Ղարաբաղ․ բոլորն արտահայտել են իրենց դիրքորոշումն՝ այդ թվում Մոսկվան և Վաշինգտոնը։ Թեզեր
Ղարաբաղում մարտերի 18-րդ օրը հակամարտության լուծման ուղիների մասին ծրագրային հայտարարություններ արեցին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները, Ղարաբաղի նախագահը, Ռուսաստանի ԱԳՆ-ն և ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն՝ Ֆրանսիայի հետ միասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են, որը ղարաբաղյան հակամարության բանակցային գործընթացի միջնորդն է 1992 թ-ից ի վեր։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, թուրքական HaberTürk հեռուստաալիք
• «Ադրբեջանցիներն ու հայերը կարող են խաղաղ ապրել միասին Ղարաբաղում»;
•«Բանակցությունները հնարավոր են միայն մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրում են օկուպացված հողերի վերադարձն Ադրբեջանին»;
• «Բանակցություններին մասնակցելու են միայն Հայաստանն ու Ադրբեջանը»; «Թուրքիան պետք է ներգրավված լինի բանակցային գործընթացում»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ուղերձ ժողովրդին
• «Միջազգային ուժերն ու կազմակերպությունները չեն արձագանքում կատարվածին, կարծում են, որ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն ընդունելի է լինելու»։
• «Սա նման է 1938 թ-ի Մյունխենյան համաձայնագրին, երբ իբր խաղաղության նպատակով Չեխոսլովակայի տարածքը փոխանցվեց Գերմանիային»։
• «Արդյո՞ք աշխարհը թույլ կտա, որ նոր Հիտլեր հայտնվի, այս անգամ՝ Փոքր Ասիայում»։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ գերմանական Bild պարբերականին
• «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ խաղաղ գործընթացը չխաթարելու համար»;
• «Թուրքիայի նախագահի վրա ազդելու և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար հակամարտությանը պետք է ներգրավված լինեն երրորդ, չորրորդ կողմեր»:
Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյան
• «Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարն ու սկսել է՛լ ավելի հուժկու հարվածներ հասցնել»։
• «Որոշ հատվածներում հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել և ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ»։
• Նա կոչ է արել բոլորին «ֆիզիկապես մասնակցել հայրենիքի պաշտպանությանը»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսաստանցի լրագրողներին
• Խաղաղապահներ և ռուս դիտորդներ Ղարաբաղում;
• 1990-ականների պատերազմից հետո Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձ Ադրբեջանին;
• անվտանգության երաշխիքներ Ղարաբաղի [հայ] բնակչության համար:
Ջո Բայդեն, 2020 թ-ի նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություներում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից
Հայտարարությունը՝ Ջո Բայդենի պաշտոնական կայքում
• Թրամփի վարչակազմը զգալիորեն պասիվ է այս սրացման հարցում։ Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ պետքարտուղար Պոմպեոն չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ չնայած նրան, որ տարածաշրջանը կրակով է համակված։
• Դիվանագիտական լիազորությունները Մոսկվային հասցեագրելու փոխարեն ԱՄՆ վարչակազմը պետք է ինքն ակտիվ մասնակցություն ունենա՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար։
• Թրամփի վարչակազմը պետք է Ադրբեջանին ասի, որ չի հանդուրժի այս հակամարտությունում ռազմական լուծում պարտադրելու նրա փորձերը։
• Թրամփի վարչակազմը պետք է Հայաստանին հասկացնել տա, որ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները չեն կարող անվերջ օկուպացված մնալ։
• Ի վերջո, նա պետք է դադարի դայակություն անել Անկարային և Թուրքիային ու Իրանին ասի, որ նրանք հեռու մնան այս հակամարտությունից։
• Ադրբեջանին Թուրքիայի կողմից զենք մատակարարելն ու ռազմական լուծումը սատարող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու քայլեր են։