«Ձեռնպահ մնալ կոնֆլիկտային խոսույթից և քայլերից՝ հանուն խաղաղության»․ ՀՀ ԱԺ հայտարարությունը
Խաղաղությանն աջակցելու մասին ՀՀ ԱԺ հայտարարությունը
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Կոպենհագենում ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը «խաղաղության հետագա ամրապնդման» ուղղությամբ։
Փաշինյան-Ալիև հանդիպումից սուղ տեղեկություններ են հաղորդվել։ Հայաստանի վարչապետի խոսնակի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները՝
- կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները,
- քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ,
- ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը,
- կարևորել են վստահություն ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունն ու համաձայնել են շարունակել իրենց շփումները։
Խաղաղության գործընթացին այսօր իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստանի խորհրդարանը։ Հրավիրված արտահերթ նիստում 64 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը։ Հայտարարության քննարկմանը մասնակցել են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
Ընդդիմությունը բոյկոտել է նիստը և հայտարարել՝ «հակահայկական օրակարգ» չի քննարկելու։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար։ Խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է ՀՀ կենսական շահերից։ Անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է նախագծում։
Այս հայտարարությամբ իշխող ուժի ներկայացուցիչները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական և մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ «կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից՝ հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը երաշխավորելու համար»:
- Ալիևը TRIPP-ը «միջանցք» է անվանում․ ինչպե՞ս են Երևանում մեկնաբանում այս խոսույթը
- Հռչակագիր Հայաստանի Չորրորդ Հանրապետության մասին. իշխող կուսակցության մտադրությունները
- Հայ գերիների ինքնասպանության փորձերն ու հացադուլները Բաքվում. կարծիքներ Երևանից
Ընդդիմությունը չմասնակցեց նիստին, իշխող ուժը դա որակեց «փախուստ»
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստից կարճ ժամանակ առաջ մեկ այլ հարցի շուրջ դիրքորոշում հստակեցնելու և հետո նոր քվեարկելու համար ընդմիջում խնդրեցին։ 20 րոպե ընդմիջումից հետո, սակայն, դահլիճում որևէ ընդդիմադիր պատգամավոր չէր մնացել։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները քննադատեցին ընդդիմության այդ վարքագիծը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դա անվանեց «զավեշտ, մանկապարտեզին բնորոշ գործելաոճ և խայտառակություն»։
«Երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, ընդդիմությունը փախչում է, մեռած է ձևանում։ Ամեն ինչ անում է, որ որևէ կերպ խաղաղության հետ չառնչվի»,- հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ընդդիմության հայտարարությունները
«Հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է»
Արտահերթ նիստի ներկայացված հայտարարությունն այսպես է բնորոշել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունը։ Շեշտել են՝ սա «հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար»․
«Այս հայտարարությունը բացառապես ՔՊ-ինն է և չի արտահայտում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական կամքը»։
Ըստ խմբակցության՝ հայտարարությունը՝
- ոչ մի առնչություն չունի իրական խաղաղության հետ,
- չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին:
«Հայտարարությունում, ինչպես նաև Վաշինգտոնում ընդունված որևէ համաձայնությունում տեղ չեն գտել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներն ազատելու, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման, արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի, Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու պահանջները»,- ասված է հաղորդագրությունում։
«Սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակ»
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժը՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարությունը բնորոշել է որպես «աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ» և նշել, որ Ազգային ժողովում դրա շրջանառումը «նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը»․
«Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլև Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին»։
Ընդդիմադիր ուժը խիստ մտահոգված է նաև Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով։ Ասում է՝ այն «Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթն» է։
«Պատիվ ունեմ»-ը բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը, բայց նաև նշել, թե, իբր, Փաշինյանի վարչակազմի կողմից «միակողմանիորեն հասցված հարված» է ուղղվել հայ-ռուսական դաշնակցային կապերին։ Դա, ըստ պատգամավորների, խախտում է ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչը «պետության համար հղի է նոր սպառնալիքներով ու մարտահրավերներով»։
«Ջանքեր գործադրել խաղաղության ամրապնդման ուղղությամբ»․ ի՞նչ է ասված ԱԺ հայտարարությունում
ՀՀ խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրին, ողջունել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, կարևորել հաղորդակցությունների բացման շուրջ Երևանի և Բաքվի ձեռք բերած համաձայնությունը, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Դոնալդ Թրամփին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում անուրանալի ներդրման համար»։
Բացի այդ, Ազգային ժողովը՝
- «առանցքային է համարում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» — TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով,
- քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, ՄԱԿ կանոնադրությանն ու 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու՝ 2025 թ․-ի օգոստոսի 8-ի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած գործընթացը,
- վերահաստատում է, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա,
- ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է ՀՀ կենսական շահերից և որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ,
- կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից՝ հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Խաղաղությանն աջակցելու մասին ՀՀ ԱԺ հայտարարությունը