«Իրականում Պուտինը հաճախ է նահանջում, միֆ է այն միտքը, թե նա միշտ պայքարում է մինչև վերջ»
Պուտինի՝ էսկալացիայի սպառնալիքները միֆ են
By Maria Snegovaya, a postdoctoral fellow in political science at Virginia Tech, and Brian Whitmore, a nonresident senior fellow at the Atlantic Council’s Eurasia Center. Նյութի աղբյուրը՝ Foreign Policy
Հայտնի պատմություն կա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և առնետի մասին։
Պուտինն իր ինքնակենսագրականում պատմում է, թե ինչպես է փոքր հասակում հետապնդել առնետին։ Ի վերջո, նա անկյուն է գցել նրան։ Սակայն հետո առնետը հարձակվել է նրա վրա և փորձել կծել։
Այս փորձը, ըստ Պուտինի, նրան սովորեցրել է, որ «յուրաքանչյուր ճակատամարտում պետք է պայքարել մինչև վերջ» և «պետք է ելնել նրանից, որ նահանջ լինել չի կարող»։
Արևմտյան քաղաքական գործիչները հաճախ են անդրադառնում այս պատմությանը՝ ասելով, որ Պուտինը, իբր, երբեք չի նահանջում և հատկապես վտանգավոր է դառնում, երբ իրեն անկյուն են գցում:
Ռուսաստանի նախագահի մասին այս պատկերացումը Արևմուտքում շատերին ստիպել է վախենալ, որ Պուտինը կարող է ավելի դաժան և կործանարար քայլեր ձեռնարկել, նույնիսկ դիմել քիմիական կամ միջուկային զենքի, եթե Ուկրաինայում ստորացուցիչ պարտության առաջ կանգնի:
Այս ենթադրությունը, ըստ երևույթին, ընկած է Ուկրաինայի վրա արևմտյան ճնշման հիմքում: Նրանք պահանջում են հրաժարվել տարածքներից և զիջումների գնալ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և նույնիսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բազմիցս հայտարարել են, որ Եվրոպային անհրաժեշտ են «վստահություն ներշնչող բանակցություններ» և «դիվանագիտական լուծումներ»։
Մակրոնն այսպես արտահայտվեց. «Մենք չպետք է նվաստացնենք Ռուսաստանին, որպեսզի այն օրը, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն, կարողանանք ելք գտնել դիվանագիտական միջոցներով»:
Բայց այս ամենը միֆ ստեղծելու մի մասն է: Ռուսաստանի նախագահը հաջողությամբ ստեղծել է այդ միֆն իր շուրջը, իսկ շատ արևմտյան քաղաքական գործիչներ չափազանց հեշտությամբ ընդունել են այն:
Հակառակ տարածված կարծիքի՝ երբ Պուտինը բախվում է ուժի և վճռականության հետ, նա հաճախ նահանջում է, այլ ոչ թե դիմում էսկալացիայի:
Վառ օրինակներից մեկը 2015 թվականի նոյեմբերն է, երբ Թուրքիան թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու խոցեց ռուսական Սու-24 կործանիչը։
Այն ժամանակ տարածված մտավախություններ կային, որ դա կարող է վերաճել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրի միջև ուղիղ հակամարտության: Բայց Պուտինի արձագանքը մեղմ եղավ:
Մոսկվան փոքր առևտրային պատժամիջոցներ կիրառեց թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ և դադարեցրեց մինչ այդ Ռուսաստանում տարածված տուրերը դեպի Թուրքիա:
Եվ նույնիսկ այդ փոքր պատժամիջոցները չեղարկվեցին մի քանի ամիս անց՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն խնդրեց Կրեմլից:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին մի քանի բախումները, կարծես, ավարտվեցին Լիբիայում, որտեղ Էրդողանն ու Պուտինը աջակցում էին երկարատև քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող հակառակորդ կողմերին:
1. Երբ Թուրքիան վտարեց ռուսական Վագներ ՊՄԿ վարձկաններին
2020 թվականին թուրքական ուժերը հարձակվել էին Ալ-Վաթիա ռազմավարական նշանակություն ունեցող ռազմակայանի վրա, որտեղ տեղակայված էին ռուսական ՊՄԿ «Վագներ» խմբավորման վարձկանները: Վարձկաններին ստիպել էին փախչել՝ թողնելով իրենց տեխնիկան և զենքերը։
Այս իրադարձությունը վճռորոշ գործոն էր, որը հանգեցրեց Լիբիայի ազգային բանակի (LNA) նահանջին: Տրիպոլին ուժով գրավելն անհնարին դարձավ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ ներկա էին թուրք զինվորականները։
Որևէ էսկալացիա Պուտինի կողմից չհաջորդեց դրան:
2. Երբ ԱՄՆ-ը ոչնչացրեց ՊՄԿ Վագների ռուս վարձկաններին
2018 թվականին Սիրիայի հյուսիսում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով սպանվեցին ՊՄԿ Վագների մի քանի ռուս վարձկաններ:
Մոտավորապես նույն ժամանակահատվածում՝ 2018 թ.-ի փետրվարին, Հաշամի ճակատամարտում ռուս վարձկանների և ամերիկյան ուժերի միջև ուղիղ բախում տեղի ունեցավ։ Արդյունքում զոհվեցին մի քանի ռուս պայմանագրային զինծառայողներ, որոնք նույնպես կապված էին Վագներ խմբավորման հետ։
Կրեմլն այն ժամանակ նույնիսկ հռետորական հայտարարություն չարեց։
Չնայած ԱՄՆ-ի հետ առճակատման մասին պարծենալուն, երբ գործը հասավ ռուսական և ամերիկյան ուժերի միջև մահացու հակամարտությանը, Պուտինի կողմից հռետորական արձագանք գրեթե չեղավ:
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նույնպես հակասում են «հետևողականորեն վճռական Պուտինի» մասին պատկերացմանը:
Գիտակցելով Ուկրաինայում ռեժիմի փոփոխության սկզբնական հավակնոտ նպատակի աղետալի ձախողումը՝ Կրեմլը վերանայեց իր ծրագրերը և հայտարարեց շատ ավելի համեստ նպատակի՝ Դոնբասի «ազատագրման» մասին:
Սա հաղթանակի մասին հայտարարելու հեշտ միջոց է՝ պարզապես փոխիր այն, ինչ անվանում ես հաղթանակ:
Պուտինը նահանջում է նաև ներքին քաղաքականության մեջ
Բավականին ուժեղ դիմադրության հանդիպելով՝ Պուտինը նահանջում է նաև Ռուսաստանի ներքաղաքական կյանքում, որտեղ նրա գերակայությունը գրեթե բացարձակ է։
Ամենահայտնի օրինակը 2005 թ.-ին էր: Այդ ժամանակ Պուտինը փորձեց չեղարկել արտոնությունները՝ անվճար հասարակական տրանսպորտ, բնակարանային սուբսիդիաներ, դեղատոմսով դեղորայք տարեցների համար, ինչպես նաև ամենամսյա դրամական հատկացումներ:
Բախվելով բողոքի՝ իսկապես զանգվածային ալիքի՝ Պուտինն արագ նահանջեց։
Ավելի թարմ օրինակ է ռուս լրագրող Իվան Գոլունովը։ Նա մեղադրվում էր թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։ 2019 թվականին Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ցույցերի և խոշոր մեդիաների ներկայացուցիչների մասնակցության արդյունքում նա ազատ արձակվեց:
Սխալ համոզմունքը, թե Պուտինը երբեք չի նահանջում, տարբեր ձևերով քարոզվում է Պուտինի խամաճիկների կողմից: Հենց դա հանգեցրեց ռուսական ագրեսիայի դեմ արևմտյան ղեկավարության ինքնազսպմանը:
Դրա ամենավառ օրինակը 2014 թվականին էր, երբ ԱՄՆ-ը, վախենալով ռուսական էսկալացիայից, Ուկրաինային խորհուրդ տվեց չդիմադրել Ղրիմի բռնակցմանը։
Այսօր Պուտինի քողարկված սպառնալիքները միջուկային էսկալացիայի մասին ուղղված են հենց Արևմուտքի վախերն ուժեղացնելուն: Եվ դա արդեն իսկ վնաս է հասցրել՝ ձգձգելով հարձակողական սպառազինության մատակարարումն Ուկրաինա:
Սակայն, ընդհանուր առմամբ, Պուտինին իրականում չի սպառնում Ուկրաինայում անկյունում հայտնվելու վտանգ:
Պուտինն, ունենալով պետական վերահսկողություն բոլոր հեռուստաալիքների նկատմամբ, վերահսկում է ռուսների կարծիքները պատերազմի վերաբերյալ։ Անհրաժեշտության դեպքում նա կարող է երկու-երեք շաբաթվա ընթացքում փոխել թե՛ գնահատականները, թե՛ հարցումների արդյունքները։
Օրինակ՝
● 2015 թվականի սեպտեմբերին ռուսաստանցիների 69 տոկոսը հայտարարեց, որ դեմ է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ուղղակի ռազմական օգնություն տրամադրելուն:
Ընդամենը մի քանի շաբաթ անց՝ 2015 թվականի հոկտեմբերի սկզբին, ռուսների 72 տոկոսը հայտարարեց, որ աջակցում է Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող ռմբակոծություններին:
● Նույն կերպ, հարցված ռուսաստանցիների 45 տոկոսը դրական վերաբերմունք ուներ Ուկրաինայի հանդեպ 2021 թվականի նոյեմբերին, իսկ 43 տոկոսը՝ բացասական:
Փետրվարին հարաբերակցությունը փոխվեց. 35 տոկոսը դրական արտահայտվեց, 52 տոկոսը՝ բացասական:
Հաշվի առնելով այն, թե ինչպես է այդ ամենն աշխատում Ռուսաստանում, Պուտինը դժվար թե սեփական բնակչության աչքում պարտվի այս պատերազմում:
Որոշ հուսադրող նշաններով արևմտյան առաջնորդները սկսում են հասկանալ, որ Պուտինի՝ էսկալացիայի սպառնալիքները դատարկ են, և միֆ է այն, թե նա երբեք չի նահանջում:
Պուտինը սպառնացել էր «հարվածել այն թիրախներին, որոնք դեռ չեն խոցել» Ուկրաինայում, եթե հունիսի 5-ին Արևմուտքը Կիևին ավելի հեռահար զինատեսակներ տրամադրի: Բայց ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, այնուամենայնիվ, զենք մատակարարեցին։
Արևմուտքի նման արձագանքը պետք է լինի նորմ, այլ ոչ թե բացառություն։
Բայց, ցավոք, շարունակվում են Ուկրաինային ուղղված՝ զիջումների գնալու և Պուտինին «դեմքը փրկելու» հնարավորություն տալու կոչերը։ Սա հատկապես տարածված է եվրոպացի առաջնորդների շրջանում: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հեռանալ պուտինյան միֆերից, որոնք տարիներ շարունակ օգտագործել են Ռուսաստանին հանգստացնելու իրենց քաղաքականությունն արդարացնելու համար։
Բայց ամբողջ աշխարհի համար հիմա գլխավորն այն է, որ Ուկրաինան ստանա անհրաժեշտ ողջ աջակցությունը, այդ թվում՝ հարձակողական զենքեր, հետախուզական տվյալների փոխանակում և դիվանագիտական աջակցություն։
Այդ ժամանակ Ուկրաինան կկարողանա հաղթել այս պատերազմում՝ չնայած Պուտինի՝ էսկալացիայի սպառնալիքներին։
Երբեմն անկյունում գտնվող առնետը պարզապես անկյունում գտնվող առնետ է: Եվ, բախվելով գերակա ուժի և ինքնավստահ հակառակորդի հետ, նա ուղղակի կփախչի։
Պուտինի՝ էսկալացիայի սպառնալիքները միֆ են