Լրագրողները վտանգավո՞ր են․ Հայաստանի ԱԺ-ում նրանց աշխատանքի խոչընդոտման պատճառները
Հայաստանի մեդիադաշտում, հասարակությունում ու նորընտիր Ազգային ժողովում առավել քննարկվող հարցերից է դարձել լրագրողների աշխատանքի խոչընդոտումը։ Պատճառն այն է, որ նոր խորհրդարանի աշխատանքի առաջին օրվանից խիստ սահմանափակվեց լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժն ԱԺ-ում։
Անցած երկու շաբաթներին հայկական մամուլում արդեն լուրեր էին շրջանառվում, թե Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժն այսուհետ սահմանափակվելու է։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմ։ Հուլիսի 30-ին գլխավոր քարտուղարը պատասխան գրությամբ տեղեկացրել էր, թե լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։
Պատկերը, սակայն, այլ էր աշխատանքային շաբաթվա մեկնարկին՝ օգոստոսի 2-ին, երբ նոր խորհրդարանն առաջին նիստը պետք է գումարեր։
Խորհրդարանի միջանցքներում էին Պետական պահպանության ծառայության մեծ թվով աշխատակիցներ, որոնք լրագրողներին ու օպերատորներին չէին թույլատրում մտնել նոր մասնաշենք, անցնել այն հատված, որտեղ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների աշխատասենյակներն են։ Որոշ նախասրահներում հարցազրույցներ անել ու մեկնաբանություններ վերցնել նույնպես չէր թույլատրվում։
Իսկ նոր կարգի մասին ԶԼՄ ներկայացուցիչներն իմանալ չէին կարող։ ԱԺ նախագահի համապատասխան որոշումը հրապարակվեց բարձրացված աղմուկից հետո միայն։
Լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների դեմ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել մի շարք լրագրողական կազմակերպություններ։ Դրանց դեմ են արտահայտվել նաև խորհրդարանում ներկայացված ընդդիմադիրները։
- Հետհեղափոխական մեդիամետաստազներ Հայաստանում
- Կեղծ լուրերի համավարակ Հայաստանում. ինչպես պայքարել դրա դեմ
- Բոյկոտ՝ առաջին իսկ օրը․ ընդդիմությունը լքել է Հայաստանի խորհրդարանի դահլիճն առաջին նիստին
«Պողպատյա մանդատը կիրառվեց նաև լրագրողների նկատմամբ»
«Նախկին իշխանությունների օրոք էլ եղել են լրագրողների աշխատանքի սահմանափակման փորձեր, բայց դրանք ձախողվել են», — լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա համոզմամբ՝ լրագրողները սկսել են խանգարել իշխանություններին․ անցանկալի հարցեր են տալիս։ Սա է պատճառը, որ պողպատյա մանդատը կիրառվեց նաև լրագրողների նկատմամբ։ Պատգամավորի կարծիքով՝ այս կերպ ոչ միայն ոտնահարվում են լրագրողների իրավունքները, այլև խորհրդարանական մեծամասնությունը կարողանում է պատվիրակել այն նյութերը, որոնք ինքն է ուզում․ լրագրողը զրկված է բացառիկ նյութեր անելու հնարավորությունից։
Լրագրողների ստորագրահավաքն ու ԱԺ նախագահի արձագանքը
Օգոստոսի 3-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք նախաձեռնեցին՝ պահանջելով չեղարկել սահմանափակումները: Նպատակ ունեին նաև հանդիպել ԱԺ նախագահի հետ ու քննարկել հարցը։ Առանձին հանդիպում չկայացավ, բայց Ալեն Սիմոնյանը հարցին անդրադարձավ ինչպես լրագրողների հետ զրույցում, այնպես էլ Ազգային ժողովի ամբիոնից։ Նախ ընդգծեց՝ խոսքը ոչ թե լրագրողների աշխատանքի սահմանափակման, այլ համակարգման մասին է։
«Տարիներ շարունակ եղել է այնպես, որ լրագրողները ստիպված են եղել միջանցքներում վազել պատգամավորների հետևից։ Եղել են դեպքեր, որ պատգամավորները սպառնացել, ապտակել են լրագրողներին։ Եվ այդ լարվածությունը նաև պայմանավորված է եղել նրանով, որ այդ հարաբերությունները որևիցե ձևով կարգավորված չեն եղել», — ասաց ԱԺ նախագահն ու տեղեկացրեց, որ լրագրողները պատգամավորների հետ զրուցելու հնարավորությունից չեն զրկվելու, նիստերի հեռարձակման, ինչպես նաև ճեպազրույցների անցկացման համար ԱԺ-ում կգործեն հատուկ առանձնացված տարածքներ։
Ալեն Սիմոնյանը հիշեցրեց Հոկտեմբերի 27-ի, ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի, ինչպես նաև Բաղրամյան պողոտայում գնդակահարության տեսարաններ բեմադրելու մասին ու նշեց, որ այդ ամենն է իրենց ստիպել մտածել լրագրողների աշխատանքի համակարգման անհրաժեշտության մասին։
Սիմոնյանը վստահեցրեց, որ իշխանությունները նպատակ չունեն սահմանափակել մամուլի աշխատանքը՝ որպես օրինակ բերելով հեղափոխությունից հետո “Freedom House”-ի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի պատմության ընթացքում չի եղել խոսքի ազատության այդպիսի թռիչքաձև աճ։
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակման մասին ԱԺ նախագահի որոշման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել 11 լրագրողական կազմակերպություններ։
Նրանք ԱԺ ղեկավարությունից պահանջում են․
- անհապաղ վերացնել խորհրդարանում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող սահմանափակումները,
- ԶԼՄ-ների գործունեությունը կանոնակարգելու և առկա խնդիրները լուծելու համար նախաձեռնել քննարկումներ հավատարմագրված լրագրողների, նրանց ղեկավարների, տեղական ու միջազգային լրագրողական կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ։
«Արձանագրում ենք, որ խորհրդարանում վերոնշյալ սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու ԶԼՄ-ներին՝ աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացվելու։ Եվ ամենակարևորը՝ չի ընդունվել որևէ նորմատիվ-իրավական ակտ, որը հիմք կհանդիսանար նման գործողությունների համար, և միայն նույն օրը՝ օգոստոսի 2-ին, երբ արդեն կիրառվել են սահմանափակումները, հրապարակվել է դրանց վերաբերող ԱԺ նախագահի համապատասխան որոշում», — ասված է հայտարարության մեջ։
Ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ ձեռնարկված միջոցները ոչ թե կանոնակարգում են լրագրողների աշխատանքը, այլ՝ խոչընդոտում, ստեղծում անհիմն արգելքներ ԶԼՄ-ների ազատ գործունեության համար․
«Այս քայլերը միտված են պատգամավորներին սուր հարցերից և մամուլի քննադատությունից զերծ պահելուն և ակնհայտորեն կարող են խաթարել ԱԺ աշխատանքների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հասարակության առջև»։
Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ բազմիցս մտահոգություն են հայտնել խորհրդարանում գրանցվող տհաճ միջադեպերի առիթով, երբ պատգամավորներն ու լրագրողները հատում են քաղաքակիրթ հարաբերությունների սահմաններն ու ստեղծվում է կոնֆլիկտային իրավիճակ, բայց վստահ են՝ խնդիրը պետք է լուծվի օրինականության, ողջամտության, փոխըմբռնման ու փոխվստահության հիման վրա, որպեսզի ապահովվի ինչպես պատգամավորների, այնպես էլ լրագրողների աշխատանքի արդյունավետությունը։