Լեռը մուկ ծնեց
Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Սարգսյան-Ալիև-Պուտին բազմաստիճան հանդիպումը:
Սկզբում տեղի ունեցավ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Հետո՝ Պուտին-Ալիև: Վերջում՝ եռակողմ բանակցությունները:
Բոլոր երեք կողմերն ընդհանուր առմամբ բանակցությունները գնահատեցին որպես կառուցողական և պայմանավորվեցին, որ հանդիպումները կշարունակվեն արտգործնախարարների մակարդակում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
Ընդ որում՝ «չորրորդ» կողմը՝ Արևմուտքի միջնորդները, բանակցությունները գնահատեցին որպես ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը «մոնոպոլիզացնելու» Ռուսաստանի փորձ:
Պետերբուրգյան բանակցությունների անոնսին անմիջապես հետևեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի արձագանքը, ով ընդգծեց, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցել այդ հանդիպման կազմակերպմանը, սակայն այն միակ միջազգային կառույցն է, որը պաշտոնապես պատասխանատու է կարգավորման գործընթացի համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպման շարունակությունն է, որին կողմերը հաստատեցին, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այդ հանդիպմանը նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ:
Երևան
Նաիրա Հայրումյան, Lragir.am-ի հոդվածագիր.
Հունիսի 20-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումը լուծեց միայն մեկ խնդիր՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնումը: Ինչ չափով է լինելու այդ ընդլայնումն ու արդյոք փոխվելու է անձնական ներկայացուցչի մանդատը, համատեղ հայտարարության մեջ ասված չէ:
Հաշվի առնելով այն հակասական դիրքորոշումները, որոնցով Ռուսաստան էին ժամանել կողմերը, սա թերևս կողմերի համար ամենաանցավ արդյունքն է, և բոլորը գոհ են: Հայաստանի նախագահին հաջողվեց մի փոքր առաջ տանել հաշտության ռեժիմի ամրապնդման իր առաջադրած պայմանները, Ադրբեջանի նախագահը կարողացավ չեղարկել միջադեպերի հետաքննության՝ ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմների մասին պայմանավորվածությունը: Վլադիմիր Պուտինին հաջողվեց հասնել ռազմական գործողությունները չվերսկսելու մասին խոստումների և պահպանել միջնորդական կապիտալը, իսկ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն կարողացան կանխել կողմերին ռուսական ծրագրի պարտադրումը:
Հանդիպմանն առանձնահատուկ կերպով նշվում էր, որ այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում լռություն է պահպանվում, և դա համարվեց որպես գլխավոր հաջողություն:
Հանդիպումից առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Բաքուն պատրաստ է փոխանակել ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին ադրբեջանական դիվերսանտների սպանության համար Ղարաբաղում դատված երկուսի հետ: Փորձագետները նույնիսկ ենթադրեցին, որ Վլադիմիր Պուտինը կարող է աջակցել փոխանակմանը, սակայն, ըստ ամենայնի, հայկական կողմը համաձայնություն չտվեց:
Բացի այդ, հանդիպմանը նախորդեց Սանկտ Պետերբուրգում ռուս-ադրբեջանա-իտալական համաձայնագրի կնքումը, որի համաձայն ռուսական Գազպրոմբանկի փողերով Ադրբեջանում իտալական գործարան կկառուցվի, որն աշխատելու է ռուսական գազով: Որոշ անալիտիկներ այս գործարքը գնահատեցին որպես Սանկտ Պետերբուրգում հնարավոր գործարքի ալիևյան «ավանս»:
Հանդիպման նախօրեին հայկական մամուլում ակտիվորեն քննարկվում էին գործարքի հնարավորությունները. խոսվում էր ՌԴ նախագահի մտադրությունների մասին, որոնք կստիպեն Հայաստանի նախագահին ընդունել ղարաբաղյան կարգավորման պլան, որը լուրջ տարածքային զիջումներ է ենթադրում: Այդ պլանը տարիներ շարունակ քննարկվել է և նույնիսկ հայկական կողմն այն ընդունում է որպես բանակցությունների հիմք: Սակայն վերջին ժամանակներս ռուսական և այլ փորձագետներ նշում են, որ հայկական կողմը խստացրել է դիրքորոշումը և այլևս չի ցանկանում խոսել տարածքային զիջումների մասին: Միաժամանակ Ադրբեջանի նախագահը պնդում է հողերի մի մասի «դեօկուպացիայի» անհրաժեշտությունը:
Այդ հակասությունը հազիվ թե հնարավոր լինի հաղթահարել մոտ ապագայում. հայկական կողմը հանդես է գալիս ներկայիս սահմանների պահպանման և ամրապնդման տեսանկյունից, իսկ ադրբեջանականը՝ փոփոխման: Ինչպես ժամանակին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, իրավիճակն այնպիսին է, որ կամ պետք է ճանաչել ներկայիս ստատուս-քվոն, կամ պատերազմ: Սակայն 2016թ-ի ապրիլի սկզբի իրադարձությունները վկայեցին, որ պատերազմը նույնպես լուծում չէ:
Կարծիք կա, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, նույնպես կփորձեն նախագահների հանդիպում կազմակերպել: Սակայն աշխարհաքաղաքական ժամանակացույցն անողոքաբար առաջ է շարժվում, և շատ շուտով և՛ ԱՄՆ-ում, և՛ Ռուսաստանում, և՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում ընտրական փուլ կսկսվի, ինչը կսահմանափակի ակտիվությունը հակամարտության կարգավորման շուրջ: Դա թույլ է տալիս ենթադրել, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը կրկին կպասիվանա: Դեռևս, որպես միակ հաջողություն կարելի է համարել խաղաղության ռեժիմի ֆորմալ ամրապնդումը:
Բաքու
Շահին Ռզաև, լրագրող, Բաքու.
Անկեղծ խոստովանություն. ես անպետք վերլուծաբան եմ:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ես անզգուշություն ունեցա ղարաբաղյան բանակցություններում որոշակի բեկում կանխատեսել: Նույնիսկ դավադրությունների մասին տեսություններ էի երևակայում, որ դա «պայմանավորված պատերազմ» էր հասարակական կարծիքը անխուսափելի զիջումների նախապատրաստելու համար:
Նախագահների հանդիպումը Վիեննայում, որին մասնակցում էին ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները, հետագա բանակցությունները Սանկտ Պետերբուրգում՝ Պուտինի մասնակցությամբ, խնդրի խաղաղ լուծման ինչ-որ աղոտ հույս էին ներշնչում, գոնե մինչև տարվա վերջ:
Սակայն այդ հույսերը չարդարացան: Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի արանքում երկրների ղեկավարների միջև բախում տեղի ունեցավ ֆեյսբուքում թրոլինգային գրառումների մակարդակում: Նախագահները սկսեցին միմյանց ծաղրել Շուրա Բալագանովի ու Պանիկովսկու մակարդակում: «Իսկ դո՞ւ ով ես»:
Թվում է՝ ղարաբաղյան հակամարտության լուծման գլխավոր խնդիրը պետությունների ղեկավարների միջև անձնական հարաբերություններն են:
Մի կողմից Մոսկվայի արտաքին կապերի համալսարանի շրջանավարտ, Քաղբյուրոյի անդամի որդի, անգլերեն և էլի մի քանի լեզուներով ազատ հաղորդակցվող, «թերթերի, գործարանների ու շոգենավերի» տերը, մյուս կողմից՝ էլեկտրատեխնիկական գործարանի սովորական բանվոր՝ նախկինում: Մեծ տարբերություն սոցիալական կարգավիճակում: Այստեղ արդեն դիվանագիտություն չէ: Այլ բանակցություններ՝ ըստ «գաղափարների»:
Այժմ ինձ թվում է, թե բանակցային գործընթացը մեռյալ կետից չի շարժվի, քանի դեռ այդ երկուսն իշխանության գլուխ են կանգած: Չնայած այն բանին, որ Սերժը պետք է հեռանա, նա կպահպանի իշխանության հետ իր կապը:
Եթե իշխանության լինեին Հեյդար Ալիևն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանք համարձակություն կդրսևորեին այդ հարծի լուծումը գտնելու համար: Իսկ սրանք շատ մանր են:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է՝ 21.05.2016