«ԽՍՀՄ-ի կեղծ կերպար»։ Ինչո՞ւ է Ռուսաստանում լուծարվել «Մեմորիալ» հեղինակավոր կազմակերպությունը
«Մեմորիալ» կազմակերպության լուծարումը Ռուսաստանում
Ռուսաստանի Գերագույն դատարանը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել «Մեմորիալ» միջազգային պատմալուսավորչական, բարեգործական և իրավապաշտպան կազմակերպության լուծարման մասին։ Պատճառն «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի խախտումն է։ Հեղինակավոր կազմակերպության փակումը միջազգային լայն արձագանք է ստացել։ «Ռուսաստանում պատմական պատուհանը փակվում է»․ այսպես են այս իրադարձությունը գնահատել արևմտյան վերլուծաբանները։
«Մեմորիալը» Ռուսաստանի հնագույն և հեղնակավոր իրավապաշտպան կազմակերպությունն է, որը ստեղծվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին։ Ի սկզբանե, «Մեմորիալը» զբաղվում էր ԽՍՀՄ-ում ստալինյան բռնաճնշումների զոհերի որոնմամբ և նրանց մասին տեղեկությունների տարածմամբ։
Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ «Մեմորիալի» նպատակներն են․
- աջակցություն քաղաքացիական հասարակության, քաղաքացիների իրավագիտակցության և ժողովրդավարական իրավական պետության զարգացմանը՝ վերադարձ տոտալիտարիզմին թույլ չտալու համար,
- օգնություն ժողովրդավարական արժեքների տարածման և անձի իրավունքների պահպանման հարցում,
- քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի հավերժացում և պատմական ճշմարտության վերականգնում։
2014 թ-ին «Մեմորիալը» գրանցվել էր որպես «օտարերկրյա գործակալ»։ Հենց այս կարգավիճակն է հիմք ծառայել 2021 թ-ի նոյեմբերին կազմակերպության դեմ հայց ներկայացնելուն․ գլխավոր դատախազությունը «Մեմորիալին» մեղադրել էր «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի խախտման համար։ Մասնավորապես, նշվում էր, որ կազմակերպությունն այդ կարգավիճակը հարկ եղած ձևով չի նշել և չի բացահայտել ֆինանսավորման աղբյուրները։
- ԽՍՀՄ․ ի՞նչ է հիշում երիտասարդ սերունդը, որը երբեք այնտեղ չի ապրել։ Կարծիք Վրաստանից։ Տեսանյութ
- 13 միլիոն․ ստալինյան բռնաճնշումների զոհերը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում։ Տեսանյութ
Բացի այդ, դատախազը դատական նիստի ընթացքում «Մեմորիալին» մեղադրել է պատմության խեղաթյուրման համար․
«Մեմորիալը», շահարկելով XX դարի քաղաքական բռնաճնշումների թեման, ԽՍՀՄ-ի կեղծ կերպար է ստեղծում՝ որպես ահաբեկչական պետության, արդարացնում և ռեաբիլիտացիայի է ենթարկում է նացիստական հանցագործների, հայրենիքի դավաճանների անունները, որոնց ձեռքերը խորհրդային քաղաքացիների արյան մեջ են։ Ինչո՞ւ հիմա մենք՝ հաղթանակածների սերունդներս, պետք է ականատես լինենք հայրենիքի դավաճանների և նացիստների հանցակիցների անվան վերականգնման փորձերին։ Երևի, որովհետև դրա համար ինչ-որ մեկը վճարում է», — դատախազ Ալեքսեյ Ժաֆյարովի ելույթն է մեջբերում ռուսական «Նովայա գազետան»։
Դատարանը բավարարել է դատախազության հայցը՝ չնայած նրան, որ «Մեմորիալին» աջակցություն են հայտնել Ռուսաստանի հայտնի հասարակական գործիչները, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ Միխայիլ Գորբաչովն ու Դմիտրի Մուրատովը, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունները։
«Մեմորիալի» փաստաբան Հենրի Ռեզնիկը հայտարարել է, որ որոշումն ապօրինի է և, անկասկած, բողոքարկվելու է։ Դատարանի այս վճռի պատճառը նա համարում է քաղաքական շարժառիթները, անկախ հասարակական կազմակերպությունների՝ հասարակական կյանքին ակտիվ մասնակություն ունենալու հանդեպ իշխանության ներկայացուցիչների վախը։
«Մենք տեսնում ենք, որ «օտարերկրյա գործակալ» են հայտարարվել անկախ լրատվամիջոցները։ Մենք տեսնում ենք կասկածելի քրեական գործեր։ Անկախություն ունեցող ամեն ինչը, այդ թվում՝ անկախ ֆինանսավորում ունեցողներն իշխանության մոտ զգուշավորություն են առաջացնում», — Հենրի Ռեզնիկի խոսքերն է մեջբերել «Կավկազսկի ուզելը»։
Մյուս փաստաբանը՝ Միխայիլ Բիրյուկովը, որը ներկայացնում էր «Միջազգային Մեմորիալը», իր հերթին հայտարարել է, որ դատարանի այս որոշումը թելադրված է քաղաքական կոնյունկտուրայով, և դրա նպատակը «թշնամի որոնելն է»։
«ՆԱՏՕ-ի վերաբերյալ վերջնագրից և արտաքին թշնամի փնտրելուց հետո իշխանությունն այս ազդեցության ուժեղացման համար պետք է նաև ներքին թշնամի գտնի։ Եվ, ցավոք, գտել է «Մեմորիալին»», — ասել է նա։
«Հետ՝ դեպի տոտալիտար անցյալ»․ միջազգային արձագանքը
Ռուսական դատարանի որոշումը բացասական արձագանք է առաջացրել աշխարհում։
Ի աջակցություն «Մեմորիալի» են արտահայտվել Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի նախագահները։ Էստոնիայի նախագահի կայքում հրապարակված համատեղ հայտարարությունում Ալար Կարիսը, Էգլիս Լևիտիսը, Գիտանաս Նաուսեդան և Անջեյ Դուդան մտահոգություն են հայտնել Ռուսաստանի պատմության վերաշարադրման կապակցությամբ։
««Մեմորիալի» լուծարման մասին Ռուսաստանի Գերագույն դատարանի վճիռը վրդովմունք է առաջացնում։ Կարելի է լուծարել կազմակերպությունը, սակայն չի կարելի ջնջել պատմությունը», — Twitter-ում գրել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը։
Գերմանիայի կառավարությունը ռուսական դատարանի որոշումն անհասկանալի է անվանել՝ հայտարարելով, որ այն ձայնից զրկում է քաղաքական հալածանքների ենթարկվածներին։
1989 թ-ին հիմնված «Մեմորիալը» դարձել է այն բանի խորհրդանիշը, թե ինչպես է երկիրը բացվում իր և աշխարհի առաջ՝ սկսելով ուսումնասիրել իր անցյալի ամենամութ դրվագները, նշել է Բի-Բի-Սիի թղթակից Սառա Ռեյնսֆորդը։
«Մեմորիալի» լուծարումն այն բանի վառ խորհրդանիշն է, որ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ընթացքում երկիրը վերադառնում է իր հին վիճակին՝ որպես թշնամանքի ակտ՝ մերժելով ցանկացած քննադատություն, անգամ՝ պատմության վերաբերյալ»։
Իրավապաշտպան կազմակերպության փակումը ռուսական քաղաքացիական հասարակության սրընթաց ոչնչացման ևս մեկ օրինակ է, խմբագրականում գրում է Guardian բրիտանական թերթը։
««Մեմորիալի» փոխարեն, որը բարձրաձայն և հետևողականորեն խոսում էր զանգվածային վայրագությունների մասին, պետությունը ստեղծում է միլիոնավոր մարդկանց մահվան արդուկած զգուշավոր պատկեր», — գրում է Guardian-ի թղթակիցը Մոսկվայում՝ Էնդրյու Ռոթը։
Ըստ լրագրողի՝ դատախազը, դատարանում հայտարարելով, որ կազմակերպությունը Խորհրդային Միությունը ներկայացնում է որպես ահաբեկչական պետություն, մերկացրել է «Մեմորիալի» դեմ բռնաճնշումների քաղաքական շարժառիթները։
««Մեմորիալը» շարունակում էր անել այն, ինչ անում էր իր գոյության առաջին օրվանից, մինչդեռ Ռուսաստանը կրկին փոխվել է և, հնարավոր է, փակել է կարճ ժամանակով բաց մնացած պատմական պատուհանը, փուլը, որի ընթացքում նա հանդուրժողականություն է դրսևորել իր պատմության անկախ վերաիմաստավորմանը», — հավելել է Guardian-ը։
«Մեմորիալի» փակմամբ ավարտվում է ռուսական ընդդիմության և անկախ մամուլի դեմ մասշտաբային բռնաճնշումների տարին, ընթերցողներին հիշեցնում է ամերիկյան New York Times-ը։
««Մեմորիալի» փակումը նաև հերթական քայլն է Պուտինի պայքարում այն բանի համար, որ Ռուսաստանի պատմությունը ներկայացվի որպես փառահեղ գործողությունների շարք, և մեղմացվի խորհրդային ռեժիմի կերպարը, որը հաճախ շատ դաժան է եղել», — գրում են New York Times-ի թղթակիցները։
Նրանց գնահատականով՝ Պուտինն ուզում է ռուսաստանցիներին համոզել, որ երկիրը շրջապատված է թշնամիներով, որոնք երազում են կործանել այն։
«Այդ պատճառով էլ Կրեմլն ուզում է, որ ռուսական հանրությունը կենտրոնանա արտաքին թշնամիների, այլ ոչ թե հանցագործությունների վրա, որոնք կատարել են ինքնակոչ բռնապետները», — կարծում են լրագրողները։
«Այս քայլն ընկալվում է որպես ևս մեկ ապացույց այն բանի, որ նախագահ Պուտինը երկիրը տանում է հետ՝ դեպի տոտալիտար անցյալ։ «Լևադա-կենտրոնի» հարցման համաձայն՝ ռուսաստանցիների կեսը մտահոգված է խորհրդային ոճով բռնաճնշումներին վերադառնալու հարցով», — նույն իրադարձությանը նվիրված հոդվածում գրում է բրիտանական Times-ի Մոսկվայի թղթակիցը։
«Մեմորիալի» գործը դեռ չի ավարտվել
Ռուսաստանի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել միջազգային, պատմալուսավորչական, իրավապաշտպան և բարեգործական «Մեմորիալ» կազմակերպության լուծարման մասին։
Սակայն Մոսկվայի քաղաքային դատարանում շարունակվում է մեկ այլ գործի քննությունը՝ «Մեմորիալ» իրավապաշտպան համայնքի լուծարման մասին։ Սա առանձին կազմակերպություն է, որը «Մեմորիալ» միջազգային համայնքի մաս է, բայց գրանցված է որպես առանձին իրավաբանական անձ։ Այն նույնպես «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել։
Նոյեմբերին ռուսական դատախազությունը հայցեր էր ներկայացրել «Մեմորիալի» երկու կառույցների լուծարման մասին։