Ինչ կշահի կամ կկորցնի Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելքի չեղարկումից
Թուրքական ապրանքների ներկրման արգելքի չեղարկման մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց 2021թ.-ի դեկտեմբերի 30-ին: Մեկամյա դադարից հետո թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացումը լուրջ անհանգստությունների տեղիք տվեց թե՛ տեղական արտադրողների, թե՛ տնտեսագետների ու փորձագետների շրջանում:
Պաշտոնական Երևանը ներկրման արգելքի որոշումն ընդունել էր 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերին՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների ընթացքում Անկարայի բացահայտ աջակցությունը Բաքվին։ Արգելքը սահմանվել էր կես տարով, ապա երկարաձգվել նույն ժամկետով:
Ի՞նչ տվեց սահմանափակումը տեղական արտադրողին, որքանո՞վ օգտակար կլինի թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացումը, ինչ ռիսկեր կարող են առաջանալ տեղական արտադրողների համար և ինչպես մեղմել դրանք, ինչ քայլեր են սպասում պետությունից տնտեսագետներն ու ձեռնարկատերերը և ի՞նչ առաջարկներ են ներկայացնում։
- Ստամբուլ-Երևան. «Տրանսպորտային և տնտեսական կապերը բացվում են»
- Հայաստանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ ճիշտ ընտրության երաշխիքներ չկան
- «Արտադրված է Հայաստանում» ապրանքների շանսը՝ հաստատվել տեղական շուկայում
Մեկ տարվա արգելքի արդյունքները
Ի՞նչ տվեց սահմանափակումը տեղական արտադրողին ու երկրին․ հարցի պատասխանը հուզում է շատերին։ Սակայն պաշտոնական վերլուծություն այս մասով դեռևս չի հրապարակվել:
JAMnews-ը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարություն, խնդրելով տրամադրել ամփոփ տեղեկատվություն՝ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների ներկրման արգելքով պայմանավորված՝
- տեղական արտադրությունների հիմնման, ընդլայնման, ներդրման ու աշխատատեղերի ծավալների,
- ինչպես նաև թուրքական ապրանքների ներկրման արգելքի չեղարկման հետևանքով հնարավոր ռիսկերի կանխման պետության կողմից ձեռնարկվող կամ սպասվող քայլերի մասին:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից տեղեկացրեցին՝ պահանջվող տեղեկատվությունը հավաքագրելու համար անհրաժետ է լրացուցիչ՝ մեկամսյա ժամկետ:
Մինչ պաշտոնական վերլուծությունը հասանելի կդառնա, փորձագետներն առաջ են քաշում վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի կարգավորման բացերը, ինչի հետևանքով թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին որոշումը լիարժեք չի գործել:
«Թուրքական ապրանքների ներկրման արգելքի ընթացքն ու ավարտը կարող էր շատ ավելի լավը լինել: Ինչ-ինչ պատճառներով պետությունը չկարողացավ ապահովել որոշման լիակատար իրականացումը, ինչը պայմանավորված էր և՛ ռեսուրսների պակասով, և՛ բիզնեսի ճկունությամբ, որը տարբեր ճանապարհներ գտավ՝ շրջանցելու այդ արգելքը:
Ինքներս ականատես եղանք դեպքերի, երբ 2021 թ.-ին արտադրված թուրքական արտադրանքը ակնհայտ դրված էր վաճառակետերում և ոչ ոք դրա հետ կապված տնտեսվարողին հարց չէր տալիս: Գործը կիսատ էր արված. պետք է արգելվեր ոչ միայն ներմուծումը, այլ նաև՝ վաճառքը: Պետությունը չգնաց այդ քայլին, ինչի պատճառով այդ որոշման և՛ ընթացքը, և՛ ավարտը անփառունակ էին. որոշումը չծառայեց իր նպատակին», — ասում է «Էքսպորտ Արմենիա» հայ արտադրողների ասոցացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը:
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ՝ մեկ տարվա կտրվածքով արգելքի կիրառումը չէր կարող արդյունավետ լինել տեղական արտադրողի համար, որի բիզնես հիմնելու, ընդլայնելու, կայանալու ու մրցունակ լինելու համար անհրաժեշտ է միջինը 3 տարի ժամանակ:
«Եթե պետությունը տանում է մի քաղաքականություն, դրա հիմքում դնելով որոշ շարժառիթներ, հետո փոխում է իր քաղաքականությունը՝ առանց այդ շարժառիթների փոփոխության, դա կարող է խնդրահարույց ու ոչ ընկալելի լինել և՛ հանրության, և՛ գործարար հանրույթի համար։
Թուրքական ապրանքատեսակների բացը լրացնելու համար տեղական արտադրողները ներդրումներ արեցին, արտադրություններ հիմնեցին։ Ու հիմա, երբ խաղի կանոնները փոխվում են, այդ ներդրողները հայտնվում են բավականին բարդ իրավիճակում: Ի վերջո, այս պարագայում նոր հիմնադրված տեղական ընկերությունները չեն կարող մրցակցել թուրքական ընկերությունների հետ», — ասում է տնտեսագետը:
Հայաստանի արտադրողները՝ հետևելով պետության կոչին, արագ արձագանքել էին թուրքական ապրանքների ներկրման արգելքի որոշմանն ու ընդլայնել իրենց ներդրումների և արտադրանքի ծավալները։ Եվ այժմ նրանք փաստում են. որոշումը չափազանց կարճաժամկետ էր կայանալու ու հաջողելու համար:
«Փորձեցինք արագ հնարավոր բոլոր վաճառակետերում զբաղեցնել այն տեղերը, որոնք թուրքական ապրանքներն ունեին: Արտադրական ծավալներն ավելացրեցինք 30-40 տոկոսով: 2021թ.-ին գրանցեցինք վաճառքի աճ՝ մոտ 45 տոկոսի չափով:
Թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացման որոշումը, սակայն, շատ ժամանակավրեպ էր, շատ շուտ էր չեղարկելու համար: Պետք էր նվազագույնը գոնե ևս մեկ տարի ժամանակ տրվեր տեղական արտադրողին՝ վերակազմակերպվելու, արտադրության ծավալները մեծացնելու համար, որպեսզի հետագայում դիմադրելու հնարավորություններն ավելի մեծ լինեին», — ասում է տնտեսական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Սոֆտ Պապիրուս» ընկերության հիմնադիր-տնօրեն Տիգրան Կարապետյանը:
Արգելքի վերացման ռիսկերն ու օգուտները
«Էքսպորտ Արմենիա» հայ արտադրողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի դիտարկմամբ՝ կարևորագույն խնդիրը, որը կարող է առաջանալ այս որոշման հետևանքով, բիզնեսի ու պետության միջև անվստահության խորացումն է․
«Լրջագույն խնդիր է, երբ պետության ու բիզնեսի միջև փոխադարձ վստահություն չկա: Ընդ որում, բիզնեսը վստահություն չունի ոչ միայն այն հարցում, որ իրեն չեն խաբի, այլև՝ որ պետական չինովնիկները արհեստավարժ են, որ անգրագետ քայլեր չեն անի: Երբ պետությունը բան է առաջարկում, իսկ բիզնեսը չի հավատում, դա կարող է հանգեցնել նրան, որ պետական կառույցի հայտարարությունները բիզնես ոլորտի ներկայացուցիչերը կարող են ուղղակի լուրջ չընդունել: Ահավոր է, երբ պաշտոնյան խոսում է, նայում ես նրա աչքերին ու մտածում՝ մարդն էլի հենց այնպես խոսում է»:
Ստեփանյանի դիտարկմամբ՝ ներկրման արգելքի չեղարկումը խնդրահարույց էր ոչ միայն կարճաժամկետ լինելու առումով, այլև հիմնավորումների, փաստարկների, վերլուծությունների բացակայության, ինչի արդյունքում մինչև վերջերս պետական տարբեր կառույցներ ու պաշտոնյաներ հանդես էին գալիս իրար հակասող հայտարարություններով:
«Օրենքի կարգավորման ազդեցության վերլուծութուն չի կատարվել։ Եվ երբ ոչ մի վերլուծություն չկա, ինչի՞ հիման վրա են ժամկետը երկարաձգում կամ չեղարկում։ Պետական մակարդակով արվող հայտարարությունները պաշտոնյաների սուբյեկտիվ մոտեցումների ու հիպոթեզների մակարդակում են», — ասում է փորձագետը։
Տնտեսագետ Արմեն Քթոյանը որոշման չեղարկումը համարում է խնդրահարույց ոչ միայն տեղական արտադրողների, այլև՝ երկրի համար․
«Արտաքին առևտուրը պետք է երկկողմ բնույթ կրի, տնտեսագիտական տրամաբանությունն է այդպիսին: Ոչ նորմալ իրավիճակ է համարվում, երբ որևէ երկրի հետ առևտրի 99 տոկոսն ըստ էության ներմուծումն է, իսկ արտահանումը չնչին տոկոս է կազմում: Դա խիստ անհավասարակշիռ մոտեցում է, և այս պարագայում առևտուրն այդ երկրի համար որևէ կերպ շահավետ համարել չի կարելի»:
Հարցը դիտարկելով սպառողների տեսանկյունից, տնտեսագետը նկատում է՝ թուրքական ապրանքների ներկրման արդյունքում քիչ թե շատ կշահի սպառողը՝ իր պահանջարկը բավարարելով համեմատաբար ավելի էժան ապրանքներ ձեռք բերելով:
Հայկական արտադրատեսակները կարող են դուրս մղվել վաճառակետերից
«Թուրքական ապրանքների ներկրումն արդեն իսկ իր էական ազդեցությունը սկսել է ունենալ: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ արտադրում ենք շատ ավելին, քան կարող ենք սպառել: Հետագա ամիսներին ներմուծման ծավալները գնալով կավելանան, ինչը շատ բացասական ազդեցություն կունենա մեր ու մյուս տեղական արտադրողների համար», — ասում է «Սոֆտ Պապիրուս» ընկերության հիմնադիր-տնօրեն Տիգրան Կարապետյանը:
Տեղական արտադրողները մտավախություն ունեն՝ վաճառակետերում դժվարությամբ ձեռք բերված տեղերը կարող են պակասել՝ ներկրվող թուրքական ապրանքատեսակների հաշվին:
«Թուրքական ապրանքներն իրենց տեղն ունենալու են վաճառակետերում, և դա լինելու է թե՛ տեղական արտադրողի, թե՛ ուրիշ ներմուծողների հաշվին։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքական ընկերությունները շատ խոշոր ու հզոր են, ունեն մարքեթինգային շատ մեծ գործիքակազմ, գործարաններից ներմուծողները ստանում են նաև մարքեթինգային ծախսերի փոխհատուցում, որի հաշվին այստեղ վաճառակետերում տեղեր են գնվում», — ասում է գործարարը:
Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ այս իրավիճակում տեղական արտադրողին կարող է օգնության հասնել հատկապես հետպատերազմյան շրջանում ձևավորված հանրային վարքագիծը.
«Վերջին տարիներին որոշակի վարքագիծ է ձևավորվել է հանրության մոտ՝ գնել տեղականը՝ թուրքականի փոխարեն: Կարծում եմ, որ եթե այն ավելի կայուն բնույթ կրի, դա կարող է լինել այն քիչ հնարավորություններից մեկը, որը թույլ կտա նոր ձևավորված տեղական արտադրողներին ի վիճակի լինել մրցակցել: Այս մեխանիզմը կաշխատի, եթե սպառողը գերադասի 100 դրամով գնել տեղականը, քան՝ 70 դրամով թուրքականը»:
Ինչպե՞ս մեղմել ռիսկերը
Թուրքական ապրանքների ներկրման արգելքի չեղարկման լուրին հաջորդեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը.
«Որպես տնտեսության համար պատասխանատու մարմին, մենք պատկերացնում ենք, որ ուշի ուշով պետք է հետևենք այն ընկերություններին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում բացվել են, […] և այնպես անենք, որ իրենց, այսպես ասած, կայացումը հանկարծ չվտանգվի, նրանք դուրս չմնան շուկայից»:
Գործարարները հրապարակային հայտարարություններից զատ ակնկալում են տեղական արտադրողին աջակցության գործնական քայլեր:
«Հետևելը ո՞րն է, հայտարարելով չէ միայն: Ներկրման արգելքով տրվել է հնարավորություն, հիմա՝ արգելքը հանելով ինքնին ռիսկ է առաջացել: Էկոնոմիկայի նախարարությունը պետք է յուրաքանչյուր արտադրողի հետ հանդիպի, հասկանա առաջացած խնդրներն ու աջակցի», — ասում է Էմիլ Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ հիմա, առավել, քան երբևէ, տեղական արտադրողն ունի պետության աջակցության կարիքը: Այս առումով ձեռնարկատերերը հանդես են գալիս գործնական քայլերի առաջարկներով, հույսով, որ կառավարությունը դրանք հաշվի կառնի:
Առաջարկ 1. Աջակցություն վաճառակետերում տեղական արտադրանքի տեղերի պահպանմանը
«Պետք է պետական մոտեցում լինի թեկուզ զրույցների մակարդակով, որպեսզի առևտրային ցանցերը առաջնահերթություն տան տեղական արտադրանքին: Յուրաքանչյուր վաճառակետում դարակաշարերի տեղերի 90 տոկոսից ավելին վճարովի է: Պետությունը կարող է որոշակի ժամանակահատվածով սուբսիդավորել այդ տեղերի վճարի չափով՝ ապահովելով վաճառակետերում տեղական արտադրողների տեղի պահպանության հարցը։
Այսօր հայաստանյան մի շարք խոշոր առևտրի կետերում տեղական արտադրանքն ուղղակի բացակայում է: Այս կերպ պետությունը կարող է օգնել, որ արտադրողը մտնի առևտրային ցանցեր», — ասում է Էմիլ Ստեփանյանը:
Առաջարկ 2. Պետական աջակցություն ու մեխանիզմների ներդրում՝ տեղական արտադրանքի արտահանման խթանման համար
«Այսօր արտահանման որևէ պետական ծրագիր չունենք: «Էքսպորտ Արմենիան» միակ հարթակն է, որտեղ արտահանել ցանկացողները կարող են հարցեր տալ ու ստանալ պատասաններ։ Վերջին տարիներին ասոցացիան էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել բիզնեսի ու արտահանման աջակցման ծրագրային առաջարկներ, սակայն արձագանք մինչ օրս չի ստացել», — ասում է Էմիլ Ստեփանյանը։
Առաջարկ 3. Մատչելի բիզնես վարկավորման կամ սուբսիդավորված վարկավորման հնարավորություն
«Պետությունից միակ ակնկալիքը հայ արտադրողի համար էժան գումարն է, մատչելի վարկային միջոցները: Գոնե այդ մասով պետությունը պետք է որոշակի ռիսկեր վերցնի իր վրա, արտադրողներին ավելի լավ պայմաններով վարկային միջոցներից կամ պետական սուբսիդավորման ծրագրերից օգտվելու հնարավորություն տա։ Մենք էլ մեր պայքարի միջոցները կիրառելով, արտադրանքի որակը բարելավելով, արտադրական ծավալները մեծացնելով կկարողանանք իջեցնել արտադրանքի ինքնարժեքն ու կկարողանանք մրցակցել», — ասում է գործարար Տիգրան Կարապետյանը:
Մինչ պետական մոտեցումները կհստակեցվեն, տնտեսագետ Արմեն Քթոյանը արտադրողներին հորդորում է փնտրել նորարարական ու էներգախնայող լուծումներ, իսկ սպառողներին՝ սատարել տեղական արտադրողին: