Լեզվի պետական կոմիտեն դժգոհ է Հայաստանում մայրենի լեզվին տիրապետելու մակարդակից
Հայաստանում փետրվարի 21-ին նշվում է մայրենի լեզվի օրը։ Տոնի նախօրեին Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը մանրամասն վերլուծությամբ է հանդես եկել, թե որքանով են երկրի բնակիչները տիրապետում մայրենիին, որ սխալներն են առավել հաճախ կատարվում, ով է առավել հաճախ խախտում լեզվական նորմերը։
• Հայոց լեզուն Վրաստանում․ պետական լեզվի նրա կարգավիճակին «կողմ» և «դեմ» փաստարկներ
• Ռուսաստանը Հայաստանին կրկին առաջարկում է ռուսաց լեզվին պաշտոնականի կարգավիճակ տալ
Որտե՞ղ են ամենամեծ խնդիրները
Ամենավատն, ըստ փորձագետների, մայրենի լեզվով խոսում են հայկական սերիալների հերոսները։ Այսինքն՝ սցենարիստները դերասանների համար երկխոսություններ են գրում՝ անթույլատրելի արտահայտություններ օգտագործելով։
«Պարզ է, որ հերոսները ներկայացնում են հասարակության տարբեր շերտեր՝ իրենց բնորոշ ժարգոնով, սակայն չի կարելի հասնել գռեհկության, փողոցային ժարգոնը, լեզուն պետք է ճիշտ լինի, բնական և կենդանի», — հայտարարել է Գյուրջինյանը։
Սակայն սերիալները բնավ միակ խնդիրը չեն։ Ոչ այնքան հուսադրող պատկեր է նաև հեռուստատեսային թոք-շոուներում, ասում է կոմիտեի նախագահը։ Ընդ որում, ըստ Գյուրջինյանի, հայերենով վատ են խոսում ոչ թե հաղորդումների հյուրերն, այլ հենց հաղորդավարները։
Հեռուստաալիքներն ու այլ լրատվամիջոցները կոմիտեի հատուկ ուշադրության տակ են։
«Մենք փաստացի «հետապնդում ենք» հեռուստահաղորդավարներին, հետևում նրանց խոսքի գրագիտությանը, ներկայացնում մեր խորհուրդները, ինչպես նաև խթանում գրական լեզվի օգտագործումը», — նշել է Գյուրջինյանը։
«Չորրորդ իշխանության» ներկայացուցիչների գիտելիքներն ավելացնելու համար կոմիտեն մեդիառեսուրսներին իր ամփոփագրերն է ուղարկում, որոնցում պարզաբանում է, թե ինչպես ճիշտ գրել և արտասանել այս կամ այն բառերը։
Վարչապետին էլ չեն մոռացել
Հայաստանի վարչապետն, ըստ փորձագետի, նույնպես երբեմն մոռանում է գրական լեզվի նորմերի մասին։ Նրա խոսքում, Գյուրջինյանի կարծիքով, կարելի է օտարածին բառեր լսել, ընդ որում, այդ բառերն իրենց համարժեքն ունեն մայրենի հայոց լեզվում։
«Վարչապետի խոսքն ընդհանուր առմամբ գրագետ է և ճիշտ, սակայն առավել հուզական պահերին նա կորցնում է վերահսկողությունն ու կարող է բնավ ոչ դասական հայերեն օգտագործել», — կարծում է Լեզվի կոմիտեի նախագահը։
Պարզվում է, որ կառույցն այժմ հետևում է բոլոր պաշտոնական անձանց կողմից մայրենի լեզվի տիրապետման մակարդակին։ Գյուրջինյանի խոսքով՝ կոմիտեում կա առանձին աշխատակից, որը հետևում է պատգամավորների ելույթներին և առաջարկում շտկել խոսքը։
Սակայն պատգամավորների դեպքում Գյուրջինյանը հաշվի է առնում տարիքը․
«Պատգամավորները դեռ երիտասարդ են, նրանք պետք է ուշադրություն դարձնեն լեզվական սխալներին։ Մենք դեռ նրանց ենք ներկայացնում մեր ընդհանուր նկատառումները, սակայն եթե չարձագանքեն, ստիպված կլինենք «խախտողների» անունները նշել»։
Լեզվի հանդեպ ուշադրությունը՝ կառավարության առաջնահերթություն
Կառավարության վերջերս ընդունված ծրագրում ներառված են դրույթներ հայոց լեզվի մասին։ Կառավարությունն իր նպատակն է համարում մոտակա հինգ տարում «տարածել գրական հայոց լեզուն, գրական հայերենին տիրապետելը, գիտելիքների զարգացումն ու ամրապնդումը նախադպրոցական տարիքից»։
Դրա համար առաջարկվում է կրթական և ճանաչողական հեռուստահաղորդումների, մուլտֆիլմերի և ֆիլմերի արտադրություն։ Կառավարության ծրագրում ընդգծվում է ողջ հեռուստաեթերը ցածրակարգ լեզվական արտադրանքից «մաքրելու» անհրաժեշտությունը։