Ինչպիսին պետք է լինի լավ մենեջերը
Ինչու որոշ դեպքերում թեկուզ և շատ լավ մասնագետի ղեկավարության ներքո թիմը զգալի արդյունքներ չի տալիս, այնինչ մյուս մենեջերների աշխատակիցներն ավելի մոտիվացված են և արդյունավետ: Google որոնողական համակարգը հետևյալ պատասխանն ունի:
Google ընկերության վիճակագրության բաժնի մասնագետներն առաջադրանք են ստացել պարզելու, թե կոնկրետ որ որակներն են ղեկավարին լավ մենեջեր դարձնում:
Նրանք երկու տարվա ընթացքում հետազոտություն են անցկացրել Oxygen («Թթվածին») ծածկանվամբ: Հազարավոր հարցազրույցներ են անցկացվել, որոնց մասնակցել են Google ընկերության աշխատակիցները, հաճախորդները և բոլոր այն մարդիկ, ովքեր կապի մեջ են եղել ընկերության մենեջերների հետ:
400 էջանոց հետազոտությունն անսպասելի էր բոլոր նրանց համար, ովքեր ավանդաբար Google-ից ինչ-որ հեղափոխական բացահայտումներ են սպասում:
Ամեն ինչ շատ ավելի պարզ է: Ինչպես պարզվել է, աշխատակիցներն ամենից շատ գնահատում են ոչ թե լավ մասնագետ մենեջերին, այլ հավասարակշռված ղեկավարին, ով կարող է ժամանակ գտնել աշխատակիցների հետ անձամբ զրուցելու համար, անմիջականորեն օգնում է նրանց լուծել խնդիրները, հարցադրումներ է անում և չի խուսափում պատասխաններից, հետաքրքրվում է աշխատակիցների կյանքով և աջակցում է նրանց կարիերայի աճին:
Հետազոտության մշակումից և անցկացված վերլուծությունից հետո ընկերության մասնագետները 8 հիմնական կանոն են առանձնացրել, որոնք թթվածնի պես պետք են լավ մենեջերին:
Լավ մանկավարժ եղեք
- Ձեր առաջադրանքները պետք է պարզ ու հասկանալի լինեն: Ձեր գնահատականները՝ հստակ ու կոնստրուկտիվ:
- Միշտ պահպանեք քննադատության և գովասանքի հավասարակշռությունը: Իմացեք, որ աշխատանքային գործընթացի այս երկու բաղադրիչները պարտադիր են: Եթե դուք ունակ եք միայն քննադատել, ձեզ դժվար է լավ մենեջեր անվանել:
- Աշխատակիցների հետ հաճախ դեմ առ դեմ հանդիպումներ ունեցեք: Նրանց հանձնարարություններ և հստակ առաջադրանքներ տվեք՝ հաշվի առնելով նրանց ուժեղ կողմերը: Լավ մենեջերը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր աշխատակցի ուժեղ և թույլ կողմերը: Լավ մենեջերը միշտ շեշտադրում է աշխատակցի ուժեղ կողմն այնպես, որ նրա թույլ կողմը երկրորդ պլանում է հայտնվում:
Լավ մենեջերը վստահում է իր թիմին և երբեք չի զբաղվում միկրոմենեջմենթով
- Ձեր աշխատակիցներին առավելագուն ազատություն տվեք: Նրանց հնարավորություն տվեք անել իրենց գործը: Մի ծանրաբեռնեք նրանց բյուրոկրատիայով ու սահմանափակումներով:
- Հասանելի եղեք այնպես, որ աշխատակիցները ցանկացած պահի կարողանան դիմել ձեզ և խորհուրդ հարցնել:
- Ձեր աշխատակիցների համար աճի պայմաններ ստեղծեք. վստահեք նրանց լուրջ խնդիրների լուծումը: Մենեջերն, ով ամեն ինչ իր ձևով է լուծում, վատ մենեջեր է:
Ցուցադրեք աշխատակիցների հաղթանակների և անձնական բարեկեցության հանդեպ ձեր հետաքրքրվածությունը
- Հետաքրքրվեք ձեր աշխատակիցների կյանքով, թե ինչպես են նրանք ապրում, ինչ հետաքրքրություններ ունեն աշխատանքից դուրս:
- Ուշադիր եղեք նոր աշխատակիցների հանդեպ և օգնեք ադապտացվել:
Լավ մենեջերն արդյունավետ է և միշտ հաշվի է առնում արդյունքը
- Կենտրոնացեք նրա վրա, թե ինչ կոլեկտիվ արդյունքի են ձգտում ձեր աշխատակիցներն ու ինչպես կարող են հասնել դրված նպատակին:
- Օգնեք նրանց նախանշել առաջնահերթություններն ու օգտագործեք ձեր իրավասությունները խոչընդոտները չեզոքացնելու համար:
- Երբ բանը հասնում է արված աշխատանքին, մի եղեք «սիրելի», եղեք պահանջկոտ:
Լավ մենեջերը հիանալի շփման ձիրք ունի: Նա կարողանում է լսել
- Հարաբերությունները երկկողմանի գործընթաց են: Դուք ու ձեր աշխատակիցներն անպայման պետք է ուշադիր լսեք միմյանց կարծիքներն ու գաղափարները, փոխանակվեք տեղեկատվությամբ:
- Խրախուսեք բաց քննարկումները: Դուք «մտքեի փոխանակում» չե՞ք անում: Ուրեմն վատ մենեջեր եք:
Լավ մենեջերն աջակցում է իր աշխատակիցների կարիերայի աճին
- Եթե ձեր աշխատակիցները պրոֆեսիոնալ աճ չունեն, դա միայն նրանց խնդիրը չէ: Մտածեք, թե ինչն եք սխալ անում:
Երբեք մի մոռացեք ընկերության ռազմավարության մասին. միշտ հիշեք, թե «դեպի ուր է ընթանում նավը»
- Հստակ պլան ունեցեք: Նույնիսկ ամենաբարդ իրավիճակում մի մոռացեք ձեր գլխավոր նպատակների և ռազմավարության մասին:
- Ձեր աշխատակիցներին մասնակից դարձրեք նպատակների նախանշման և ընկերության ռազմավարության մշակման գործընթացին:
Լավ մենեջերն պրոֆեսիոնալ է, ով միշտ պատրաստ է օգնել իր աշխատակիցներին ճիշտ խորհրդով
- Անհրաժեշտության դեպքում դուք պետք է ներգրավվեք աշխատանքին որպես հասարակ աշխատակից:
- Դուք պետք է կարողանաք պարզել, թե ինչու է ձգձգվում աշխատանքը, ինչն է խանգարում, ինչ դժվարություններ կան այս կամ այն կոնկրետ աշխատանքում:
Հրապարակվել է 15.07.2016