Կարծիք Բաքվից․ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը չի լուծի Ղարաբաղյան խնդիրը»
Ռուսաստանն իր համար տարանջատել է Արցախի ճակատագիրը, որտեղ նրա խաղաղապահներն են տեղակայված, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացից։ Հյուսիսային հարևանի տեսակետից՝ այս հարցերը փոխկապակցված չեն, և մեկը մյուսին չի խանգարում։ Այսպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Շահին Ջաֆարլին։
- 8 զոհ, 13 գերի, 24 անհետ կորած․ կողմերը՝ Հայաստանի և Ադրբեջանին սահմանին տեղի ունեցած մարտերի հետևանքների մասին
- «Ժողովրդավարության գագաթաժողովի» հրավե՞ր, թե՞ տարանցիկ միջանցք։ Կարծիքներ՝ սրացման պատճառների մասին
- «Ադրբեջանն ընտրում էր վատի և վատթարագույնի միջև»․ փորձագետները՝ եռակողմ հայտարարության մասին
Ադրբեջանցի քաղաքագետ Շահին Ջաֆարլիի կարծիքով՝ Ռուսաստանն իր ռազմավարական պետական մտածողությամբ այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու անգամ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը չեն կարող լուծել Ղարաբաղյան խնդիրը։
«Եթե անգամ Հայաստանը ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, Ղարաբաղում ապրող հայերը կարող են ասել․ «Հայաստանը մեզ, առանց այդ էլ, չէր ճանաչում, նրա այդ որոշումը ոչինչ չի փոխում, մենք արդեն որոշել ենք մեր ապագան Ադրբեջանի սահմաններից դուրս»։ Կամ էլ Ռուսաստանը նրանց կստիպի ասել դա։
Տարածքը, որտեղ խաղաղապահներ են տեղակայված, այդ թվում՝ Լաչինի միջանցքը, այսօր էլ Հայաստանի վերահսկողության տակ չէ, և Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրմամբ չի կարող այդ տարածքներն Ադրբեջանին փոխանցել։ Դրանով հարցը չի լուծվի։
Մոտակա շաբաթների ընթացքում մեծ հավանականությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի սահմանազատման մասին փաստաթուղթ։
Որոշ ժամանակ անց կբացվեն ճանապարհները (այդ թվում՝ Զանգեզուրով) և կվերականգնվեն տնտեսական կապերը, սակայն դա ուղիղ ազդեցություն չի ունենա Ղարաբաղի վրա։
Լավագույն դեպքում կարող է այնպես լինել, որ Ռուսաստանը համաձայնի ստատուս քվոյի վերադարձին, որը նման է ԼՂԻՄ գոյության ժամանակահատվածին։ Այդպիսով կվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ խաղաղապահներն այնտեղ կմնան առհավետ, արդեն ռուսական ռազմաբազայի կարգավիճակում՝ որպես հայկական բնակչության անվտանգության երաշխավորներ։
Առաջին Ղարաբաղյան պատերազմն ու դրան հաջորդած ժամանակահատվածն անցնում էր հայերի մարտավարական գերակայության պայմաններում։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմն ու դրան հաջորդած փուլն անցնում են արդեն ադրբեջանցիների գերակայության ներքո։ Սակայն այդ բոլոր փուլերի ռազմավարական հաղթողը Ռուսաստանն է։
Զանգեզուրով ճանապարհի բացումը կարող է թվալ Ադրբեջանի մարտավարական հաղթանակ, սակայն Ռուսաստանից կախվածության ավելացման հավանականություն կա։ Այդ պատճառով էլ, չնայած «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի ղեկավարության բոցաշունչ ելույթներին, հավատս չի գալիս, որ Բաքուն Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է տեսնում դեպի Թուրքիա և Եվրոպա գլխավոր տարանցիկ կետը։ Իհարկե, այդ ճանապարհով երթևեկություն կլինի դեպի Նախիջևան և Թուրքիա, բեռներ կտեղափոխվեն, սակայն վրացական ճանապարհը մոտակա հեռանկարում կպահպանի իր ռազմավարական նշանակությունը։ Հեռավոր ապագայի կանխատեսումներ անելու ցանկություն չկա։
Ռուսաստանն այս երկու ժողովուրդներին և աշխարհագրությունն ավելի լավ գիտի, քան ադրբեջանցիներն ու հայերը։ «Ավագ եղբայրը» ոչ միայն ազդում է կառավարությունների որոշումների վրա, այլև կառավարում է երկու ժողովուրդների զգացմունքներն ու հույզերը։ Երբ իրեն պետք է, նա այնպես է անում, որ կա՛մ ադրբեջանցիների, կա՛մ հայերի «էշը կորում է», հետո այն «գտնվում է», և բոլորն ուրախանում են։ Երբ պետք է պատժել ադրբեջանցիներին, Ռուսաստանը հայերին է հունից հանում, իսկ երբ Հայաստանին, նա Ադրբեջանին թույլ է տալիս նույն կերպ պատասխանել։ Սակայն միմյանց վրա կողմերի այդ հարձակումները միշտ անավարտ են մնում, կողմերից ոչ մեկը լիակատար հաղթանակ չի տանում։
Եվ այսօր Ռուսաստանի քաղաքականության որոշիչ և ուղղորդող աղբյուրը մեր տարածաշրջանում պատմական հիշողությունն է և իմպերիալիստական կոդերը, որոնք կապված են այս աշխարհագրության հետ։ Միջոցները, որոնք թույլ են տալիս նպատակին հասնել և պաշտպանել սեփական շահերը, փոխվում են ժամանակի և իրողությունների պահանջով, և ներկա պահին (իրականում՝ 2016 թ-ից սկսած) մենք տեսնում են պարադիգմի հերթական փոփոխություն։ Եթե նախկինում Ռուսաստանը բավարարում էր իր շահերը հակամարտության սառեցմամբ, ապա այժմ այն ընտրել է հակամարտության (ոչ լիարժեք) լուծման և տարածաշրջանային փոխգործակցության ճանապարհը՝ բոլոր գործընթացների նկատմամբ վերահսկողության և իր լիդերության պահպանման պայմանով», — գրել է Ջաֆարլին Ֆեյսբուքի իր էջում։