«Իրան տարել ա»․ Հայաստանի քաղաքապետներից մեկը վարչապետին մեղադրել է ոչ ադեկվատ պահվածքի համար
Հայաստանում ընտրությունների նախաշեմին չի դադարում սկանդալների շարքը։ Այժմ էլ համացանցում է հայտնվել Էջմիածնի քաղաքապետ, «թավշյա» հեղափոխության ակտիվիստ Դիանա Գասպարյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի զրույցի ձայնային հաղորդագրությունների ձայնագրությունը։
Ձայնագրությունում լսվում է, որ Դիանա Գասպարյանը բողոքում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Նա ասում է, որ «իրան տարել ա արդեն», «հանուն պետության [Փաշինյանը] պետք ա հեռանա»։ Իսկ Սուրեն Պապիկյանը նրան մխիթարում է և համոզում ոչինչ «չգրել»։ Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ խոսքը հրաժարականի դիմումի մասին է։
Սուրեն Պապիկյանը հրաժարվել է մեկնաբանել սկանդալային ձայնագրությունը։
Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչ է խոսվում ձայնագրությունում, և ինչն է պատճառ դարձել նման խոսակցության։
- Ի՞նչ էր նշանակում Հայաստանի վարչապետի դեմ «կոմպրոմատը» և ինչու այն սենսացիա չդարձավ
- Նախընտրական բացահայտումներ Հայաստանում․ նախկին նախագահը սկանդալային ձայնագրություն է հրապարակել
Սկանդալային ձայնագրության մանրամասները
Ձայնային հաղորդագրությունների ձայնագրությունը հայտնվել է Mediaport Տելեգրամ-ալիքում։ Դրանում լսվում է, թե ինչպես է Սուրեն Պապիկյանը փորձում մխիթարել Դիանա Գասպարյանին․
«Դիան, ես խնդրում եմ, հանգստացիր։ Որևէ բան չգրես»։
Ի պատասխան՝ ակնհայտ ճնշված Դիանա Գասպարյանը պատասխանում է, որ պատերազմում կրած պարտությունից հետո «ես հազարապատիկ ավելի իրա [Փաշինյանի] հետ էի», սակայն այժմ լավ կլինի, որ նա գնա․
«Հիմա հասկանում եմ, որ հանուն պետության, ինքը պիտի գնա։ Թող թիմից ուրիշին ընտրեն, որպեսզի իրավիճակը հարթվի։ Թող քեզ ընտրեն, դու ամենաբարձր ռեյտինգն ունես։ Թե չէ, սենց չի լինի, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը արդեն չի դիմանում, թող գնա, հանգստանա»։
Խոսակցության վերջում Սուրեն Պապիկյանը նրան ասում է, որ առավոտյան Փաշինյանի վիճակը «կկայունանա», և ինքը կխոսի նրա հետ։
Mediaport Տելեգրամ-ալիքը գրել է նաև, թե խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 7-ի ուշ երեկոյան՝ նախընտրական արշավի շրջանակում Էջմիածնի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի թիմի հանդիպումից հետո։
Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կայանալու։ Իշխանությունն ու ընդդիմությունը եզրակացության են եկել, որ միայն ընտրությունները կարող են հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, որն առաջացել է Արցախյան պատերազմից հետո։ Հայկական կողմի պարտությունից հետո ընդդիմությունը սկսել էր պահանջել վարչապետի հրաժարականը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրվել է համաժողովրդական քվեարկության արդյունքում և չի հեռանա միայն ընդդիմության կողմնակիցների պահանջով։
Նախարարի և քաղաքապետի զրույցից առաջ, ըստ աղբյուրի տեղեկությունների, Փաշինյանն իբր ալկոհոլային հարբածության վիճակում զանգահարել է Դիանա Գասպարյանին և վիրավորել նրան, որ Էջմիածնի հանրահավաքին քիչ մարդ է եղել։
Տելեգրամ-ալիքի հեղինակը գրում է նաև, որ վարչապետի պաշտոնակատարը հայհոյել է Դիանա Գասպարյանին, սպառնացել ընտրություններից հետո «մաքրել» իր շրջապատն ու սկսել հենց Էջմիածնից։ Եվ հենց այս խոսակցությունից հետո է, ըստ Տելեգրամ-ալիքի, Դիանա Գասպարյանը որոշել հրաժարական տալ և կապվել է նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Ի՞նչ է ասում նախարարը
Սուրեն Պապիկյանն, ինչպես նաև նրա մամուլի քարտուղարը հրաժարվել են մեկնաբանել սկանդալային ձայնագրությունը։
«Մեկնաբանություն չունեմ», — ասել է նա լրագրողին նախընտրական քարոզարշավի շրջանակում հունիսի 14-ին ընտրողների հետ հանդիպումից հետո։
Ճշտող հարցին, թե արդյոք նա չի հերքում ձայնագրության իսկության փաստը, Պապիկյանը նույն կերպ է պատասխանել․
«Առանց մեկնաբանության»։
Սկանդալներ՝ ընտրությունների նախաշեմին
Սա առաջին սկանդալը չէ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ հանուն նախընտրական բացահայտումների՝ հրապարակվում են անձնական զրույցների ձայնագրություններ։
Վերջին այդպիսի միջադեպը տեղի էր ունեցել բառացիորեն վերջերս․ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում վարչապետի պաշտոնակատարը պատմում է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մանրամասները։
Փաշինյանի զրույցի ձայնագրության հրապարակման Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը բանակցությունների տապալման և 2020 թ-ի Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի համար ողջ պատասխանատվությունը պետության գործող ղեկավարի վրա դնելն էր։ Սակայն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է և շարունակում է պնդել, որ բանակցային գործընթացի տապալումն այն ժառանգությունն է, որն ինքը ստացել է «նախկիններից»։