Վրաստանում կհանվեն որոշ սահմանափակումներ, բայց ոչ ամենուր. պատրաստվում են բողոքի ցույցեր
Վրաստանը կթեթևացնի սահմանափակումները, որոնք մտցվել էին 2020 թվականի նոյեմբերին կորոնավիրուսով վարակման թվի զգալի աճի պատճառով, որը սկսեց օրական հասնել հինգ հազարի: Այնուամենայնիվ, հիմնական սպասումներից մեկը՝ դպրոցներում ուսման և հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսումը, ամեն տեղ չի իրականանա: Այս կապակցությամբ Թբիլիսիում պատրաստվում են բողոքի ակցիաներ:
Դպրոցներ և հասարակական տրանսպորտ
Փետրվարի 1-ից դպրոցները կբացվեն Բաթումի, Զուգդիդի, Գորի, Փոթի և Թելավի քաղաքներում: Այդ քաղաքներում նաև կսկսի աշխատել հասարակական տրանսպորտը, բայց միայն աշխատանքային օրերին:
Սակայն Թբիլիսիում, Քութայիսում և Ռուսթավիում և՛ դպրոցները, և՛ տրանսպորտը կվերսկսեն աշխատանքը մարտից ոչ շուտ: Հենց այդ ժամանակ էլ ամբողջ երկրում ծրագրվում է բացել մանկապարտեզները և տեխնիկումներն ու ուսումնարանները:
Հասարակական տրանսպորտի միջքաղաքային երթևեկությունը սահմանափակված է անորոշ ժամկետով:
Պարետային ժամ
Նախատեսվում է նաև մարտից վերացնել պարետային ժամը: Մինչ այդ, ամբողջ երկրում առաջվա նման առանց հատուկ թույլտվության դուրս գալը անհնար կլինի երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 5:00-ն:
Խանութներ
Խանութները և առևտրային կետերը կսկսեն աշխատել փետրվարին ամբողջ երկրում (բացօթյա և փակ տոնավաճառները՝ փետրվարի 15-ից), բայց փակ կլինեն ոչ աշխատանքային օրերին:
Ռեստորաններ և սրճարաններ
Ռեստորանները և սրճարանները մինչև մարտ կշարունակեն աշխատել սննդի առաքման ռեժիմով ամենուր, բացի Աջարիայի շրջանից. այնտեղ փետրվարի 1-ից կբացվեն նրանք, որոնք տեղակայված են բացօթյա:
Հարսանիքներ և հավաքներ
Հարսանիքները և մարդկանց ցանկացած մեծ հավաքները նախկինի նման արգելված են:
Առողջարաններ
Լեռնադահուկային հանգստավայրերի սահմանափակումները նույնպես գործում են:
Ավիաթռիչքներ
Կանոնավոր թռիչքների սահմանափակումները կհանվեն փետրվարի 1-ից: Սա նշանակում է, որ բոլոր ավիաընկերությունները կարող են պլանավորել և իրականացնել կանոնավոր չվերթներ:
Կանոններ հասարակական վայրերում
Բնակչությունից դեռ պահանջվում է բժշկական դիմակներ կրել բոլոր հասարակական վայրերում, այդ թվում` փողոցում: Խանութի աշխատակիցները պետք է վերահսկեն հաճախորդների միջև հեռավորության պահպանումը:
Հունվարի 22-ից բիզնես ընկերությունները կարող են անվճար գրանցվել հատուկ հարթակում և մինչև մարտի 1-ը թեստավորեն իրենց աշխատակիցներին պետական ֆինանսավորմամբ:
Ավելի քան 30 աշխատող ունեցող բոլոր տեսակի առևտրային կետերը, ներառյալ տոնավաճառները, պարտավոր կլինեն յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ՝ թեստավորել աշխատողների առնվազն 20 տոկոսին:
Հասարակական սննդի ձեռնարկությունների համար այս պահանջն ավելի խիստ է. յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ՝ աշխատողների առնվազն 50 տոկոսի թեստավորում:
Այն վայրերում, որտեղ դպրոցները բացվում են, բոլոր ուսուցիչները կթեստավորվեն երկու շաբաթը մեկ:
Նախատեսվող բողոքի ակցիաներ՝ կապված սահմանափակումների խստության հետ
Դպրոցների, մանկապարտեզների և հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնելու պահանջով բողոքի ակցիա տեղի կունենա հունվարի 24-ին Թբիլիսիում՝ «Մզիուրի» զբոսայգում:
«Ինտերնետ հասանելիության բացակայության պատճառով տասնյակ հազարավոր երեխաներ զրկվում են կրթություն ստանալու հնարավորությունից: Վրաստանի մեծ քաղաքներից դուրս գտնվող վայրերում, որտեղ վերսկսվել է ուսումնական գործընթացը, չեն պահպանվում հիգիենայի և անվտանգության ստանդարտները, ինչը մեծացնում է երեխաների՝ կորոնավիրուսով վարակման ռիսկը»,- ասվում է ակցիայի կազմակերպիչների կողմից հրապարակված հայտարարության մեջ:
Հասարակական տրանսպորտի երթևեկության վերականգնման պահանջով առանձին բողոքի ակցիա կանցկացվի հունվարի 25-ին, Թբիլիսիի կառավարության շենքի մոտ, «Կանաչ շարժում» կազմակերպության կողմից:
«Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն՝ հասարակական տրանսպորտում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազագույն է: Եվ այս արգելքն առավել տարօրինակ է թվում, քանի որ տաքսիների երթևեկությունը թույլատրվում է, և խանութներն ու առևտրի կենտրոնները բաց կլինեն»,- ասվում է շարժման բաց ուղերձում:
«Հասարակական տրանսպորտի բացակայությունը խտրականություն է քիչ եկամուտ ունեցող մարդկանց նկատմամբ, որոնք Թբիլիսիում մեծամասնություն են կազմում: Եվ դա նաև լրացուցիչ ռիսկի գործոն է մարդկանց հոգեկան առողջության վատթարացման տեսանկյունից»,- հայտարարել է «Կանաչ շարժումը»:
- Ե՞րբ և ի՞նչ պատվաստանյութով են Վրաստանում սկսվելու պատվաստումները։ Այն ամենն, ինչ հայտնի է այս պահին
Oxford Special Index-ի տեղեկություններով՝ Վրաստանը աշխարհում ութերորդ տեղում է համավարակի պատճառով մտցված սահմանափակումների խստությամբ: Առաջին տեղում Ադրբեջանն է:
Ցուցանիշը կազմվում է ըստ հետևյալ չափանիշների. տեղաշարժի սահմանափակում, պարետային ժամ, ուսումնական հաստատություններում կրթության դադարեցում և բիզնեսով զբաղվելու սահմանափակում:
Ցուցանիշի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի.
- Ադրբեջան — 89,8 միավոր
- Զիմբաբվե — 87,04 միավոր
- Էրիթրեա — 86,01 միավոր
- Իռլանդիա — 85,1 միավոր
- Գերմանիա — 85,1 միավոր
- Իսրայել — 85,1 միավոր
- Վենեսուելա — 84,2 միավոր
- Վրաստան — 84,2 միավոր
- Կիպրոս — 84,2 միավոր
- Նիդեռլանդներ — 84,2 միավոր