Հայաստանում վարորդներն ավելի խիստ կպատժվեն երթևեկության կանոնների խախտման համար
Հայաստանում վարորդներն այժմ ավելի խիստ են տուգանվելու ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար։ Համապատասխան փոփոխությունները խորհրդարանն ընդունել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Այժմ կանոնները խախտողներին խոշոր տուգանքներ են սպառնում, որոնք մի քանի անգամ գերազանցում են նախորդները։ Օրինակ՝ առանց վարորդական իրավունքի երթևեկելու համար հարկ կլինի վճարել ոչ թե 25 հազար դրամ, այլ 8 անգամ ավելին։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար տուգանքը կկազմի 150 000 դրամ, որը նախկինից գրեթե 5 անգամ ավելի մեծ գումար է։
Բոլոր նոր կանոնների մասին, որոնք պետք է իմանան վարորդները։
- Հայաստանի վարչապետը 2021 թ-ը հայտարարել է «տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի»
- «Արյուն, քրտինք, արցունքներ և կոմպետենտություն»․ ճգնաժամից Հայաստանի ելքի բանաձև՝ քաղաքագետից
Բալերի կորուստ
Երթևեկության կանոնները խախտողներին ոչ միայն տուգանքներ են սպառնում, այլև՝ բալերի կորուստ։
2020 թ-ի հունվարից երկրում «իրավախախտում-տուգանք» սխեմայի փոխարեն գործում է այլ տարբերակ՝ «իրավախախտում — տուգանք + տուգանային բալ»։
Բանն այն է, որ վարորդական իրավունքների հետ միասին Հայաստանում վարորդը ստանում է մեկ տարվա համար ինը բալ, որից հետո միավորներ են հանվում ամենակոպիտ խախտումների համար։
Մեկ տարվա ընթացքում բոլոր ինը բալերը կորցրած վարորդը կես տարով զրկվում է վարորդական իրավունքից։ Այնուհետև նա կրկին ստանում է 9 բալ, սակայն դրանց կորստի դեպքում վարորդական իրավունքից զրկվում է արդեն մեկ տարով, իսկ այն վերականգնելու համար պետք է տեսական և մեքենայի վարման քննություն հանձնի։
Նոր կանոնների համաձայն՝ ղեկին ծխելու համար վարորդը 0,5 բալ կկորցնի և 7 հազար դրամ տուգանք կվճարի։ Իսկ ոչ սթափ վիճակում վարելու համար մեծ տուգանքից բացի նա կկորցնի 4 բալ՝ եղածի գրեթե կեսը։ Նույն չափով բալերի կորուստ է նախատեսվում նաև արագությունը 50 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում։
«Կարմիր գծեր» ճանապարհներին
Խորհրդարանի որոշմամբ՝ Հայաստանի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից տասում այժմ չեն գործելու մեքենաների կայանման համար նախատեսված վճարովի «կարմիր գծերը»։
Այդ «կարմիր գծերի» վրա կայանման առաջին 15 րոպեի համար վճարել պետք չէ։ Սակայն յուրաքանչյուր հաջորդ ժամի համար վարորդները պետք է վճարեն 100 դրամ։ Կայանման համար չվճարելու համար տուգանքը կազմում է 5000 դրամ։
Ողջ խնդիրն այն է, որ վարորդները, որոնք չեն վճարել, բայց մեքենան կայանել են «կարմիր գծերի» վրա, տուգանվել են համապաստասխան լուսանկարների հիման վրա։ Սակայն դրանք չէին կարող ապացուցել, որ մեքենաները կայանվել են անվճար 15 րոպեից ավելին։ Եվ բոլոր վարորդները, որոնք չէին ցանկանում վճարել կայանման համար, հենց այդպես էլ պնդում էին։
Իսկ հիմա վարորդներին կարելի կլինի տուգանել միայն այն դեպքում, երբ լինի տեսանյութ, որը կապացուցի 15 րոպեն գերազանցող կայանումը։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Վարորդներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ավելի խիստ տուգանելու լուրը Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերը ոչ միանշանակ են ընդունել։ Ոմանք ուրախացել են՝ համարելով, որ դա նպաստելու է ճանապարհներին իրավիճակի բարելավմանը, մյուսները խորհրդարանին մեղադրել են վարորդների հաշվին «փող աշխատելու» ցանկության համար։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Վաղուց ժամանակն էր։ Միգուցե գոնե բարձր տուգանքներն ուշքի բերեն մեր վայ-վարորդներին, որոնք վտանգում են իրենց և մեր կյանքերը»։
«Ավելի լավ կլիներ, որ այդ խստացումների փոխարեն ճանապարհային ոստիկանությունը սկսեր նորմալ աշխատել»։
«Երկրի բոլոր խնդիրները լուծել են, մնացել են ղեկին ծխողների խնդիրները…»
«Եթե այս որոշումն ընդունվեր նախորդ կառավարության ժամանակ, բոլորը միաձայն կբղավեին, որ ուզում են ժողովրդին թալանել։ Ու այդպես էլ կա»։
«Երևանի փողոցներում երթևեկությանը ոչինչ չի օգնի՝ ո՛չ տուգանքները, ո՛չ բալերը։ Պետք է բոլորի վարորդական իրավունքները ձեռքներից առնել և կրկին ստիպել ազնվորեն քննություն հանձնել»։