Իսկ միգուցե եկեղեցի՞ն են ուզում վերցնել
Գումբուրդոյում գտնվող կիսաքանդ եկեղեցու ժանգոտած դարպասներից ներս անցնելիս մեծ տարածք է բացվում, որտեղ մամուռով պատված քարեր են թափված: Դրանցից մի քանիսի վրա երևում են գրառումներ ու հին նաշխեր:
Եկեղեցին շրջապատող տարածքը պատված է չորացած խոտով, իսկ արևմտյան պատի մոտ երեք տեղ վերջերս փորված փոսեր են երևում:
Եկեղեցին վաղուց չի գործում, այստեղ պատարագներ չեն անցկացվում, սակայն այն միակն է մեծ մասամբ հայերով բնակեցված Գումբուրդոյի բնակիչների համար: Ամեն անգամ Հայկական Առաքելական եկեղեցու տոներին այստեղ Ախալքալաքի շրջանի այլ եկեղեցիներից քահանաներ են հրավիրում: Իսկ ամեն շաբաթ-կիրակի մարդիկ այստեղ հավաքվում են, որ Աստվածաշնչից հատվածներ լսեն, որ իր նախաձեռնությամբ կարդում է նույն գյուղի բնակիչ Իլիա Գաբրիելյանը, ինչպես նաև քննարկել հավատքի ու կյանքի հետ կապված տարբեր հարցեր:
Գումբուրդո գյուղը, վրացերեն Կումուրդո, Ախալքալաքից 18 կմ հեռավորության վրա է գտնվում: Տղամադրկանց մեծ մասը մեկնում է Ռուսաստան գումար վաստակելու: Մնացած տղամարդիկ զբաղվում են հողագործությամբ ու անասնաբուծությամբ: Գյուղի բնակչությունը հիմնականում չի տիրապետում երկրի պետական լեզվին:
10-րդ դարի Սուրբ Հարության եկեղեցին այն տասնյակից մեկն է, որոնց շուրջ վիճում են Վրացական Ուղղափառ և Հայկական Առաքելական եկեղեցիները: Թե՛ մեկը, թե՛ մյուսն այն իրենց սրբությունն են համարում:
Կոնֆլիկտը սրվեց անցած ամռանը, երբ գյուղում Թբիլիսիից հնագետներ հայտնվեցին, որպեսզի հնագիտական պեղումներ անցկացնեն, ինչպես նաև արձանը վերականգնեն: Եկեղեցու տարածքում փորված փոսերը մնացել են այդ ժամանակներից:
Սակայն տեղացիներն ասում են, որ դրանց իրական պատճառը եկեղեցու հայկական արմատները ոչնչացնելն է եղել:
Իրենց դժգոհությունը գյուղի բնակիչներն արտահայտել են կոլեկտիվ նամակում, որն օգոստոսին ուղարկել են Ախալքալաքի քաղաքապետարան, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցչություն:
Բնակիչները եկեղեցու բակում անցկացված աշխատանքները վանդալիզմ անվանեցին: Նրանք պնդում են, որ դրանից հետո եկեղեցու տարածքից անհետացել են իրենց հարազատների ոսկորները:
«Այն բանից հետո, երբ մաքրեցին քարերը, փորեցին ու հանեցին մահացածների գանգերը, լցրեցին արկղերն ու տարան անհայտ ուղղությամբ: Մենք՝ Գումբուրդոյի բնկաիչներս, Վրաստանի առաջին դեմքերից ու հոգևոր առաջնորդներից պահանջում ենք վերադարձնել մեր նախնիների աճյունները, որոնք գտնվում էին Սուրբ Հարության եկեղեցու բակում…», — ասվում է նամակում, որը ստորագրել է 180 մարդ՝ պահանջելով հրատապ հատուկ հանձնաժողով ստեղծել, որն իրավիճակը կհետազոտի:
Հայկական եկեղեցին մինչ այժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս նամակը, իսկ Շրջանային ժողովի պատգամավոր Աշոտ Սահարյանը JAMnews-ի հետ զրույցում ասում է, որ գտնված ոսկորները հնագետները թաղել են նույն տեղում:
“Բնակիչները թույլ են տվել պեղումներ անել միայն մի պայմանով, որ հենց իրենք են փորելու և իրենք էլ ամեն ինչ վերականգնելու են պեղումներից հետո: Պեղումների ողջ ընթացքն ընդամենը մեկ օր տևեց՝ առավոտյան 10-ից մինչև երեկոյան 5-6-ը, և ներկա են եղել տեղի բնակիչները, — ասում է Աշոտ Սահարյանը:
Բնակիչները հաստատում են, որ ներկա են եղել պեղումներին, սակայն նրանք տեղի ունեցածի այլ տարբերակ ունեն:
“Նրանք եկել էին քարտեզներով, շատ լավ գիտեին, որտեղ ինչ կա, այն ամենն, ինչը դուրս են բերել փորած փոսերից, նրանք ետ չեն թաղել, այլ տարել են իրենց հետ: Քար են ջարդել ու տարել հետները, ո՞ւր տարան, ինչո՞ւ: Ամեն անգամ գալիս մի բան են տանում, — ասում է Վրեժ Կուրղինյանը, ով ներկա է եղել պեղումներին:
“Ժողովրդի մոտ հարց է առաջանում՝ հարևան գյուղերում բազմաթիվ քանդված եկեղեցիներ կան, ինչո՞ւ դրանցով չեն հետաքրքրվում, ինչո՞ւ չեն վերականգնում: Ինչո՞ւ են հենց Գումբուրդոյի եկեղեցի գալիս: Այստեղ են մեր նախնիների շիրիմները, մասունքները, այստեղ մենք աղոթում ենք, մոմ ենք վառում: Իսկ նրանք գալիս են ոչ թե աղոթելու, այլ փորելու, քանդելու ու մարդկանց ինչ-որ քայլերի դրդելու, — ասում է բնակիչներից մեկը՝ Արարատ Սահարյանը:
Եկեղեցին վերականգնելու պլանի ու հետագա քայլերի վերաբերյալ նրանք նամակ են գրել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալություն, սակայն մինչ այժմ սպասում են պատասխանին:
Գումբուրդոյում առանց այդ էլ շատ ցավոտ էին տանում Թբիլիսիից հյուրերի այցելություններին: 90-ականների սկզբին եկեղեցին վերականգնելու փորձեր են արվել, կրկին «Թբիլիսիից մարդիկ են եկել» և այդ ժամանակ գյուղացիները դուրս են եկել պաշտպանելու եկեղեցին:
Բնակիչներն ասում են, որ դեմ չեն վերականգնմանը, սակայն պահանջում են, որ Հայկական Առաքելական եկեղեցին միջամտի գործընթացին: