Խաղաղապահնե՞ր, թե՞ սահմանապահներ. ռուսական անցակետեր Մեղրիում
Ռուսական անցակետեր Մեղրիում
«Ռուս սահմանապահներն ամիսներ առաջ են Մեղրիից Ագարակ ու Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր տանող ճանապարհներին անցակետեր տեղադրել, ծառայություն են իրականացնում»,- համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերին այսպես է արձագանքել Մեղրիի համայնքապետը:
Մի քանի օր է, ինչ տեղեկություններ են տարածվում, թե Ագարակ-Մեղրի ճանապարհահատվածում անցակետեր են տեղադրել և փաստաթղթեր են ստուգում ռուս խաղաղապահները: Մեղրիի համայնքապետի խոսքից, ինչպես նաև ռուսական կողմի՝ մինչ այդ տարածած հաղորդագությունից պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե ռուս խաղաղապահների, այլ սահմանապահների մասին է:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության հաղորդմամբ՝ անցակետերը տեղադրվել են Հայաստանի կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ: Սակայն տարեսկզբից ի վեր երկրի պետական կառույցներն այդ անցակետերի մասին որևէ տեղեկություն չեն հրապարակել:
JAMnews-ը ներկայացնում է մինչ այս պահը հաղորդված տեղեկություններն ամփոփ:
«Հայ-իրանական սահմանին լարված իրավիճակ է ստեղծվել»
Հանրային հեռուստաընկերությանն այս մասին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից,
«Լարված օպերատիվ իրավիճակը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ»:
Սահմանապահ վարչությունից հիշեցրել են նաև Հայաստանի պետական սահմանի խախտման՝ նախկինում արձանագրված դեպքերը:
2021 թվականին Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել էին երկու հոգու՝ զենքով, նռնականետերով և մեծ քանակությամբ զինամթերքով: Զինյալներն ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդմամբ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով 2022 թ.-ի տարեսկզբից անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ «ընտրողական միջոցառումներ իրականացնելու» համար կազմավորվել են սահմանային հսկողության մի շարք կահավորված դիրքեր:
Սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում միջոցառումներ են ձեռնարկվում ոչ թե ընտրողաբար, այլ առանց բացառության:
«Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին»,- նշել են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից։
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա: Կողմերն այն ստորագրել են 1992 թվականին:
«Ստուգումներն արվում են Հայաստանի օրենսդրության համաձայն»
Անդրադառնալով Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին անցակետերի տեղադրման մասին լուրերին՝ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը շեշտել է, որ դեռևս ամիսներ առաջ մոդուլային հինգ անցակետեր են տեղադրել ռուս սահմանապահները, որոնք այդ տարածքում ծառայություն են իրականացնում:
«Ազատության» հետ զրույցում Զաքարյանը նշել է, որ անցակետերը տեղակայված են Մեղրիից Ագարակ, Շվանիձոր, Ալվանք ու Նռնաձոր տանող ճանապարհներին:
Հղում անելով «Պետական սահմանի մասին» օրենքին և 2011 թ.-ին ուժի մեջ մտած «Հայաստանի պետական սահմանում սահմանային ռեժիմն ու պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» կառավարության որոշմանը՝ համայնքի ղեկավարը նշել է, որ «ստուգումներն ամբողջությամբ համապատասխանում են Հայաստանի կողմից ընդունված օրենքներին և կառավարության որոշումներին»:
Սակայն, Մեղրիի համայնքապետի խոսքով՝ անցակետերի առկայությունն առաջացնում է խնդիրներ ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների տեղաշարժի հետ կապված.
«Երբ տուրիստները ցանկանում են գնալ Նռնաձոր, Շվանիձոր, գյուղական բնակավայրեր, լուրջ խնդրի առաջ են կանգնում մինչև սահմանապահ զորամասի ծառայողները չեն ստուգում նրանց անձնագրերի առկայությունը, համեմատում, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով իրականացնում են իրենց ծառայությունը»,- հայտնել է Բագրատ Զաքարյանը:
Մեկնաբանություններ սոցցանցերում
«Մեղրի-Ագարակ անցակետը ո՞ր պայմանագրի, ո՞ր կետով է նախատեսված: Փաստենք, որ անգամ սոցիալական ցանցերում շատ քիչ են հանրային դժգոհությունները, և այս ամենն իրականացվում է առանց հասարակական դիմադրության»:
«Ռուսական անցակետի տեղակայումը Հայաստանի ինքնիշխան՝ Մեղրի-Ագարակ հատվածում դե ֆակտո հավասար է Հայաստանի դեմ օկուպացիոն ակտի»։
«Ընդդիմությունը փողոց դուրս եկա՞վ ռուսական սահմանապահների՝ Մեղրի֊-Ագարակ ճամփան փակելու դեմ բողոքելու… Բա ինչի՞, Հայաստան-Իրան սահմանը այդքան հեշտ տալիս եք ռուսի՞ն… էլ ինչ եք տալիս հետը…»
«Մաս-մաս տալիս են էս դավաճանները, իսկ դուք սրճարաններում թեյ ու սուրճ խմեք»:
«Կհեռացնե՞նք ռուսի «սապոգը» Հայաստանից, ուրեմն պետություն կունենանք, եթե ոչ, ապա կկործանվենք»:
Ռուսական անցակետեր Մեղրիում