Արցախի շրջափակման արդյունքում առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը
Իրավիճակը շրջափակված Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով աշխատանքը կորցրել է առնվազն 5100 մարդ։ Նախնական տվյալներն այսօր հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։ Կառավարությունը գործազուրկ քաղաքացիներին աջակցելու համար ծրագիր է մշակել։
Արցախի շրջափակման 57-րդ օրն է։ ԼՂ-ի տարածքում սննդի, դեղորայքի պակաս կա։ Երբեմն-երբեմն մարդասիրական օգնություն են հասցնում ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Գազի մատակարարումը փետրվարի 6-ին կրկին դադարեցվել է։
Դեկտեմբերի 12-ից բնապահպան ակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակ են պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Պահանջում են տարածքի հանքավայրերի մոնիթորինգ և հանդիպում ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարի հետ։
Նորից առանց գազի
«Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից»,- հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Լաչինի միջանցքը փակելուց հետո պարբերաբար խաթարվում է Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքը։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ Ադրբեջանն է դադարեցնում գազամատակարարումը։
Այս իրավիճալում շարունակվում են նաև հոսանքի հովհարային 6-ժամյա անջատումները։ Ադրբեջանը հայկական կողմին թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարված հատվածում։
Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում մանկապարտեզները, սահմանափակումներով են աշխատում պետական կառույցները։
Կտրոններ կան, գումար՝ ոչ
Տևական ժամանակ է, ինչ Արցախում անցել են կտրոնային համակարգի։ Որոշ ապրանքատեսակներ՝ ձեթ, շաքար, բրինձ քաղաքացիները կտորոնով են գնում։
Ի տարբերություն շրջափակման նախորդ շաբաթների՝ միրգ-բանջարեղենի ու քաղցրավենիքի որոշակի պաշար արդեն կա, բայց դրանք ձեռք բերելու համար մեծ հերթեր են գոյանում։ Արցախցիները կարծում են՝ պետք է դրանց համար էլ կտրոններ տրամադրել։ Որոշ քաղաքացիներ էլ պատմում են՝ կտրոն ունեն, գումար՝ ոչ, ուստի չեն կարողանում ընտանիքի համար սնունդ ձեռք բերել։
Սոցիալական աջակցության ծրագիր է մշակվել
Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված տնտեսական իրավիճակը մեղմելու նպատակով կառավարությունը որոշել է դրամական աջակցություն տրամադրել աշխատանքը կորցրած քաղաքացիներին մինչև 68 հազար դրամի չափով։
Ծրագրից կկարողանան օգտվել նաև այն երեխաները, որոնց ծնողները գործազուրկ են։
«Յուրաքանչուր երեխայի մասով կտրամադրվի 40 հազարական դրամ աջակցություն: Եթե ծնողներից միայն մեկը չի աշխատում, ապա 20 հազար դրամ»,— «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի սոցիալական զարգացման նախարար Արմեն Մանգասարյանը:
Պլանային վիրահատությունները դադարեցված են
Վիրահատվելու հնարավորությունից զրկվել է մոտ 580 քաղաքացի։ Անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով Հայաստան է տեղափոխվել ընդամենը 70 բուժառու՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
Արցախի կառավարությունից հայտնում են, որ ներկա պահին մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում 6 երեխա․
«9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են»։
Շրջափակման պայմաններում ԼՂ-ում ծնվել է 204 երեխա։
Տան ճամփան փակ է նաև մահացածների համար
Ավելի քան մեկ տասնյակ արցախցիների մարմիններ դեռ Երևանի դիահերձարաններում են։ Շրջափակման հետևանքով հարազատները չեն կարողանում նրանց հուղարկավորել տանը՝ Արցախում։
ԼՂ-ի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի փոխանցմամբ՝ դիակները տեղափոխելու մասով «բանակցություններ են ընթանում» ինչպես ռուս խաղաղապահների, այնպես էլ Կարմիր խաչի հետ։
«Կիրառել պատժամիջոցներ կամ ազդեցության այլ գործիքակազմ»
Ստեփանակերտը միջազգային հանրությունից գործուն միջոցների ձեռնարկում է ակնկալում։ Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն այդ կոչը փոխանցել է Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների՝ հորդորելով դրանք փոխանցել իրենց կառավարություններին։
Ղազարյանը հիշեցրել է՝ Ադրբեջանը հրաժարվել է Կաշենի հանքավայրում անկախ միջազգային դիտարկում անցկացնելու Արցախի կառավարության առաջարկից։ Նրա գնահատմամբ՝ դա ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ղեկավարվող «բողոքի ակցիան» ամբողջովին այլ նպատակ ունի, այն է՝ «լիակատար վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքը՝ ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»:
«Ավելին, չկարողանալով միջազգային հանրությանը համոզել, որ «բողոքի ակցիան», իբր, էկոլոգիական բնույթ է կրում՝ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցողն իրենց ներքին գործն է, և նրանք պարտավոր չեն այն քննարկել որևէ երկրի հետ։ Մինչդեռ ակնհայտ է, որ Ադրբեջանի վերոնշյալ բոլոր գործողությունները հետապնդում են միայն մեկ նպատակ՝ Արցախի հայաթափում», — ասված է նամակում։
«Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակների առաջմղման համար, և այս դեպքում դրանք չեն դիտարկվում»,- օրերս ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսպես էր արձագանքել Լաչինի միջանցքի փակման թեմայով Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի հարցին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Իրավիճակը շրջափակված Լեռնային Ղարաբաղում