Ինչպիսի՞ իրավիճակ է հայ-ադրբեջանական շփման գծում․ դռնփակ քննարկում Հայաստանի խորհրդարանում
Հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակն ու սահմանազատման խնդիրներն այսօր քննարկել են Հայաստանի խորհրդարանում։ Դռնփակ նիստին ընդդիմությունը սպասել էր ավելի քան երկու ամիս, սակայն շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չհնչեցին։
Փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում մանրամասներ են ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Դեռևս օգոստոսի 17-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես էր եկել սահմանին տիրող իրավիճակը որևէ ձևաչափով քննարկելու առաջարկով։ Պատգամավորների ձայների մեծամասնությամբ [63 կողմ, 17 ձեռնպահ] առաջարկն ընդունվեց ամիսներ անց միայն՝ հոկտեմբերի 26-ին։
Կառավարությունը քննարկմանը մասնակցելու և հարակից զեկուցմամբ հանդես գալու համար խորհրդարան էր գործուղել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին, թեև ընդդիմությունն ակնկալում էր նաև արտգործնախարարի մասնակցությունը։
Փակ քննարկման ընթացքում դահլիճը լքել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասել է, թե «որևէ հարցի պատասխան չի տրվում», իսկ ինքը «չի ցանկանում շարունակել լսել այդ խեղկատակությունը»․
«Ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է, անգամ սահմանի երկայնքի չափը չի ասվում։ Սա ուղղակի արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ»։
Ինչո՞ւ պատերազմից հետո կահավորված չեն ՀՀ սահմանները։ Ինչո՞ւ ՀՀ պետական սահմանը կարողացավ հատել ադրբեջանական զինուժը, և ինչո՞ւ է ադրբեջանցիներին դիմավորել հովիվը։ Ընդդիմադիր պատգամավորը չի ստացել իրեն հուզող այս հարցերի պատասխանները.
«Սա ոչ թե առաջին կամ երկրորդ դեմքի խնդիր է, այլ իշխանության տեսակետն է, որ բոլոր հարցերը տարրալուծեն, որևէ հարցի կոնկրետ պատասխան չտան, և, ըստ էության, ստացվում է, որ մենք մեր երկրի ամենակարևոր՝ անվտանգային հարցերի մասին չունենք պատասխաններ»։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ է լրագրողներին ասել, որ պատգամավորները շատ հարցերի պատասխաններ չեն ստացել․
«Մենք այստեղ հրավիրել էինք քաղաքական գործիչների, այսինքն` գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են ռազմաքաղաքական, իրավական հենքերին, սակայն մենք չստացանք պատերազմից հետո իրավիճակի գնահատման առնչությամբ մի շարք հարցերի պատասխաններ»։
Պատգամավորի դիտարկմամբ՝ որևէ հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է, հատկապես՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում․
«Եզրակացությունը մեկն է․ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով` ՀՀ իշխանությունների՞, թե՞ ում կողմից, թող իրենք գնահատեն և հանրությանը ներկայացնեն»։
Ըստ Օհանյանի՝ ժամանակին որոշում չի ընդունվել նաև կարևոր ռազմավարական կետերը [բարձունքներ ու ճանապարհներ] զբաղեցնելու վերաբերյալ։
ՊՆ նախկին նախարարի գնահատմամբ՝ Ադրբեջանի պարտադրմամբ սահմանագծում է արվում։
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ասել է, որ չի արվել որևէ եզրակացություն, թե` ինչո՞ւ ադրբեջանցիները մխրճվեցին ՀՀ տարածք, ովքե՞ր են մեղավորները, ի՞նչ պատասխանատվություն են կրել, և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այսօր այդ դիրքերը վերականգնելու ուղղությամբ։
Կամո Քոչունցն ու Արման Մարալչյանը պատգամավորներին վստահեցրել են, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։
«Հաստատեցին հետևյալը, որ եղել է ՌԴ հենակետ երկու երկրների [Հայաստանի և Ադրբեջանի] հենակետերի միջև։ Այդ հենակետը իրենց [ռուսական կողմի] որոշմամբ դուրս է հանվել, և դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել», — ասել է Օհանյանն ու հավելել, որ «ճիշտ կլինի խորհրդարանական վերահսկողության ներքո գնալ և տեղում տեսնել»։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տարածվեց լուր, թե Կապանի Փելա սարը հանձնել են Ադրբեջանին։ ԶԼՄ-ների հետ զրույցում այն հաստատեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ ու հերքեց տեղեկությունը՝ ընդգծելով, որ նշված հատվածում պետական սահմանի պահպանությունը շարունակում են իրականացնել ՀՀ սահմանապահ զորքերը։