Սյունիքի նոր խնդիրները` մարդկանց պատմություններով։ Մաս առաջին
Արցախցիները Սյունիքում
2020 թվականին տեղի ունեցած Արցախյան պատերազմն ու 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունները փոխել են Հայաստանի հարավի՝ Սյունիքի մարզի կյանքի տրամաբանությունը, ներկան ու ապագան: Դա հատկապես վերաբերում է տնտեսական զարգացմանը, մարդկանց ապրուստի հայթայթմանն ու գոյատևմանը։
Հայաստանի հարավային շրջանում իրավիճակն առավել սրվեց 2021 թվականի մայիսից, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին արդեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Սյունիքը կորցրեց հեկտարներով հողատարածքներ։ Որոշակի հատվածն էլ գտնվում է ադրբեջանական զինվորականների անմիջական թիրախում։ Իսկ բնակչության հիմնական զբաղմունքն այստեղ հենց գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։
Լիարժեք պատկեր ստանալու համար պետք է հաշվի առնել, որ այստեղ են այժմ բնակություն հաստատել նաև Արցախից տեղահանված բազմաթիվ մարդիկ։ Ու բոլորը՝ թե սյունեցիները, թե արցախցիները փորձում են ինչ-որ կերպ հաղթահարել իրենց առաջ ծառացած խնդիրները։ Ամեն մեկն իր ձևով։
JAMnews-ը ներկայացնում է հոդվածների շարք՝ երեք նյութ այս մարդկանց մասին։ Այս մեկը պատմում է Արցախից տեղահանված Էդիկ Հակոբյանի մասին։
- Հայաստանի սահմանը «պահող» զբոսաշրջային բիզնեսները
- Ինչո՞ւ է Ռուսաստանը հյուպատոսություն բացում Սյունիքում։ Կարծիքներ
- Նոր հին սահման․ ինչո՞ւ են հայկական գյուղերն Ադրբեջանի տարածքում հայտնվել
«Տրտնջալու ժամանակ չունենք»
Սյունիքի մարզի Քարաշեն գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեկ հեկտար տարածքը դարձել է 73-ամյա Էդիկ Հակոբյանի ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը։
«Ամեն օր Գորիսից գալիս եմ Քարաշեն, մոտ մեկ կիլոմետր քայլելով կտրում-անցնում ձորը, որ հասնեմ այգի։ Տարածքն անմշակ արոտավայր էր, մինչև այգի դարձրինք, մի լավ չարչարվեցինք։ Բայց էս հողն ինձ ուժ է տալիս ապրելու, արարելու, ավելիին ձգտելու։ Մենք տրտնջալու ժամանակ չունենք»,- հողը փխրեցնելով ասում է նա։
Էդիկը ԼՂ-ի Վուրգավան գյուղում էր ապրում։ 2020-ի պատերազմի ժամանակ ընտանիքով ստիպված տեղափոխվել են Հայաստան՝ Քարաշեն, հետագայում էլ՝ Գորիս։
Հայաստանում հաստատվելուց մեկ տարի անց է գնել հողատարածքը, ցանկապատել, ջուր հասցրել, Գորիսից դժվարությամբ տնակ հասցրել այգի։
«էս էլ իմ տնակը։ Բոլոր հարմարությունները ստեղծել եմ ոչ միայն իմ, այլև հյուրերիս համար։ Հեսա ձեզ էլ սուրճ կյուրասիրեմ»,- ասում է Էդիկը։
Տնկել է 300-ից ավելի խնձորենի, Արցախից բերված 50 արքայանարնջի տնկի, գաճաճ ընկուզենիներ, տանձենի, բալենի ու կեռասենիներ։ Թուզ ու նուռ էլ կուզեր աճեցնել, ինչպես Վուրգավանում, բայց եղանակային պայմանները թույլ չեն տալիս։
«Այստեղ կլիման սառն է։ Բարձր բերք չենք կարող ստանալ, ինչպես Արցախում, բայց փորձում ենք»,- հաստատակամ ձայնով ասում է նա։
Էդիկը շարունակ համեմատականներ է տանում իր երկու այգիների միջև։ Հիշողությունները թարմ են։ Մոտ 40 տոննա խաղող, 15 տոննա արքայանարինջ է թողել Արցախի այգում ու դուրս եկել։
«Խառը, վատ ժամանակաշրջան էր։ Տանը մնացել էի մենակ ես։ Թոռներս արդեն տեղափոխվել էին Գորիս, հարսս Երևանի հիվանդանոցում էր, տղաս էլ շտաբում օգնում էր։ Հոկտեմբերի 17-ին զանգեց, թե վիճակը վատ է, գալիս եմ հետևիցդ, դուրս արի ճանապարհ։ Էդ պահին ոչ մի հնար չկար, ելք չկար, ոչինչ վերցնելու հնարավորություն չունեի։
Անմիջապես վազեցի, ծածկոցը վերցրի մահճակալից, փռեցի՝ նույնիսկ պայուսակ փնտրելու ժամանակ չկար։ Փաստաթղթերը վերցրի, լուսանկարները, հուշերը։ Բոլորը հավաքեցի, գցեցի ուսով ու դուրս եկա ճանապարհ։ Մոռացա նույնիսկ շանն արձակել։ Ճիշտ է՝ հավերի առաջ մի քիչ ցորեն լցրեցի ու ջուր դրեցի՝ մտածելով, որ ուր որ է հետ ենք գալու»։
Սյունիքը՝ որպես Արցախից տեղահանվածների հանգրվան
Պաշտոնական տվյալներով՝ Էդիկի ընտանիքի նման պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստան է տեղափոխվել մոտ 96 հազար արցախցի։ Նրանց մեծ մասը որոշ ժամանակ անց վերադարձել է ԼՂ։ Չէին կարող վերադառնալ այն մարդիկ, որոնք ապրում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում։ Բայց բոլորը մեկնում էին՝ կարծելով, թե շուտով կվերադառնան։
«Ինչ ունեինք-չունեինք, ինչ ստեղծել էինք տարիների ընթացքում, թողեցինք ու դուրս եկանք՝ հույս ունենալով, որ պիտի հետ գնանք մեր տուն»,- ասում է Էդիկը։
Արդյունքում՝ 21 հազարը, կամ 5400 ընտանիք 2020 թվականից բնակություն է հաստատել Հայաստանի տարբեր մարզերում։ Սյունիքում տեղահանված ընտանիքների թիվը մինչև վերջերս կազմում էր 819։
Նրանք հիմնականում 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի, Հադրութի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների 121 համայնքների բնակիչներն են։
Սյունիքն առաջինը հյուրըկալեց թե 2020 թվականի պատերազմի, թե 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողության հետևանքով տեղանված արցախցիներին։
Սեպտեամբերի 19-ի ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչ մեկ շաբաթում լքեցին իրենց հայրենիքը։ Եվ նրանց առաջին հանգրվանը Գորիսն էր, որտեղ բացվել էին նրանց ընդունող հումանիտար կայաններ։
Ներկայումս, ըստ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, այստեղ շարունակում է բնակվել 5257 բռնի տեղականված։ Սակայն մարդիկ ցանկությունը մեծ չէր Սյունիքում հաստատվել, քանի որ մարզը սահմանամերձ է, մարդիկ կրկին տեղահանվելու վախ ունեն։
Սահմանամերձ բնակավայրերում մարդկանց արտոնություններ տվեցին
44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքի մարզի 37 բնակավայր ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է սահմանամերձի կարգավիճակ։ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել ԼՂ-ի տարածքը, ու կողմերի շփման գիծն անցնում է նախկին միութենական հանրապետությունների խորհրդային սահմանով։
Բացի այդ, 2021թ․ մայիսից Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Եվ Սյունիքի որոշ գյուղերի բնակիչների տների անմիջական հարևանությամբ ադրբեջանական Զինված ուժերի դիրքեր հայտնվեցին։
Հայաստանի կառավարույթունը այս գյուղերի բնակիչներին որոշ արտոնություններ տվեց․
- կոմունալ ծախսերի՝ էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարի մասնակի փոխհատուցում,
- ոռոգման ջրի, գույքահարկի և հողի հարկի զրոյացում,
- դպրոցական գրքերի վարձավճարների փոխհատուցում։
Գյուղացիներին այդ արտոնությունները այնքան էլ չեն գոհացնում։
«Եթե հող չկա, էլ ինչ հողի հարկ։ Թող հողս մնար, մշակեի, համ տունս պահեի, համ էլ հարկերս տայի»,- ասում են նրանք։
Իսկ ԼՂ-ից տեղահանված արցախցիներին, բացի վերոնշյալ արտոնությունները, նաև ֆինանսական աջակցություն է տրամադրվել։
«Պետության կողմից տրամադրած միանվագ 300 հազար, 68 հազար, մասնավոր սեկտորի կոզմից տրված 40 հազարականներով ենք կարողացել մեր այգին կարգի բերել։ Մոտ 2 միլիոն դրամ ենք ծախսել ցանկապատը քաշելու, տնկիներ գնելու, ճանապարհը հարթեցնելու համար։ Էդ բոլորը ծախսեր էին, բայց հիմա ունենք սա, որ մեզ դեռ եկամուտ կբերի։ Հինգ-վեց տարի հետո այգին լիարժեք բերք կտա։ Չնայած հիմա էլ արդեն սալոր, կեռաս ունենք»,- ասում է Էդիկը։
«Պետք է պարզապես գործ անել»
Էդիկը մանկավարժ է։ 15 տարի Վուրգավանի դպրոցի տնօրենն է եղել, մաթեմատիկա է դասավանդել։
Բայց նաև փորձառու գյուղատնտես է։ Կարծում է, որ տարածաշրջանը, որտեղ գտնվում է իր նոր այգին, պտղաբուծության համար այդքան էլ հարմար չէ։ Ավելի նպատակահարմար է գտնում բանջարաբոստանային, հացահատիկային կուլտուրաներ մշակել։
«Եթե ջերմությունը և ջուրը եղավ, կարելի է ամեն ինչով զբաղվել։ Էս կողմերում ջերմությունը քիչ է։ Ջուրն էլ մի քիչ կոշտ է։ Բայց մեզ հաջողվել է լավ մրգեր աճեցնել։ Թող մյուսներն էլ փորձեն»,- ասում է նա։
Էդիկը վստահ է՝ կյանքից դժգոհելու փոխարեն պետք է գործ անել․
«Պիտի քրտնաջան աշխատես, դու ուժեղանաս, երկիրդ ուժեղացնես, որ էս անարդար աշխարհում ոտքերիդ տակ հողն ամուր լինի»։
Նյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության համար պատասխանատու է բացառապես EU4IM-ի շահառու «Մեդիագետ» կազմակերպությունը։ Հրապարակման մեջ տեղ գտած մտքերը պարտադիր չէ համընկնեն Եվրոպական Միության տեսակետների հետ:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արցախցիները Սյունիքում