ չի մեկնաբանել սկանդալային աուդիոձայնագրությունների հրապարակումը։
Այդ ձայնագրություններում Վրաստանի նախկին վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի 27-ամյա որդի Բերա Իվանիշվիլիի ձայնին նման ձայնով մեկը գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պետական պահպանության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեի ձայներին նման ձայներով անձանց հրահանգում է հանրային կերպով պատժել սոցցանցերի օգտատերերին, որոնք վիրավորական կամ անհարգալից արտահայտություններ են թույլ տալիս Բերա Իվանիշվիլիի մասին, ինչպես նաև նրանցից հաշվետվություն է պահանջում կատարված հրահանգների վերաբերյալ։
Դատելով զրույցի բովանդակությունից՝ նման կերպ պատժված օգտատերերի մի մասն անչափահաս դպրոցականներ են։
Այսինքն՝ սկանդալային զրույցի գլխավոր հերոսը, որը գործադիր իշխանությունում ամենաբարձր պաշտոնն է զբաղեցնում, մի քանի օր շարունակ հարկ չի համարել հասարակությանը բացատրել, թե ինչ է իրականում տեղի ունեցել, և այդ առաքելությունը հանձնել է իշխող կուսակցության երկրորդական անդամներին։
Հենց դա է այս պատմության գլխավոր ուղերձը։
Շատ միամիտ կլինի ակնկալել, որ «ժողովրդի ընտրած» կուսակցության նշանակած վարչապետը հաշվետու է լինելու հասարակությանն ու բավարարելու է նրա լեգիտիմ շահը։
Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա այս երկրում, որպեսզի անգամ ամենաինֆանտիլ և միամիտ քաղաքացին հավատա, որ Վրաստանում չկա իշխանություն այն իմաստով, որով այն գոյություն ունի ժողովրդավարական երկրում։
Վրաստանում կան մարդիկ, որոնց անվանում են վարչապետ, նախագահ, խորհրդարանի խոսնակ և այլն։ Սակայն դա ընդամենը ձևականություն է, որն իրական բովանդակություն չունի։
Որովհետև այդ մարդիկ պատասխանատվություն չեն զգում հասարակության, քաղաքացիների առաջ, որոնք նրանց ընտրել են։ Նրանց պաշտոնները, բարեկեցությունը, հաջողությունը կախված չեն հասարակության կարծիքից։
Այդ ամենը կախված է մեկ մարդու կամքից, և նրանք պատասխանատվություն են զգում միայն նրա և նրա ընտանիքի առջև, ինչը կրկին արտահայտվեց վերջին օրերին։
Բերայի գաղտնի աուդիոձայնագրությունների պատմությունն անողոքաբար մերկացրել է իրականությունը, որում Վրաստանն ապրում է վերջին մի քանի տարիներին։
Վրաստանն այլևս պետություն չէ՝ դրա դասական իմաստով։ Վրաստանը ֆեոդալական կալվածք է, որը ղեկավարում է մեկ մարդ, մեկ ընտանիք՝ սպասարկող անձնակազմի միջոցով։ Եվ այդ անձնակազմը ոչ մի րոպե իրեն պարտավոր չի համարում հաշվի առնել հասարակության շահերն ու հաշվետու լինել նրան։
Որովհետև ֆեոդալական համակարգում իշխաններն ու նրանց նազիր-վեզիրները հաշվետու չեն ճորտերի առաջ։ Հենց այսպես են իրենց դերն ու կարգավիճակն այս երկրում տեսնում իշխանության ներկայացուցիչները։
Եվ դա ամեն տեղ է արտահայտվում՝ ներառյալ ժամանցը պարետային ժամվա ընթացքում, բազում չվաստակած արտոնություններից օգտվելը կամ Ֆեյսբուքում «օգոստափառ» ընտանիքի «սխալ» հիշատակման համար մարդկանց հետապնդելը։
Եվ այս փակ շրջանը կամ ֆեոդալի պալատական արտոնյալների խումբը լավ ժամանակ է անցկացնում հիմնականում բուջեի հաշվին, միմյանց մեդալներ շնորհում, իսկ հասարակությունն ու նրա խնդիրները կարծես այլ մոլորակում լինեն։
Այսօր Վրաստանը փորձության միջով է անցնում․ այն կամ կհամակերպվի Ասլան Աբաշիձեի (1991-2004) ժամանակների Աչարայի նման փաշայության կամ, ավել վատ, ժամանակակից Թուրքմենստանի վերածվելու հետ, կամ չի զիջի այն համեստ ձեռքբերումները ժողովրդավարության ոլորտում, որոնք մի ժամանակ Վրաստանը տարածաշրջանում դարձրեցին «ժողովրդավարության փարոս»։