Լավրովի՝ Հայաստան այցից ակնկալիքներն ավելին էին, շատ հարցեր մնացին անպատասխան
Ռուսաստանի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցի գլխավոր արդյունք է հայտարարվել կենսաբանական անվտանգության մասին հուշագրի ստորագրումը։ Այդ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին Սերգեյ Լավրովը խոսել էր դեռևս 2019 թ-ի նոյեմբերին Երևան կատարած այցի ժամանակ։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի այցի կարևոր թեմաներից մեկն այն ժամանակ էլ Հայաստանում Պենտագոնի ստեղծած կենսալաբորատորիաներն էին։
Մայիսի 6-ին իր հայ գործընկերոջ հետ վերջին բանակցությունների արդյունքում կայացած ասուլիսին Լավրովը կրկին հայտարարել է կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում ստորագրված պայմանագրի «կարևոր ներդրման» մասին։
Հաղորդվում է նաև, որ հայկական կողմը Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում բարձրացրել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո դեռևս Ադրբեջանում են։ Կողմերը քննարկել են նաև Ղարաբաղյան խնդրով բանակցային գործընթացի ակտիվացման հարցն ու Արցախում ռուս խաղաղապահների դերը։
Հայ հասարակությունն ավելի շատ ակնկալում էր հենց այս հարցերի պատասխանները և լուծումները։
Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչ կենսաբանական լաբորատորիաների մասին է խոսքը, ինչու են դրանք կարևոր Մոսկվայի համար, և թե ինչ են Հայաստանում մտածում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին։
- Հայաստանի հարավում ռուսական ռազմաբազայի երկու հենակետ է ստեղծվել
- Պենտագոնի կողմից ստեղծված բիոլաբորատորիաները՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի երևանյան այցի թեմաներից մեկը
Հուշագիր՝ կենսաբանական անվտանգության մասին
2019 թ-ին, երբ Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Երևանում էր, բանակցություններ էին տարվում կենսաբանական անվտանգության հուշագրի ստորագրման և ռուս մասնագետների մուտքը հայաստանյան կենսալաբորատորիաներ թույլատրելու շուրջ։
Խոսքն այն լաբորատորիաների մասին է, որոնք Հայաստանում ստեղծվել են 2008 թ-ից, Պենտագոնի մասնակցությամբ։ Դրանք աշխատում են ամերիկյան «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրով»։ Այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են։
Նմանատիպ արդիականացված կենսալաբորատորիաներ, որոնք ստեղծվել են ԱՄՆ ֆինանսավորմամբ, գործում են Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Ադրբեջանում։ Դրանցում կենսաբանական հետազոտություններ են կատարվում, վիրուսներ են ուսումնասիրվում։
2019-ին Ռուսաստանի արտգործնախարարը խոսել էր կոնվենցիայի գոյության մասին, որն արգելում է կենսաբանական զենքի մշակումը, և այն մասին, որ ԱՄՆ-ն կտրականապես դեմ է այդ կոնվենցիային և փորձում է երկկողմանի հիմքով ողջ աշխարհում լաբորատորիաներ ստեղծել։
Լավրովի այս հայտարարությունից տեղի փորձագետները եզրակացություն էին արել, որ Ռուսաստանը կենսաբանական զենք ստեղծող լաբորատորիաների գոյության հնարավորություն է ենթադրում Հայաստանում։
Հայաստանի իշխանությունը միշտ պնդել է, որ տեղի կենսալաբորատորիաները բացառապես բժշկական նպատակներ են հետապնդում։
«Ղարաբաղյան հակամարտությունը հեռու է կարգավորումից»
Հայ լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ու Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այդ հարցին ասուլիսի ժամանակ պատասխանելիս հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը հեռու է կարգավորումից․
«Միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի է առնում բոլորի իրավունքներն ու խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկաս։ Այդ կարգավորման հիմքում, նախևառաջ, պետք է լինի Արցախի կարգավիճակն այն սահմաններում, որոնցում Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է»։
Մյուս հարցը, որի պատասխանին էր սպասում ողջ հայ հասարակությունը, գերիների վերադարձն էր, որոնք դեռ Ադրբեջանում են Արցախում հրադադարի հաստատումից հետո։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ այն շարունակում է արդիական մնալ նաև երկրի իշխանությունների համար․
«Ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքը, հրաժարվում է վերադարձնել բոլոր գերիներին և քաղաքացիական անձանց, որոնք պատանդի կարգավիճակ ունեն»։
Արա Այվազյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության ուժեղացմամբ, որի հովանու ներքո բանակցություններ էին տարվում մինչև 2020 թ-ի աշնանը պատերազմի մեկնարկը։
Սերգեյ Լավրովը Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը «պահանջված» անվանեց, սակայն անմիջապես անցավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գծով գործընկերների քննադատությանը․
«Ռուսաստանը, վճռորոշ դեր խաղալով պատերազմի դադարեցման գործում, ավելին, քան որևէ մեկը, հետաքրքրված է, որ ամեն ինչ գործնականում իրականացվի։ Չենք կասկածում, որ երբ հայերն ու ադրբեջանցիները սկսեն զգալ խաղաղ կյանքի, բոլոր պատժամիջոցների և շրջափակման վերացման դրական կողմերը, կսկսեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որոնք այժմ մեր որոշ գործընկերներ փորձում են առաջին պլան բերել։
Պետք չէ գործընթացը քաղաքականացնել այժմ, երբ քննարկվում են տարածաշրջանում ճանապարհների բացման, սահմանազատման հարցեր։ Դրանք գործնական և հասկանալի բաներ են, որոնք անհրաժեշտ են, որ տարածաշրջանն ազատ շունչ քաշի։ Նրանք, ովքեր առաջարկում են այս հարցերը թողնել «հետոյին», իսկ հիմա զբաղվել քաղաքական քննարկումներով, գործընթացը գլխիվայր շուռ են տալիս։ Քաղաքական հարցերն ավեի հեշտ է լուծել, երբ մարդիկ սկսում են նորմալ ապրել»։
Ադրբեջանի նախագահի հայտարարության Լավրովի մեկնաբանությունը
Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է նաև Իլհամ Ալիևի հայտարարությունը «միջանցքի» մասին, որը պետք է Ադրբեջանը միացնի նրա էքսկլավ Նախիջևանի հետ։
Ապրիլին Ադրբեջանի պետհեռուստառադիոյին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ «Բաքուն կկատարի Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը, ուզում է Հայաստանը, թե՝ ոչ», և սպառնացել էր հարցն ուժով լուծել։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ հայտարարությունները քննարկվել են երևանյան բանակցությունների ժամանակ, Սերգեյ Լավրովն ասել է, որ հայ գործընկերոջ հետ քննարկվել են հետկոնֆլիկտային փուլում կարգավորման բոլոր խնդիրները՝ տնտեսական, հումանիտար և շատ այլ հարցեր։
Նրա խոսքով՝ ըստ համաձայնագրի, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից, ճանապարհների բացման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունք՝ փոխշահավետության հիման վրա․
«Այս մեխանիզմը ոչ մի այլ բան չի ենթադրում, քան դիվանագիտական համաձայնությունն ու որոշումները, որոնք թույլ կտան ամբողջությամբ ապաարգելափակել տնտեսական կապերը»։