Ինչպես են ապրում Խուրվալեթիի փախստականները
Հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Քաղաքական գործիքչներն ու քաղաքագետները ասում են, որ դրանք կփոխեն երկիրը: Իսկ երկիրը քաղաքներն ու գյուղերն են, դրանց բնակչությունը: JAMnews-ը նրանց հնարավորություն է տալիս պատմել, թե ինչ են փոխել իրենց կյանքում նախորդ ընտրությունները, և ինչ են սպասում այն քաղաքական գործիչներից, ովքեր հոկտեմբերին խորհրդարան կմտնեն:
Առաջին պատմությունն այն մարդկանց մասին է, ովքեր ստիպված են եղել թողնել իրենց տները Հարավային Օսիայում և փախչել 2008թ-ի օգոստոսի պատերազմից:
Ախալի Խուրվալեթի ավան, Գորիի շրջան:
Ախալի Խուրվալեթի բնակավայր թեքվելիս վրացական անցակետ կա: Անվտանգության նկատառումներով այստեղ կանգնեցնում են բոլորին, ստուգում փաստաթղթերը, պարզում ուղևորության նպատակն ու տևողությունը: Մենք բացառություն չենք: Ասացինք, որ լրագրողներ ենք, ծառայողական գործերով ենք գնում:
«Ախալի Խուրվալեթիից երկու կիլոմետր հեռավորության վրա մետաղալարե ցանկապատ է, զգույշ եղեք», — զգուշացրեց ոստիկաններից մեկն ու թույլ տվեց ճանապարհը շարունակել՝ ճշտելով, որ փախստականների բնակավայրում մեր անվտանգությունը կապահովեն իրավապահները:
Սա հակամարտության գոտի է: Ախալի Խուրվալեթի գյուղը հայտնվել է 2009թ-ին: Սա վրացական իշխանությունների կողմից 2008թ-ի պատերազմից հետո և ընթացքում իրենց տներից զրկված, սեփական բնակավայրերից տեղահանված մարդկանց համար կառուցած կացարաններից մեկն է:
Ախալի Խուրվալեթիում 139 քոթեջ կա: Բնակավայրը Գորիից 20 կմ հեռավորության վրա է գտնվում՝ Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին:
Կեսօր է: Ոչ թե շոգ է, այլ դժոխային կրակ է թափվում: Քիչ-քիչ հեռանում ենք մայրուղուց: Մեր մեքենան ընթանում է չասֆալտապատված ճանապարհով՝ շուրջը փոշու ամպեր բարձրացնելով:
Կողք կողքի սարքած տներով գյուղը հեռվից երևում է: Բոլոր քոթեջները միանման են՝ մարմնագույն պատերով ու մոխրագույն տանիքներով:
«Դուք հավանաբար եկել եք մետաղալարե ցանկապատը տեսնելո՞ւ» — հարցնում է Իզան, ով մեզ դիմավորում է առաջին քոթեջի մոտ և գյուղի էքսկուրսավարի ծառայություններ առաջարկում:
Իզա Օկրոպիրիձեն 33 տարեկան է: Մինչդեռ քայլում ենք գյուղի նեղլիկ փողոցներով, նա իր պատմությունն է պատմում: Իզան բանասեր է, բարձրագույն կրթություն է ստացել Ցխինվալում: Այնտեղ նա շատ ընկերներ է ունեցել, սակայն այսօր նրանց հետ կապ չկա:
Մինչև 2008թ-ի պատերազմը Իզան ապրել է Դիսևի գյուղում՝ մեծ երկհարկանի տանը: 8 տարի է չի եղել այնտեղ:
«Գիտեմ միայն, որ տունս այլևս չկա: Այրվել ու ավերվել է: Մենք լավ այգի ունեինք, բազմաթիվ մրգատու ծառեր, լավ բանջարանոց: Ամեն ինչ երևի չորացել է, հազիվ թե ինչ-որ մեկը հետևի տնտեսությանը», — ասում է նա:
Պատերազմը շուռ է տվել նրա կյանքը: Այժմ Իզան տարբեր նախագծերի է մասնակցում և զբաղվում է Ախալի Խուրվալեթիի փախստականների խնդիրներով:
Ոչ հեռու իրավապահներն էին կանգնած, ովքեր եթե անգամ ականջ չէին դնում, ապա ուշադիր հետևում էին մեզ:
Իզան ասում է, որ ոստիկանությունն անընդհատ պարեկություն է անում գյուղում: «Մենք նրանց արդեն սովոր ենք: Երկու կիլոմետր այնկողմ ռուսներն են, ինչ-որ մեկը պետք է չէ՞ մեզ պաշտպանի»:
Այսպես ասած մետաղալարե ցանկապատը տեղի բնակչության անհանգտսությունն է առաջացնում:
Հարավային Օսիայի այսպես կոչված սահմանը նշելու համար ռուս զինվորականները վարչական սահմանի ողջ երկայնքով սյուներ ու մետաղալարե ցանկապատեր են սարքում:
Այս գործընթացն ակտիվացավ 2013թ-ից հետո և վարչական սահմանին ապրող մարդկանց համար դարձավ ծայրահեղ ցավոտ: Տասնյակ վրացական ընտանիքներ այդ սահմանները գծելուց հետո հայտնվեցին հակառակ կողմում՝ Թբիլիսիի կողմից վերահսկվող տարածքից ամբողջապես կտրված: Մյուսները կորցրին արոտավայրերն ու գյուղատնտեսական նշանակության հողերը:
Վրացական լրատվամիջոցներում հաճախ են հանդիպում հրապարակումներ այն մասին, որ Վրաստանի քաղաքացիներին ձերբակալել են սահմանի աօպրինի հատման համար, նրանց, որպես կանոն, տեղափոխում են Ցխինվալի մեկուսարան:
«Ասենք, կովն անցել է ցանկապատից այնկողմ, գնում ես, որ հետ բերես: Սա էլ նշանակում է «սահմանի ապօրինի հատում»… Այնպես լռելյայն են մեզ մոտենում, երբեմն նույնիսկ թվում է, որ մի օր կգան ու այստեղից էլ մեզ կվռնդեն», — զրույցին է խառնվում Թամարին՝ Կսուիսի գյուղի փախստականը:
Թամարին ցույց է տալիս իր 3-սենյականոց տունը, որը նման է գյուղի տասնյակ այլ տներին:
«Նայե՛ք, ամեն ինչ խարխուլ է: Կառուցելիս շտապել են և անորակ է ստացվել», — ասում է նա՝մատնանշելով պատի ճաքերն ու փոս ընկած հատակը:
Թամարին ասում է, որ գյուղի տների մեծ մասն այս վիճակում է:
«Մեր ընտանիքը 6 հոգուց է բաղկացած, սակայն փաստացի ստիպված ենք մեկ սենյակում ապրել: Մյուսներում հատակը փոս է ընկել: Մեզ խոստանում են վերանորոգել, սակայն մարդ չի երևում»:
Թամարիի ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Նրանք ապրում են փախստականների նպաստով՝ 45 լարիով, մրգերի ու բանջարեղենի սեզոնային վաճառքից ստացվող եկամտով, որն աճեցնում են կառավարության տրամադրած փոքր հողակտորներում: Նրա 83-ամյա մայրը դժվարությամբ է տեղաշարժվում, և շատ գումար է ծախսվում դեղերի վրա:
«Որևէ բողոք ինձնից չէին լսի, եթե միայն ջուր ունենայինք: Այգիներ կտնկեինք, մեր աշխատանքով կհաղթահարեինք դժվարությունները…», — ասում է Թամարին:
Ջրի պակասը գլխավոր խնդիրն է: Նախկինում այս բնակավայրը հայտնի է եղել իր մրգերով ու բանջարեղենով: Իսկ այսօր հակամարտության գոտու գյուղերում խմելու ջրի պակաս կա, էլ չենք խոսում ոռոգման ջրի մասին:
Յուրաքանչյուր բակում տեսանելի հատվածում կապույտ տարաներ են տեղադրված, որոնց մեջ մարդիկ ջուր են հավաքում:
«Յուրաքանչյուր օր սկսվում է այդ տարաները ջրով լցնելով: Մի՞թե սա կյանք է», — բողոքում է Թամարին:
Ջրի խնդիրն այստեղ առաջացել է 2008թ-ից հետո: Բանն այն է, որ ջրուղիների ակունքները գտնվում են հարավօսական կողմում: Պատերազմից հետո նրանք փակել են դրանք, և վրացական հատվածում տասնյակ գյուղեր առանց ջրի են մնացել: Չնայած որ Խուրվալեթիում փխրուն խաղաղություն է և ուրախություն չկա, կյանքն այնուամենայնիվ տեղում չի դոփում:
Եթե հետպատերազմյան առաջին տարիներին տեղի փախստականները գյուղը ժամանակավոր կացարան էին համարում ու չէին մտածում այն բարեկարգելու մասին, ապա այսօր այստեղ այլ պատկեր է:
«Իմ գյուղն ու հայրենի տունը ոչինչ չի փոխարինի: Ես մտածել անգամ չեմ ուզում, որ այլևս չեմ տեսնի դրանք, վստահ եմ, որ կվերադառնամ, սակայն մինչև այդ ինչ-որ կերպ պետք է ապրել… Երբեմն հարմարվում եմ այն մտքին, որ այսօր իմ տունն այստեղ է: Երեխաները մեծանում են: Պետք է նրանց օգնել ոտքի կանգնել», — կարծես արդարանում է Բեգլար Զուրաբիշվիլին, ում քոթեջի մոտ աշխուժություն է նկատվում: Ոմանք ջուր են տեղափոխում, մյուսները՝ աղյուս, երրորդները ցեմենտի լուծույթ են պատրաստում: Բեգլարը որոշել է իր քոթեջին ևս մեկ սենյակ ավելացնել, իսկ հարևաններն օգնում են նրան:
Հենց այդտեղ էլ նստարանին կանայք ու տղամարդիկ են նստած: Գյուղի հավաքատեղին է: Հարցնում եմ գալիք ընտրությունների մասին: «Ի՞նչ ընտրություններ», — շինծու զարմանք են արտահայտում նրանք:
— Նախկինում գոնե ինչ-որ խոստումներ էինք լսում, այժմ դա էլ չկա, — ասում է տարեց մի տղամարդ:
— Սպասի՛ր, մինչև հոկտեմբեր ժամանակ դեռ կա, կհասցնեն հեքիաթներ պատմել: Որևէ բարելավում այս 4 տարիների ընթացքում մենք չզգացինք: Ավելի է ամեն ինչ վատացել: Տները քիչ է մնում գլխենրիս փլվեն, ոչ ջուր կա, ոչ կոյուղի, հոգիներս դուրս եկավ, բայց ո՞վ է դրանով հետաքրքրվում, — պատասխանում է ավելի երիտասարդ հարևանը:
Հիշում են, որ նախորդ նախընտրական քարոզարշավի ժամանակ Ախալի Խուրվալեթիի բնակիչներից ոմանք տարբեր կուսակցությունների անդամագրվեցին՝ հույս ունենալով դիտորդի կարգավիճակում գումար վաստակել ընտրություններին կամ ընտրատեղամասերում ինչ-որ մանր աշխատանք անել:
«Այժմ էլ է այդպես լինելու, մարդկանց աշխատանք է պետք, թե չէ շատ պետք են այդ կուսակցությունները»:
Առանձնահատուկ սուր վեճ առաջացրեց ռուս-վրացական հարաբերությունների թեման:
Իզայի կարծիքով՝ Ռուսաստանի հետ մերձեցումը Վրաստանին ոչ մի լավ բան չի տա, քանի որ Ռուսաստանն օկուպանտ է, և նրա նպատակն ամբողջ Վրաստանն օկուպացնելն է:
Նրա հհետ համաձայնում է Ջեմալ Մախնիաշվիլին: «Ռուսաստանը թշնամի է: Ինչպե՞ս կարելի է մտածել հայրենիքիդ թշնամու հետ բարեկամության մասին», — ասում է նա:
«Ոչ, Եվրոպան ու Ամերիկան մեզ լավ էլ կօգնեն: Եթե մեկը չհայտնվի, ով Ռուսատսանի հետ կարող է հարաբերություններ հարթել, Ցխինվալը երբեք մեզ ջուր չի տա, և հավերժ այսպես էլ կմնանք», — էմոցիոնալ կերպով զրույցին է խառնվում Վալիկո Տոլիաշվիլին:
Մութն ընկնում է: Եղանակը փոխվում է: Անձրև է ուզում գալ, այդ պատճառով էլ սկսում ենք շտապել: Հետդարձի ճանապարհին կանգ ենք առնում կոկիկ խոտածածկով, ծաղկած վարդերով, պատշգամբի բազրիքից կախված ծաղկամաններով խնամված բակի մոտ, ամեն տեղ զգացվում է հոգատար տանտիրուհու ձեռքը:
Այստեղ ապրում է Վիոլետա Խոզաշվիլին: Նա ուրախությամբ ներս է հրավիրում մեզ: Գիտի, որ լրագրողներ ենք, և ասելու բան ունի:
«Ես 67 տարեկան եմ: Մանկավարժ եմ: Լացել ու բողոքել չեմ սիրում, սակայն մեկ խնդրանք ունեմ ձեզ, ամենաշատը երեխաներն են մեղկ: Եվ երիտասարդությունը: Նրանք աշխատանք չունեն, զվարճանք չկա: Միգուցե կարո՞ղ եք իշխանություններին հասցնել, որ երիտասարդության խնդիրներով զբաղվեն: Գոնե մանկապարտեզ այստեղ բացեն: Այնքան երեխաներ ունենք գյուղում, մեղկ են»:
08.09.2016