ՀՀ կառավարությունը լրացուցիչ ծրագիր կգործարկի ԼՂ-ից տեղահանվածների համար
Լրացուցիչ ծրագիր արցախցիների համար
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական ապահովության նպատակով ՀՀ կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերից մինչ օրս պետական բյուջեի միջոցներից հատկացրել է ավելի քան 115 միլիարդ դրամ»,- հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա շեշտել է՝ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև միջազգային կառույցները, սակայն սոցիալական աջակցության ծրագրերին ուղղված գումարների ավելի քան 85-90 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից։
Խաչատրյանն անդրադարձել է «40+10» ծրագրի վերանայմանը, արցախցիների բնակարանային ապահովման խնդիրներին, ներկայացրել մանրամասներ գործարկվելիք լրացուցիչ աջակցության ծրագրի վերաբերյալ։
Վստահեցրել է՝ շարունակում են երկխոսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ՝ հույս ունենալով, որ հնարավոր կլինի գտնել չլուծված խնդիրների լուծումները։
- Արցախցիները չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու․ նրանց մտավախություններն ու սպասելիքները
- Էթնիկ զտումից մինչև վերադարձի իրավունք. ԼՂ-ի հայաթափումից մեկ տարի անց
- Քաղաքացիությունը՝ փախստական․ ԼՂ-ի հայերի պատմություններն ու հիշողությունները
«40+10» ծրագիրը չի վերանայվի
Վերջին շաբաթների ընթացքում Ազատության հրապարակում և կառավարության շենքի դիմաց արցախցիները պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Պահանջում էին չվերանայել «40+10» ծրագրի պայմանները, որով տեղահանված արցախցիներն ամեն ամիս ստանում էին 40 հազար դրամ՝ բնակվարձի և 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի համար։
Դեռևս 2024 թվականի նոյեմբերին էր գործադիրը որոշել վերանայել ծրագրի պայմանները։ Սակայն բողոքի ակցիաներից հետո որոշումը թողեց անփոփոխ։
Նոր որոշման համաձայն՝ 2025 թ․-ի ապրիլից աջակցությունը տրամադրվում է բացառապես խոցելի խմբերին՝ երեխաներին, կենսաթոշակային տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցողներին և կերակրողին կորցրած ընտանիքներին։
Աջակցության չափը մեկ անձի հաշվով կազմում է՝
- ապրիլ-հունիս ամիսներին՝ 40 հազար դրամ,
- հուլիսից մինչև տարեվերջ՝ 30 հազար դրամ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գնահատմամբ՝ ծրագիրը շեղվել է իր նպատակային գործառույթից, այն է՝ բնակվարձի աջակցություն։
Նրա համոզմամբ՝ ծրագիրը հանրության մի մասի կողմից ընկալվել է որպես անժամկետ սոցիալական աջակցություն։ Իսկ դա խոչընդոտում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագրի իրականացմանը։
«Մարդիկ նախընտրում են այդ ծրագրի աջակցությունից օգտվել, բայց չդիմել երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագրին, որտեղ մենք սեփականության իրավունք ենք խոստանում ընտանիքներին, յուրաքանչյուր անդամի հաշվով 3-4 կամ 5 միլիոն դրամի աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի մարդիկ վերջնականապես որոշեն իրենց երկարաժամկետ բնակության վայրը»,- պարզաբանել է նա։
Կառավարության այս ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում և գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ Դրան մասնակցելու միակ նախապայմանը ՀՀ քաղաքացիություն ստանալն է։ Իսկ արցախցիներից շատերը մտավախություն ունեն, որ եթե ՀՀ քաղաքացիություն ստանան, կարող են զրկվել հայրենիք վերադառնալու իրավունքից և այնտեղ մնացած ունեցվածքից։
Ներդրվելու է աջակցության լրացուցիչ ծրագիր
Ըստ Խաչատրյանի՝ այն ուղղված է լինելու սոցիալապես առավել խոցելի ընտանիքների կարիքների հասցեագրմանը։ Նրա խոսքով՝ ծրագիրը մշակվել է «40+10» ծրագրի վերանայման համատեքստում։ Ասում է՝ նպատակն է մեղմել այն ընտանիքների սոցիալական վիճակը, որոնք նշված ծրագրի պայմանների փոփոխությունից հետո կարող են հայտնվել դժվար դրության մեջ և չկարողանալ վճարել իրենց բնակվարձը։
«Կառավարությունն արդեն իսկ որոշել է այս փոփոխված ծրագրին զուգահեռ մեկ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որը արդեն ընտանիքի եկամուտները կհաշվի և կորոշի՝ լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա՞, թե՞ չկա»,- ասել է փոխվարչապետը։
Նա տեղեկացրել է՝ լրացուցիչ ծրագրով աջակցություն կտրամադրվի այն ընտանիքներին, որոնց եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազար դրամից ցածր է (ներառյալ աշխատանքային եկամուտները)։
Այդ պարագայում ընտանիքին կհատկացվի՝
- 40 հազար դրամ՝ մեկ անդամի պարագայում,
- և հավելյալ 10 հազար դրամ՝ յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով։
«Օրինակ՝ եթե չորս անդամ ունեցող ընտանիքի ընդհանուր եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազարից պակաս լինի, ապա այդ ընտանիքը կստանա լրացուցիչ 70 հազար դրամ»,- նշել է նա։
Բնակապահովման ծրագրի պայմանները բավական շահավետ են
Տիգրան Խաչատրյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրով նախատեսված միջոցները բավարար չեն։
«3, 4 կամ 5 միլիոն դրամ ենք հատկացնում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ կախված այն հանգամանքից, թե որտեղ է նախատեսում այդ բնակարանը գնել կամ տունը կառուցել»,- հիշեցրել է նա։
Շեշտել է՝ 1 անձի հաշվով 5 միլիոն դրամ աջակցություն է սահմանվել այն ընտանիքների համար, որոնք կցանկանան բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի որոշ բնակավայրերում։ Այժմ նախկին 3 մլն դրամի փոխարեն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 4 մլն դրամ է հատկացվելու, եթե որպես բնակավայր են ընտրել Վանաձոր, Հրազդան և Արմավիր քաղաքները։ Ի դեպ, վերջիններս սահմանամերձ չեն։
Ասում է՝ ծրագրի պայմանները «բավական շահավետ» են, սակայն շահառուների կողմից դիմումների ակտիվությունը դեռևս ցածր է։
Փոխվարչապետի փոխանցմամբ՝ 900 ընտանիքներ (3800 շահառու) արդեն ստացել են հավաստագրեր, որոնցով կարող են բնակարան գնել կամ տուն կառուցել։
«Այդ 900 ընտանիքից դեռևս 100-ն է, որ իրացրել է հավաստագրի իրավունքը։ Մնացած 800-ը որոնումների մեջ են։ Եվ դա լավ է, որ նրանք շարունակում են դիտարկել, որպեսզի գտնեն լավագույն տարբերակը»,- մանրամասնել է նա։
Ներկա պահին միջազգային համաժողովի կարիք չեն տեսնում
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որի նախաձեռնությամբ մարտի 29-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր անցկացվել, հանդես էր եկել նաև բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու համար միջազգային համաժողովներ անցկացնելու առաջարկով։ Խորհրդի անդամների հետ հանդիպել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Փոխվարչապետի դիտարկմամբ՝ համաժողովների միջոցով ֆինանսական միջոցների մոբիլիզացման ակնկալիքները գերագնահատված են։ Ընդգծում է՝ կառավարությունն իր քաղաքականությունը չի կառուցում նման սպասումների վրա։
«Եթե մենք տեսնենք, թե որ խնդիրն է, որ լուծված չէ և հնարավոր է լուծել որևէ լրացուցիչ համաժողով անցկացնելու կամ կազմակերպելու արդյունքում, իհարկե, կարող ենք դա անել։ Բայց դրա կարիքը և անհրաժեշտությունն այս փուլում չենք տեսնում»,- հարցազրույցում ասել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Լրացուցիչ ծրագիր արցախցիների համար