«Իրենք պետք է իրենց պիտանի զգան»․ պայքար հիշողության ախտահարման դեմ Հայաստանում
Ծրագրեր ՀՀ-ում ալցհայմերի և դեմենցիայի դեպքում
Հայաստանում հատուկ ծրագրեր են իրականացվում այն մարդկանց համար, որոնց մոտ հիշողության խնդիրներ են առաջացել, ախտորոշվել է ալցհայմերի հիվանդություն կամ դեմենցիա։ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում գործում են «Հիշողության սրճարաններ», որտեղ բուժառուները անկաշկանդ միջավայրում վարժություններ են կատարում և մասնակցում հիշողության վերականգնման խաղերի։ Իսկ նրանց, ովքեր չեն կարող գալ սրճարան, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության մասնագետներն իրենք են այցելում։ Տնային պայմաններում նրանք հետազոտում են իրավիճակն ու արտթերապիա, գունային թերապիա և այլ միջոցառումներն են իրականացնում։
Բոլոր մանրամասները ծրագրերի և դրանց արդյունավետության մասին։
- «Դեմենցիան հնարավոր է կանխարգելել»․ նոր ծրագիր Հայաստանում
- Ինչպես են ապրում միայնակ տարեցները Հայաստանում
- Յուրաքանչյուր կյանք կարևոր է․ ինչպես են մարդիկ ու կենդանիները փրկում միմյանց Հայաստանում
- «Հիմա իմ մեջ ավելի շատ քնքշություն կա, քան երիտասարդ տարիներին»․ նրանք միասին են գրեթե կես դար
«Կարծես մամա չունենամ, որ հետս խոսի, գրկի, հարցնի, ինչպե՞ս եմ»
Շաբաթական երկու անգամ Քրիստինե Ղազարյանը ուղեկցում է մորը՝ 68-ամյա Շուշան Վարդանյանին «Հիշողության սրճարան», հույսով, որ այստեղ կազմակերպվող խաղերն ու վարժությունները կօգնեն վերականգել մոր հիշողությունը։
«Երկու տարի է, ինչ այս վիճակում է։ Քովիդից հետո փոփոխություններ նկատեցինք մամայի վարքագծում: Խոսքի հապաղում կար, կարևոր իրադարձությունները մոռանում էր։ Ամեն ինչ անհետաքրքիր էր դարձել իր համար։ Անտարբեր էր մի տեսակ ամեն ինչի հանդեպ։ Չէր հարցնում ո՞նց ենք, ի՞նչ ենք արել։ Այս ամբողջ ընթացքում մենք իրեն հետաքրքիր չենք։ Մինչդեռ ինքն այնքան ջերմ ու տաք մարդ էր։ Հիմա մենք գործ ունենք լրիվ այլ մարդու հետ, կարծես իմ մաման չլինի։ Երբեմն էլ եղբայրներիս համարում է իր եղբայրները, սեփական տղաներին չի ճանաչում։ Բայց ինձ ճանաչում է, չգիտեմ ինչպես, ինձ հիշում է»,- ասում է Քրիստինե Ղազարյանը։
Շուշան Վարդանյանի մոտ ախտորոշվել է դեմենցիա։ Երկար տարիներ Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում աշխատած կինն այսօր ամենահասարակ մաթեմատիկական վարժությունները դժվարությամբ է լուծում։ Հիշողության կորստի պատճառով ընտանիքի անդամները թույլ չեն տալիս տանից միայնակ դուրս գա։
«Մի անգամ հազիվ գտանք ու տուն բերեցինք։ Բայց գիտի, որ գալու ենք «Հիշողության սրճարան»։ Երկու ժամ է՝ ես հետևում եմ մամայիս։ Ժամանակ առ ժամանակ մեծ ակտիվություն է ցուցաբերում։ Հետո հանկարծ նստում է անտարբեր ու պասիվ, շարունակ մի կետի նայում։ Ամեն առավոտ ես իրեն չզանգեի, բոլորին ասում էր՝ ինչո՞ւ աղջիկս չի զանգել, հո բան չի՞ պատահել։ Հիմա լրիվ անտարբեր է։ Տարիներով չզանգեմ, չի ասի՝ աղջիկ ջան, դու ո՞ւր ես։ Կարծես հիմա մամա չունենամ, որ հետս խոսի, գրկի, հարցնի, ինչպես եմ»,- պատմում է Քրիստինեն։
Վարժություններ՝ սուրճի սեղանի շուրջ
Հայաստանում գործում է չորս նման սրճարան, երեքը` Երևանում, երկուսը` Գյումրիում։ Մի ակումբ էլ՝ այս նույն գործառույթներով, գործում է Վանաձորում։ Բոլորն էլ նախատեսված են հիշողության խանգարում ունեցողների համար։ Ծրագրերն իրականացվում են «Հ․ Հովնանյան ընտանիք» հիմնադրամի աջակցությամբ։
Սուրճի, թեյի սեղանի շուրջ հավաքվում են արդեն մտերիմ դարձած մարդիկ, որոնց ժամանակ առ ժամանակ միանում են նորերը։ «Հիշողության սրճարանում» նրանց հետ աշխատում են կազմակերպության հոգեբանն ու սոցիալական աշխատողը։ Զրուցում են, մասնակցում հիշողության ու կոգնիտիվ գործառույթների վրա դրական ազդեցություն ունեցող խաղերի։
«Հիշողության սրճարանի» սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանը պատմում է, որ տարիքային խումբը նախկինում սկսում էր 65-ից։ Սակայն հիմա երկրորդ սրճարանն ունեն, ուր հաճախում են 45-ն անց մարդիկ։
«Այսօր 18 հոգի էին եկել: Մշտական եկող շահառուներ ունենք, նաև մարդիկ, որ սպասում են իմ զանգին։ Հենց տեղ է բացվում, զանգում եմ ու կանչում։ Գալիս են շաբաթական երկու անգամ երկու ժամով։ Թիմը մշտապես փոփոխվում է։ Այցելու ունենք, որ ոչ մի հիվանդություն էլ չունի, բայց ունի նախադրյալներ այդ հիվանդությունների զարգացման համար։ Ու դա պետք է կանխարգելվի»,- ասում է սոցիալական աշխատողը։
Շահառուներից շատերի մոտ, Մարիամ Բադալյանի խոսքով՝ թե վարքի, թե խոսքի, թե մտքի շարադրաման դրական փոփոխություններն ակնառու են․
«Ու կա մի կարևոր հանգամանք։ Հնարավոր է, որ չարձանագրվի էական, դրական դինամիկա։ Բայց եթե չունենք վիճակի վատթարացում, հիվանդության աճ, դա արդեն հաղթանակ է»։
Տնայցերի նոր ծրագիր
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը Դավոսի Ալցհայմերի համագործակցության համաշխարհային դրամաշնորհով այս տարի իրականացրել է «Առողջ ուղեղ» ծրագիրը։ Դրա շրջանակներում մասնագետների խումբը`սոցիալական աշխատող, բժիշկ, ֆիզիոթերապևտ կազմով, այցելում է այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն գալ «Հիշողության սրճարան»։
Կազմակերպության հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանը պատմում է, թե ինչպես են նրանք օգնում նաև շահառուների ընտանիքներին․
«Հարազատներն էլ են հայտնվում ծանր խնդրի առջև, որովհետև չեն պատկերացնում իրենց անելիքները։ Գումարած նյութական ծախսերը։ Պարտադիր ընտանիքի անդամներից մեկը չի աշխատում, քանի որ նման հիվանդներին անհնար է տանը միայնակ թողնել։ Կարող են տանից գնալ կամ ինչ-որ անցանկալի բան անել։ Ամեն վայրկյան իրենք ուշադրության կարիք ունեն։ Շատ կարևոր են այս ֆիզիկական, մտավոր ու կոգնիտիվ վարժանքները։ Դրանք թույլ են տալիս, որ բուժառուն երկար ժամանակ մնա ոտքի վրա, այսինքն իր գործառույթները պահպանվեն։
Տնայցերի շահառուները հիմնականում ալցհայմերով ու դեմենցիայով տարեցներ են։ Նրանց 70% ունի այդ ախտորոշումը, ինչպես նաև կողքից ընթացող այլ հիվանդություններ։ Օրինակ՝ շաքարային դիաբետ, հիպերտոնիա, որոնց հենքի վրա էլ զարգանում է դեմենցիան»։
Արտթերապիա տնային պայմաններում
Հոգեբան և ֆիզոթերապևտ Լիլիթ Ֆռանգյանը բացատրում է. ուղեկցող հիվանդությունների, հաճախ նաև ինսուլտից հետո գլխուղեղում օջախներ են ախտահարվում, վնասվում է հիպոկամպը, որը հենց պատասխանատու է հիշողության համար։ Լինում են անոթային խցանումներ, որոնք հաճախ բժիշկները խորհուրդ չեն տալիս վիրահատել, քանի որ գտնվում են կարևոր կենտրոններին մոտ։
«Մարդը ստիպված դրանով ապրում է, տառապելով հիշողության կորստից։ Եթե նա հստակ չի կարողանում կողմնորոշվել ժամանակի ու տարածության մեջ, չի ճանաչում հարազատներին, չի կարողանում հասարակ գործողություններ կատարել, դադարում է ինքնասպասարկումը։ Չէ՞ որ մեր յուրաքանչյուր գործողություն հիմնված է մեր հիշողության ու փորձի վրա։ Մարդը կտրվում է կյանքից, պարտադիր իրեն մշտական ուղղորդող է պետք լինում»,- ասում է նա։
Տնայցերի շահառուները 60-ից բարձր են։ Հիվանդներ ունեն, որոնք 86, 93, 94 տարեկան են։
«Ալցհայմերը հենց հիշողության խանգարումն է։ Զարգանում է՝ որպես առանձին հիվանդություն։ Դեմենցիան զարգանում է Ալցհայմերի հիվանդությունից հետո։ Այսինքն, եթե մարդը ունի ալցհայմեր, ինքը կարող է նաև դեմենցիա ունենալ։ Դեմենցիան նաև առանձին հիվանդություն է, որը զարգանում է ուղեկցող հիվանդությունների դեպքում։ Դեղորայքը, որը օգտագործում են հիպերտոնիայի ու շաքարային դիաբետի համար, կարող է ազդել, որպեսզի առաջանա՝ այս դեպքում արդեն երկրորդային դեմենցիա»,- բացատրում է բժշկուհին։
Ասում է՝ Ալցհայմերի հիվանդության պատճառ կարող են լինել նաև հոգեկան ցնցումները, դեպրեսիաները, տրավմաները, մեխանիկական վնասվածքները․
«Երեկվա իմ հիվանդը չի հիշում ոչինչ՝ ոչ անցյալը, ոչ ներկան։ Իր հետ արտթերապիա եմ անցկացնում։ Նկարում ենք, երաժշտություն լսում։ Տարբեր զարգացնող խաղերի միջոցով փորձում եմ իրեն ակտիվ պահել։ Աշխատում ենք մոտորիկայի վրա, նեյրոպլաստիկ վարժություններ ենք անում, գունային թերապիա։ Հիմնականում այս մարդկանց մոտ լինում է գույների աղավաղում։ Գունաճանաչողությունը խանգարվում է։ Դժվար են կողմնորոշվում, լավ չեն տեսնում։
Գումարած դրան, կեսն էլ ունեն լսողական խնդիրներ։ Ոմանք լսողական սարք են կրում։ Պացիենտները, որոնք ունեն խոսքի հետաճ, չեն կարողանում հստակ բացատրվել։ Ու հարազատը դժվարությամբ է հասկանում նրանց»։
Լիլիթն ամեն օր այցելում 3-6 հիվանդի։ Այս պահին հազար հիվանդ ունեն։ Յուրքանչյուրի համար՝ ելնելով ֆունկցիաների խանգարման աստիճանից և հիվանդության բարդությունից, կազմվում է անհատական պլան։ Ըստ դրա էլ որոշվում է այցերի քանակը։
Ասում է՝ հիվանդները ճանաչում են իրեն, անգամ սպասում են․
«Գուցե անունս չեն հիշում, բայց երբ մտնում եմ, ճանաչում են, զգում են, որ ծանոթ, հոգեհարազատ մարդ է եկել։ Դրա մասին վկայում է իրենց ջերմ ժպիտը, դեպի ինձ ընդառաջ գալը։ Շատերը անգամ գալիս են գրկում։ Զգում ես, որ մարդը կարոտել է։ Որպես կանոն, հարազատներն ինձ միշտ զգուշացնում են. «Մամային (կամ պապային) չասեք, որ դուք բժիշկ եք»։ Որովհետև նրանք խուսափում են սպիտակ խալաթով մարդկանցից։ Ես բժշկական խալաթով չեմ գալիս, փորձում եմ վստահություն ձեռք բերել։ Հոգեբանական կապ պետք է հաստատվի։ Զրուցում ենք, թեստավորում եմ, հարցեր եմ տալիս։ Աստիճանաբար հասկանում եմ, որ ընդունում է ինձ բուժառուն»։
Նրանք ջերմության և ուշադրության կարիք ունեն
Մասնագետը խորհուրդ է տալիս հարազատներին, միշտ մոտ պահել լուսանկարները, ընտանեկան ալբոմները․
«Պետք է տեսնեն, ճանաչեն, որպեսզի չմոռանան։ Ես ասում եմ, մի սպասեք իմ այցին, դուք զբաղվեք իրենց հետ։ Ցույց տվեք երեխաների, թոռների լուսանկարները։ Հարցրեք՝ ո՞վ է։ Որքանով հնարավոր է շատ ներգրավեք իրենց կենցաղային գործերում, առօրյա աշխատանքներում։ Իրենք պետք է իրենց պիտանի զգան։ Իհարկե, թեթև աշխատանքի մասին եմ ասում։ Ինչպես երեխային ես ոգևորում, քաջալերում, այնպես էլ այս մարդկանց է պետք ոգեշնչել»։
Տարեցների մոտ արտահայտվող անտարբերությունը, Լիլիթ Ֆռանգյանը բացատրում է դոֆամին հորմոնի բացակայությամբ, որը ժամանակի հետ օրգանիզմը սկսում է այլևս չարտադրել․
«Մինչդեռ հենց դոֆամինի շնորհիվ է մարդը ակտիվ լինում։ Իրենց հետ պետք է շատ ջերմ լինել, արև լինել իրենց համար։ Մենք պետք է կողքից օգնենք նրանց քայլ անել, փոխարինենք դոֆամինը։ Հակառակ դեպքում իմաստը իրենք չեն տեսնում՝ օրինակ, գնալ զբոսնելու։ Մարդու մոտ ե՞րբ է ցանկությունը վերանում։ Երբ մտածում է՝ բախվելու է դժվարությունների։ Այսինքն հերթական փորձից հետո, երբ զգացել է, որ շփոթվում է, չի հիշում հերթականությունը, ասենք, կերակուր պատրաստելիս։ Նայեք՝ քանի գործողություն պետք է անի։ Իսկ դեմենցիա ունեցողի համար, դա մաթեմատիկական խնդրից էլ բարդ է»։
Բժշկուհին կարծում է՝ դեռևս հասարակությունում կարծրատիպեր կան, և այն մարդիկ, որոնք տանը ունեն նման հիվանդներ, աշխատում են այդ մասին չբարձրաձայնել․
«Հարցնում եմ, ինչո՞ւ մինչև հիմա չեք գնացել նյարդաբանի մոտ։ Չէ՞ որ դա համատեղ աշխատանք է․ նյարդաբան, նեղ մասնագետ, նաև հոգեբան, եթե բացթողում ունենք՝ նաև հոգեբույժ։ Իսկ որքան վաղ ենք դիմում նյարդաբանին, այնքան վերահսկելի է դառնում հիվանդությունը։ Ու եթե կա ճիշտ բուժում, բնականաբար, առավել վերահսկելի է դառնում իրավիճակը։ Մենք կարող ենք փոխել այս մարդկանց կյանքի որակը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ծրագրեր ՀՀ-ում ալցհայմերի և դեմենցիայի դեպքում