Ինչպիսի՞ն էր Տոկիոյի Օլիմպիադան Հարավային Կովկասի երկրների համար։ Ամփոփում և լուսանկարներ
Վրաստանի հաջողությունն Օլիմպիադայում, «պայմանավորված» արդյունքի շուրջ սկանդալ Ադրբեջանում, Հայաստանը դատի է տվել
Տոկիոյի Օլիմպիադան պատմության մեջ ամենատարօրինակն էր՝ մեկ տարի ուշացումով և առանց հանդիսատեսի։ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մարզիկները նույնպես մրցակցում էին 206 երկրի ավելի քան 11 000 մարզիկների շարքում։
Վրաստանի համար աննախադեպ հաջողություն գրանցվեց, Ադրբեջանի համար՝ վատթարագույնը 25 տարում, Հայաստանի համար՝ երրորդ լավագույնը կրկին 25 տարում։
Երեք երկրների արդյունքերի մասին՝ մանրամասն։
Վրաստան․ աննախադեպ հաջողություն
Վրաստանը ոչ միայն լավագույն արդյունքն է դրսևորել Հարավային Կովկասի երեք երկրներից։ Տոկիոյի Օլիմպիական խաղերն աննախադեպ էին նրա համար։
Դեռ չէր եղել, որ մի Օլիմպիադայում Վրաստանն ութ մեդալ նվաճեր՝ երկու ոսկե, հինգ արծաթե և մեկ բրոնզե։
Սա մեդալների քանակով լավագույն արդյունքն է անկախ Վրաստանի պատմության մեջ, որը ցուցադրվել է Օլիմպիական խաղերում։
Ընդհանուր առմամբ մասնակցում էին 33 վրացի մարզիկներ։ Նրանք մրցում էին 11 տարբեր մարզաձևերում։
Ձյուդոյիստ Լաշա Բեքաուրին և ծանրորդ Լաշա Տալախաձեն օլիմպիական չեմպիոն են դարձել և ոսկե մեդալակիրներ։
Ընդհանուր առմամբ, վրացական պատվիրակությունը զբաղեցրել է 33-րդ տեղն ու ներառվել եվրոպական երկրների քսանյակում, որոնք լավագույն արդյունքն են ունեցել Օլիմպիադայում։
Վրաստանը շրջանցել է շատ երկրների, որոնք սպորտի վրա շատ ավելի մեծ գումար և այլ ռեսուրսներ են ծախսում։ Օրինակ՝ իրենց արդյունքներով Վրաստանին զիջել են Թուրքիան, Հունաստանը, Ավստրիան, Արգենտինան և Պորտուգալիան։
Հետխորհրդային երկրների թվում Վրաստանը երրորդ տեղն է զբաղեցրել, ինչը նույնպես պատմական արդյունք է։ Վրաստանը շրջանցել է այնպիսի մարզական հսկաների, ինչպիսիք են Ուկրաինան և Բելառուսը։
Օլիմպիական չեմպիոններ Լաշա Բեքաուրին և Լաշա Տալախաձեն պետությունից որպես պարգև կստանան մեկական միլիոն լարի [մոտ $330 հազար]։
Լաշա Բեքաուրին՝ 90 կգ քաշային կարգում 21-ամյա երիտասարդ վրացի մարզիկը, ասել է, որ այդ գումարի մի մասը ծախսելու է արտագաղթած տատին և մորաքրոջը Վրաստան վերադարձնելու վրա։
Լաշա Տալախաձեն շատ ավելի փորձառու մարզիկ է։ Նա առաջին մարզիկն է, որն անկախ Վրաստանի դրոշի ներքո կրկնակի օլիմպիական չեմպիոն է դարձել։
Իր առաջին օլիմպիական ոսկին աշխարհի քառակի չեմպիոն ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Տալախաձեն բերել էր Ռիո դե Ժանեյրոյից, 2016 թ-ին։
Լաշա Տալախաձեն ծանրամարտիկ է, որը հանդես է գալիս +109 կգ քաշային կարգում։ Ընդհանուր առմամբ, Օլիմպիադայում նա բարձրացրել է 488 կգ և թարմացրել համաշխարհային ռեկորդը, որը սահմանել էր ավելի վաղ։
Վրաստանը կարող էր ևս մեկ՝ իններորդ մեդալն ունենալ։ 30-ամյա վրացի ըմբիշ Զուրաբ Դաթունաշվիլին (87 կգ) Սերբիայի դրոշի ներքո բրոնզե մեդալ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում։
Դաթունաշվիլին Վրաստանն ու Վրաստանի հավաքականը լքել էր 2019 թ-ին, Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Գեգա Գեգեշիձեի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Գեգեշիձեն վիրավորել էր ապագա օլիմպիականին և հայտարարել, որ նա պետք չէ թիմին, որովհետև թույլ է։
Իսկ Տոկիոյի Օլիմպիադայում վրացական պատվիրակության ամենահիշված կադրերից մեկը Վրաստանի հավաքականի գլխավոր բժիշկ Զուրաբ Կախաբրիշվիլիի անկեղծ հույզերն էին։
Ադրբեջան․ վատթարագույն արդյունքը 25 տարում
Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ադրբեջանի հավաքականը ներկայացված էր 44 մարզիկներով, այն վատթարագույն արդյունքն է ցուցադրել 1996 թ-ի Օլիմպիադայից ի վեր։
Ադրբեջանական թիմը կարողացել է 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ նվաճել։ Միայն ադրբեջանցի մարզիկների համար դեբյուտային խաղերում Ատլանտայում (1996) թիմը ոսկե մեդալներ չէր շահեր, և դա կրկնվեց մեկ քառորդ դար անց, Ճապոնիայի մայրաքաղաքում։
Կարևոր է նաև այն, որ Տոկիոյի Օլիմպիադայի յոթ մեդալակիրներից միայն երեքն էին ադրբեջանցի, մնացածներն օտարերկրացիներ էին, որոնք Ադրբեջանի քաղաքացիություն ունեն։
«Արծաթ» են նվաճել կարատեիստ Իրինա Զարեցկան (ծնունդով ուկրաինացի է), կարատեիստ Ռաֆայել Աղաևն ու ըմբիշ Հաջի Ալիևը։
«Բրոնզը» բաժին է ընկել բռնցքամարտիկ Ալֆոնսո Դոմինգեսին (կուբացի), ձյուդոիստ Իրինա Կինձերսկայային (ուկրաինացի), ըմբշամարտիկ Մարիա Ստադնիկին (բելառուս) և Ռաֆիկ Հուսեյնովին։
Խաղերում ձյուդոյի ծրագրի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիան հայտարարել է մարզիկների աշխատավարձերի կրճատման և մարզչական շտաբի փոփոխման մասին։
Ավանդաբար, ձյուդոն ամենահաջող մարզաձևերից է, որի շնորհիվ ադրբեջանցի մարզիկներն օլիմպիադաներում համալրում են մեդալների քանակը։
Սենսացիոն էր կարատեի օլիմպիական մրցաշարի արծաթե մեդալակիր Ռաֆայել Աղաևի խոստովանությունը մրցակցի հետ «պայմանավորվածության» մասին։
Եզրափակչում իտալացի Լուիջի Բուզայից կրած պարտությունից անմիջապես հետո Ռաֆայելն Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոստովանել էր, որ «մրցումների մեկնարկից առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել իտալացի մարզիկի հետ»։
Ռաֆայելը պատմել է, որ խմբային փուլում հատուկ է պարտվել Բուզային, որպեսզի նա կարողանա կիսաեզրափակիչ դուրս գալ։ Դրա դիմաց Բուզան խոստացել էր հարկ եղած դիմադրություն չցուցաբերել, եթե Աղաևի հետ եզրափակիչ դուրս գա։
Սակայն արդյունքում այլ կերպ էր ստացվել․ եզրափակչում Բուզան հաղթել էր Աղաևին 1:0 հաշվով և դարձել օլիմպիական չեմպիոն։
Արդեն Բաքու ժամանելուց հետո Ռաֆայել Աղաևը հայտարարել էր, որ պատրաստվելու է աշխարհի առաջնությանն ու բոլորին ապացուցելու է, որ ինքն իտալացի կարատեիստից ավելի ուժեղ է։ «Այսուհետ նա ինձ համար մրցակից չէ, այլ՝ թշնամի», — հայտարարել էր Աղաևը։
Հայաստան․ երրորդ լավագույն արդյունքը 25 տարում
Տոկիոյի Օլիմպիական խաղերից Հայաստանը ներկայացնող մարզիկները վերադարձել են չորս մեդալով՝ երկու արծաթ ու երկու բրոնզ։
Ընդհանուր մեդալային հաշվարկում դա ապահովել է Հայաստանին 69-րդ հորիզոնականը։
17 մարզիկից բաղկացած պատվիրակությանում ներկայացուցչական խմբով էին ըմբիշները՝ երկու ազատ ոճային և չորս հունահռոմեական։
Միակ արծաթե մեդալը հունահռոմեականներից ապահովել է Արթուր Ալեքսանյանը։ Եզրափակիչ գոտեմարտում նա զիջել է Ռուսաստանի Օնլիմպիական կոմիտեն ներկայացնող Մուսա Եվլոևին։
Արթուր Ալեքսանյանի հետ շատ մեծ հույսեր էին կապվում, քանի որ նա Ռիոյի 2016 թ-ի Օլիմպիադայի ոսկե մեդալակիր է և Լոնդոնի 2012 թ-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի մարզչական շտաբը մեղադրել է մրցավարներին անարդար մրցավարության համար։
Հայաստանում հրավիրված մամուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Գևորգ Ալեքսանյանը, որը հավաքականի մարզիչներից մեկն է և Արթուր Ալեքսանյանի հայրը, նույնիսկ հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարվել միջազգային կարգի մրցավարության գրքույկից։
Նույն ասուլիսի ընթացքում հնչել է նաև հայտարարություն անարդար մրցավարության փաստի առթիվ միջազգային դատարան դիմելու մասին, որի պատճառով Հայաստանի հավաքականը կորցրել է «նվազագույնը երեք մեդալ»։
Նկատի է առնվում․
- պոտենցիալ ոսկե մեդալը, որին չարժանացավ Արթուր Ալեքսանյանը,
- անարդար մրցավարությունը Կարապետ Չալյանի գոտեմարտում, որը պայքարում էր երրորդ տեղի համար 77 կգ քաշային կարգում,
- Կարեն Ասլանյանի (67 կգ) քառորդ եզրափակիչ գոտեմարտն ընդդեմ եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլսայիդիի։
Հայաստանի հավաքականի համար երկրորդ արծաթե մեդալը նվաճել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)։
Իր ելույթից անմիջապես հետո նա խոստովանել է, որ պայքարում էր միայն ոսկե մեդալի համար, ու գրանցած արդյունքը իր թույլ տված սխալների հետևանքն է։ Սա Սիմոն Մարտիրոսյանի երկրորդ օլիմպիական արծաթն է։
Բրոնզե մեդալները, որոնք այս անգամ նվաճեցին մարզիկները, թերևս, շատ ավելի մեծ կարևորություն ունեն հայկական սպորտի համար։
Տևական ընդմիջումից հետո, վերջապես, մեդալային օլիմպիական հաջողություն է գրանցում բռնցքամարտը։ Բրոնզե մեդալի արժանացավ Եվրոպայի կրկնակի ու եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։
Սա հետխորհրդային Հայաստանի երկրորդ օլիմպիական մեդալն է բռնցքամարտում։
Չնայած մարզումային անմխիթար պայմաններին, սպորտային մարմնամարզությունն ավանդաբար ուժեղ մարզաձև է Հայաստանի համար։ Եվ այս խաղերում մարմնամարզիկ Արթուր Դավթյանն օլիմպիական բրոնզ շահեց։
Սա հայ մարմնամարզիկների առաջին օլիմպիական մեդալն է Մոսկվայի 1980 թ-ի խաղերից ի վեր։
Ընդհանուր առմամբ, Տոկիայի Օլիմպիական խաղերում Հայաստանը գրանցել է հետխորհրդային սպորտի լավագույն երրորդ արդյունքը։
Իրավիճակն ավելի լավ է դասավորվել Ատլանտայում 1996 թ-ին, երբ ըմբիշ Արմեն Նազարյանը ոսկի է նվաճել, և Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ-ին, երբ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատվանդանին է բարձրացել որպես ոսկե մեդալակիր։