Զրահաբաճկոնը փրկություն չէ՞ր․ լրագրողների աշխատանքը Արցախյան պատերազմի օրերին
2020 թ․ աշնանը, Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ադրնեջանական ԶՈՒ-ն օգտագործում էր գերժամանակակից սպառազինություն, նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք սպառնալիք էին ոչ միայն ռազմական օբյեկտների, այլև լրագրողների համար։
Պատերազմը լուսաբանող լրագրողներն աշխատել են կյանքի ու մահվան սահմանագծում, ամեն պահ գիտակցելով, որ կարող են զոհվել։
Ինչ են պատմում լրագրողները, ինչպիսի խնդիրների են առերեսվել պատերազմի օրերին ու ինչի կարիք են զգացել, ինչ աջակցություն են ստացել լրագրողական կազմակերպություններից։
- Կարծիք․ ի՞նչ է սպասվում Արցախին և Հայաստանին
- Արցախ․ ի՞նչ է սպասվում «նոր» և «հին» փախստականներին
- Պատերազմի ընթացքում և դրանից հետո․ ինչպես են լուծվում արցախցի երեխաների կրթության խնդիրները
«Նոր սերնդի պատերազմի» փորձառություն
Ղարաբաղյան հակմարտության հարցերով փորձագետ, «ՍիվիլՆեթ»-ի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը վավերագրել է Արցախյան պատերազմի բոլոր 44 օրերը։ Ասում է, որ մեկնելուց առաջ չի էլ պատկերացրել, թե ինչի ականատես է լինելու։
«Յուրաքանչյուր քառակուսի մետրը վտանգավոր էր, որևիցե ձևով ապահովագրված չէիր կյանքդ կորցնելուց կամ վիրավորվելուց։ Պատերազմ լուսաբանող լրագրողները գիտեն, որտեղ կանգնել, ինչպես աշխատել, այսինքն կան գրված և չգրված կանոններ, բայց այս դեպքում որևէ նման կանոն չէր աշխատում։ Ադրբեջանական կողմը կարկուտ էր թափում հրթիռներից, «Գրադ» կայանքներից, անօդաչու թռչող սարքերից։ Այդքան փոքր տարածքի վրա ու այդքան մեծ ինտենսիվությամբ», — պատմում է լրագրողը։
Առաջին օրերին Թաթուլը հրաժարվել է սաղավարտ ու զրահաբաճկոն կրել, բայց հետագայում սկսել է հետևել նոր տեսակի պատերազմի թելադրած բոլոր կանոններին․
«Քաղաքում խաղաղ բնակիչներ կային առանց զրահաբաճկոնի, մի տեսակ անհարմար էի զգում, ինքս զրահաբաճկոն հագած մոտենալ քաղաքացուն, մարդկայնորեն վատ էի զգում։ Բայց եկավ մի պահ, երբ զգացի՝ շատ վտանգավոր է։ Սկսեցի կրել, մեր խմբագրությունն ինձ ապահովել էր։
Իսկ մեքենան վարում էինք բաց պատուհաններով, որպեսզի ԱԹՍ-ի ձայնը լսենք։ Մեզ ասվել էր․ երբ լսեք ձայնը, ունեք ընդամենը յոթ վայրկյան մեքենայից արագ դուրս գալու համար»։
Համեմատելով այս պատերազմը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, Թաթուլն ասում է՝ անհնար է զուգահեռներ անցկացնել, նախորդ ռազմական սրացումը «խաղ ու պար» էր․
«Ապրիլյանը, մեծ հաշվով, ես արդեն կարող եմ պատերազմ չհամարել։ Վերջին պատերազմը չի կարելի համեմատել խորհդրային տարածքի որևէ մի հակամարտության հետ։ Սիրիական պատերազմը լուսաբանող լրագրողներն անգամ ասում էին. Սիրիայում գոնե գիտեիր, թե որտեղ կանգնես, ինչպես լուսաբանես, այս պատերազմում հնարավոր չէր որևէ բան հասկանալ»։
24News-ի լրագրող Սևակ Վարդումյանն էլ է ասում, որ այս պատերազմի ընթացքում համալսարանում սովորած անվտանգության կանոնները չէին աշխատում․
«Ոչ օդային տագնապ, ոչ զգուշացում, նստած ես, ու մեկ էլ գլխիդ ինչ-որ բան է ընկնում։ Մեզ թիրախավորել էին «Գրադ» համակարգով։ Այդ պահին զրահաբաճկոնս ու սաղավարտս վրաս չէր, գտնվում էի շենքի ներսում ու մտածում, որ պաշտպանված եմ։ Համակարգչով գործ էի անում։ Վիրավորվել եմ մեջքի հատվածում, բարեբախտաբար, բեկորը շատ խորը չէր գնացել, ներքին օրգաններ չէր վնասել։ Կոնտուզիա էի ստացել, լսողական ներվս էր վնասվել։
Չորս «Գրադ» ընկավ, երրորդի ժամանակ վիրավորում ստացա, բայց վեր եմ կացել ու սկսել եմ գործընկերոջս հետ նկարահանել։ Եթե առաջնորդվեի կանոններով, պետք է մինչև վերջ մնայի պատսպարված։ Բայց մեջդ խոսում է լրագրողը, դու այդտեղ ես, որ վավերագրես, որ ցույց տաս այդ ամենը»։
Նրա հետ միաժամանկ վիրավորում էին ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորն ու ֆրանսիական «Le Monde» պարբերականի երկու լրագրողները։
Սևակն ասում է, որ ինքն ապահովագրություն չի ունեցել, ինչպես չունեն Հայաստանի շատ լրագրողներ․
«Մեր խմբագրությունը մեր կողքին կանգնած է եղել բոլոր հարցերով։ Բայց լավ կլինի ունենալ ապահովագրություն, նաև հատուկ ուղեցույցներ լինեն։ Որքան էլ գիտես որոշ բաներ՝ համալսարանական դասընթացներից ու քո անձնական աշխատանքային փորձից, այնուամենայնիվ, գնում ես մահվան բերան, կյանքդ 50\50 է, հույսդ դու ես, որ ինքդ մի ձևով կպաշտպանվես»։
Լրագրողների իրավունքների պաշտպանություն
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան պատերազմում վիրավորում ստացած 7 հայ և արտասահամանից ժամանած լրագրողների հարցով։
«Մեր ջանքերը հիմա ուղղում ենք դրան, որ ոչ մի խախտում անհետևանք չմնա։ Խոսքը գնում է և՛ հայ, և՛ ռուս, և՛ ֆրանսիացի լրագրողների մասին։ Ֆրանսիացիներից մեկը հայ է, և սա նույնպես խնդիր է առաջացնում բողոքարկման ռազմավարության ընտրության հարցում», — ասում է կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։
Նրա խոսքով, կենտրոնին իրավաբանական աջակցություն է տրամադրում բրիտանական Media Defence կազմակերպությունը․
«Այն ունի փաստաբաններ, ովքեր մասնագիտացված են հենց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ աշխատանքում, մեծ փորձ ունեն, ապավինում ենք նրանց աջակցությանը։ Լրագրողներն անընդհատ գտնվել են վերահսկողության, հետապնդման մեջ, սա նրանց կյանքի իրավունքին է վերաբերում»։
Սևակ Վարդումյանն էլ նշում է, որ ադրբեջանական զինուժն իր առջև հստակ նպատակ դնելով է թիրախավորել լրագրողներին։ Այս կապակցությամբ հիշում է «Agence France-Presse»-ի թղթակիցներին տեղափոխող մեքենայի վրա նրանց կողմից կրակ բացելու դեպքը։ Ընդգծում է, որ մեքենայի վրա գրված էր “Press”։
Ի դեպ, ադրբեջանական կողմը չէր հերքում Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների նշանառության տակ պահելու փաստը: Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը իր երկրի դիրքորոշումն այսպես էր բացատրում.
«Ցավով կցանկանայի նշել, որ Հայաստանը, օտարերկրյա լրագրողներին ներգրավելով Ադրբեջանի օկուպացված տարածքներ, նրանց թիրախ է դարձնում: Առանց Ադրբեջանի թույլտվության մեր տարածքներ այցելություններն անօրինական են: Այդ պատճառով Ադրբեջանը պատասխանատվություն չի կրում այդ անձանց անվտանգության համար»:
Ստեփանակերտում երեք շաբաթվա ընթացքում չորս անգամ փոխվել է տեղեկատվական կենտրոնի տեղը։
«Ինչու՞։ Մենք կասկած չունեինք, որ Ադրբեջանը որևէ բանի առաջ չի կանգնելու ու հարվածելու է այդ վայրին, որտեղ տեղի էին ունենում ասուլիսներ, որտեղ հավաքվում էին հարյուրավոր լրագրողներ։ Պատերազմ լուսաբանող լրագրողը ինքը չի որոշում, թե ինչը լուսաբանել կամ որտեղ լինել, երբ լինել ու որ ժամին լինել։ Դա թելադրում է ինքը պատերազմը», — ասում է լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Պատերազմի սկզբում շատ լրագրողներ ու լրատվամիջոցներ բարձրաձայնել են զրահաբաճկոնների ու սաղավարտների պակասի մասին։ Այս բացը փորձել են լրացնել լրագրողական կազմակերպությունները։
«Դեռևս 2016 թվականից ձեռք էինք բերել զրահաբաճկոններ ու սաղավարտներ, 18 հատ ունեինք, բայց դա չէր բավականացնում, ու շատ ուրախ էինք, որ մեր մյուս գործընկերները կարողացան այդ ընթացքում էլի գումարներ հայթհայթել ու լրացնել այդ անվտանգության պարագանները», — ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։
Կազմակերպությունը պատերազմի ընթացքում նաև փոքր դրամաշնորհներ է տրամադրել հայաստանյան մոտ տասը լրատվամիջոցների։
«Մեր որոշ ծրագրերի շրջանակներում ունեինք որոշակի տնտեսված գումարներ, կարողացանք դոնորների հետ քննարկել ու ստեղծել արտակարգ դրության համար աջակցող ֆոնդեր։ Այսպիսով ոչ մեծ գումարներ տրամադրեցինք լրատվամիջոցներին, որպեսզի կարողանան իրենց ամենակարևոր խնդիրները հոգալ։ Գործընթացը դեռևս շարունակվում է։ Դրամաշնորհները կարճաժամկետ են, 2000-3000 դոլարի չափով: Շնորահակալ ենք մեր դոնորներին ճկունության և օգնելու ցանկության համար», — ասում է Նունե Սարգսյանը։
Իսկ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը շեշտում է, որ բավական դժվար է եղել զրահաբաճկոնների ու սաղավարտների ձեռք բերումը պատերազմի ժամանակ, քանի որ դրանք համարվում են ռազմական ապրանքներ․
«Վրաստանը փակել էր սահմանը նման ապրանքների համար, բայց մեզ հաջողվեց՝ լուրջ դժվարություններ հաղթահարելով, ներկրել դրանք Հայաստան «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Ընդ որում, տրամադրեցինք ոչ միայն տեղացիներին, այլև դրսից եկածներին, քանի որ՝ երկիր մուտք գործելիս, նրանք ևս չեն կարողացել իրենց զրահաբաճկոնները բերել, կոնկրետ արգելված է եղել»։
Մասնագիտական խնդիրներ
Պատերազմը վավերագրող լրագրողների համար անվտանգության խնդիրների կողքին եղել են նաև դժվարություններ տեղեկատվություն ստանալու և տարածելու հարցում։
Լրագրող Թաթուլ Հակոբյանը խոստովանում է, որ ամեն օր կռվի մեջ է եղել ինքն իր հետ. լրագրո՞ղ է, թե՞ քարոզչության զոհ․
«Եվ լինում էր ժամանակ, երբ ես նախընտրում էի ենթարկվել այդ քարոզչությանը, քան մնալ լրագրողի իմ դիրքերում։ Բայց մեկ այլ բան էր նաև ինձ խանգարում աշխատելիս, դա ռազմական դրության մասին օրենքն էր։
Ես անդադար մտածում էի չանեմ այնպիսի բան, որ իշխանությունները, ասենք, իմ գործունեության մեջ գտնեն հանցակազմի նման մի բան։ Մանավանդ, որ այդ օրերին արդեն ես սկսել էի հանդես գալ ՀՀ իշխանությունների քննադատությամբ, և մտածում էի, կարող են գտնել քավության նոխազներ։ Դա էլ էր ինձ խանգարում»։
Պատմում է, որ դիմել է ամենատարբեր հնարքների ճշմարտությունը իր լսարանին հասցնելու համար․
«Հոկտեմբերի 19-ին սոցցանցի իմ էջում տեսանյութ դրեցի ու ստատուս գրեցի, որ Ադրբեջանը մոտեցել է Սյունիքի սահմաններին, քանի որ այդ ժամանակ նրանք փաստացի մտել էին Զանգելան ու Քուբաթլու։
Ֆեյսբուքահայությունը ինձ ատելու էր, բայց ես գիտեի, որ ամեն ինչ ճշգրիտ եմ տալիս։ Ու ես դա դրել եմ մինչ պաշտոնապես ասվեց այդ մասին։ Ու որպեսզի մեղմեմ դեպի ինձ եկող ցասումը, իմ ստատուսից առաջ ու հետո դրել եմ ՊՆ մամուլի խոսնակի նյութերը։ Ցույց եմ տվել, որ պաշտոնականը տալիս է այս իրականությունը, ես տալիս եմ՝ այս տեղեկատվությունը։ Չէի կարող ճշմարտությունը ցույց չտալ»։