Լիտվան պատրաստվում է 2020թ-ին ապամոնտաժել Եվրոպայի էլեկտրահաղորդակցման ամենահզոր գիծը, որն երկիրը կապում է Բելառուսին: Եվրոռադիոն հաղորդում է, որ այդ մասին հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմոնտաս Վայչունասը:
Այդպիսով, Լիտվան ցանկանում է արգելել Բելառուսին ԵՄ արտահանել Բելառուսական ատոմային էլեկտրակայանի էլեկտրաէներգիան: Լիտվան զուգահեռաբար բանակցություններ է վարում ԵՄ հետ, որպեսզի մրցակցության պայմանները ԵՄ և երրորդ երկրների արտադրողների համար հավասար լինեն: Պաշտոնական Վիլնյուսը հայտարարում է նաև իր ցանկության մասին, որպեսզի ԲելԱԷԿ-ի կամ այլ նման վտանգավոր էլեկտրակայանների արտադրած էներգիան չկարողանա Եվրամիության շուկայում հայտնվել (Լիտվան ինքն է պատրաստվում նոր ժամանակակից ԱԷԿ կառուցել 2009թ-ին փակված Ինգալիի ԱԷԿ-ի փոխարեն — JAMnews):
Նախագիծը, որը մշակում է Լիտվան, կարժենա գրեթե 30մլն եվրո: Դրա շրջանակում ենթադրվում է վերակառուցել երկու ենթակայան Լիտվայի հյուսիս-արևելյան հատվածում և ապամոնտաժել էլեկտրահաղորդակցման 750 կիլովոլտ գիծը, որը Բելառուս է տանում: Լիտվան Բելառուսի հետ 5 այդպիսի գիծ ունի: Դրանցից հիմնականն ու ամենահզորը՝ 750 կիլովոլտ գիծը, այսպես կոչված «ՀԷԿ շրջանի» մի մասն է:
Վայչունասը հստակեցնում է, որ Եվրոպայում էլեկտրահաղորդակցման այդպիսի գծեր այլևս չկան: Դրա ապամոնտաժումից հետո մնացած 4 գծերը (երկուսը՝ 330 կիլովոլտ հզորությամբ, մյուս երկուսը՝ 110 կիլովոլտ) կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Լիտվան Ռուսաստանի և Բելառուսի հետ ընդհանուր սինքրոն գոտում կլինի: Եվրոպայի հետ ցանցերի սինքրոնացումից հետո էլեկտրաէներգիայի ոչ տեխնիկական, ոչ առևտրային հոսք չի մնա:
Ի տարբերություն Լիտվայի, Լատվիան չի հրաժարվել Բելառուսից արտահանվող էլեկտրաէներգիայից: Լիտվայի նախարարի խոսքով՝ հիմա այդ խնդիրը քննարկվում է:
Լիտվան հետևողականորեն քննադատում է Օստրովեցում ԲելԱԷԿ-ի կառուցումը: 2017թ-ի սեպտեմբերին Լիտվայի կառավարությունը հաստատել է ԲելԱԷԿ-ից էլեկտրաէներգիայի ներկրման արգելափակման պլանը՝ դրա շինարարությունը բարդացնելու համար: