Ծեծել են աթոռի ոտքով, կանգնեցրել սառը հատակին․ օմբուդսմենը՝ Վրաստանի մանկատան մասին
Երեխաների նկատմամբ բռնություն Վրաստանի մանկատանը
Տարիներ շարունակ Նինոծմինդա քաղաքի մանկատանը երեխաների նկատմամբ կիրառվել են միջոցներ, որոնք կարող են հավասարեցվել կտտանքների և անմարդակային վերաբերմունքի։ Այս մասին խոսվում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի աշխատակազմի հրապարակած հաշվետվությունում։ Դրա համաձայն՝ պատժի ձևերն ու դաստիարակության մեթոդները դաժան են եղել, ոտնահարել են անչափահասների արժանապատվությունն ու վնասել են նրանց։
Նինոծմինդայի որբ երեխաների մանկատունն այն հաստատություններից մեկն է, որոնք վաղուց կասկածներ են առաջացնում իրավապաշտպանների մոտ։
2021 թ. հունիսի 5-ին դատարանը բավարարել է «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (PHR) կազմակերպության հայցը՝ մանկատնից բոլոր երեխաներին տեղափոխելու պահանջով։
Կազմակերպությունը դատարանին տեսագրություն է ներկայացրել, որը հրապարակել է մանկատան ղեկավար, արքեպիսկոպոս Սպիրիդոնը, որում հստակ երևում են երեխաների դեմքերը։ Փաստաբաններ Աննա Արգանաշվիլիի և Աննա Աբաշիձեի խոսքով՝ այդ տեսանյութն ապացուցում է, որ երեխաների կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։
Մանկատան սաների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնության հնարավոր փաստերի մասին տեղեկությունը մինչ օրս ակտիվորեն քննարկվում է մեդիայում։ Վրաստանի ժողովրդական պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին, որոնք պետական գերատեսչություններին զուգահեռ պատասխանատու են ցանկացած փակ հաստատության մշտադիտարկման համար, թույլ չեն տվել մտնել մանկատուն։ Պատճառը բարձրաստիճան հոգևորական, արքեպիսկոպոս Սպիրիդոնի հրամանն է եղել, որը միաժամանակ այդ մանկատան քահանան է։
Ինչպես ժողովրդական պաշտպանը տեղեկացել է դատախազությունից, վերջին հինգ տարում ներքին գործերի նախարարությունը չորս հետաքննություն է սկսել Նինոծմինդայի մանկատանը երեխաների նկատմամբ բռնության, այդ թվում՝ սեռական բռնության ենթադրյալ դեպքերի առնչությամբ։
Վրաստանում գրեթե հասարակական կազմակերպություն կամ քաղաքական խումբ չի մնացել, որ չարձագանքի Նինոծմինդայի մանկատան մասին լուրին։ Բողոքի ակցիաներ են անցկացվել կառավարության կանցելյարիայի և դատախազության դիմաց։ Հունիսի 3-ի ցույցի ժամանակ ոստիկանությունն ինը մարդ է կալանավորել։ Ի վերջո, ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին թույլ են տվել այցելել մանկատուն։
2021 թ-ի գարնանից 12 անչափահաս մանկատնից վերադարձվել է կենսաբանական ընտանիք, իսկ 22 երեխայի խնամակալության ձևը փոխվել է, նրանք տեղափոխվել են ընտանեկան տիպի խնամակալության կամ որդեգրող ընտանիք։
Հաշվետվությունում նշված է, որ քրեական գործերի նյութերում առկա արձանագրությունները երեխաների հարցաքննության մասին վկայում են, որ մանկատանը բռնությունը կանոնավոր բնույթ է կրել։
Օմբուդսմենի գրասենյակը նշում է, որ քնի և սննդի արգելքը, ինչպես նաև ֆիզիկական բռնությունը կիրառվել են որպես երեխաներին պատժելու ձև։ Երեխաները նշել են, որ դաստիարակը պատժել է ողջ խմբին և թույլ չի տվել հաց ուտել, «նրանք հաց են կերել և նայել ծնկած երեխաներին»։
Սաներից մեկին գիշերամիզության պատճառով գիշերը մերկացրել են և այդպես կանգնեցրել միջանցքում։ Մյուս երեխան նույն պատճառով որպես պատիժ կրել է պատռված հագուստ։ Դաստիարակներից մեկը երեխային ստիպել է լեզուն հանել և դրան հարվածել է սանրով։ Երբ երեխաներն արթնացել են ցերեկային քնից, դաստիարակը նրանց ստիպել է ներքնակները մահճակալներից վերցնել, պառկել մահճակալին և ներքնակը գցել իրենց վրա։
Հաշվետվությունում նաև նշվում է, որ երեխաներին են դիմել «անասուն», «փողոցային եթիմ», «մոր կողմից լքված» արտահայտություններով։ Սնունդը լցրել են երեխաների գլխին՝ պատժելու համար, որ նրանք հրաժարվել են ուտել։ Դեպքերից մեկում էլ խնամակալը երեխայի վրա թեյ է լցրել, հետո թույլ չի տվել լողանալ։ Որպես պատիժ՝ դաստիարակներից մեկը երեխայի ձեռքերը բինտով կապել է և այդպես թողել նրան ողջ գիշեր։
Ինչպես նշում է օմբուդսմենն, անչափահասները պատմել են նաև դեպքերի մասին, երբ իրենց ծեծել են աթոռի ոտքով՝ հարվածելով գլխին, ինչպես նաև կանգնեցրել սառը հատակին։ Սաներից մեկի խոսքով՝ իրեն ստիպել են 10 անգամ խոնարհվել միայն այն պատճառով, որ գնդակը պատահաբար պատուհանին է դիպչել խաղի ժամանակ։
«Երեխաներից մեկին, որը, վիրավորանքից դրդված, նախկին ղեկավարին հայհոյել է, հոգեբուժարան են ուղարկել։ Նինոծմինդայի նախկին սանը պատմել է, որ իրեն արգելում էին լացել բռնության ժամանակ, այդ պատճառով էլ նա մինչ օրս վախենում է լացել և չի կարողանում այդ հույզն արտահայտել», — ասված է հաշվետվությունում։
Ինչպես ասված է փաստաթղթում, մանկատանն ապրող երեխաների համար լիարժեք կրթությունը, որը համապատասխանում է նրանց պահանջներին, հասանելի չի եղել։
Նինոծմինդայի մանկատան տնօրենի և աշխատակիցների հետ հարցազրույցներից պարզ է դարձել, որ մանկատանն առանձնապես սուր է եղել երեխաների ինտեգրման և սոցիալականացման խնդիրը․ սաներին թույլ չեն տվել ինքնուրույն լքել հաստատությունը, խաղալ հասակակիցների հետ և մասնակցել ժամանցային միջոցառումների՝ առանց դաստիարակների ուղեկցության։
Բացի այդ, դեռահասները ոչ միայն դաստիարակների ուղեկցությամբ են դպրոց գնացել, այլև որոշ դաստիարակներ դպրոցում են մնացել մինչև դասերի ավարտը։
Փաստաթղթի համաձայն՝ այդպիսի վերաբերմունքը «զգալիորեն հակասում է անչափահասների շահերին, խախտում սոցիալականացումը, հասարակության անդամների հետ հարաբերությունները, նրանց ձևավորման պահանջներին և ինքնուրույն կյանքին պատրաստվելուն»։
Ի՞նչ է այսօր տեղի ունենում մանկատանը
Ժողովրդական պաշտպանը դիմել է Վրաստանի գլխավոր դատախազին՝ մանկատան երեխաների դեմ ենթադրյալ հանցագործությունների արդյունավետ հետաքննություն անցկացնելու առաջարկով։ Նինո Լոմջարիան պահանջում է, որ միասնական պետական ռազմավարությունն ու ապաինստիտուցիոնալացման պլանը մշակվեն և հաստատվեն հնարավորինս արագ։
«Չնայած նրան, որ ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն ու հասարակությունը տեղեկացել էին, որ սահմանափակ կարողություններով բոլոր երեխաները տեղափոխվել են մանկատնից, այդ պահի դրությամբ այնտեղ սահմանափակ կարողություններով դեռ երկու անչափահաս էր մնում, որոնցից մեկի խնամակալության ձևը փոխվել է միայն 2021 թ-ի սեպտեմբերի 24-ին, իսկ մյուսը մինչ օրս մանկատանն է։ Սրան գումարվում է այն, որ հաստատությունում բնակվող անչափահասներից շատերի փաստաթղթերում ուղղակիորեն հիշատակվում է հոգեբանի, մի դեպքում էլ՝ հոգեբույժի ներգրավման անհրաժեշտությունը, ինչը պետությունը դեռ չի արել։ Այս առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ հոգեբանին հրավիրել է մանկատան ղեկավարությունը, որը հաստատություն է այցելել մեկ ամսում ընդամենը երկու անգամ», — ասված է հաշվետվությունում։