Այս օրերին Ադրբեջանի սակագնային խորհուրդը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրել է 0,06-ից 0,07 մանաթ (0,04-ից 0,044 դոլար): Ավելի վաղ, մայիսի 15-ին ավելացվել էր ջրի և ջրահեռացման սակագինը՝ 0,36 մանաթից դարձնելով 0,5 մանաթ 1 կուբամետրի դիմաց: Փորձագետներն այդ որոշումը կապում են պետության միջոցների սղության հետ:
Պետական մոնոպոլիստ «Ազերէներջի» ընկերության արտադրած էլեկտրաէներգիայի մեծածախ գինը 0,041 մանաթից դարձել է 0,043 մանաթ: Սա 2007թ-ից ի վեր առաջին բարձրացումն է:
Սակագնային խորհրդի հայտարարությունում ասված է, որ թանկացումն ուղղված է «էներգամատակարարման կայունության ապահովմանը և որակյալ սպասարկման շարունակականությանը», ինչպես նաև էլեկտրաէներգիա արտադրողների և բաշխիչ ցանցի հեռանկարային զարգացմանը: Նոր սակագները թույլ կտան կրճատել էլեկտրաէներգիա արտադրողների կախվածությունը պետբյուջեից և ավելացնել տվյալ համակարգի մոտ 18 հազար աշխատակիցների աշխատավարձերը:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, մինչև հուլիսի 15-ը բաժանորդների պարտքերը հաշվարկվելու են հին սակագնով:
Սակագնի բարձրացումը տեղի է ունենում բնակչության եկամտի կրճատման, աճող գործազրկության, արժեզրկման, ազգային արժույթի կրկնակի դևալվացիայի ֆոնին:
Սոցցանցերն այս որոշմանն արձագանքեցին բնորոշ հումորով.
«– Հարևա՛ն, լույսն ու ջուրը թանկացան, ինչու՞: — Հենց այնպես: Փակիր ջուրն, անջատիր լույսը, գնա քնիր, թե չէ մտքովդ կանցնի քաղաքականությամբ զբաղվել, գազն ու տրանսպորտն էլ կթանկանան»:
Մեկ այլ երկխոսություն համացանցում.
«Հետաքրքիր է՝ նախագահը լույսի համար վճարո՞ւմ է: — Մենք ողջ պետությունով նրա փոխարեն վճարում ենք, և ոչ միայն լույսի համար»:
«Իմ կարծիքով, այդ որոշումն ամենից շատ կապված է «Ազերիշըղ» հիմնական օպերատորի վիճակի հետ, — ասում է տնտեսագետ Թոգրուլ Մաշալլին: — Այստեղ երկու կարևոր փաստարկ կա: Այդ ընկերության եկամտի աճը դանդաղել է»: Նրա խոսքով, եթե 2014թ-ին նրանք 427 մլն մանաթ եկամուտ են ունեցել, ապա 2015թ-ին Ադրբեջանի ողջ էներգացանցի կառավարումը ստանձնելուց հետո նրանք 77% աճ գրանցեցին, և եկամուտը կազմեց 756մլն մանաթ: 2016թ-ին նման մակարդակ ապահովելը բարդ կլինի, և նրանք նման կերպ որոշել են գոնե ինչ-որ կերպ ավելացնել իրենց եկամուտը:
Եթե հաշվի չառնենք սոցցանցերի խոսակցությունները, ոչ մի բացահայտ դժգոհություն հասարակության կողմից չդրսևորվեց: Մանաթի երկու դևալվացիաներից հետո բոլորը նման մի բանի սպասում էին: