Լրտեսական սկանդալ Հարավային Օսիայում. ինչո՞ւ հանրությունը չարձագանքեց դրան
Հարավային Օսիայի հատուկ ծառայությունները պնդում են՝ բացահայտել են լրտեսական ցանց, որը գաղտնի տվյալներ էր հավաքագրում և փոխանցում Վրաստանին։
Սակայն տեղի բնակիչներն այդ լուրի հանդեպ անտարբեր են։
Նրանց ավելի շատ մտահոգում են առօրյա խնդիրները և հանցավորության տարածումը, քան ենթադրյալ վրացական լրտեսները։
Վեց անհայտով հավասարում
Ապրիլի վերջին հարավօսական ԱԱԾ-ն տարածեց հաղորդագրություն այն մասին, որ «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետ համագործակցությամբ կասեցվել է Հարավային Օսիայի՝ 1974 թվականին ծնված քաղաքացու գործունեությունը, որը կասկածվում է վրացական հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ»։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ձաուի շրջանի [Հարավային Օսիա] բնակիչը, հանդիսանալով պետական ձեռնարկության աշխատակից, շարունակական կապ է պահպանել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ, որոնց փոխանցել է տեղեկություններ Հարավային Օսիայում տեղակայված ռուսական զինվորական զորախմբերի, նրանց՝ հատուկ ռազմական գործողության գոտի մեկնելու, ինչպես նաև Հարավային Օսիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- ասված էր ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։
Կասկածյալին, որի անունն ու ազգանունը այդպես էլ չհաղորդվեց, ձերբակալել են։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով: ԱԱԾ-ն պնդում է՝ նա ընդունել է իր մեղքն ու «ակտիվորեն համագործակցում է հետաքննական մարմնի հետ»:
Բացի այդ, հարավօսական ուժայինների փոխանցմամբ՝ «բացահայտվել են Հարավային Օսիայի ևս հինգ քաղաքացիներ, որոնք վրացական կողմին են փոխանցել «պետական գաղտնիք չպարունակող տեղեկատվություն սոցիալ-քաղաքական իրավիճակի մասին»: Նրանց «պաշտոնական նախազգուշացում» է արվել։
Միևնույն ժամանակ Ցխինվալում, որտեղ բոլորը ճանաչում են իրար և հարակից շրջանների բնակիչներին, ոչ ոք գաղափար չունի, թե ովքեր են այդ ենթադրյալ լրտեսները: Եվ սա շատ տարօրինակ է թվում:
«Բացարձակապես ոչինչ հայտնի չէ: Նույնիսկ ձերբակալվածի անվան սկզբնատառերը հայտնի չեն»,- ուսերն են թոթվում մեր զրուցակիցները:
Սակայն դա ոչ ոքի առանձնապես չի էլ հետաքրքրում:
Նախկինում ավելի աղմկահարույց էր
Մի քանի տարի առաջ նման ձերբակալություններն իրարանցում էին առաջացնում և բուռն քննարկվում հասարակության մեջ: Այդպես էր, օրինակ՝ 2019 թվականին, երբ ԱԱԾ-ն ձերբակալեց հայտնի հարավօսական պաշտոնյա Սերգեյ Լիպինին և նրա կնոջը՝ Նանուլի Չուխուլաձեին, որոնք, իբր, «խոստովանել էին, որ Վրաստանի հատուկ ծառայություններին ռազմական, քաղաքական և տնտեսական բնույթի տեղեկություններ են փոխանցել՝ ի վնաս հանրապետության անվտանգության»:
Նույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին ևս երկու հոգի՝ համակարգչային սպասարկման կենտրոնի սեփականատերեր, եղբայրներ Քրիստոֆոր և Գեորգի Տադեևները: Ըստ հետաքննության՝ նրանք զբաղվում էին շատ հիմնարկների և գերատեսչությունների ծառայողական համակարգիչների վերանորոգմամբ և սպասարկմամբ և «հասանելիություն ունեին պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների»:
Հավանաբար, այդ պատմությունը հուզել էր հասարակությանը, քանի որ Լիպինը շատ տարիներ զբաղեցրել էր բավականին բարձր պաշտոններ, իսկ Տադեև եղբայրների ծառայություններից օգտվում էր գրեթե ամբողջ Ցխինվալը: Քաղաքի շատ բնակիչներ անձամբ շփվել էին այդ մարդկանց հետ, նրանց ձերբակալության լուրը բոլորին ցնցել էր։ Ի դեպ, Տադեևները չընդունեցին իրենց մեղավորությունը, հրաժարվեցին համագործակցել հետաքննական մարմնի հետ։ Որոշ ժամանակ անց նրանց ազատ արձակեցին:
Հոգնածություն և անվստահություն
Ներկայիս «լրտեսական սկանդալն» անտարբերությամբ ընդունվեց։
Մեր հարցմանը մասնակցած ցխինվալցիներից ոմանք դա բացատրում են նրանով, որ մարդիկ պարզապես հոգնել են իշխանությունների կամայականություններից և հանցավորության աճից, հիասթափված են գործող իշխանությունից և այլևս ուժ չունեն անհայտ լրտեսների մեքենայություններից վրդովվելու համար։
Հարցվածներից մեկն ընդհանրապես ենթադրեց, որ իշխանությունները ամեն ինչ հորինել են.
Կարծում եմ այս լրտեսական պատմությամբ նրանք ուզում են բնակչության ուշադրությունը շեղել առօրյա խնդիրներից։ Դրա համար էլ հորինում են ամեն տեսակի գործակալների։
Այս պատմության հավաստիության հետ կապված կասկածներ ունի նաև իրավապահ մարմինների նախկին աշխատակիցը։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում ոչ վրացական, ոչ էլ որևէ այլ հատուկ ծառայություններ անհրաժեշտություն չունեն լրտեսների միջոցով պարզելու որոշակի զորքերի տեղակայումը։ Դրանից այժմ հիանալի կերպով գլուխ են հանում արբանյակային միջոցները։