Կանայք ու ինքնասպանությունը
Ամենասովորական գարնանային օրերից մի օր Բաքվում 20-ամյա աղջիկը բարձրացել է բազմահարկ շենքի տանիք և նետվել այնտեղից:
Հետո, երբ բաքվեցիները քննարկում էին այդ թեման, ասում էին, որ ընտանիքը պատրաստվում էր աղջկան ստիպողաբար ամուսնացնել և հենց դա է եղել ինքնասպանության պատճառը: Չնայած ընտանիքի անդամներն ու հարազատները չեն ուզում խոսել այդ մասին, նրանց պնդմամբ, աղջիկը զուտ հոգեբանական խնդիրներ է ունեցել, որոնք կապված չեն եղել ամուսնության հետ: Սակայն հոգեբանները կասկածում են, որ աղջկան ինքնասպանության հասցրած հոգեբանական խնդիրներն առաջացել են գենդերային խտրականության պատճառով:
Շենքը, որտեղ տեղի է ունեցել 2016թ-ի ապրիլի 12-ի ողբերգությունը
Աղքատություն հավասարության դեմ
Ադրբեջանում բավականին շատ են կառավարական և հասարակական կազմակերպությունները, որոնք երկար տարիներ աշխատում են գենդերային անհավասարությունը կրճատելու ուղղությամբ: Մշակվել և ներդրվել են կրթական նախագծեր, ինչպես նաև գիտական հետազոտություններ են արվել: Սեռային հավասարության հասնելու ձգտումն արտացոլվել է նաև ազգային օրենսդրությունում:
Ադրբեջանը վավերացրել է ՄԱԿ 1995թ-ի «Կանանց հանդեպ խտրականության բոլոր դրսևորումների լիկվիդացման մասին» կոնվենցիան: 2009թ-ին «Գենդերային հավասարություն և կանանց նախաձեռնություններ» հասարակական միավորումը մոնիթորինգ է անցկացրել, ինչի արդյունքում այլընտրանքային հաշվետություն է ներկայացրել Ադրբեջանում այդ կոնվենցիայի կատարման մասին:
Դրանում ասվում է. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ գենդերային կարծրատիպերը հասարակությունում այնքան ֆունդամենտալ են, որ կանանց և տղամարդկանց միջև հավասարության տենդենցի մասին նույնիսկ խոսելն է վաղ: Գենդերային կարծրատիպերը մինչ այժմ ուղղորդում են սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացները: Եթե կանայք նույնիսկ փորձում են ոչ մեծ դիրքեր զբաղեցնել տնտեսական ոլորտում, նրանց գործողություններն իներտ են»:
Այս ամենը տեղի է ունենում համընդհանուր աղքատության և խղճուկ կենցաղի համատեքստում.
«Հարցվածների մեծ մասը կարծում է, որ ծայրագույն աղքատության պայմաններում առաջին հերթին պետք է լուծել միայն ամենօրյա նյութական խնդիրները: Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, որպես կանոն, հետևում են ավանդական-նահապետական պահանջներին ու նորմերին, և այդ հանգամանքը դժվարացնում է նույնիսկ ամենաակտիվ կանանց գործունեությունը»:
Կանայք չեն սատարում կանանց
Հոգեբան Վեֆա Ակբերը կարծում է, որ եթե որևէ ընտանիքում խոսք է գնում կնոջ հանդեպ բռնության մասին, ապա դրա գլխավոր պատճառն այլ կանանց կողմից աջակցության բացակայությունն է: Եթե ընտանիքում աղջիկ է մեծանում, ապա նրա ամենամտերիմ ընկերը պետք է լինի մայրը: Սակայն դա տեղի չի ունենում, քանի որ մոր ու աղջկա միջև անդունդ է:
«Ո՞րտեղից է առաջանում այդ անդունդը, — հարցնում է հոգեբանը և պատասխանում, — մայրը միշտ ցուցադրում է իր առավելությունը, որոշակի դոմինանտություն՝ դրանով ասելով, որ նա մեծ է, և մոր ու աղջկա հարաբերություններում պետք է սուբորդինացիա լինի, մորը պետք է հարգել: Այդ հարգանքն ի վերջո հանգեցնում է երկրպագության»:
Ամուսնություն 12 տարեկանո՞ւմ
Ադրբեջանում կանանց իրավունքների ամենկոպիտ խախտումը վաղաժամ ամուսնություններն են: Ադրբեջանի ընտանեկան օրենսգիրքը ենթադրում է ամուսնություն միայն ինքնակամ հիմքով: «Երեխաների իրավունքի մասին» օրենքի համաձայն, որն Ադրբեջանում ընդունվել է 1998թ-ին, և ըստ 1992-ին վավերացված «Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի», մինչև 18 տարեկան ոչ չափահաս անձինք համարվում են երեխաներ, հետևաբար չեն կարող ամուսնական հարաբերությունների մեջ մտնել:
Չնայած դրան, ընդհանուր առմամբ երկրում վաղաժամ կրոնական ամուսնությունների բազմաթիվ փաստեր կան: Այդ ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ երկրում գրանցված է 10 հազարից ավել նման ամուսնություն և այդ թիվը տարեց տարի աճում է: Հատկապես մեծ թիվ է գրանցվել Ադրբեջանի հարավային շրջաններում. այստեղ աղջիկներն ամուսնանում են հաճախ նույնիսկ 12-16 տարեկան հասակում: Այդպիսի դեպքեր հաճախ են հանդիպում Ջալիլաբադի և Մասալինի շրջաններում: Որպես կանոն, երիտասարդ հարսները զրկվում են ոչ միայն մանկությունից, այլ նաև կրթությունից. սովորաբար նրանք միայն կրտսեր դպրոցն են ավարտում:
Արդյո՞ք 100 տարի անց կանանց կարգավիճակը փոխվել է
Ադրբեջանի հասարակությունում, որը կանանց հանդեպ առանձնահատուկ խիստ է և պահանջկոտ, պատմականորեն այսպիսի իրավիճակ է ստեղծվել. նախքան ամուսնությունը աղջիկներն ապրում էին ծնողների տանը, իսկ ամուսնական տարիքի հասնելուց հետո՝ ամուսնու տանը: Այսինքն, պատմականորեն, ադրբեջանցի կինը ընտանիքից դուրս ոչ կյանք է ունեցել, ոչ սեփականություն, և ամուսնությունը գոյատևելու միակ աղբյուրն է եղել: Չէ՞ որ այն է կանանց համար ապահովել բնակարան, ունեցվածք, սոցիալական և տնտեսական պաշտպանվածություն, ինչպես նաև երեխա ունենալու հնարավորություն:
Չի կարելի ասել, որ այդ կարգավիճակը փոխվել է 100 տարվա ընթացքում, և հասարակությունը մինչ այժմ այդ հարցերի քննարկման չի գնում: Վաղաժամ ամուսնությունների խնդիրը նաև թեմայի փակ լինելն է, և նույնիսկ հասարակական քննարկումները զգալի արդյունքներ չեն տալիս:
Ներկայում պաշտոնական վիճակագրությունը գրանցված ամուսնությունների հաշվարկ է վարում: Անչափահաս աղջիկներին ստիպողաբար ամուսնացնելը դիտարկվում է որպես հանցագործություն գործընթացի բոլոր մասնակցիների համար, բացի աղջիկներից: Այս ամենը դժվարացնում է վաղաժամ ամուսնությունների արձանագրումը: Շրջաններում այդ թեման, ցավոք, շատ ակտուալ է: Այսպես, բոլորովին վերջերս Ազիզա Էլհանօղլուն հեռուստատեսությանմբ պատմեց այն մասին, որ Ադրբեջանի Օգուզի շրջանում 14-ամյա աղջկա են նշանել:
Տղամարդկանց գերակայության ֆենոմենը
«Ռացիոնալ զարգացում» կանանց միավորման նախագահ Շախլա Իսմայիլն ասում է, որ «Ադրբեջանում գոյություն ունի տղաների գերակայության ֆենոմեն»:
«Եվ արդեն միայն դա լուրջ պատճառ է հասարակության մտահոգության համար: Կնոջ և աղջիկ երեխաների հանդեպ վերաբերմունքը նույնպես սկիզբ է առնում այդ ֆենոմենից: Եթե մենք հասկանանք իրական պատճառը, կարող ենք տեսնել այդ տխրահռչակ շղթայի հաջորդ օղակները»:
Շախլա Իսմայիլի խոսքով, այդ իրավիճակի պատճառների ու հետևանքների հիմքում կրթական, ինչպես նաև հասարակական պատասխանատվության խնդիրն է.
«Ադրբեջանում կանանց ինքնարտահայտման առումով խնդիրներ ու խոչընդոտներ կան հասարակությունում: Դա վերաբերում է և՛քաղաքական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական ոլորտներին: Մենք մեր աշխատանքում հաճախ ենք բախվում բացասական ֆենոմենների հետ, այդ թվում՝ նաև ինքնասպանության: Կանայք ինքնասպանություն են գործում բոլորովին հուսահատ վիճակում, ամենավերջին պահին, միայն այն ժամանակ, երբ բոլոր ռեսուրսները սպառված են: Հարց է առաջանում, թե ինչու են այդ բոլոր հնարավորությունները սպառվում: Ինչո՞ւ կնոջը չեն սատարում ընտանիքում, հասարակությունում և պետությունում»:
Ինքնասպանության հասցնելը հանցագործություն է ըստ օրենքի: Քրեական օրենսգրքի 125 հոդվածի համաձայն, «մեղավորից նյութական, ծառայողական և այլ կախվածության մեջ գտնվող անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը սպառնալիքի, վատ վերաբերմունքի կամ նրա ինքնասիրությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով պատժվում է մինչև 3-7 տարի ազատազրկմամբ»:
Պետք է հետազոտել պատճառները
Կանանց կրիզիսային կենտրոնում աշխատանքային բազմամյա փորձ ունեցող հոգեբան Ազադ Իսազադեն կարծում է, որ ինքնասպանության ամենից շատ հակված են անչափահասներն ու տարեցները: Նրանք ռիսկի խումբ են, և պետք է անընդհատ հետազոտել. «Անհրաժեշտ է դպրոցներին, ծնողներին ու համապատասխան կառույցներին և նախարարություններին տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել: Մի խոսքով, պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»:
Սակայն կանխարգելիչ միջոցներ չկան.
«Մենք պայքարում ենք միայն արդյունքների դեմ: Եթե ինքնասպանություն գործողը ողջ է մնում, մենք նրան բացատրում ենք, որ չի կարելի նման բան անել»:
Ազադ Իսազադեն նշում է, որ «ինքնասպանությունն ընդհանուր առմամբ տիպիկ է Արևելքի բնակիչներին: Այդ պատճառով էլ Ադրբեջանում ինքնասպանությունների թվի աճը մտահոգություն չի առաջացնում: Տարիքային խմբի խնդիրների հետազոտմանը զուգահեռ պետք է նաև հետազոտել կանանց և տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների պատճառները: Եթե չկարողանանք պարզել պատճառների ամբողջ համալիրը, ապա այդ երևույթի դեմ պայքարն արդյունավետ չի լինի»:
Հրապարակվել է 4.06.2016
Կազմի նկարազարդումը՝ Մեյդան Թի-Վի-ի