Լավագույն եղանակը ԻԼԻՊ-ի համար
2014թ—ի հունիսից «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները զբաղեցրել են Մոսուլը՝ Իրաքի հյուսիս—արևմուտքի մեծությամբ երկրորդ քաղաքը: 2016թ—ի հոկտեմբերի 16-ին Իրաքի զինվորականները Մոսուլի և դրա հարակից տարածքների գրոհը սկսեցին: 5 ամսվա ընթացքում նրանք ազատագրեցին քաղաքի մեծ մասը: ԻԼԻՊ—ի առաջնորդ Աբու—Բաքր ալ—Բաղդադին ընդունեց պարտությունն ու փախավ Մոսուլից:
Hromadske-ի թղթակիցը իրաքյան բանակի և ԻԼԻՊ—ցիների դիմակայության վկան է եղել:
Մեկհարկանի Քրդստան
Դեպի իրաքյան բանակի և ԻԼԻՊ—ի դիմակայության կենտրոն ճամփորդությունը սկսվում է Էրբիլի՝ իրաքյան Քրդստանի մայրաքաղաքի ծայրամասից: Մենք տեղավորվում ենք ամենաաննկատ հյուրանոցում. մուտքի մոտ ցուցանակ չկա, բոլոր կառույցները մեկ հարկից բարձր չեն:
– Սա Էրբիլի ամենաանվտանգ վայրն է, — ասում է Վերա Միրոնովան՝ Հարվարդին կից Գիտության և միջազգային հարաբերությունների Բելֆեր—կենտրոնի հետազոտողը:
Հյուրանոցի պատուհանից երևում է Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի նստավայրը: Դրա շուրջ կանաչ բլուրներ են, որտեղ ոչխարների հոտն է արածում:
— Արտասահմանցիների համար հյուրանոցները, որպես կանոն, ամենաբարձրն են քաղաքում և վարչական շենքերի մոտ են գտնվում, — բացատրում է Միրոնովան: — Հյուրանոցների վերջին հարկերին ԻԼԻՊ—ը դիպուկահարներ է տեղակայում: Այդպիսով զինյալները վերահսկողություն են ստանում կառավարական օբյեկտների հանդեպ: Բացի այդ, այն վայրերի մոտ, որտեղ ապրում են արտասահմանցիները, զինյալները suicide attacks-ով (մեքենաներ, որոնցում ռումբեր են տեղադրված – խմբ.) ահաբեկչություններ են իրականացնում:
Էրբիլից դուրս գալիս սկսվում են քրդական անցակետերը: Այդ տարածքները քրդերը պատմականորեն իրենցն են համարում, չնայած որ Քրդստանի տարածքն ավելի շուտ է ավարտվում: Քրդերից զատ, այստեղ որոշ շենքեր զբաղեցնում են տեղական կամավորական գումարտակները: Դրանք ընդհանուր Hashd անվանումն ունեն: Դրանք իրաքյան ՆԳՆ վերահսկողության տակ գտնվող ռազմականացած միավորումներ են, որոնք կազմված են շիաներից, սունիներից և քրիստոնյաներից: Ստեղծվել են 2014թ—ին ԻԼԻՊ—ի դեմ պայքարելու համար:
Արդեն այստեղ՝ Մոսուլ մտնելիս, երևում են ավերածության մասշտաբները, որոնք պատերազմի արդյունք են. բնակելի տների լուսամուտները կոտրված են, պատերը՝ արկերի հետքերով, փլուզված խանութներ և բենզալցակայաններ են երևում: Տիպիկ տեսարան է. հարյուրավոր այրված մեքենաներով կայանատեղիներ:
Արևմտյան Մոսուլը
Մոսուլը երկու մասի է բաժանվում Տիգրիս գետով: Հին քաղաքն իր վարչական շենքերով, թանգարաններով և Իրաքի խոշորագույն համալսարաններից մեկով տեղակայված է գետի արևմտյան կողմում: Այժմ Մոսուլի այդ հատվածի կենտրոնը զինյալների վերահսկողության տակ է: Դա տարածքի մոտ 10% է:
Զինված գործողության ժամանակ քաղաքի հիմնական կամուրջներն ավերվել են: Մոսուլի արևմտյան մաս, որտեղ մարտեր են ընթանում, պետք է հասնել՝ շրջանցելով այն ժամանակավոր կամուրջներով:
Կամուրջներից մեկի ետևում գտնվող մասնավոր տանը, որը նախկինում զբաղեցնում էին ԻԼԻՊ—ի զինյալները, տեղակայված է Իրաքի դաշնային ոստիկանության արագ արձագանքման ներքին զորքերի բազան:
Մուտքի մոտ աստիճաններին արկերի հավաքածու է: Դրանց շուրջ հավաքվում են տեղի երեխաները. սովորում են տրամաչափերը տարբերել:
— Մենք դրանք այստեղ ենք հավաքում առաջնագծից, — բացատրում է սակրավորը:
Զինվորականի ձեռքին սմարթֆոն կա: Սակրավորը հպանցիկ նշում է, որ առաջնագծում ոչնչի չի կարելի ձեռք տալ. ԻԼԻՊ—ը նահանջելիս տվյալ տեղանքում պայթուցիկով կենցաղային իրեր է թողնում:
Մսով կուս—կուս, խաշած ձու և լոշիկ. այսպիսի տեսք ունի զինվորականի նախաճաշը: Դրանից հետո զինվորները մեկնում են առաջնագիծ: Մեզ իրենց հետ են վերցնում՝ ցույց տալու իրենց հաջողությունները: Եվ, ինչպես պարզվում է, դրանք մասամբ ճոխացնելու:
– Ձեզ առաջարկում են կեղծ հարցազրույց անել, — հաղորդում է մեզ թարգմանիչ Ազադը: — Ստորաբաժանման մեջ նախկին լրագրող կա, որին վիրավորել են մարտերի ժամանակ: Այժմ նա զինվորական համազգեստ է կրում և ներկայանում որպես զինվորական:
Մենք նրան ավելի ուշ ենք հանդիպում: Ձեռնափայտ, մուգ ակնոց. պայթած արկի բեկորները տղամարդուն զրկել են տեսողությունից: Նա իր ծնդդյան օրն է նշում: Զինվորականները նրան տորթ են մոտեցնում, երգում են «Happy Birthday» և հրավառություն անում: Տղամարդուն գլխավոր նվերն անում են քրդական Rudaw հեռուստաալիքի լրագրողները, որոնց նա որպես զինվորական հարցազրույց է տալիս:
Դեպի ռազմական գործողությունների գոտի տանող ճանապարհն անցնում է օդանավակայանի փլատակների միջով: Բոլոր կառույցները, սպասասրահներով տերմինալները, որոնք մի ժամանակ զբոսաշրջիկների և գործարարների են ընդունել, ավերել է ամերիկյան ավիացիան և ԻԼԻՊ—ի ականանետները:
Այժմ ճակատային գիծն անցնում է Մոսուլի հարուստ թաղամասերով: Այնտեղ անընդմեջ ինքնաձիգի կրակահերթեր և պայթյուններ են լսվում: Ոչ հեռվից ավիացիայի ձայնն է գալիս: Չնայած այդ ամենին՝ տեղացիների մի մասը որոշել է չլքել իրենց տները:
Այդպիսի տներից մեկի դարպասների վրա քամուց տարուբերվում է սպիտակ սավան: Այստեղ՝ ընդարձակ երկհարկանի շենքում, երեք չամուսնացած կին է ապրում: Ուսուցչուհի քույրեր Ասիլն ու Զինան մոտ քառասուն տարեկան են: Նրանց մորաքույր Զաիդան կրկնակի մեծ է:
ԻԼԻՊ—ի՝ քաղաք մտնելուց հետո կանայք ստիպված էին դադարեցնել դասավանդելը: Նրանք այժմ էլ երեխաներին չեն սովորեցնում. քանի դեռ շուրջբոլորը կարկում են, արևմտյան Մոսուլի դպրոցները փակ են:
Քույրերն ապրում են հին խնայողությունների հաշվին: Ասում են, ոչ Իրաքի կառավարությունից, ոչ միջազգային կազմակերպություններից փող չեն ստանում: Ջուր և մթերք գնում են զինվորականների միջոցով:
Մենք պատշգամբում հյութ ենք խմում և լսում, թե ինչպես են պայթում ականանետների արկերը, որոնք զինյալների կողմից են գալիս: Հարվածային ալիքից աթոռները ցնցվում են: Բարձր ճռճռում է պոլիէթիլենը: Այն տեղադրում են լուսամուտների շրջանակներում՝ ապակիների փոխարեն: Կանայք չեն արձագանքում պայթյունին, միայն ծիծաղում են, երբ մենք ցնցվում ենք աղմուկից:
— Մի անգամ ձմռանը՝ Մոսուլի ազատագրման գործողության ժամանակ, մեզ մոտ ներխուժեցին իլիպցիները, — հիշում է Ասիլը: — Պահանջեցին մեքենան իրենց տալ: Նրանք այն ականապատեցին. դա Իրաքի բանակի դեմ զենքի տեսակներից մեկն էր: Ես ասում եմ. «Մեքենան չեմ տա: Եթե մի բան լինի, չենք կարողանա հիվանդանոց հասնել»: Նրանք պատասխանում են. «Ուրեմն ձեզ կսպանենք: Ինչ է, չե՞ս վախենում»: Անկեղծ ասում եմ. «Վախենում եմ, բայց ավտոմեքենան չեք ստանա»: Ինչպե՞ս ամեն ինչ ավարտվեց, — Ասիլը մեզ հյութ է ավելացնում, — նրանք մեզնից գրություն վերցրին, որ մենք հրաժարվել ենք համագործակցել ԻԼԻՊ—ի հետ:
Ավելի դաժան էին զինյալների կանայք, խոստովանում է Ասիլը.
— Լսել ենք, որ նրանք, պատահել է, ծեծել և կծել են կանանց, եթե նրանք գլուխները ծածկած չեն փողոց դուրս եկել:
— Նրանք մեզ չէին հարգում, — շարունակում է Զինան: — Մի անգամ դեղատուն գնացի՝ ձեռնոցներս տանը թողնելով: ԻԼԻՊ—ի կանոններով՝ կանանց բաց ձեռքերը հարամ է, այսինքն՝ մեղք: Զինյալներից մեկը դա տեսավ և խոստացավ ինձ սպանել:
Ականանետի արկը մոտ մի տեղ է պայթում: Մենք հերթական անգամ ցնցվում ենք: Կանայք կրկին ծիծաղում են: Մենք զրահաբաճկոններով ենք: Ասիլը, Զինան և Զաիդան երբեք հատուկ պաշտպանություն չեն ունեցել: Քույրերը երկու ամիս դիմացել են խաչաձև կրակահերթերին: Ասում են, որ այն այժմ առավել ևս պետք չէ:
— Ամեն ինչ Ալլահի կամոք է, — ժպտում է Զինան:
Քույրերի տան հարևան շենքի առաջին հարկում զինվորականներ են տեղակայված: Երկրորդ հարկում երիտասարդ ընտանիք է ապրում՝ Ռամզի Կազենը, նրա կինը՝ Նուր Ֆադել Շալանն ու երկու փոքր երեխաները:
Պատերազմից առաջ Ռամզին հավի միս էր վաճառում իրաքյան քաղաքներում: 2014թ—ին նա արևմտյան Մոսուլում կանանց հագուստի խանութ է բացել: Այն 10 օրից զինյալները փակել են: Այժմ ընտանիքն ապրում է միայն իրաքյան բանակի օգնության հաշվին:
Կազենների ընտանիքի կրտսեր աղջիկն ինն ամսական է: Նա ծնվել է այն ժամանակ, երբ քաղաքն ԻԼԻՊ—ի վերահսկողության տակ էր:
— Մենք ուզում էինք նրան Միրնա անվանել, — ասում է Ռամզին: — Սակայն ԻԼԻՊ—ը դեմ էր. նրանք ասացին, որ դա քրիստոնեական և հրեական անուն է:
Զինյալները պահանջել են, որ երեխայի անունը Նաբա դնեն, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «լուր»: Այդպես է կոչվում Իսլամական պետության շաբաթաթերթը:
— Մեր աղջկան ԻԼԻՊ—ի ծննդյան վկայական տվեցին, — բացատրում է Նուրը: — Մենք ուզում ենք այն փոխել նորմալով, սակայն Իրաքի զինվորականներն ասում են, որ դա դեռևս պարտադիր չէ: Իբր դա երեխայի միակ փաստաթուղթն է, և այն պետք է պահպանել:
Հիվանդանոցի ծննդատանը, որում պառկել է Նուրը, զինյալներին աջակցող բավականաչափ կանայք կային: Նրանք բոլորն, ինչպես հիշում է աղջիկը, իրենց նորածիններին շահիդների՝ Իսլամական պետության զոհված էմիրների անուններն էին տալիս:
Արևելյան Մոսուլ
Նեղլիկ փողոցներ՝ տեղ—տեղ փշալարերով պատված: Մարմարի գույնի տներ՝ այրված և ավերված: Ջրի բաժանման կետեր: Իրաքի բանակի անվերջ անցակետեր: Հազվադեպ անցորդներ: Հապճեպ վերականգնված մի քանի դպրոց և փոքր մթերային խանութներ: Արևելյան Մոսուլն ազատագրել են հունվարի 27-ին, սակայն մինչ այժմ այն այնպիսի տեսք ունի, կարծես մարտերն այստեղ ավարտվել են ընդամենը մի քանի օր առաջ:
Արևելյան Մոսուլի շրջաններից մեկը վերահսկում է Իրաքի պաշտպանության նախարարությանը կից «ինքնապաշտպանության» ստորաբաժանումը: Շտաբը տեղակայված է տանը, որտեղ նախկինում զինյալները ռումբեր են պատրաստել մահապարտ մեքենաների համար: Հրամանատար Օմարը մեզ ընդունում է փոքր սենյակում: Բազմոցների փոխարեն այստեղ մի քանի շերտ ներքնակներ են, սեղանին փաստաթղթերի և լուսանկարների քաոս է: Աթոռնրի վրա՝ ջրով շշեր, մոխրամաններ և թեյ: Մերթընդմերթ սեյնակ են մտնում սպաներ և ինչ—որ բան են զեկուցում Օմարին:
Նրանցից մեկը զինյալների նկարահանած տեսանյութն է ցույց տալիս: Դրանում մի քանի գերեվարված տղամարդկանց պայթեցնում են մեքենայում:
— Տեսանյութի տղամարդը եղբայրս է, — բացատրում է զինվորականը: — Նրանք պարզապես վերցրել և պայթեցրել են նրան: Այ այսպիսի մարդկանց դեմ ենք մենք կռվում:
Կամավորների շարժառիթը նրանց դեմ կռվելն է, ովքեր սպանել և բռնաբարել են իրենց հարազատներին, ընկերներին և ծանոթներին: Շատերի համար դա նաև մարտական գործողություններ վարելու փորձ ձեռք բերելն է նրանցից, ովքեր ամերիկացիների մոտ սովորել են:
Իրաքի զինվորականների բացարձակ մեծամասնությունը 20-30 տարեկան երիտասարդներ են: Նրանք հիշում են 2003թ—ին Իրաքում սկսված պատերազմը, նրանց ընտանիքները տնտեսական ճգնաժամ են տեսել, որը շարունակվում է մինչև այսօր:
Կամավորները հպարտանում են իրենց վիրավորումներով: Սենյակ մտածներից մեկը մեզ իր վնասվածքներն է ցույց տալիս. աջ ձեռքի մատնեմատը չի շարժվում: Ձախ ձեռքը գրեթե չի ծալվում արմունկի հատվածում:
— Ահա այս ձեռքով ես սպանել եմ իլիպցու, — հպարտությամբ ասում է զինվորականը:
Օմարը՝ նրա հրամանատարը խոստովանում է, որ, չնայած այն բանին, որ Արևելյան Մոսուլն ազատագրված է, վտանգը դեռ չի անցել: Ներկայիս տարածքի բնակչության մեկ քառորդ մասը, բացատրում է նա, քաղաքի արևմտյան մասից և արևելյան մասի ավերված շրջաններից գաղթածներն են:
— Այստեղ տեղափոխվածներից շատերը ծպտված են իբրև փախստական, սակայն իրականում աջակցում են ԻԼԻՊ—ին, — ասում է Օմարը: Բացի այդ, այստեղ շատ են զինյալների կանայք ու նրանց երեխաները:
— Ինչպե՞ս եք վարվում նրանց հետ, — հարցնում եմ:
— Ոչ մի կերպ: Վերահսկողության տակ ենք պահում, ոչ ավել: Իսկ ի՞նչ կարող ենք անել…
Ամեն օր ստորաբաժանումը ռեյդեր է անցկացնում թաղամասներում sleeper cells-ին՝ «քնած բջիջներին» հայտնաբերելու համար: Դրանք բնակելի տների տակի թունելներն են, որոնցում դեռևս թաքնվում են ԻԼԻՊ—ի զինյալները:
Թունելները հայտնվել են դեռևս այն ժամանակ, երբ ԻԼԻՊ—ը մտել է Մոսուլի տարածք: Որպես կանոն, դրանք տների խորը ստորգետնյա հատվածում են, որոնք ելք ունեն դեպի փողոց, որպեսզի փախչելու հնարավորություն լինի: Այն տանը, որը մեզ ցույց են տալիս «ինքնապաշտպանության» զինվորականները, թունելը փորված է ներքին բակում: Այն իլիպցիներն օգտագործել են նաև որպես զենքի պահեստ: Թունելի հարևանությամբ գաղտնի ելք կա դեպի հարևան բակը: Իրաքի զինվորականները, որպես կանոն, թունելները թողնում են այնպես, ինչպես գտել են:
Սենյակ է մտնում հերթական սպան: Օմարին ինչ—որ թղթապանակներ է փոխանցում: Սպայի անունը Ալի է: Նա խնդրում է իրեն չլուսանկարել: Բացատրում է, որ նա ԻԼԻՊ—ին չափազանց հայտնի անձ է:
Մինչ հրամանատարն ուսումնասիրում է փաստաթղթերը, նա հեռախոսազրույցի ձայնագրություն է միացնում: Դրանում, Ալիի խոսքով, ԻԼԻՊ—ի զինյալը հաղորդում է, որ երբ Իսլամական պետությունը Մոսուլ վերադառնա, Իրաքի բանակի բոլոր զինվորները «ներում» կստանան: Բոլորը՝ Ալիից բացի:
— Ես պարզապես շատ իլիպցիների եմ սպանել, — բացատրում է զինվորականը:
Ալին կարծում է, որ Մոսուլի ազատագրումը դեռևս վերջնական հաղթանակ չէ. զինյալները վերադառանլու են:
— Իրաքում իրավապահ մարմիններն ու դատարանները կոռումպացված են, — ասում է զինվորականը: իլիպցիներին բանտ են ուղարկում, հիմնականում՝ Բաղդադ կամ Նասիրիա: Այնտեղ նրանց փողի դիմաց ազատ են արձակում: Տեղի զինյալների վրա դա 25 դոլար է նստում: Էմիրի գինը 6 հազար է: Նրանք բանտ են ընկնում, հետո պարզապես «անհետանում»:
Զինվորականը թվեր է նշում. գործողության ընթացքում կաշառքների միջոցով բանտերից մոտ 200 զինյալ է «անհետացել»:
— Այնպես որ, նրանց ավելի լավ է միանգամից սպանել, — եզրակացնում է Ալին:
Վերաբնակիչների քաղաքը
Հաջորդ օրը մենք հասնում ենք Հազերում վերաբնակիչների համար մեծ ճամբարին: Այն տեղակայված է Մոսուլի և Էրբիլի արանքում: Տների փոխարեն այստեղ ընդարձակ սպիտակ վրաններ են: Դրանցից յուրաքանչյուրում կարող է տաս հոգանոց ընտանիք տեղավորվել: Այժմ դրանք ժամանակավոր ապաստան են դարձել 200 հազար մարդու համար:
Ճամբարը ֆինանսավորում է մի քանի հումանիտար կազմակերպություն՝ Իրաքի և Քաթարի Կարմիր Խաչը, USAID-ը, Unicef-ը: Նրանք փախստականների համար ջուր, սնունդ և հիգիենիկ պարագաներ են գնում: Վերաբնակիչներին կենտրոնացած կերպով այստեղ են ուղարկում այն բանից հետո, երբ նրանք «ահաբեկչության ստուգում» են անցնում Մոսուլի զտման կենտրոնում: Նրանց մեծ մասն այստեղ է ապրում 2016թ—ի աշնանից: Նրանք հնարավորություն չունեն տուն վերադառնալու. նրանց տներն ավերված են, իսկ նոր կյանք սկսելու համար ցանկացած իրաքյան քաղաք տեղափոխվելու համար միջոցները չեն ներում:
– Մենք կորցրել ենք ամեն ինչ, — պատմում է վերաբնակիչ Ամիրը: — Ես ահավոր վիճակում եմ, եթե անկեղծ ասեմ: Մենք պետությունից ոչ մի նպաստ չենք ստանում և չենք կարող նորմալ ապրել:
Արևելյան Մոսուլում ռազմական գործողությունների ժամանակ Ամիրը կորցրել է կրտսեր երեխային: Այժմ նա ամուսնու հետո 7 երեխա է դաստիարակում:
Ճամբարի հասարակական կյանքն անցնում է բետոնե բլոկերի մոտ, որոնց վրա ջրով տարաներ են տեղադրված: Դրանց մոտ տղամարդիկ ծխախոտով ու թեյով քննարկում են քաղաքականությունը, իսկ երեխաները պահմտոցի են խաղում:
Տարեց արաբ Մոհամեդը, որը ոտքն է կորցրել արևելյան Մոսուլում տեղի ունեցած մարտերի ժամանակ, բոլորին թեյի է կանչում:
Ըմպելիքի 4 չափաբաժնի համար տղամարդը հազար դինար է վերցնում՝ մոտ 70 ցենտ:
Մեր թեյը կիսում ենք Համուրաբիի՝ 26-ամյա շիա մուսուլմանի հետ: Մասուլում, որտեղ բնակիչների մեծ մասը սունիներ են, նա ԻԼԻՊ—ի գալուց առաջ էլ էր «սպիտակ ագռավ» համարվում: Իսկ երբ քաղաքը գրավեցին զինյալները, նրա կյանքը վտանգի տակ հայտնվեց:
— Իլիպցիները հաղորդեցին, որ սպանելու են մեր ընտանիքը, — պատմում է Համուրաբին: — Մենք ստիպված սունի դարձանք: Ես գիտեմ, որ նրանք թռցրել են նրանց գլուխներն, ովքեր հրաժարվել են այդպես անել:
Համուրաբիի հայրը Սադամ Հուսեյնի ժամանակ Իրաքի բանակի սպա է եղել: Զինյալները նրան կալանավորել են: Սակայն չեն սպանել. նրանց զինվորականներ են պետք եղել, որոնք գլուխ են հանում զինվորական պահեստներում պահվող զենքից:
Մոսուլի ազատագրման գործողության ժամանակ Համուրաբին ընտանիքի հետ Բարտալա քրիստոնեական գյուղում է եղել, որն այն ժամանակ վերահսկում էր ԻԼԻՊ—ը: Իրաքի բանակը ետ է գրավել գյուղը ձմռանը:
— Բարտալա մտավ ISOF-ը (հատուկ գործողությունների իրաքյան զորքերը – խմբ.), — հիշում է Համուրաբին: — Զինվորականներից մեկն ինձ տեսավ, հարվածեց և բղավեց. «Ինչո՞ւ մորուքդ չես սափրում: ԻԼԻՊ—ի կողմի՞ց ես»: Ի՞նչ կարող էի դրան պատասխանել: Մենք օրեր շարունակ սնունդ և ջուր չէինք ունեցել: Ածելիի մասին ես չէի էլ մտածել:
Օրենքներ՝ մշակույթի դեմ
Վերաբնակեցվածների ճամբարից մենք մեկնում ենք շտապօգնության զրահապատ մեքենայով: Իրաքի լրագրողների խմբի հետ մեզ տանում են առաջնագիծ՝ Մոսուլի թանգարան: Դրանում նմուշներ են հավաքված, որոնք պատմում են Ասորեստանի կայսրության պատմության մասին, որի կենտրոններից մեկը մ.թ. առաջին հազարամյակի վերջում Մոսուլն է եղել:
2014թ—ին Իսլամական պետության զինյալները հայտարարել են, որ թանգարանային քանդակները խախտում են շարիաթի օրենքներն ու կռապաշտություն են քարոզում: Նրանք ոչնչացրել են դրանց մեծ մասը, այնուհետև՝ նաև Մոսուլից դեպի հարավ—արևելք գտնվող հին Միջագետքի Նիմրուդ քաղաքի փլատակները:
— ԻԼԻՊ—ը թանգարանը բազայի է վերածել: Այստեղ պայթուցիկ նյութեր են պահվել, իսկ արխիվային տարածքներում հրատարակչություն են հիմնել, — ասում է Մեհդի Վեյսխանը՝ դաշնային ոստիկանության կապիտանը:
Անձրև է սկսում տեղալ: Դրա սկսվելուց մի քանի րոպե անց առաջին պայթյուններն են լսվում: Զինվորականները բացատրում են. ԻԼԻՊ—ը արկակոծում է թանգարանը ականանետներից: Պարզվում է, Իրաքի բանակը տարածքը վերահսկում է միայն մի կողմից: Թանգարանի մյուս մասը նախկինի պես զինյալներինն է: Գրեթե մեկ ժամով մենք արգելափակված ենք մնում արկակոծվող տարածքում:
Թանգարանից կորուստներով ենք վերադառնում. մեքենան վնասվել է ականի բեկորներից, զինվորներից մեկը վիրավոր է:
Ականներ՝ անձրևի համար
– Եթե Մոսուլում հորդառատ անձրևներ չգային, քաղաքն, ըստ ամենայնի, արդեն ազատագրած կլինեինք, — բացատրում է Վերա Միրոնովան: — Անձրևն անթերի եղանակ է ԻԼԻՊ—ի համար:
Հինգ ամսվա ընթացքում Իրաքում կոալիցիոն ուժերի աջակցությամբ հաջողվել է ազատագրել քաղաքի 90%-ը: Սակայն ամենաբարդը վերջակետ դնելն է: Հաղթանակի մոտեցման համար առանցքային դեր է խաղում եղանակը: Բանակի դրոնները, որոնց միջոցով կործանիչներն են թիրախավորում, անզոր են անձրևի տակ, և այդպիսի եղանակին զինյալները սկսում են արկակոծել տարածքը՝ չվեխանելաով ավիացիայից: ISIS weather. այսպես են այժմ անձրևն անվանում Մոսուլում:
ԻԼԻՊ—ի համար լավագույն եղանակը բարենպաստ եղանակ է նաև վերաբնակեցվածների համար: Օդային գործողությունների դադարը գնդակոծության տակ ապրող մարդկանց թույլ է տալիս լքել ավերված տներն ու հասնել ճամբար: Շատերի համար դա սովից չմեռնելու վերջին հնարավորությունն է:
Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղացիներին արգելում են լքել քաղաքը:
— ԻԼԻՊ—ը հայտարարել է, որ յուրաքանչյուրին, ով փորձի փախչել, կգնդակահարեն դիպուկահարները, — պատմում են վերաբնակեցվածները: Որոշները կարողացել են դուրս գալ տների տակ եղած թունելներով, բայց դա թերևս բացառություն է:
Հորդառատ անձրևի տակ մարդիկ ոտքով մի քանի կիլոմետր են կտրում մինչև Ազբա Սաջեր կայարանը, որը Մոսուլ—Բաղդադ մայրուղու վրա է: Սա փոխաբեռնման առաջին կետն է նրանց համար, ովքեր որոշել են փախչել պատերազմից: Այն այստեղ «կեղտոտ» են անվանում. կայարանը ամայի տարածքում է, որտեղ ոչ ասֆալտ կա, ոչ ծածկ: Անձրևը գետինը մածուցիկ ցեխիէ վերածում:
Վատ եղանակի ժամանակ շարժումը չի դադարում. ամեն օր այստեղ 2-3 հազար մարդ է հավաքվում:
Կամավորները յուրաքանչյուրին մսով բրինձ, լավաշ և ջուր են բաժանում: Անհրաժեշտության դեպքում՝ դեղորայք: Միայն դրանից հետո են վերաբնակեցվածներին ստուգում էլեկտրոնային բազայում: Այդ գործընթացը կատարվում է փոքր ֆուրգոնում, որի պատերին խոշորագույն միջազգային դոնոր կազմակերպությունների տարբերանշաններ են փակցված:
Մեր ներկայությամբ կայարանի աշխատակիցներն, իրենց խոսքով, նույնականացնում են ԻԼԻՊ—ի անդամներին, որոնք փորձել են Մոսուլը լքել որպես փախստական: Նրանց հետ խոսել լրագրողներին արգելում են: Փոխարենը զինվորականները ձերբակալվածների հետ մանրամասն և խիստ զրույց են վարում՝ ուժի կիրառմամբ, այդ մասին ընդունված չէ խոսել: Ստուգումից հետո զինյալներին բանտ են ուղարկում:
Անձրևը կտրվում է: Մենք վերադառնում ենք արևմտյան Մոսուլ: Ավերված թաղամասերից մեկի փողոցներից մայրուղի են դուրս գալիս հազվադեպ մարդատար մեքենաներ: Վարորդներից մեկը, տեսնելով մեր տեսախցիկը, ատրճանակն է հանում:
— Նկարի՛ր, նկարի՛ր, — հռհռում է նա և զենքը թափահարում: Մայրուղին վերահսկող մի քանի զինվորականներ նրա վրա ուշադրություն չեն դարձնում…