Կարծիք։ Եթե պատերազմ չլիներ
Երբ ես փոքր էի և տպավորվող, հեռուստացույցով մի կին տխուր երգ էր երգում, որը կոչվում էր «Եթե պատերազմ չլիներ»։ Եվ նույնիսկ հիմա, երբ զգայունությունս զգալիորն բթացել է, այդ երգն ինձ շատ տխուր է թվում։ Երգն այն մասին է, թե ինչպես կդասավորվեր աղջկա և նրա (ենթադրաբար զոհված) սիրեցյալի կյանքը, եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Իսկ ի՞նչ կլիներ, եթե չլիներ Ղարաբաղյան պատերազմը։ Ոչ առաջինը, ոչ երկրորդը։ Ինչպիսի՞ն կլիներ կյանքն Ադրբեջանում և ողջ Հարավային Կովկասում։
Պատկերացնենք, թե ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը զբաղվել են իրենց ներքին գործերով, հարյուրամյա վաղեմության նեղվածությունն ի հայտ չի եկել, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ է մնացել, իսկ այնտեղ բնակվող հայերը ստացել են ադրբեջանական քաղաքացիություն։
Պատկերավորության համար պատկերացրածս խմբավորեմ լրջությունից դեպի «առօրեական»։
Այսպիսով, եթե Ղարաբաղյան հակամարտությունը չլիներ, ապա՝ պարզ չէ, թե ինչ քաղաքական ռեժիմ կլիներ այժմ Ադրբեջանում։ Չէ՞ որ երկրի քաղաքական ճակատագիրն անկախանալուց հետո 90%-ով դասավորվել է հենց Ղարաբաղյան հակամարտության ազդեցության տակ։ Հենց Ղարաբաղյան հարցն էր հաղթաթուղթ նրանց համար, ովքեր ցանկացել են իշխանության գալ, այն էլ հենց խաչ է քաշել քաղաքական գործիչների կարիերայի վրա։
Դա հեքիաթի պես մի բան է․ կա դև, որին պետք է սպանել, քնեցնել, պայմանավորվել հետը, մի խոսքով, գոնե մի բան անել, որ նա դադարի կրակով այրել գյուղերն ու նախաճաշել տեղի բնակիչներով։ Նա, ում դա հաջողվի, ստանում է թագավորությունը։
1. Դեռ պարզ չէ, թե ինչն էր լինելու ազգային գաղափարի հիմքը և պաշտոնական մղումների գլխավոր օբյեկտը, որի դերն այս ողջ ընթացքում խաղացել է Ղարաբաղի ազատագրումը։ Մտքիս մի տարբերակ է գալիս, որ Ադրբեջանը ձգտելու էր անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, ինչպես անում է Վրաստանը։ Բայց գուցե ընդհանրապես ապրեինք առանց գլոբալ նպատակի, ինչպես, օրինակ, Ղազախստանը։
2. Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանն ու Թուրքիան կարող էին միություն ստեղծել։ Հայաստանի համար շահեկան է ուղիղ ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունը Թուրքիայի հետ, Ադրբեջանին շահեկան է կարճ ճանապարհը դեպի Նախիջևան, Թուրքիային ձեռնտու է փող աշխատելը տարածաշրջանում։ Կարճ ասած՝ բոլորն այսպես թե այնպես, կշահեին։ Եվ այդ միությունը կարող էր դուրս թողնել Ռուսաստանին Հարավային Կովկասից, որը Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ չէր ունենա։ Թուրքիայի ազդեցությունն էլ Ադրբեջանի վրա, հնարավոր է, այնքան էլ մեծ չէր լինի, քանի որ նրան պաշտպանելու և սատարելու կարիք չէր լինի։
3. Մոտ 50 հազար մարդ կենդանի կմնար։ Այս թվերը շատ ու շատ մոտավոր են․ երկու կողմերի կորուստների հստակ թիվը հակամարտության ընթացքում հաշվել գրեթե անհնար է։ Թող լինի 50։ Թեկուզ՝ 40։ Սա ավելին է, քան Լիխտենշտեյնի կամ Մոնակոյի բնակչությունը։ Իհարկե, նրանցից ոչ բոլորը կապրեին մինչև մեր օրեր, կմահանային հիվանդությունների, դժբախտ պատահարների կամ պարզապես տարիքի պատճառով։ Բայց նրանց չէին գնդակահարի կամ պայթեցնի անծանոթ մարդիկ, որոնց հետ նրանք երբեք անձնական հաշիվներ չեն ունեցել։ Ի դեպ, նույնքան մարդ ոչ ոքի չէր սպանի։
4. Եվ մի քանի միլիոն մարդ (ինչպես նաև այդ պահին նրանց դեռ չծնված երեխաներն ու թոռները) կտրված չէին լինի իրենց բնական միջավայրից, սոցիալական և մշակութային արմատներից, ստիպված չէին լինի կյանքը զրոյից սկսել Բաքվում և այլ քաղաքներում։ Խոսքը միայն այն մասին չէ, որ նրանք կպահպանեին իրենց տներն ու կխուսափեին հոգեբանական վնասվածքներից (թեև, իհարկե, սա էլ է շատ կարևոր)։ Այսպես ասենք․ բռնի տեղահանվածների երկրորդ սերունդը, եթե ծնվեր և մեծանար իր ավանդական միջավայրում, ամենայն հավանականությամբ, ուրիշ մարդ կլիներ։
5. Ադրբեջանը լիքը փող կխնայեր, որոնք այս 30 տարում ծախսել է սպառազինության, բռնի տեղահանվածներին տեղավորելու վրա։ Այնպես չէ, որ այդ բոլոր փողերը ծախսվելու էին օգտակար մի բանի վրա, սակայն, այնուամենայնիվ, տնտեսական պատկերն այլ կլիներ, գուցե՝ ավելի ուրախ։ Գոնե տնտեսական (և այլ) խնդիրները չէին բացատրի նրանով, որ «ապրում ենք պատերազմի պայմաններում»։
6. Շատերը գործազուրկ կդառնային։ Այդ թվում՝ ես։ Այս երեք տասնյակ տարում ձևավորվել է «նեղ մասնագետների» մի ողջ բանակ՝ լրագրողներ, խաղաղապահներ, փորձագետներ, որոնց գործունեությունն այսպես թե այնպես կապված է Ղարաբաղյան հակամարտության հետ։ Նրանցից ոմանք ընդհանրապես ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվել։ Այնպես որ, եթե հակամարտությունը չլիներ, նրանք (մենք) ստիպված էինք լինելու այլ ոլորտում մասնագիտանալ։
7. Բյուջետային զբոսաշրջությունը ևս մեկ ուղղություն կունենար։ Այժմ «բյուջետային զբոսաշրջություն» հասկացությունն ինքնին բաքվեցիների համար սահմանափակվում է «ճամպրուկ-ավտոկայան-Թբիլիսի» երթուղով։ Իսկ այդ դեպքում այլընտրանքային տարբերակ կլիներ՝ «ճամպրուկ-ավտոկայան-Երևան»։ Կարելի կլիներ հանգստյան օրերին մեկնել, այցելել Սերգեյ Փարաջանովի թանգարան, երեք հարյուր սելֆի անել, որոնց վրա մեր գոհ դեմքերը գրեթե ամբողջությամբ կծածկեին Սուրբ Հակոբի եկեղեցին, տոլմա ուտել, եզրակացության գալ, որ մերն, այնուամենայնիվ, ավելի համեղ է, բայց սա էլ ոչինչ, իսկ հետդարձի ճանապարհին մի-երկու շիշ «Արարատ» կոնյակ գնել։
8. Եթե տղա ունեք, հավանաբար հայ քիրվա կունենայիք։ Գիտե՞ք՝ ինչ է «քիրվան»։ Մարդ, որը թլպատման ժամանակ գրկում է երեխային։ Կնքահոր պես մի բան է։ Չգիտեմ, թե ինչ տրամաբանությամբ էր ընդունված մուսուլմանական ծեսի համար հրավիրել հայ քրիստոնյայի։ Բայց այդ ավանդույթը կար, և քիրվան գրեթե ազգական էր համարվում։
Ցանկն, իհարկե, բավականին սուբյեկտիվ է և ոչ լիարժեք։ Ամբողջական ցանկ կազմելն անիրական է։ Որովհետև ընդհանրապս ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե չլիներ պատերազմը։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։