Լուսանկարներ և տեսանյութ այն մասին, թե ինչպես է Հայաստանի հրեական համայնքը նշում Լույսի և նվիրվածության տոնը
Անցյալ շաբաթ Հայաստանի հրեական համայնքը նշեց իր գլխավոր տոներից մեկը՝ Հանուկան, որն անվանում են նաև Լույսի և նվիրվածության տոն: Հրեաները բացատրում են, որ Հանուկան խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի դեմ:
Տոնը տևում է ութ օր ու գիշեր: Ահա այսպես ամեն տարի՝ հրեական քիսլեվ ամսի 25-րդ օրվանից, սկսում են Հանուկայի տոնակատարությունները՝ յուրաքանչյուր օր վառելով Մենորա կոչվող մոմակալի մեկական մոմ:
Մենորան՝ 9 ճյուղ ունեցող մոմակալ է, որի մեկ առանձնացող ճյուղն անվանում են շամաշ: Այն սովորաբար մնացած ութից բարձր կամ ցածր է լինում։ Այդ վերջին մոմի վառելուն զուգահեռ սկսվում են գլխավոր տոնակատարությունները: Իսկ այն վառելու պատիվը տրվում է համայնքի կողմից հարգված մարդու: Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի խոսքով՝ դա մեծագույն պատիվ է, որին ամեն տարի արժանանում են ոչ միայն ազգությամբ հրեաներ, այլև արժանավոր այլազգիներ:
Հրեաները պնդում են՝ Հանուկան զուտ հրեական տոն չէ, այն համամարդկային է: Հանուկա բառը ծագում է եբրայերեն «խանաղ» բայից, որը նշանակում է «նվիրել»։ Հրեաները հավատում են, որ Հանուկան միշտ զուգորդվում է հրաշքներով, ինչպես առաջին անգամ, երբ մենորան վառելու համար նախատեսված մեկ օրվա յուղը բավարարեց ութ օր։ Այստեղից էլ առաջացել է տոնն ութ օր նշելու և ութ մոմ վառելու ավանդույթը:
Հանուկայի տոնական սեղանին դրվում է ամեն ինչ՝ բացի կենդանական սննդից: Եվ բոլոր ուտելիքները պատրաստվում են բուսական յուղով: Ընդհանրապես, հանուկայի սեղանին դրված յուրաքանչյուր ուտեստ յուրօրինակ գովք է, ուղղված հին հրեաներին ութ օր լուսավորած ձեթին:
Հանուկան երեխաների ամենասիրելի տոներից է, քանի որ այդ օրը բոլոր փոքրիկները նվեր են ստանում՝ քաղցր և գումար: Գումար, սակայն, այդ օր նվիրաբերում են ոչ միայն երեխաներին: Ռիմա Վարժապետյանը հիշում է. անցյալ տարի Հանուկայի տոնին Հայաստանի հրեական համայնքին 600 դոլար է նվիրաբերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Տիկին Վարժապետյանն ասում է, որ փոքր համայնքի համար դա զգալի աջակցություն էր:
Շարունակելով քաղաքական թելը՝ այս տարվա տոնակատարության գլխավոր հերոսն ու գրեթե բոլոր բաժակաճառերի հերոսն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր, ով տոնից մի քանի օր առաջ Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս քայլը հրեական համայնքը համարում են արդարության սկիզբ:
Տեղեկություններ Հայասատնում ապրող հրեական համայնքի մասին
Կիսաառասպելական տեղեկությունների համաձայն՝ առաջին հրեաները Հայաստանում հայտնվել են Ք.ա. 586 թվականին։
Հայաստանի հրեական համայնքը փոքրաթիվ է: Մինչև 1970 թ. Հայաստանում ապրում էին 1048 հրեա։ 1990-ականների արտագաղթն ազդեց նաև հրեական համայնքի վրա: 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում բնակվում է 127 հրեա:
Փոքրաթիվ, բայց համերաշխ համայնքը Հայաստանում ունի Սինագոգ, պահպանում և տոնում է բոլոր ազգային տոները, հրատարակում է համայնքային թերթ, ունի իր անդամների կյանքի մասին պատմող պաշտոնական կայք և ազգային մշակութային կենտրոն:
Հրեաները չեն կորցնում հայրենադարձության հույսը: Սակայն, հրեական ավանդույթների համաձայն, խառն ամուսնություններից ծնված հրեա երեխաների 4-րդ սերունդն այլևս հրեա չէ: Մարդը կարող է մասնակցել համայնքի կյանքին, ունենալ կրոնական և էթնիկ ինքնագիտակցություն, բայց ռեպատրիացիայի իրավունքից զրկվում է: Հրեական աշխարհիկ հանրույթն այս սովորությունը չափազանց կտրուկ է համարում, սակայն ավանդույթների դեմ պայքարի չի գնում:
[youtube youtubeurl=”NQrjiEX0QQo” ][/youtube]