«Վրաստանը պետք է սովորի «այո» ասել»․ կարծիք Աբխազիայից
Կարծիք Սուխումի օդանավակայանի վերագործարկման մասին
30-ամյա դադարից հետո աշխատանքը վերսկսել է Սուխումի օդանավակայանը: Ճիշտ է՝ այն դեռևս կընդունի միայն ռուսական ինքնաթիռներ:
Ինչպես և ակնկալվում էր, վրացական կողմը բացասաբար է արձագանքել այս իրադարձությանը: Սակայն աբխազ լրագրող Ինալ Հաշիգն այդ դիրքորոշումը անիմաստ և ոչ կառուցողական է համարում։
«Չեգեմսկայա պրավդա» թերթի իր սյունակում Հաշիգը բացատրում է, թե ինչու Վրաստանը պետք է փոխի իր անհաշտ դիրքորոշումը Աբխազիայի նկատմամբ:

Ինալ Հաշիգ
«Աշխարհը փոխվում է սրընթաց արագությամբ:
Թրամփը բարեկամանում է Պուտինի հետ և թշնամանում Բրյուսելի հետ:
Թբիլիսին վիճում է նույն Բրյուսելի հետ և բարեկամաբար առևտուր անում Մոսկվայի հետ…
Այն, ինչը մինչև վերջերս կթվար սյուրռեալիստական երևակայություն, ձեռք է բերում իրական ուրվագծեր:
Չի փոխվում միայն պաշտոնական Թբիլիսիի արձագանքը Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Նույնիսկ եթե Վրաստանը վերադառնա ԱՊՀ կազմ, միանա ՀԱՊԿ-ին և Մոսկվայի նախաձեռնած այլ միություններին, նրա հայացքը Աբխազիային կմնա ճիշտ նույնը՝ չենթարկվելով ոչ ժամանակին, ոչ հանգամանքներին:
Եվ Թբիլիսիի արձագանքը Սուխումի օդանավակայանի աշխատանքի վերսկսմանը լիովին սպասելի էր և ավանդական՝ «Չի՛ կարելի»
Բայց որքանո՞վ է նման դիրքորոշումն արդյունավետ
Թբիլիսին, ողջ ցանկությամբ հանդերձ, չի կարող խանգարել Աբխազիայի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման գործընթացին: Ինչպես նաև չի կարող ազդել ռուս-աբխազական համագործակցության որևէ այլ ոլորտի վրա:
Վրաստանի կառավարությունն ի վիճակի չէ միջամտել Սուխումի և Մոսկվայի միջև հարաբերություններին:
Ընդ որում, որքան ավելի շատ է «մնացյալ աշխարհը» փակ մնում Աբխազիայի համար, այնքան ավելի շատ է նա մոտենում Ռուսաստանին:
Թբիլիսիի վարքագծում կա ևս մեկ տարօրինակ պահ
Չէ՞ որ օդային հաղորդակցության վերականգնմամբ շահագրգռված է ոչ միայն աբխազական, այլև ռուսական կողմը: Իսկ վրացական կառավարությունը վերջին տարիներին ակտիվորեն համագործակցում է Մոսկվայի հետ: Այնքան ակտիվ, որ նույնիսկ ստացել է «ռուսամետ» պիտակը: Հավանաբար, «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հույս է փայփայում, որ Կրեմլը կօգնի իրենց «վերադարձնել» Աբխազիան:
Մյուս կողմից՝ Թբիլիսին անընդհատ աբխազներին անվանում է եղբայրներ և ոսկե սարեր է խոստանում այն պարագայում, եթե նրանք խելքի գան և վերադառնան «Վրաստանի գիրկը»:
Եվ այս ամենի համատեքստում օդային հաղորդակցության դեմ հերթական բողոքը ոչ միայն անիմաստ, այլև հակաարդյունավետ է թվում:
Այդ կերպ Վրաստանի իշխանությունները զայրացնում են Ռուսաստանին, որի հետ հույսեր են կապում Աբխազիան վերադարձնելու հարցում, ինչպես նաև ուժեղացնում են աբխազների անվստահությունը իրենց նկատմամբ:
Թբիլիսին, իհարկե, իմ խորհրդի կարիքը չունի։ Բայց ես կառաջարկեմ Աբխազիայի հետ կապված ավելի ռացիոնալ մարտավարություն որդեգրել։
Սկզբի համար փորձեք սովորել «այո» ասել այնտեղ, որտեղ ձեր կարծիքից իրականում որևէ բան կախված չէ։ Սա որոշակի դրական հուզական երանգ կհաղորդի ինչպես Թբիլիսիի և Սուխումի հարաբերություններին, այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի միջև գործարար շփումներին։
Եվ այդ ժամանակ, գուցե, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները վերջապես հասնեն վրաց-աբխազական տարածք»։