«Ճնշող և նվաստացուցիչ միջավայր». ԽԿԿ-ն գնահատել է Սաակաշվիլիի վիճակը «Վիվամեդ» կլինիկայում
ԽԿԿ զեկույցը «Վիվամեդ» կլինիկայի մասին
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն զեկույց է հրապարակել Վրաստանի «Վիվամեդ» կլինիկայի հսկվող բաժանմունքների մասին, որոնք բժշկական օգնություն են տրամադրում բանտարկյալներին։ Զեկույցում նշվում է, որ «Վիվամեդը» չի կարող բուժառուներին առաջարկել համապատասխան թերապևտիկ միջավայր, քանի որ «վերջնական խոսքը ոչ թե բժիշկներինն է, այլ քրեակատարողական համակարգինը»։
Փաստաթղթում հիշատակվում է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, սակայն, գաղտնիության նկատառումներից ելնելով, նրան անվանում են «Բուժառու Ս»: Կոմիտեի գնահատմամբ՝ կլինիկայում տիրող ճնշող ու նվաստացուցիչ միջավայրը չի նպաստում նրա առողջության բարելավմանը։
Օրինակ՝ Սաակաշվիլիի սենյակում տեսախցիկներ են տեղադրվել, ինչը խախտում է նրա անձնական տարածքը և վիրավորում մարդկային արժանապատվությունը։ Կոմիտեի տվյալներով՝ տեսախցիկներ են տեղադրված Սաակաշվիլիի պալատի բոլոր սենյակներում, բացառությամբ լոգարանի և զուգարանի, այդ թվում՝ ննջասենյակում։
Զեկույցը հրապարակվել է հունվարի 18-ին։ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոմիտեի անդամները 2023 թվականի մարտին չնախատեսված այց են կատարել «Վիվամեդ» կլինիկա և մի քանի օր ուսումնասիրել իրավիճակը։
Ի՞նչ է ասվում զեկույցում
● Զեկույցում նշվում է, որ կա լիակատար անհարգալից վերաբերմունք բուժառուի [Սաակաշվիլիի] անձնական կյաքի և բժշկական տվյալների գաղտնիության նկատմամբ: «Պատվիրակության եզրակացությունները հաստատում են բժշկական անձնակազմի մասնագիտական անկախության խնդրի շարունակականությունը։ Հետևաբար, կոմիտեն կարծում է, որ ժամանակին և անհրաժեշտ է բանտարկյալների առողջության մասով պարտականությունների փոխանցումը առողջապահության նախարարությանը, փոփոխություն, որ վաղուց էր ծրագրված», — ասված է զեկույցում:
● «Մյուս լուրջ թերությունն այն է, որ կլինիկայում չկա հոգեբույժ կամ կլինիկական հոգեբան: Տեսականորեն, անհրաժեշտության դեպքում կլինիկան կարող էր նման մասնագիտացված ծառայություններ ստանալ դրսի խորհրդատուներից, սակայն բուժառուի վիճակը հուշում է, որ գործնականում դա չի արվել: Կոմիտեն առաջարկում է միջոցներ ձեռնարկել «Վիվամեդ» կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխված բանտարկյալների համար հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը բարելավելու համար:
- Սաակաշվիլիի դեմ գործերը։ Ինչո՞ւ են բանտում պահում Վրաստանի նախկին նախագահին
- Բիձինա Իվանիշվիլին վերադարձել է քաղաքականություն. նրա առաջին հայտարարությունը
● Զեկույցում ներառված է նաև Վրաստանի կառավարության պատասխանը, որտեղ ասվում է. «Տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկներ ներգրավված են բուժառու Ս.-ի բուժման գործընթացում։ Բժիշկների կողմից նշանակված բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումներն իրականացվում են կոնկրետ հիվանդությունների համար նախատեսված առաջարկությունների և ընթացակարգերի համաձայն: Հարկ է նշել, որ բուժառու Ս․-ն բազմիցս հրաժարվել է հոգեբանի կամ հոգեբույժի հետ խորհրդակցելուց։ Նույնիսկ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի այցելությունից հետո բուժառու Ս․-ին առաջարկվել է հոգեբուժական օգնություն։ Նա ուներ նաև իր հոգեբույժին ինքնուրույն ընտրելու ազատություն, բայց կրկին հրաժարվեց՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը»:
● Նույն զեկույցում նշվում է, որ կլինիկայի 4-րդ, 5-րդ և 6-րդ հարկերում անվտանգության միջոցառումները չափազանցված են եղել, ինչն անհամատեղելի է թերապիայի համար միջավայրի ստեղծման հետ։ Մասնավորապես, 5-րդ հարկում պրոցեդուրաներն իրենցից ներկայացնում էին բժշկական գաղտնիության ամբողջական մերժում, ինչը խաթարում է բուժառուի և բուժանձնակազմի միջև վստահությունը և նրա առողջական վիճակի բարելավման հեռանկարները։ Այս ծանր իրավիճակը խորանում էր բուժառուների բժշկական տվյալների մշակումը կարգավորող կանոններով: Բուժառուների համաձայնությունը պահանջվում էր միայն նրանց փաստաբաններին բժշկական տեղեկատվություն տրամադրելու համար, մյուս բոլոր դեպքերում բժշկական օգնության հասանելիության մասին որոշումներ էր կայացնում Հատուկ բանտային ծառայությունը, ինչը ակնհայտ խախտում է այն սկզբունքի, որ նման տեղեկությունը պետք է ոչ բժշկական անձնակազմի տրամադրվի բացառապես անհրաժեշտ հարցման հիման վրա»։
● Նույն զեկույցի 21-րդ կետում գրված է, որ «Վերջին մի քանի դեպքերով կլինիկայի բժիշկների և Հատուկ բանտային ծառայության կամ արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից լրատվամիջոցներում հայտարարություններ են արվել բուժառուի առողջական վիճակի, բուժման և առաջարկվող թերապիայի հետ կապված մոտեցման մասին, ըստ երևույթին, առանց նրա նախնական համաձայնության: Սա բժշկական գաղտնիքի ևս մեկ կոպիտ խախտում է»:
«Սա ապացուցում է, որ Սաակաշվիլին արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զոհ է»
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը», որը ժամանակին հիմնադրել է Սաակաշվիլին, իր հերթին պատասխան հայտարարություն է արել, որում պնդում է, որ նշված զեկույցը վկայում է այն մասին, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայում պատշաճ բուժում չի ստանում և «արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զոհ» է։
«Նախագահ Սաակաշվիլիի դեմ հարուցված քաղաքական գործերի հեղինակը նախկին գլխավոր դատախազ, Բիձինա Իվանիշվիլիի կլանի անդամ, վրացի օլիգարխ, ներկայիս իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Օթար Պարցխալաձեն է, որը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ որպես ՌԴ անվտանգության ծառայության սպա։ Սաակաշվիլիի գործերը քննվում և/կամ վերահսկվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող դատավորների կողմից։
Նախագահ Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի քաղաքական բանտարկությունից, դա պահանջում է նաև վրաց ժողովրդի մեծամասնությունը։ Հիմնական ընդդիմադիր քաղաքական կուսակցության առաջնորդի քաղաքական բանտարկությունը վրաց ժողովրդին 2024 թվականի [խորհրդարանական] ընտրություններում ազատ, արդար և մրցակցային միջավայրում իր կամքն արտահայտելու հնարավորությունից։ Հարկ է նշել, որ 2024 թվականի ընտրությունների ազատ, արդար և մրցակցային միջավայրում անցկացումը պարտադիր պայման է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի համար»,— ասված է «Ազգային շարժման» հայտարարության մեջ։