Ինչպես են ապրում ՄԻԱՎ-ով մարդիկ Հայաստանում․ խտրականություն բոլոր կողմերից
Ինչպե՞ս են Հայաստանում ապրում մարդիկ, որոնց մոտ ախտորոշվել է իմունային անբավարարության վիրուսի առկայություն։ Փորձ՝ հասկանալու իրավիճակը բոլոր կողմերից՝ թե՛ առողջապահության համակարգի, թե՛ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, թե՛ նրանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների տեսանկյունից։
«Մեր հասարակությունում ՄԻԱՎ ունենալը նշանակում է անբարոյական լինել»
Արդեն տասը տարի ՄԻԱՎ-ով ապրող 36-ամյա Նելլին (անունը փոխված է) պայքարում է ոչ միայն ՄԻԱՎ-ի դեմ, փորձելով պահպանել առողջությունը, այլև՝ հասարակության։ ՄԻԱՎ դրական ախտորոշում ունեցող անձանց Հայաստանում դեռևս շարունակում են արժանացնել խտրական վերաբերմունքի։
«Հղիության երրորդ ամսում էի։ Պոլիկլինիկայում, որտեղ հաշվառված էի, անալիզներից հետո ասացին, որ գնամ Աճառյան 2 հասցեով։ Չհասկացա, թե ինչ հասցե է, մտածում էի, ո՞ւր են ինձ ուղարկում։ Ճանապարհին սկսեցի զանգել ծանոթներիս, որ հասկանամ ուր են ուղարկում։ Բարեկամուհիներիցս մեկն ասաց, որ այդտեղ բուժհաստատաություն է գործում։ Հասա Աճառյան 2 ու կարդում եմ մուտքի դռանը` ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն։ Արդեն ներսում, ինձ լավ վերաբերմունքի չարժանացրին, կարծես փողոցայինի տեղ դրած լինեին», — պատմում է Նելլին։
Իր մոտ ՄԻԱՎ դրական կարգավիճակի հաստատվելուց հետո հետազոտել են նաև ամուսնուն։ Պարզվել է, որ նրա մոտ ՄԻԱՎ-ն արդեն ութ տարվա պատմություն ունի։
«Ինձ մոտ նոր էր, ընդամենը մի քանի ամիս առաջ էի ամուսնացել։ Չասեմ, թե ինչ ապրումներ եմ ունեցել, ինչպես եմ հասել ծննդաբերության։ Տղայիս ունեցա կեսարյան հատումով, դողդողալով հետևում էի բժշկի բոլոր ցուցումներին` ժամանակին դեղորայք, կրծքով չկերակրել: Փառք աստծո, տղաս ծնվեց առանց վիրուսի։ Բայդ այդ ընթացքում վախերս ահավոր էին, վախենում էի անգամ նոր ծնված երեխայիս գրկել, դնել իմ կողքին, թեկուզ իմ անկողնում», — հիշում է Նելլին։
Ասում է՝ այս բոլոր տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, հատկապես առողջապահական հիմնարկներում, այստեղ ՄԻԱՎ դրական ունեցող մարդիկ ամենաշատն են արժանանում խտրական վերաբերմունքի․
«Երբ հղի էի ու գնացել էի սոնոգրաֆիկ հետազոտության, իմանալով իմ կարգավիճակի մասին, հրաժարվեցին հետազոտել։ Ասացին՝ քեզնից հետո ինչպե՞ս կկարողանանք ուրիշներին հետազոտել։ Ամբողջ ընթացքում, ինչ այս կարգավիճակում եմ, պոլիկլինիկա գնալիս տեսնում եմ ինչ զզվանքով են իմ անկետային դիպչում, որն անգամ ինձ մոտ չի պահպանվում, իրենք են տանում-բերում։ Շատ լավ հասկանում են, որ անկետայից իրենց ոչինչ չի փոխանցվի, բայց իմ ներկայությունն արդեն իսկ իրենց համար տհաճ է։ Ցավոք, մեր հասարակությունում ՄԻԱՎ ունենալը նշանակում է անբարոյական լինել»։
Նելլիի խոսքով՝ ՄԻԱՎ դրական ունեցող մարդիկ գրեթե երբեք չեն բացահայտում իրենց կարգավիճակը, քանի որ գիտեն ինչ վերաբերմունքի կարժանանան։
«Բարեկամուհիս, ումից հարցրել էի Աճառյան 2 հասցեի վերաբերյալ, պատմել էր իր ամբողջ ընտանիքին իմ մասին։ Երբ գնացի իրենց տուն իր ծննդյան օրը, թույլ չտվեց իրեն համբուրեմ։ Որոշ ժամանակ անց ինձ իրենց տանն ասացին, որ ցանկալի հյուր չեմ, որ իմ ու ամուսնուս այցելությունից հետո մեր օգտագործած սպասքը ժավելով են լվանում։
Իմ ծնողները ճշմարտությունն իմացան, երբ ամուսինս մահացավ, ես էլ տեղափոխվեցի իրենց հետ ապրելու։ Մերոնց վերաբերմունքը նորմալ է, ես խոսել եմ ծնողներիս հետ, բացատրել, թե ՄԻԱՎ-ն ինչ է իրենից ներկայացնում, ինչպես է փոխանցվում», — պատմում է Նելլին։
Խտրականություն՝ հենց առողջապահական հիմնարկներում
2003 թվականից գործող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպությունը ստեղծվել է մի խումբ բժիշկների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից։ Նրանք որոշել են իրենց գործունեությամբ բարելավել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակը։ Հասարակական կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանն ասում է․
«Եթե համեմատենք սրանից տասը տարի առաջ ու հիմա, միանշանակ շատ բան է փոխվել և՛ հանրային ընկալումներում, և՛ մարդկանց իրազեկվածության մակարդակում։ Բայց այսքանով հանդերձ, միևնույն է, այսօր Հայաստանում ապրող ՄԻԱՎ-ով մարդը ենթարկվում է խտրականության կյանքի տարբեր ոլորտներում։ Հատկապես առողջապահական հիմնարկներում, որտեղ ստիպված է բացել իր կարգավիճակը, եթե որևէ միջամտություն պետք է արվի։
Ամենաշատը խտրականության են ենթարկվում հենց առողջապահական ծառայություններ ստանալիս։ Կյանքի մնացած ոլորտներում խտրականության դեպքերն այդքան շատ չեն լինում, քանի որ մարդը պարզապես չի ասում իր կարգավիճակի մասին»։
Ներկայացնելով 2021 թվականի «ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության դրսևորումների զեկույցը»՝ Ժենյա Մայիլյանը բերում է մի քանի օրինակ, թե մարդիկ ինչ իրավիճակներում են հայտնվել․
«Մարզերից մեկի տեղամասային պոլիկլինիկայում մաշկաբանն առհասարակ հրաժարվել է զննել պացիենտին, նշելով՝ «դիմի քո հիվանդանոց»՝ նկատի ունենալով Ինֆեկցիոն հետազոտությունների ազգային կենտրոնը։ Բազմաթիվ են նաև ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնության և սպասարկման մերժման դեպքերն ատամնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններում։
Արձանագրված դեպքերից մեկով՝ պացիենտը Վանաձորում այցելել է 4 ատամնաբուժարան և բոլոր տեղերում իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին տեղեկացնելուց հետո ստացել է բացասական պատասխան․ կա՛մ «չունենք միանգամյա սարքեր», կա՛մ «բա հետո մենք ո՞նց ախտահանենք էդ սարքերը» անհիմն և խտրական մեկնաբանություններով»։
Ժենյա Մայիլյանը պատմում է, որ արձանագրված դեպքերից մեկով էլ հաշմանդամության 2-րդ խումբ ունեցող և ՄԻԱՎ-ով ապրող շահառուին Երևանում գործող երկու հայտնի բժշկական կենտրոններում մերժել են ողնուղեղային հեղուկի պունկցիա իրականացնել։ Ասել են, թե չունեն նման ծառայություն։ Այն տրամադրվել է միայն կազմակերպության սոցիալական աշխատողի անմիջական միջամտությունից հետո։
Լինում են նաև դեպքեր, երբ բուժքույրերը, ՄԻԱՎ-ով չվարակվելու ենթադրյալ ապահովության կանոններից ելնելով, յուրաքանչյուր ներարկումից առաջ մի քանի ձեռնոց են կրում։
Ժենյա Մայիլյանը համոզված է՝ խնդիրը կրթության մեջ է։ Փորձը ցույց է տալիս, որ բուժհիմնարկներում աշխատողներից ոչ բոլորը բավարար գիտելիքներ ունեն ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին։
ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության դրսևորման դեպքերը բացառելու համար նա առաջարկում է առողջապահության նախարարությանը․
- պարբերաբար և շարունակական վերապատրաստումներ իրականացնել բժշկական հաստատություններում և բժշկական սպասարկման բոլոր օղակներում,
- ներդնել առողջապահական հաստատություններում իրականացված վերապատրաստումների ընթացքի և արդյունքների մշտադիտարկման և բողոքարկման մեխանիզմներ՝ համագործակցելով ոլորտային փորձառություն ունեցող ՀԿ-ների հետ։
Այսօր աշխարհում շուրջ 38 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով, որոնցից 36,2 միլիոնը՝ չափահաս, իսկ 1,8 միլիոնն անչափահասն են։ Նրանցից շուրջ 7,1 միլիոնը մինչ հետազոտվելը չեն ենթադրել, որ կարող են ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունենալ։
2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիների շրջանում գրանցվել է 4 325 ՄԻԱՎ դրական դեպք։
Մայլիյանի խոսքով՝ իրենք աշխատում են 2000 շահառուի հետ, և այդ թիվը գնալով ավելանում է, քանի որ ամեն տարի 400-500 նոր դեպք է ավելանում։
«Ունենք շահառուներ նաև Հայաստանից դուրս` ՌԴ, Վրաստան, Ուկրաինա, նրանց հետ էլ ենք աշխատում, հեռավար խորհրդատվություններ ենք տրամադրում։ Ամենակարևոր ծառայությունը դեղերի փոխանցումն է՝ բուժման անընդհատությունը ապահովելու համար», — ասում է ՀԿ-ի ղեկավարը։
«Կանխարգելման, ախոտորշման և բուժման ծառայությունները հասանելի են»
Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի վկայությամբ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար հավասարապես հասանելի են ՄԻԱՎ-ի կանխարգելման, ախոտորշման և բուժման ծառայությունները։
«Սա մեծ ձեռքբերում եմ համարում։ Հայաստանում գործում է որակյալ հակառետրովիրուսային դեղերի գնումների արդյունավետ մեխանիզմ դեռևս 2018 թվականից, և դա՝ պետական բյուջեի շրջանակներում։ Մեզ մոտ ստացվեց ընդունել մի որոշում, որով բացառիկ իրավունք տրվեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, հեպատիտների դեղերը, ավելի ուշ նաև հակաուռուցքային դեղերը, լաբորատոր թեստերը, ամենը գնել նաև միջազգային հարթակներից, եթե տեղական շուկան տալիս է ավելի բարձր գին։ Եվ դրանք անվճար տրվում են մարդկանց, նաև ոչ ՀՀ քաղաքացիներին», — ասում է հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի խոչընդոտները հիմնականում կապված են տեղեկացվածության պակասի հետ․
«Ինչպես հանրության շրջանում, մասնավորապես խոցելի խմբերի շրջանում, այնպես էլ, չեմ վարանի ասել, որ դա գոյություն ունի նաև բուժաշխատողների շրջանում։ Գիտելիքների պակաս, որն էլ հանգեցնում է երկրորդ խնդրին․ հասարակությունում այս մարդկանց խարանի և խտրականության են ենթարկում, որը շատ մեծ խոչընդոտներ է ստեղծում ծառայությունների հասանելիությունը ապահովելու ճանապարհին։
Այս ամենի արդյունքում՝ ի վերջո մենք ունենք թիրախային խմբերի թեստավորման, այսինքն ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վաղ հայտնաբերման դեռևս ցածր մակարդակ։ Դեռևս այն մակարդակը չէ, որին մենք ձգտում ենք։ Ինչպես նաև դրական հայտնաբերված դեպքերը արդյունավետ կերպով բուժման մեջ ներգրավելու բավարար մակարդակ դեռ չունենք»։