«Գլխավոր մարտահրավերը Իրանից դեպի ՀՀ փախստականների հնարավոր հոսքն է»․ կարծիք
Կարծիք Իրանի վրա ԱՄՆ և Իսրայելի հարձակումների մասին
Երրորդ օրն է, ինչ շարունակվում են Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածները։ Դրանց արդյունքում զոհվել են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «48 իրանցի առաջնորդներ մեկ հարվածով են վերացվել»։ Նրանց թվում են երկրի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Ի պատասխան իրանական կողմը թիրախավորել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ իր երկիրը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ։ Պնդել է, որ «իրանական զինված ուժերը չեն սկսել ներխուժումը»։
Հարևան երկրում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են Հայաստանի համար։ ՀՀ վրա հնարավոր ազդեցությունների կառավարման համար միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել։ Նախօրեին վարչապետի գլխավորությամբ նիստ է գումարել նաև Անվտանգության խորհուրդը։
Այսօր կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ ՀՀ-ում Իրանի դեսպանատան հաղորդագորթյան համաձայն՝ Երևանն իր ցավակցությունն է հայտնել Գերագույն առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների, կանանց և երեխաների նահատակության կապակցությամբ։
«Նա [Միրզոյանը] նաև հայտարարեց Հայաստանի պատրաստակամության մասին՝ այս պայմաններում անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական հանգուցալուծում կստանա»,- ասված է հաղորդագրությունում։
«Հայկական խորհրդի» փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ հայկական կողմի դիրքավորումը պետք է լինի այնպիսին, ինչպիսին կա հիմա։ JAMnews-ի հետ զրույցում նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ն հայտնել է իր ցավակցությունը, բայց ոչ «քաղաքական դիրքորոշումը»։
«Աա չեզոքության հնարավորություն է, որն օգտագործում է Հայաստանը։ Այս պահին հնարավոր լավագույն տարբերակն է»,- արձանագրել է նա։
Զրույցի ընթացքում Ղևոնդյանն անդրադարձել է նաև Իրանի շուրջ հնարավոր զարգացումներին, ՀՀ-ի վրա դրանց ազդեցությանը։
Այս պահին հայտնի մանրամասները, մեկնաբանություն
- «Հայ-իրանական կապերը չեն լինի սակարկման առարկա»․ «Թրամփի ուղին» ու Թեհրանի դիրքորոշումը
- Իրան-Իսրայել սրացումն ու ՀՀ տնտեսությունը․ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ
- «Խնդիրները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման»․ Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան
Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցը․ երկու տարբեր հաղորդագրություններ
Հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը հայտնել է՝ Իրանը գտնվում է «լայնածավալ պատերազմի» մեջ» Աբբաս Արաղչին ամերիկյան հարձակումը որակել է որպես «անօրինական և արդարացում չունեցող ագրեսիա»։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն, ի պատասխան այս անհանդուրժելի ագրեսիայի, թիրախավորել է օկուպացված տարածքներն ու տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները: Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր նահատակ առաջնորդի արյան համար»,- ՀՀ-ում Իրանի դեսպանատան փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։
Ուշագրավ է, որ Արաղչիի այս հայտարարությունները տեղ չեն գտել Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Առհասարակ, ի տարբերություն դեսպանատան՝ նախարարությունը սուղ տեղեկություններ է տրամադրել։ Միայն նշված է, որ քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցեր։
«Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները»,- հայտնել են գերատեսչությունից։
Երևանը՝ խաղաղության «շուտափույթ» հաստատման կողմնակից
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում»,- ասված է հեռագրում։
Փաշինյանը նշել է՝ մեծ անհանգստությամբ են հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին․
«Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար»։
Իրանի վրա հարձակումների մեկնարկի օրը՝ փետրվարի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարեց, որ կայացել է ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:
Մեկ օր անց հաղորդվեց, որ նշված խմբի գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած ԱԽ նիստին Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին զեկույցով է հանդես եկել նաև Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։
«Նիստի արդյունքներով վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ Նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտնի չէ՝ արդյո՞ք զոհ են դարձել նաև ՀՀ քաղաքացիներ
Նախորդող օրերին ՀՀ ԱԳՆ-ն մի քանի հաղորդագրություններ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ հետևում են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին և շարունակելու են մշտադիտարկում իրականացնել։ Տրամադրել էին նաև Իրանում, Իսրայելում և Մերձավոր Արևելքի երկրներում տեղակայված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կոնտակտային տվյալները։
Ավելի ուշ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները շարունակում են իրենց գործունեությունը, սակայն «ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել»։
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկություններ գերատեսչությունը դեռևս չունի։
Անդրադառնալով տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով Մերձավոր Արևելքի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիներին՝ ԱԳՆ-ից նկատել են՝ այդ երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ԱՄԷ-ում մնացած քաղաքացիներին օդային ճանապարհով հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
«Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց»,- ասված է հայտարարությունում։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ԱՄՆ նպատակը ոչ թե Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելն է, այլ կրոնապետության վերացումը.
«Ռեժիմի փոփոխությունը հնարավորություն կտա կանխել էժան նավթի վաճառքը Չինաստանին, ինչպես նաև այլ ռեսուրսների հետ կապված որոշակի խնդիրներ լուծել»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է նա։
Ասում է՝ ստեղծված իրավիճակում «արդյունքի տեսակետից» հնարավոր է իրադարձությունների զարգացման 2 սցենար՝
- «Իրանի հոգևոր իշխանության ներկայացուցիչները կկարողանան պահպանել իշխանությունը և գոնե այս փուլում ԱՄՆ-ն ու Իսրայելը կհրաժարվեն ռեժիմը փոխելու իրենց նպատակից։
- չի ստացվի պահել իշխանությունը և Իրանում տեղի կունենա ռեժիմի փոփոխություն»։
Ղևոնդյանի խոսքով՝ երկու սցենարներն էլ ուղիղ ազդեցություն են ունենալու ՀՀ-ի վրա։ Ասում է՝ ռեժիմի փոփոխության պարագայում Հայաստանը «կշահի ավելին», կունենա հարևան ժողովրդավարական երկիր, ինչը հնարավորություններ կբացի նաև աշխարհի հետ կապվելու առումով․
«Իհարկե, եթե ռեժիմի փոփոխությունից հետո ավելի վատ արդյունքներ չգրանցվեն, ենթադրենք՝ այլ բռնատիրություն չձևավորվի, ինչի հնարավորությունը փոքր եմ համարում»։
Երկրորդ սցենարի դեպքում, եթե ռեժիմի փոփոխություն տեղի չունենա, ապա ՀՀ-ն կշարունակի Իրանի հետ հարաբերվել այնպես, ինչպես մինչ այժմ։ Հիշեցնում է՝ Իրանը Հայաստանի համար գործընկեր և բարեկամական երկիր է և կշարունակի մնալ այդպիսին։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը կարող է լինել փախստականների մեծ հոսքը։
Խոսքն, ըստ նրա, ոչ թե իրանահայերի, այլ հենց իրանցի փախստականների ներհոսքի մասին է։
«Չորս շաբաթը [Թրամփի հայտարարած ժամկետը] բավական երկար ժամանակ է։ Ամենայն հավանականությամբ, ՀՀ-ն կբախվի փախստականների հոսքին։ Այստեղ պետության դիմադրունակության, կայունության և կառավարման խնդիրներ կան։ Տեսնենք, թե Հայաստանն ինչպես կհաղթահարի դրանք»,- ընդգծել է նա։
Չի բացառել, որ կոնֆլիկտի շարունակման դեպքում ՀՀ-ն կունենա տնտեսական բավականին լուրջ խնդիրներ․
«Արդեն փակվել են Իրանից Հայաստան բեռների անցումները։ Կան բեռներ, որոնք Թուրքմենստանում, ԱՄԷ-ում կանգնած են։ Սպասվում էր, որ մոտ օրերին պետք է անցնեին Իրան, որպեսզի գային դեպի ՀՀ։ Այդ բեռներն այլևս չեն կարող գալ, և ամբողջ պատերազմի ընթացքում չեն կարողանալու գալ։ Պատժամիջոցների պատճառով շատ դեպքերում հնարավոր չի լինելու Ռուսաստանով ապրանքներ բերել։ Էլ ավելի խորանալու են տնտեսական խնդիրները»։
Հիշեցրել է՝ Երևանն ու Թեհրանը համագործակցում են նաև «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Ղևոնդյանի կարծիքով՝ եթե հակամարտությունը ամիսներ ձգվի, այդ ծրագրում նույնպես կարող են խափանումներ առաջանալ։
«Հարվածներ ՀՀ տարածքին, Հայաստանի ներքաշում ինչ-որ գործընթացների մեջ, այլ դերակատարների կողմից Հայաստանի հետ խնդիրներ, օրինակ՝ Ադրբեջանի կողմից, չեմ սպասում»,- հայտարարել է նա։
JAMnews-ը Ռոբերտ Ղևոնդյանից հետաքրքրվել է նաև Մերձավոր Արևելքի երկրներից դեպի ՀՀ չվերթների չեղարկման հետևանքների մասին։ Ի պատասխան նա նկատել է՝ վնաս է հասցվում ոչ միայն զբոսաշրջային հոսքերին, այլև բուն տնտեսական գործընթացներին։
«Կան բավական մեծ ծավալի ապրանքներ, այդ թվում՝ եվրոպական երկրներից և Հարավային Ամերիկայից, որոնք ՀՀ են բերվում Մերձավոր Արևելքի երկրների օդային ճանապարհով՝ Քաթարի, ԱՄԷ-ի համապատասխան չվերթներով։ Այժմ դրանք կասեցված են, ինչը նշանակում է, որ այդ ընկերությունները պետք է փնտրեն այլ ճանապարհներ։ Իսկ դրանցով շատ ավելի թանկ է այդ ապրանքները տեղ հասցնելը։ Մենք կարող ենք նաև որոշակի գնաճ ունենալ այս ֆոնին, եթե կոնֆլիկտը երկար տևի»,- ամփոփել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կարծիք Իրանի վրա ԱՄՆ և Իսրայելի հարձակումների մասին