«Ագրեսիան կանգնեցնելն իրավիճակի բարելավում չէ»․ ԼՂ-ին կապող նոր երթուղու մասին
ԼՂ-ին կապող երթուղու փոփոխություն
Մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում ակտիվորեն քննարկում են Լաչինի միջանցքին միացող երթուղու փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները։ Թեև երթուղին պետք է փոխվեր ապրիլի 1-ին, սակայն պայմանավորված ժամկետից երկու օր շուտ ադրբեջանական կողմն առաջխաղացում էր գրանցել։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինուժը տեղակայվել է սահմանից 100-300 մետր առաջ՝ ՀՀ սուվերեն տարածքում։ Այս հանգամանքը, սակայն, չի խանգարում պաշտոնական Երևանին պնդել, թե «իրավիճակն էականորեն բարելավվել է»։
Ոչ ընդդիմությունը, ոչ էլ սահմանամերձ համայնքների բնակիչները բարելավում չեն նկատել, պնդում են՝ «ոչ մի միլիմետր հետ չեն գնացել», շարունակում են ինժեներական աշխատանքները։ Ընդդիմության համոզմամբ՝ «Հայաստանի իշխանությունն է թույլ տվել, որ Ադրբեջանը մեկ-երկու օր շուտ գա և դիրքավորվի իր համար ցանկալի բարձունքներում»։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը դժվարանում է ասել՝ ինչ նկատի ունի վարչապետը, երբ խոսում է «իրավիճակի բարելավման մասին»։ Ասում է՝ ագրեսիա կանգնեցնելը դեռ բարելավված իրավիճակ չէ։
Մարտի 30-ին հաղորդվեց, որ գիշերը Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանն Արցախին կապող ժամանակավոր երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:
Նշվում է, որ այսուհետ ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամրջին, անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղով։ Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհն արդեն պատրաստ է։ Հայաստանի կողմից ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները։
«Խուսափել իրավիճակի էսկալացիայից»
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է գործել իրավիճակի էսկալացիայից խուսափելու տրամադրվածությամբ։ Նա մանրամասներ է հայտնել Լաչինի միջանցքի այլընտրանքային՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման վերաբերյալ։
Կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ խոսքը Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածի մասին է, որտեղ մինչ այս «անմիջական պահպանություն չի իրականացվել» ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմից։ Հիշեցրել է՝ ճանապարհի շահագործումից հետո պահպանությունը ստանձնելու են երկրի սահմանապահ զորքերը։ Դեռևս նախորդ շաբաթ խոսելով այս մասին՝ հայտնել էր, որ նմանատիպ առաջարկ է արվել նաև ադրբեջանական կողմին։
Ընդգծել է՝ սահմանի այդ հատվածում երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել «քարտեզների տարընթերցումներ»։
«Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի՝ մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի փոխանցմամբ՝ արդեն իսկ տարվել են աշխատանքներ սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ․
«Իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես՝ 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»։
Ավելի վաղ իրավիճակի վերաբերյալ պարզաբանում էր տարածել Ազգային անվտանգության ծառայությունը, խոսել սահմանապահների տեղակայման ընթացքում ի հայտ եկած «քարտեզների տարընթերցումների» մասին և նշել, որ «հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել»։
Իրավիճակը բարելավվե՞լ է, թե՞ վատթարացել
Օրեր առաջ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում «իրավիճակը էականորեն բարելավվել է»։
Մինչ ԱԱԾ-ն և վարչապետը հայտարարում են, թե իրավիճակ է բարելավվել, Տեղ գյուղի բնակիչներն ահազանգում են՝ «ոչ մի միլիմետր հետ չեն գնացել», շարունակում են դիրքավորվել, կատարել ինժեներական աշխատանքներ։
«Ազատության» հետ զրույցում նրանք պատմել են, որ ռուս խաղաղապահները տարածքից հեռացել են ադրբեջանցիների դիրքավորումից մեկ օր առաջ։ Չեն բացառում, որ ռուսների և ադրբեջանցիների միջև եղել է «պայմանավորվածություն»։
«Իշխանության բացթողումն է»
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն ադրբեջանական կողմի հերթական առաջխաղացումը չկանխելու մեջ մեղադրում է իշխանությանը։ Տեղի ունեցածը որակում որպես «բացթողում պետական և ռազմական կառավարման ոլորտներում»։
«Հայաստանի իշխանությունը, իմանալով, որ ապրիլի 1-ից տեղի է ունենալու փոփոխություն, թույլ է տվել, որ Ադրբեջանը մեկնարկային առավելություն ստանա՝ մեկ-երկու օր շուտ գա, իր համար ցանկալի բարձունքներում տեղակայվի և դիրքավորվի»,- կարծում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ երկրի սուվերեն տարածքում ադրբեջանական կողմի ամրակայման աշխատանքներն «անզեն աչքով տեսանելի են»։
«Ադրբեջանցիները հենց Տեղ գյուղի պռնկին զբաղեցրել են ռազմավարական ավելի բարձրադիր դիրքեր, կարողանում են վերահսկողություն հաստատել նոր շրջանառության մեջ դրված Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վրա»,- նշել է նա։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասում է՝ տեղյակ չի եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միջև ապրիլի 1-ը նոր երթուղու անցնելու պայմանավորվածություն են ունեցել։ Ենթադրում է՝ դա տեղի է ունեցել «գաղտնի ֆորմատով»։
«Քանի դեռ գտնվում ենք հոգեբանական և ինֆորմացիոն պատերազմի մեջ, Հայաստանի դեմ ընթանում են նաև ռազմական գործողություններ, որևէ պայմանավորվածություն չի կարող լեգիտիմ լինել և գործել։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Դժվարանում է ասել՝ ինչ նկատի ունեն վարչապետն ու ԱԱԾ-ն, երբ խոսում են «իրավիճակի բարելավման մասին»։ Ասում է՝ ագրեսիա կանգնեցնելը դեռ բարելավված իրավիճակ չէ ու հավելում՝ կորուստներ ունենք։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ Հայաստանը չի կարողացել ռուս խաղաղապահների գնալուց հետո դիրքերը զբաղեցնել «կառուցվածքային խնդիրների, հեռահար պլանավորման բացակայության» պատճառով։ Վերլուծաբանը ռուսներին դիտորդներ է անվանում․
«Խաղաղապահ առաքելությունը նաև բիրտ ուժ կիրառելով խաղաղության պարտադրման հնարավորություններ պետք է ունենա։ Եթե այդ ֆունկցիան չեն կատարում, խաղաղապահ չեն, առավել ևս, որ ՄԱԿ-ի կողմից մանդատ չունեն»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով քարտեզների տարընթերցման խնդրին՝ նկատում է՝ ԽՍՀՄ-ից մնացած 30 տեսակի «քարտեզներ» կան, որոնք գրեթե ամեն տարի փոփոխվել են «ինչ-որ համայնքային, վարչատարածքային հողօգտագործողների մակարդակով»։ Ասում է՝ տարբեր իրավիճակում տարբեր քարտեզներ կարող են կիրառել։
Քաղաքագետի գնահատմամբ՝ եթե դելիմիտացիան արդեն մեկնարկել է, ապա այն ընթանում է գաղտնի։
Շեշտում է՝ դելիմիտացիան և դեմարկացիան «ոտքի վրա, ձեռքի հետ» իրականացվող գործընթացներ չեն, տարիներ են պահանջում։ Ըստ նրա՝ արագացված անելու պարագայում Հայաստանը տուժելու է, մեծ վնաս է հասցվելու երկրի ազգային շահերին։
Ստեղծված իրավիճակում Լաչինի միջանցքի նոր երթուղու 12 կմ-անոց հատվածում սահմանապահների տեղակայումն անտրամաբանական է համարում։
Հիշեցնում է՝ սահմանապահն անցակետերը վերահսկելու, քաղաքացիական անձանց շարժն ապահովելու համար է, ոչ թե զինված բախումների։
«Երբ քո առաջ սպառազեն վիճակում գտնվող զինված ստորաբաժանումներ են, տանել ու նրանց առաջ սահմանապահների տեղակայել, նշանակում է՝ հարցի վերաբերյալ ոչ ադեկվատ դիրքորոշում ունենալ»,- ամփոփել է Սիմոնյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԼՂ-ին կապող երթուղու փոփոխություն