Հայաստանում փաստաբան է կալանավորվել, պատճառը ֆեյսբուքյան գրառումն է
Կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը
Հայաստանում երկու ամիս ժամկետով կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ «դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ»:
Վարույթ նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել նրա ֆեյսբուքյան գրառումը, որտեղ Կոչուբաևը վիրավորական արտահայտություններ էր արել հոգևորականների ձերբալակությանը մասնակցած քննիչների, դատախազների և դատավորների հասցեին՝ մինչև անգամ նրանց անվանելով «վիժվածքներ»։
Ինքը՝ փաստաբանը մեղադրանքը չի ընդունում և հայտարարում է, որ իր նկատմամբ իրականացվում է «քաղաքական հետապնդում»:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարել այն, որ «ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»։
«Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն ամենածանր տեսակների և ծանրակշիռ հիմնավորումների առկայության պայմաններում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել ևս` անձի նկատմամբ կիրառվել ազատությունից զրկելու ձևով խափանման միջոց կամ պատիժ»,- նկատել է օմբուդսմենը։
Կոնկրետ Կոչուբաևի գործով կալանքի կիրառման իրավաչափության հարցին Մանասյանը չի անդրադարձել։ Փաստաբանական համայնքի ներկայացուցիչների գնահատմամբ՝ գուցե Կոչուբաևի գրառումը վիրավորանք պարունակում է, սակայն դա քրեորեն հետապնդելի արարք չէ։ Հիշեցնում են՝ վիրավորանքը Հայաստանում ապաքրեականացված է:
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները, ՄԻՊ-ի արձագանքը, մեկնաբանություններ
- «Հավակնում եմ Հայաստանի վարչապետի պաշտոնին». նախկին ՄԻՊ-ի քաղաքական հայտը
- Հայաստանում ընդդիմադիր համայնքապետ է սպանվել․ հաշվեհարդա՞ր, թե՞ քաղաքական պատվեր
- «Ժողովրդավարությունը Հայաստանում իրողություն է»․ Փաշինյան
Կոչուբաևի գրառումը «վիժվածքների» մասին
Նախօրեին Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր հրապարակել՝ տեղադրելով Արագածոտնի թեմի առաջնորդ, կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի լուսանկարն ու զորակցություն հայտնելով նրան։
«Վիժվածքներ։ Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԳԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք, էտ ձև էլ մնացիք»,- գրել է նա։
Գրառման մեջ փաստաբանը հիշատակել է նաև 2018 թ․-ի թավշյա հեղափոխությունն ու նշել, որ «սատանաների ավազակաորջը եկավ իշխանության», իսկ ինքը չառաջնորդվեց «տուն պահելու» տրամաբանությամբ։
«Ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպրտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելի ա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։ Ավագ գործընկերներիցս մեկը ասում է՝ օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ»,- արձանագրել է նա։
Փաստաբանին բերման էին ենթարկել դիմակավորված իրավապահներ․ նախապատմություն
Նախօրեին Շենգավիթի դատարանի մոտակայքից դիմակավորված իրավապահները բերման էին ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին։ Համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում երևում է՝ իրավապահները նրան պառկեցրել են գետնին: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնել էր՝ իրավապահները բիրտ ուժ են կիրառել։
Այնուհետև փաստաբանին տեղափոխել էին Քննչական կոմիտե։ Կոմիտեից էլ հայտնել էին, որ նա ձերբակալվել է՝ հրապարակելով Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որով Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել։
Այսօր առավոտյան հաղորդվեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Կոչուբաևին 2 ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել։
ՄԻՊ-ը՝ էթիկայի կանոնների և խափանման միջոցի մասին
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձանագրել է՝ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը բազմիցս է բարձրաձայնել մասնագիտական տարբեր համայնքների կողմից «ոչ իրավաչափ հրապարակային խոսքի» օգտագործման լայն ծավալների մասին՝ ընդգծելով, որ այդ համայնքների համար պետք է հետևողականորեն կիրառվեն էթիկայի ու վարքագծի կանոններ․
«Այդ առումով ՀՀ-ում առկա են լրջագույն խնդիրներ, քանի որ լայն ծավալով տարածվող` էթիկայի ու վարքագծի կանոններին և մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին հակասող խոսքի համար գրեթե չեն կիրառվում համայնքների ներսում գործող կարգապահական պատասխանատվության նախատեսված կառուցակարգերը»։
Պաշտպանն անթույլատրելի է համարել «խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները» այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչու է խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից:
«Դա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի կիրառմամբ»,- նկատել է նա։
Օմբուդսմենը շեշտել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները։
Մասնավորապես՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում՝ երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
«Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ»,- ասված է հաղորդագրությունում։
ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ հարցը գտնվում է օմբուդսմենի անմիջական ուշադրության ներքո։ Տեղեկացրել են նաև, որ ՄԻՊ ներկայացուցիչները պատրաստվում են տեսակցել փաստաբան Կոչուբաևին։
Մեկնաբանություններ
Փաստաբան Դավիթ Թումասյանը գրել է․
«Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը, ենթադրաբար, նրա վերջին գրառման՝ խոսքի սուր և կոշտ լինելն է:
Այն, որ նրա խոսքը վիրավորական էր՝ ակնհայտ է, սակայն վիրավորանքը ՀՀ-ում ապաքրեականացված է:
Ավելին, նրա գրածն անվանական ու անհատական չէ, և եթե անձինք իրենց են տեսնում այդ տողերի տակ, դա նշանակում է, որ իրենց խիղճն է իրենց տանջում, որ նման խոսույթը վերագրում են իրենց…
Հ.Գ. Ռուսերեն լավ ասացվածք կա՝ на воре шапка горит»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նկատել է․
«Անկախ նրանից՝ Կոչուբաևի գրառումն ընդունելի է, թե ոչ, այն շարունակում է մնալ խոսքի ազատության դաշտում։ Քաղաքացուն ազատությունից զրկել կարծիք արտահայտելու համար նշանակում է վերջնականապես խաթարել ժողովրդավարական պետության հիմքերը։
Փաստաբանը դատական համակարգում քաղաքացու իրավունքների պաշտպանության վերջին հույսն է։ Երբ հենց փաստաբանն է դառնում իշխանության ճնշման թիրախ, դա ուղերձ է ողջ փաստաբանական ինստիտուտին՝ լռելու կամ հետապնդման ենթարկվելու սպառնալիքով։
Փաստաբանական ինստիտուտը իշխանությունից անկախ գործող եզակի կառույցներից է։ Դրա նկատմամբ ճնշումն ակնհայտորեն միտված է արդարադատության համակարգի վերջնական «զավթմանը»՝ իրավական դաշտի լիակատար վերահսկողության հաստատման համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը