Կարծիք։ Վրաստան․ օլիգարխի ռևանշը
Վրաստանի խորհրդարանն, այսինքն՝ միայնակ մնացած խորհրդարանական մեծամասնությունը, քվեարկել է Իրակլի Շոթաձեին գլխավոր դատախազի պաշտոնում վերանշանակելու օգտին։
Այս որոշումը վերջին ժամանակներս Վրաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների «երկրորդ գալստյան» առաջին դեպքը չէ։
Կառավարությունն, ավելի ճիշտ՝ միլիարդատեր, «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ և երկրի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, 2019 թ–ի նոյեմբերին կրթության նախարարի պաշտոնում վերականգնել էր Միխայիլ Չխենկելիին, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր 2017-2018 թթ–ին։
•Օլիգարխի հայրենի գյուղը. լեգենդ վրացական երազանքի մասին
Ավելի վաղ կառավարություն էր վերադարձել նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ճիշտ է՝ ոչ որպես վարչապետ, այլ որպես պաշտպանության նախարար։
Այսպիսի «կարուսելը», մի կողմից, ցույց է տալիս, որ Իվանիշվիլին տառապում է իրեն հավատարիմ կադրերի պակասից, ինչը նրան ստիպում է «երկրորդ շրջանն անել»։ Սակայն Շոթաձեի վերանշանակումը, մասնավորապես, ավելի շատ խորհրդանշական և գործնական նշանակություն ունի։
Իրակլի Շոթաձեն հրաժարական էր տվել 2018 մայիսին 2017 թ–ի դեկտեմբերին հասակակիցների հետ կռվի ժամանակ սպանված դեռահաս Դաթո Սարալիձեի աղմկահարույց գործի պատճառով սկսված զանգվածային ցույցերի հետևանքով։
Սպանությունը տեղի էր ունեցել բազմաթիվ վկաների աչքի առաջ, սակայն մի քանի ամիս տևած դատաքննությունից հետո դատարանը որոշել էր, որ դեռահասի մարդասպանն այդպես էլ չի հայտնաբերվել։
Սպանվածի հայրն ու նրա կողմնակիցները կարծում էին, որ դատախազությունը գործը հարկ եղած ձևով չի հետաքննել և թաքցրել է հանցանշանները։ Դա ավելի ուշ հաստատել է խորհրդարանական քննչական հանձնաժողովը։
Այն ժամանակ իշխանությունները ստիպված էին ընդառաջ գնալ հասարակության պահանջներին։
Նույն բանը տեղի էր ունեցել 2019 թ–ի հունիսի 20–ի անկարգություններից հետո, երբ հրաժարական տվեց խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։ Հենց նա իր վրա վերցրեց պատասխանատվությունն այն բանի համար, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար Թբիլիսի էր հրավիրվել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։
Արդյունքում՝ Գավրիլովը նիստը բացելիս հայտնվել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, և դա ընդդիմադիր ակտիվիստների և հասարակ քաղաքացիների մասնակցությամբ զանգվածային ցույցեր և ոստիկանության հետ բախում էր սադրել։
Սակայն շուտով պարզվել էր, որ Կոբախիձեի հրաժարականը պարզապես հարկադիր քայլ էր։
Իրականում ոչ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, ոչ Բիձինա Իվանիշվիլին սխալմունք չէին համարում Կոբախիձեի կողմից Գավրիլովին խորհրդարան հրավիրելը։ Եվ նրանք ընդհանրապես չեն մտահոգվում այն փաստի առթիվ, որը մեծ դիմակայություն էր առաջացրել։ Դրա հետևանքով հարյուրավոր մարդիկ էին կալանավորվել, երկրում ծանրագույն քաղաքական ճգնաժամ էր ստեղծվել։
«Պատժված» և պաշտոնանկ արված Կոբախիձեն, այնուամենայնիվ, ներկա էր լինում բոլոր հանրային հանդիպումներին և Բիձինա Իվանիշվիլիի կողքին կանգնում։ Եվ հենց նրան էր վստահված իշխող կուսակցության գլխավոր ներկայացուցչի և բանակցողի գլխավոր դերն ինչպես երկրի ներսում (ընդդիմության հետ հանդիպումներ), այնպես էլ արտասահմանում (եվրոպացի խորհրդարանականների հետ հանդիպումը Ստրասբուրգում)։
Մի խոսքով, «գավրիլովյան գիշերվա» գլխավոր ֆիգուր Կոբախիձեն ոչ միայն ամբողջությամբ վերականգնել էր իր դիրքերն Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» աչքերում, այլ նաև կարող էր հանգիստ վերադառնալ խորհրդարանի նախագահի պաշտոնին, եթե այն չզբաղեցներ նույնքան հավատարիմ կադր Արչիլ Թալաքվաձեն, նաև եթե դա անհարմար իրավիճակ չստեղծեր։
Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Ինչո՞ւ Իվանիշվիլին չի վախենում կրկին բարձրացնել անցանկալի և երերուն հեղիկանություն ունեցող ֆիգուրներին, հատկապես՝ արևմտյան գործընկերների կողմից նման աննախադեպ քննադատության ֆոնին։
Հավանաբար, այն նույն պատճառոով, որով 2019 թ–ի նոյեմբերին հրաժարվեց կատարել ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելու իր խոստումը։ Այն նույն պատճառով, որով վերջերս կալանավորվեց ընդդիմության առաջնորդներից մեկն ու Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան հենց այն պահին, երբ ԱՄՆ նորանշանակ դեսպանը վրացի քաղաքական գործիչների համար ընդունելություն էր անցկացնում։
Իվանիշվիլին և նրան հավատարիմ «Վրացական երազանքը» Վրաստանում և արտասահմանում բոլորին հասկացրին, որ չեն պատրաստվում հանձնել իշխանությունն ու ամեն ինչի գնալու են այն պահպանելու համար։
Այդպիսով, Վրաստանում հասարակական կարծիքը կամ Արևմուտքի քննադատությունը նրանց համար ոչինչ չեն նշանակում։
Մինչ իշխանությունը հաջողվում էր պահպանել համեմատաբար ժողովրդավարական կառավարման պայմաններում, «Երազանքը» ձգտում էր դուրս չգալ այդ շրջանակներից։ Ահա թե ինչու ժամանակին Շոթաձեն և Կոբախիձեն պաշտոնանկ արվեցին. իշխանությունն այն ժամանակ հաշվի էր առնում ժողովրդի պահանջները։
Սակայն «ժողովրդավարություն խաղալու» գործընթացը դադարեցվեց հենց սպառնալիք առաջացավ, որ նման զիջումներով կարելի է իշխանություն կորցնել։
Համամասնական ընտրակարգի անցնելու խոստման խախտումը բեկումնային պահ դարձավ։
Գլխավոր դատախազի պաշտոնին Շոթաձեի վերադարձն օրիգարխի ռևանշի գագաթնակետն է։ Եթե մինչ այդ ոմանք կասկածում էին, որ այս իշխանությունը կգնա ընտրությունների կողծման, բռնաճնշումների, «կարած գործերի», անկախ լրատվամիջոցների ջախջախման և ցանկացած բռնության, ապա այսօր այդ հարցն այլևս դրված չէ։ Այո, կգնա։
Եվ եթե «Երազանքի» նման կառավարումն անհամատեղելի է արևմտյան ուղղվածության հետ, ապա ավելի վատ՝ արևմտյան ուղղվածության համար։