«Ինչ կլինի հետո, կյանքը ցույց կտա». Իլհամ Ալիևը՝ Հայաստանի հետ բանակցային գործընթացի մասին
«Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը` անդրադառնալով սահմանային գոտում իրանական բանակի վերջին զորավարժություններին։ Ալիևն անդրադարձել է նաև Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, նշելով, որ «խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված այնտեղ, նշված է նրանց գտնվելու ժամկետը»։ «Եթե Հայաստանը բարի կամք դրսևորի, պայմանագիր կստորագրվի, եթե ոչ՝ չի ստորագրվի։ Թե ինչ կլինի հետո, կյանքը ցույց կտա»,- Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ասել է Ալիևը։
- «ԱՄՆ-ն ուղիղ երկխոսության կողմնակից է». Միրզոյան-Բայրամով բանակցություններ Վաշինգտոնում
- ԵՄ-ն 3 անգամ քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու, քան ռուսական նավթի և գազի վրա
- Ռուսաստանից՝ կանխիկով. ռուսները փախչում են, Վրաստանը՝ բարգավաճում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է 2020 թվականի աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հաղթանակի օրվա կապակցությամբ Շուշայում (Շուշի) կազմակերպված միջոցառմանը, որի շրջանակում հանդես է եկել ելույթով։
«Դա կեղծավորություն է, դավաճանություն է»
Ալիևն իր ելույթում, չնշելով երկիրը, անդրադարձել է Իրանի թեմային՝ Ադրբեջանի հարավային հարևանի վերջին գործողություններն անվանելով «կեղծավորություն».
«Մենք սերտ կապեր ենք հաստատել մահմեդական երկրների հետ և կարողացել ենք բացատրել նրանց, որ Հայաստանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն մեր, այլև ողջ մահմեդական աշխարհի դեմ։
Նրանք, ովքեր քանդում են մզկիթները, չեն կարող լինել մուսուլմանների ընկերները։ Մուսուլմանական երկրների ղեկավարները կարո՞ղ են իրենց գիրկը բացել մզկիթները քանդողների առաջ։ Կարո՞ղ են նրանց գրկել և համբուրել: Դա կեղծավորություն է, դավաճանություն է։ Դրան այլ անուն չկա։
Ուստի մենք Հայաստանը մեկուսացրել ենք մահմեդական աշխարհի հիմնական սյուներից։ Ճիշտ է, մեզ դա ամբողջությամբ չի հաջողվել։ Դա այլ պատճառներ էլ ունի՝ ահա իմ անվանած կեղծավորությունը։ Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանը մահմեդական աշխարհում ճանաչվել է որպես մզկիթներ քանդող երկիր, և մենք ենք դրան հասել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
«Պետք է պատրաստված լինենք և պատրաստ ենք»
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի 2023 թվականի պետական բյուջեում ռազմական ծախսերը հասել են ռեկորդային մակարդակի, նաև բացատրել այդ աճի պատճառը.
«Կարող են հարցնել՝ ինչո՞ւ, պատերազմը մնացել է անցյալում, երկու տարի է անցել։ Պատասխանը շատ պարզ է։ Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում։ Հայաստանում գլուխ են բարձրացնում ուժեր, շրջանակներ, որոնք չեն ցանկանում համակերպվել պատերազմի արդյունքների հետ։
Հայաստանը լիովին չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության կետերը, ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, մեզ չի տրամադրել Զանգեզուրի միջանցքը և պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում մեր դեմ։ Իհարկե, մենք պետք է պատրաստված լինենք, և մենք պատրաստ ենք»։
«Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են տեղակայված»
Ադրբեջանի նախագահը կրկնել է այն թեզը, թե Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք, և կարծիք է հայտնել տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության տևողության վերաբերյալ։
«Հայաստանը չպետք է մոռանա ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, և նրանք պետք է իմանան, որ կրակի հետ խաղալն իրենց վրա թանկ կնստի։ Եթե այնտեղ ինչ-որ մեկը՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն կամ արտերկրի կողմից ուղարկված ինչ-որ տարր, ինչ-որ չար մտադրություններ ունենա մեր դեմ, ապա նա նորից կտեսնի մեր բռունցքը, և դա է ցույց տվել վերջին երկու տարվա պատմությունը։
Անգամ այս տարվա իրադարձությունները՝ «Փառուխ», «Հատուցում» օպերացիաները, սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները, այդ ամենը պետք է դաս լինի Հայաստանի համար։ Մենք սովորեցնում ենք այդ դասը և հուսով ենք, որ նրանք վերջապես դա կհասկանան, խոնարհաբար կզբաղվեն իրենց ներքին գործերով, նախանձով չեն նայի մեր հողերին, Ղարաբաղին։
Ղարաբաղը մեր հողն է։ Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են տեղակայված, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը, և եթե նրանք հույսը դնեն ինչ-որ մեկի վրա, նորից կբախվեն ողբերգության»,- ընդգծել է նա։
«Մեր համբերությունն անսահման չէ»
«Մենք պարզապես միշտ հարգանքով ենք վերաբերվում բոլոր միջազգային պայմանավորվածություններին։ Մենք արդար ժողովուրդ ենք և արդար երկիր։ Եթե պարտավորություն ենք ստանձնել, ուրեմն կատարում ենք։ Մենք կատարում ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները, արդեն երկու տարի է, ինչ կատարում ենք։
Իսկ Հայաստանը կատարո՞ւմ է։ Ոչ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո պարզապես այնպիսի վախի մեջ էր, որ, բնականաբար, կատարում էր այդ դրույթները, և օկուպացված Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջանները մեզ վերադարձվեցին առանց մեկ կրակոցի։ Եթե չվերադարձնեին, նորից կջարդեինք նրանց գլուխները։
Իսկ ի՞նչ եղավ հետո։ Դրանից հետո նրանք նորից սկսեցին ժամանակ ձգել։ Կրկին ուզում եմ ասել, որ այդ պարտավորությունը դեռևս ամբողջությամբ չի կատարվել։ Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում։ Մեր համբերությունն անսահման չէ, և ես ևս մեկ անգամ ուզում եմ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, ապա Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր»,- ասել է Ալիևը՝ խոսելով Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքի մասին։
«Սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները հենց այնպես չեն եղել»
Ադրբեջանի նախագահն իր ելույթում անդրադարձել է սեպտեմբերի 13-14-ի սահմանային հակամարտությանը և այդ մարտերի արդյունքում ստեղծված իրողություններին.
«Սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները հենց այնպես տեղի չեն ունեցել։ Բնականաբար, Հայաստանը հերթական ռազմական սադրանքն է արել մեր դեմ։ Բայց մեր պատասխանը շատ գործուն էր։ Մեր պատասխանը կարող էր ավելի թույլ լինել, եթե նրանք կատարեին իրենց պարտավորությունները։ Մեր պատասխանը կարող էր ավելի կոշտ լինել, եթե պատերազմ ցանկանայինք։ Մենք դա չենք ուզում, արյունահեղություն չենք ուզում։ Մենք պարզապես ուզում ենք այն, ինչ իրավամբ մերն է։
Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է հրաշալի հասկանա, թե ինչ է դա նշանակում։
Այսօր ռազմավարական այս բարձունքներից մենք մեր աչքերով տեսնում ենք Ղարաքիլիսա (Սիսիան), Կաֆան (Կապան), Գորիս, Իստիսու (Ջերմուկ) քաղաքները։ Մենք գտնվում ենք Բալա Գոյչա լճի ափին (Սևանա լճի հարևանությամբ գտնվող փոքրիկ լիճ): Մեր աչքի առաջ է նաև Բոյուկ Գոյչա (Սևան) լիճը։ Այս ամենը իրականություն է։ Այս իրողությունները մենք ստեղծել ենք Հայրենական պատերազմից հետո։ Ինչո՞ւ։
Առաջին հերթին՝ ի պատասխան Հայաստանի ռազմական սադրանքների, մյուս կողմից՝ ապագա ռազմական սադրանքներից ապահովագրվելու համար, քանի որ նշածս բարձունքներից երևում է Հայաստանի դիրքերի մեծ մասը։ Իսկ եթե այնտեղ ուժերի կենտրոնացում լինի, մենք դա կտեսնենք ու անմիջապես միջոցներ կձեռնարկենք։
Միաժամանակ այն պատճառով, որ Հայաստանը չի կատարում իր միջազգային պարտավորությունները։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանը պարտություն կրեց, նրա բանակը ոչնչացվեց։ Պարտված երկիրը չի կարող իրեն այսպես պահել։ Ուստի մեր բոլոր քայլերն արդարացված են։
Ճիշտ է, Հայաստանի որոշ օտարերկրյա հովանավորներ ուզում են մեզ ինչ-որ բանում մեղադրել։ Ես նրանց էլ եմ պատասխանել։ Եթե նրանք նորից ծուղրուղու կանչեն ինչ-որ բանի մասին, նորից կպատասխանեմ։ Դա ինձ չի կանգնեցնի: Բայց փաստն այն է, որ մենք պահանջում ենք մեր իրավունքները, իսկ Ադրբեջանի իրավացի լինելը միջազգային խոշոր դերակատարները հարցականի տակ չեն դնում»։
«Ինչ կլինի հետո, կյանքը ցույց կտա»
Ալիևն իր ելույթում խոսել է նաև Ադրբեջանի հետ սահմանին իրանական բանակի վերջին զորավարժությունների մասին.
«Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում։ Եթե պետք լինի, էլի ցույց կտանք, կհասնենք մեր ուզածին։ Սա գիտեն բոլորը, և սա պետք է իմանան նաև նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- ընդգծել է նա:
«Եթե Հայաստանը ցանկանում է բարիդրացիության քաղաքականություն վարել, ապա առաջին հերթին պետք է կատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր դրույթները։ Նա պետք է անկեղծ լինի Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում։ Չպետք է արհեստականորեն ժամանակ ձգի, չպետք է սպասի ինչ-որ հրաշքի, որ ինչ-որ մեկը կգա ու կկռվի իր փոխարեն։ Ոչ ոք չի գա ու չի կռվի նրանց փոխարեն, իսկ եթե կռվի էլ, նորից իր դիմաց կտեսնի ադրբեջանական բանակը։
Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, բայց արդար խաղաղություն։ Մեր առաջ քաշած պայմանները արդար են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հենց այդ պայմանների հիման վրա։ Եթե Հայաստանը բարի կամք դրսևորի, այն կստորագրվի, եթե ոչ՝ չի ստորագրվի։ Թե ինչ կլինի հետո, կյանքը ցույց կտա»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։