Հայաստանում մայրանալու միջին տարիքը վերջին 25 տարվա ընթացքում բարձրացել է: Պաշտոնական տվյալներով՝ 1990 թ.-ին կինը 23 տարեկանում էր մայրանում, 2016 թ.-ին՝ 25 տարեկանում, և 2016 թ.-ից ավելացել է 35-39, 40-44 տարեկանում մայրացողների թիվը:
Փորձագետների խոսքով՝ պատճառը երկրի սոցիալական վիճակն է, կանայք չեն ուզում ամուսնանալ և երեխա ունենալ՝ չունենալով բարձր աշխատավարձ կամ այնպիսի ամուսին, որը կապահովի ընտանիքի կարիքները:
«Առաջադեմ կանանց միություն» ՀԿ նախագահ Վարդուհի Գևորգյանը JAMnews-ին ասաց, որ կանայք հիմնականում երեխա են ունենում այն տարիքում, երբ ամուսնանում են, ուստի ուշ են ամուսնանում՝ և դա գիտակցված քայլ է:
«Կան զույգեր նաև, որոնք ամուսնանում են, բայց երեխա ունենալ չեն ուզում, կարծում են, որ ապահովված չեն, մտածում են, որ չեն կարողանա բավարարել երեխայի նվազագույն պահանջները: Մեծ մասը բնակարան չի ունենում: Սպասում են լուծեն բնակարանի հարցը, հետո են ամուսնանում: Ժամանակին աղջիկները համաձայնում էին ապրել սկեսուրի, սկեսրայրի հետ, բայց հիմա երիտասարդները գերադասում են առանձին ապրել: Դրա համար սպասում են՝ մինչև բնակարան ունենան»,- ասում է Գևորգյանը:
Փորձագետը նշում է, որ կանայք ուշ են ամուսնանում երբեմն աշխաանքային բարձ դիրք գրավելու նկատառումներից ելնելով, երբեմն էլ այն պատճառով, որ չեն հանդիպում իրենց հարմար թեկնածուի՝ Հայաստանում տղամարդիկ թվով ավելի քիչ են, քան կանայք: Եվ կանանց ուշ մայրանալու պատճառներից է արտագաղթը: