Ինչպես է դինամիկան սպանում սերը
Եթե համացանցում ծանոթ մարդիկ քննարկում են անծանոթներին, ուրեմն, վերջիններս կամ ֆուտբոլիստներ են, կամ «Գահերի խաղի» հերոսներ: Ի դեպ, 6-րդ եթերաշրջանը դեռ նոր է ավարտվել, և սոցցանցերը մինչև հիմա բորբոքված են:
Դրանից առաջ Կառլն էր, իսկ Կառլից մոտ 10 տարի առաջ՝ «Lost»-ը . Այսօր «Գահերի խաղը», հնարավոր է, նույնքան սիրված է, որքան 40 տարի առաջ «Աստղային պատերազմները»: Եվ մենք միմյանց հասկանում ենք կես բառից, կրճատումից, կես տառից:
Ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ զանգվածների գիտակցության մեջ, ավելի ճիշտ՝ սրտում կինոն փոխարինվեց սերիալներով:
Ցանկացած պատմություն 4 մասից է բաղկացած՝ նախաբանից, հանգույցից, կուլմինացիայից, հանգուցալուծումից: Զանգվածային մշակույթում այլ կերպ չի լինում: Մինչև հիմա չի եղել: Սա մտապահենք և գնանք առաջ:
Կինոյի մասին
Կինոն այսօր վերադարձել է «Գնացքի ժամանման» ժամանակներ: Պարզապես բյուջեներն անցել են այն ճակատագրական սահմանը, երբ ա) ստուդիաները ռեժիսորին չեն կարողանում այնպիսի պատասխանատու աշխատանք վստահել, ինչպիսին է դերասանների ընտրությունն ու արժանավայել սցենարի փնտրտուքը; բ) եկամտի գլխավոր աղբյուրը մեծ էկրանն է: Ֆիլմն իր գինը հանում է միայն կինոթատրոնում: Այն չեն վերանայում:
Որպեսզի ֆիլմն իր վրա ծախսված գումարը հանի, դինամիկա է անհրաժեշտ: Դինամիկան կինոյի համար է: Դա հենց այն գնացքն է, որը ժամանում է:
Հետո, այն պատճառով, որ դինամիկան ինքնանպատակ է դառնում (քանի որ դա միակ երաշխավորված միջոցն է բյուջեն ետ բերելու), լուսանցքում է հայտնվում պատմության գլխավոր տարրը՝ հերոսի զարգացումը:
Երբեմն, գլխավոր հերոսն ինքն իր դերն է խաղում, երբեմն, «հերոսի դերը շրջապատն է խաղում», երբեմն, մի քանի հերոսներ են բացահայտվում: Սակայն գոնե գլխավոր հերոսի զարգացման համար թերևս անհրաժեշտ է, որ տեսախցիկը դադարի այսուայնկողմ գնալ և թույլ տա հանդիսատեսին գնահատել ռեպլիկները:
Եվ որպեսզի ռեպլիկները կարգախոսների կամ թվիթների տեսք չունենան: Իսկ տեսախցիկի կանգ առնելու ամեն վայրկյանը (այսինքն, երբ այն անշարժ նկարում է), ներդրված միլիոնների համար վտանգ է ներկայացնում:
Կինոյի կամ թատրոնի հերոսը բացահայտվում է իր գործողությունների և ռեպլիկների միջոցով: Հերոսի զարգացումը ներքին գործողություն է ծնում (դա ես չեմ հորինել, դա դրամատուրգիայի կանոներից է), այսինքն՝ ևս մեկ շարք նախաբան-հանգույց-կուլմինացիա-հանգուցալուծում, որը հանդիսատեսը միգուցե չի գիտակցում, սակայն զգում է: Իսկ արդյունքում իմաստների երկրորդ շերտ է նույնսիկ հայտնվում:
Այդ ամենն անհետանում է, երբ ստուդիան մաղում է տասնյակ հազարավոր սինոփսիսներ (նույնիսկ ոչ սցենարներ), հետո ընտրում է պետք եղածը, ընտրում է ռեժիսորին, դերասաններին, սցենարի հարյուրավոր տարբերակներ է գրում, թեստավորում է, քննարկում, աշխատում ֆոկուս խմբերի հետ:
Այժմ սերիալների մասին
Հիշո՞ւմ եք՝ ինչ էի ասում հանգուցալուծման և այլնի մասին: Սերիալներում դրանք կարող են բացակայել: Հիշատակված «Լոսթը» ոչ կուլմինացիա ուներ, ոչ հանգուցալուծում: Մինչև կոկորդը խճճված սցենարիստները սյուժեի բոլոր թելերը հասցրին այն կետին՝ իբր «այդ ամենը պատրանք էր», և սերիալն այդտեղ էլ հենց ավարտվեց: Նույն բանն է տեղի ունենում նաև այլ նախագծերի հետ, որոնք շարունակվում են այնքան, մինչև վարկանիշն սկսում է ընկնել: Այսպիսով, եթե նախկինում պատմությունները զարգանում էին լարվածության աճի ուղղությամբ, ապա սերիալների դեպքում հակառակն է:
Այսպիսով, և զանգավային սերիալները, և զանգվածային կինոն երկու հարյուրամյակի ընթացքում ձևավորված կանոններ են խախտում:
Սակայն ինչո՞ւ է հեռուստադիտողը սերիալը նախընտրում, այլ ոչ թե ֆիլմը, եթե և մեկը, և մյուսն ըստ կանոնների չեն շարժվում:
Ինչո՞ւ Կամբերբետչը պակաս հանրահայտ չէ, քան Հոլիվուդի դերասանները:
Ինչո՞ւ է Շոն Բինը, որը տասնյակ ֆիլմերում է նկարահանվել, Նեդ Ստարկը:
Որովհետև սերիալի հերոսները մեզ բավականաչափ էկրանային ժամանակ են տալիս, որ մենք սիրենք իրենց՝ և գլխավոր, և երկրորդական հերոսներին: Բացի այդ, պարզվեց, որ հեռուստադիտողի համար կարևոր է ընթացքը, այլ ոչ թե արդյունքը, սիրած հերոսն, այլ ոչ թե հանգուցալուծումը:
1994թ-ին մենք կարեկցում էինք Ֆորեսթ Գամփին, 1975-ին՝ Մակմերֆիին: Եւ մենք թքած ունենք, թե ինչ կլինի Մայքլ Բեյի հերոսներից ցանկացածի հետ: Սակայն մենք չենք ուզում, որ Կառլը մահանա: Նա մեծացել է, տանջվել, փոխվել, մենք այդ ուղին նրա հետ միասին ենք անցել և չենք ուզում կորցնել նրան:
Շապիկի նկարը՝ forbes.com
Հրապարակվել է 02.07.2016