«Կախված» սնունդ
Բաքվի «Անադոլու» սրճարանում փող չունեցող հաճախորդներին հանգիստ ներս են թողնում: Եթե նույնիսկ հյուրի արտաքինից կարելի է կռահել, որ նա աղքատ է, մատուցողը նրան ուղեկցում է սեղանի մոտ և սպասարկում նույնքան սիրալիր, որքան և մնացածին:
Այս հրաշքը «կախված սուրճ» անուննն է կրում:
Ռեստորանի հաճախորդներն ուտելիք պատվիրելիս միաժամանակ վճարում են մեկ հավելյալ ուտեստի համար, որը բաժին է հասնում որևէ չունևոր հյուրի:
«Կախովի սուրճը» նեապոլիտանական ավանդույթ է: Այնտեղ ընդունված է վճարել սուրճի երկրորդ գավաթի համար՝ թողնելով այն անծանոթին: Ի սկզբանե դա պարզապես սոցիալական խաղ էր, այսօր փող և տրամադրություն չունեցող մարդկանց քաջալերելու միջոց:
Այնուհետև «կախված սուրճն» էվոլյուցիա է ապրել և վերածվել բարեգործության ավելի ֆունդամենտալ տեսակի. ողջ աշխարհում ոչ միայն ռեստորաններում ընթրիքներ են «կախում», այլ նաև աղքատների համար դեղեր կամ մանկական գրքեր:
«Անադոլուի» տնօրեն Ֆիքրեթ Խալիլովը պատմում է, որ ռեստորանը (որն արդեն 20 տարի է՝ գործում է) նախկինում նույնպես օգնում էր աղքատներին. «Մենք երբեք դա չենք հանրայնացրել, սակայն կարիքավորներն իմացել են, որ կարող են գալ ռեստորան և ինչ-որ ուտելիք, գոնե մեկ աման ապուր ստանալ»:
Սակայն 2015 թ.-ին, մանաթի արժեզրկման երկրորդ ալիքից առաջ, Ֆիքրեթը նկատել է, որ բարեգործություն անելը ռեստորանի համար դժվարացել է. հաճախորդներն ավելի քիչ են, հետևաբար եկամուտն էլ է պակասել: «Այդ ժամանակ ես Ֆեյսբուքի միջոցով դիմեցի հանրությանը: Հայտարարեցի, որ ռեստորանում «կախած սուրճ» ակցիան է գործում: Մեզ մոտ կարելի է «կախել» ոչ միայն սուրճ ու թեյ, այլ նաև ուտեստ կամ պարզապես գումար թողնել, իսկ ստացողն արդեն ինքը կորոշի, թե ինչ պատվիրել»:
Թափանցիկության նպատակով բարեգործներին կտրոն է տրվում, որտեղ նշված է գումարը, բացի այդ ռեստորանի դիմաց տախտակ է տեղադրված, որի վրա ամեն օր գրվում է, թե ով է բարեգործություն արել և ով է օգտվել դրանից: Գումարի չափը տարբեր է՝ մի քանի դոլարից մինչև 100 և ավելին:
Ակցիայի մեկնարկից հետո պարզվեց, որ շատերը դեմ են դրան: Ի մի բերելով նրանց փաստարկները ստանում ենք մի քանի տիպիկ մեկնաբանություն
«Իսկ ինչպե՞ս են իմանալու, թե ով է աղքատ»:
«Իսկ ինչպե՞ս են աղքատներն իմանալու այս ամենի մասին, չէ՞ որ նրանք ինտերնետ չունեն»:
«Նա պարզապես ուզում է վաճառքն ավելացնել, չէ՞ որ այդ սուրճը դուք պատվիրելու եք այն գնով, որը նշված է ճաշացանկում»:
«Ավել լավ է մթերք գնել և աղքատներին բաժանել»:
«Ո՞ր աղքատը կգնա «Անադոլու»»:
Սոցկայքերի ադրբեջանցի օգտատերերն այնպես էին ընդդիմանում ակցիային, որ լրատվամիջոցներում ցինիկներին զսպելու փորձեր արվեցին:
Ակցիան հաջող էր. «կախված» գումարը այսօր նույնիսկ գերազանցում է բարեգործության վրա ծախսվող գումարը: Այժմ «Անադոլուն» կարող է նույնիսկ խմբեր հրավիրել, օրինակ, մանկատան երեխաների, որոնց տրամադրվում է ամբողջական ճաշացանկի ուտեստներ, այլ ոչ միայն մեկ ափսե ապուր:
«Անադոլուի» օրինակը վարակել է նաև ոլորտի այլ ներկայացուցիչների. օրինակ, հրուշակեղենի խանութում առավոտյան ժամերին ամեն թոշակառու կարող է նախաճաշի համար անվճար բուլկի ստանալ:
«Հարգելի վետերաններ և թոշակառուներ, ձեզ համար երկուշաբթիից ուրբաթ 09:00-12:00 մեր խանութներում անվճար բուլկիներ կլինեն: Շնորհակալություն ի խորոց սրտե, որ դուք կաք: Բարի ախորժակ»:
Բանն այն է, որ Ադրբեջանում կենսաթոշակը տատանվում է 100-ից 200 դոլարի սահմաններում: Այս գումարների մասին պատկերացում կազմելու համար նշենք, որ Բաքվից դեպի Թբիլիսի ավիատոմսը, լեզվի ուսուցման մեկ ամիսը կամ ատամնաբույժին երկու անգամ այցելելն արժե100 դոլար: Այդ պատճառով էլ թոշակառուները, ինչքան էլ երեխաները պահեն նրանց, այսպես թե այնպես կարիքավոր են:
Առևտրային կազմակերպությունների բարի կամքն այսբերգի վերին հատվածն է: «Բարեգործական» գումարների և մղումների հիմնական հոսքն այնուամենայնիվ սոցկայքերում է, և այն հնարավոր է դառնում բազմաթիվ մասնավոր նախաձեռնությունների շնորհիվ:
Ակտիվիստ Փարվինա Գուլիևան երկար տարիներ զբաղվում է կարիքավորների խնդիրներով: Նա Ֆեյսբուքում ստեղծել է «Կերակրիր մեկ ընտանիք» խումբը և կոչ է անում մարդկանց մթերք գնել կամ մի քանի ավել ուտեստ պատրաստել ու կիսվել աղքատների հետ:
Դա աշխատեց հիմնականում այն պատճառով, որ մարդիկ զգում են օգնության արդյունավետությունը. գումար նվիրաբերելիս դու կարող ես կասկածել, թե ինչի վրա է այն ծախսվելու, այլ բան է ուտելիքը: Նվիրատվություն անողները հասարակության ոչ այնքան հարուստ շերտն են. «Մենք ինքներս այսօրվա կամ վաղվա ուտելիք ունենք, սակայն երրորդ օրը կարող է չունենանք, բայց ես այնուամենայնիվ փլավի մի քանի ավել չափաբաժին եմ պատրաստել»:
Բաքվի համար սովորական են աճուրդներն ու բարեգործական վաճառքները: Օրինակ, փետրվարի սկզբին անցկացվեց «Սիրո պատմություն» ձեռագործ աշխատանքների ցուցահանդես: «Մեր ցուցահանդեսի ողջ հասույթն ուղղվելու է լեյկոզով հիվանդ երկամյա Մուրադ Շամիլովի բուժմանը», — ասում է կազմակերպիչ Էլլա Բագիրովան:
Ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ տարածում ունեն սոցիալական կայքերում «Կնվիրեմ/անվճար կընդունեմ» «Անվճար օգնություն» յուրօրինակ անվանումներով խմբերը: Բաքվում հայտնի disput.az ֆորումում «Մասնակիցների անվճար փոխադարձ օգնություն» ֆայլ է ստեղծվել, որում նշվում է օգտատիրոջ անունը և այն, թե ինչով նա կարող է օգնել ուրիշներին, օրինակ՝ համակարգիչների անվճար միացում, օգնություն IT-ոլորտում, էլեկտրիկի, վարորդի ծառայություն, կենցաղային տեխնիկայի վերանորոգում, բժշկի խորհրդատվություն և այլն: Իսկ «Բարությամբ եմ կիսվում» խմբում՝ տան հարցերով օգնություն, ծերերի խնամք, ինչպես նաև «Եթե մեկը միայնակ է, կարող եմ լսել նրան, կարեկցել և օգնել խորհրդով»:
Ադրբեջանում բարեգործական գործունեությունը կախված է բացառապես անձնական կամքից, հասարակ քաղաքացիների ունեցած ժամանակից և գումարից: Այս հարցը պետականորեն ոչ մի կարգավորում չունի:Բարեգործության կազմակերպման միակ հնարավոր ձևը սոցիալական կայքերում ստեղծված խմբերն են, կամավորական շարժումները:
Իսկ քանի որ օրենսդրական բազա չկա, հնարավոր չէ նաև բարեգործական կազմակերպությունների պաշտոնական գրանցումը` դա աշխատանքն ավելի կազմակերպված և կայուն կդարձներ: Ճիշտ է, դեռևս 2013-ին սոցիալական քաղաքականության խորհրդարանական կոմիտեն պատրաստվում էր պառլամենտին ներկայացնել բարեգործության և հովանավորչության մասին օրինագիծը: Այդ մասին հայտնել էր կոմիտեի փոխնախագահ Մուսա Գուլիևը, սակայն հետո դա բարեհաջող մոռացան:
Սաբինա Կուլիևան կամավոր է և երկար տարիներ բարեգործությամբ է զբաղվում: Նա հասցրել է սովորել այդ խրթին գործի տեսանելի և անտեսանելի կողմերը:
Նրա խոսքով, Ադրբեջանում Հեյդար Ալիևի անվան հիմնադրամից բացի գրանցված այլ բարեգործական կազմակերպություններ չկան: Բայց, ըստ պաշտոնական տվյալների, հիմնադրամի գործունեությունն ու նպատակները շատ բազմազան են. «Լայնածավալ ծրագրերի ու նախագծերի իրականացման աջակցություն, որոնք ծառայում են Ադրբեջանի բարգավաճմանն ու ժողովրդի բարեկեցության ավելացմանը՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հարուստ ժառանգության օգտագործման միջոցով, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և բնապահպանության ոլորտում ծրագրերի ու նախագծերի մշակում և իրականացում», ինչպես նաև այնպիսի ծրագրեր, որոնք «նպաստում են լոկալ սոցիալական խնդիրներ լուծելուն, հատուկ խնամք պահանջող մարդկանց օգնություն ցուցաբերելուն»:
Ինչպես նշում է Սաբինան, հիմնադրամի բարեգարծական ակցիաները, որոնք հստակ անձանց են վերաբերում, իրականացվում են այն պարագայում, եթե կրիտիկական իրավիճակն ակնհայտ է: Օրինակ նման դեպք եղավ մանուկ Իմրան Ջաֆարիձեի բուժման հարցում, ով քիչ էր մնացել զրկվեր ոտքերից ամառային լողավազանում հանգստանալիս, կամ քաղցկեղով հիվանդ Զաուր Ռաշիդովի բուժման դեպքում, որին օգնելու համար ստեղծված խումբը սոցիալական կայքերում տասնյակ հազարավոր մարդ էր ներառում: Երկու դեպքերն էլ հասարակության ուշադրության կենտրոնում են եղել: Եթե հիմնադրամը օգնում է, այն իր վրա է վերցնում բոլոր ծախսերը: «Սակայն օգնություն ստանալու համար նրանց դուռը պետք է շատ երկար, համբերատար և երբեմն նույնիսկ անարդյունք թակել», — ասում է Սաբինա Կուլիևան:
Բարեգործության ոլորտում ամենամեծ խնդիրը Սաբինան ապաստանների բացակայությունն է համարում: Օրինակ, կամավորները ժամանակ առ ժամանակ փողոցում հիշողությունը կորցրած մարդկանց են գտնում, ովքեր նույնիսկ իրենց անունը չեն հիշում: Երբեմն նրանց ստիպված են լինում ուղարկել Մաշթաղի ավանում գտնվող նյարդահոգեբուժական կենտրոն, որի գերոնթոլոգիայի բաժանմունքում միայն 60 հոգու տեղ կա, այն պարագայում, որ այնտեղ 86 մարդ կա: Շատ քիչ կառույցներ կան, որոնք իրոք կարող են օգնել:
Երբեմն անտուններին հնարավոր է լինում տեղավորել Կաթոլիկ եկեղեցուն կից Սուրբ Թերեզայի ապաստանում: Այստեղ անվճար բժշկական օգնություն են ցուցաբերում, կարելի է սնունդ ստանալ, լվացք անել, սակայն այս կառույցը նույնպես կարող է 20-25 մարդ տեղավորել:
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա Սաբինա Կուլիևայի խոսքով, իրավիճակն այստեղ ավելի լավ է, սակայն դա վերաբերում է միայն Բաքվին: Այն բանից հետո, երբ մայրաքաղաքի ինտերնատներն ու մանկատները սկսեցին ենթարկվել կրթության նախարարությանը, իրավիճակը բավականին շտկվեց. «Մենք նախկինում մանկատան երեխաների համար հագուստ էինք հավաքում, — պատմում է Սաբինան, — սակայն այժմ գնում ենք և տեսնում, որ դրա կարիքը չկա, երեխաները անհրաժեշտ իրերը ստանում են: Իսկ ինչ վերաբերում է քաղցրավենիքին, նրանք սիրում են ուտել, բայց չեն հարձակվում քաղցրեղենի վրա: Ինչը չի կարելի ասել շրջանների մասին: Մենք գնացելի էինք Գեյչայի շրջանի մանկատուն, այնտեղի երեխաները բառացիորեն սրբում էին ուտելիքով լի սեղանները»: Շրջաններում մանկատները դեռևս գործադիր իշխանությանն են պատկանում, հավանաբար աղետալի վիճակը դրանով է բացատրվում:
Սաբինան իր գործունեության համար փորձել է իրավաբանական հիմնավորում ստանալ. «Ես երեք անգամ դիմել եմ արդարադատության նախարարություն, որպեսզի ոչ կառավարական կազմակերպություն գրանցեմ: Սակայն ամեն անգամ ինձ մերժել են անհեթեթ պատճառներով: Մի անգամ ասացին, որ անվանումը համընկնում է այլ կազմակերպության հետ, հաջորդ անգամ նրանց դուր չեկավ այն, որ փաստաթղթերը հաստատատծ նոտարը քաղաքի մեկ այլ շրջանում է գտնվել: Այդպես էլ ոչինչ չհաջողվեց անել»: