Ինչպե՞ս Վրաստանը կրկին հզոր դարձնել ․ վիճում են Միխեիլ Սաակաշվիլին և Թոմաս դը Վաալը
Վրաստանի նախկին նախագահի և Հարավային Կովկասի հարցերով առաջատար արևմտյան փորձագետի միջև հեռակա «մենամարտը» կայացել է Foreign Policy հեղինակավոր ամսագրի էջերին։
Այն սկսել է Carnegie Endowment for International Peace-ի վերուծաբան Թոմաս դը Վաալը 2018թ-ի հոկտեմբերի 5-ին։
«Վրացի ընտրողը նախկինի պես ձայնի իրավունք ունի։ Սակայն վրացական ժողովրդավարությունն, ինչպես ցույց է տվել նախըտրական արշավը, դեռևս ագրեսիայի բավականաչափ հակում ունի», — կարծում է փորձագետը։
Միխեիլ Սաակաշվիլիի պատասխանը հրապարակվեց երեք օրից։
«Աշխարհի ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրողին, առաջին հերթին, երկու հարց է հուզում՝ տնտեսություն և հասարակական անվտանգություն։ Եվ հենց այստեղ է, որ երկիրը մեծ խնդիր ունի», — գրել է նա։
Ամփոփենք․ հատկապես ո՞ր հարցում համակարծիք չեն քաղաքական գործիչն ու փորձագետը
2018թ-ի հոկտեմբերի 28-ին Վրաստանն իր պատմության մեջ առաջին անգամ չկարողացավ առաջին փուլում նախագահ ընտրել և թևակոխեց ամենադրամատիկ և ծանր նախընտրական արշավի փուլ։
Երկրորդ փուլը կկայանա մինչև դեկտեմբերի 2-ը, հստակ ամսաթիվը դեռ նշանակված չէ։ Առաջին փուլում ձայների գրեթե նույն քանակությունն են հավաքել իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։ Ըստ նոր սահմանադրության՝ Վրաստանի նախագահը նոմինալ ֆիգուր է և առանձնահատուկ դեր չի խաղում երկրի կառավարման գործում։ Սակայն, միևնույն է, նա շատ կարևոր քաղաքական ֆիգուր է։
Շատերն այս ընտրությունները խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձն են համարում, որոնք երկրում կանցկացվեն երկու տարուց և որոնց արդյունքում Վրաստանն արդեն իսկական իշխանություն կընտրի։
.
Հաշիվն՝ առաջին փուլում
Ընդդիմախոսները տարբեր կերպ են գնահատում Վրաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։
•Նախագահական ընտրություններ Վրաստանում։ Ինչո՞ւ են իշխանությունները խոսում քաղաքացիական պատերազմից
•Վեց հարց Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որ ցանկացել եք տալ վրացիներին
• Թոմաս դը Վաալ․ Վրաստան՝ բաց և փակ
Դը Վաալի կարծիքով՝ Վաշաձեն ու Զուրաբիշվիլին գրեթե նույն արդյունքն են ցուցաբերել՝ համապատասխանաբար 38,6 և 37,7 տոկոս։ Փորձագետը մեջբերում է ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները։
Սակայն Սաակաշվիլին այլ թիվ է նշում․ վրացի ընտրողների 61,36 տոկոսն իշխող կուսակցության թեկնածուին դեմ է քվեարկել։ Այս տվյալները հակասում են պաշտոնական տեղեկատվությանը, սակայն Սաակաշվիլին այսպես է փաստարկում․ Զուրաբիշվիլիի օգտին չքվեարկած բոլոր ընտրողներն իրականում դեմ են արտահայտվել «Վրացական երազանքին»։
Իշխանությունում անցկացված արդեն վեցերորդ տարում ցանկացած համաժողովրդական քվեարկություն վերածվում է իշխող կուսակցությանը վստահելու մասին հանրաքվեի, հայտարարում է նախկին նախագահը։
Արդյո՞ք կարևոր է տնտեսությունը
Թոմաս դը Վաալը միայն հպանցիկ է հիշեցնում տնտեսության բարդ վիճակը որպես գործոն, որն ազդել է Վաշաձեի հաջողության վրա։
««Վրացական երազանքի» կառավարման ժամանակ տնտեսական հրաշք տեղի չի ունեցել», — գրում է փորձագետը։
Միխեիլ Սաակաշվիլին, ընդհակառակը, կենտրոնանում է, ինչպես ինքն է գրում, երկրում սոցիոլ-տնտեսական ձախողման վրա։ «Ողջ հարցը հենց տնտեսությունն է», — ասում է նախկին նախագահն ու հստակ թվեր նշում։
• Բնակչության 62 տոկոսը երկրի գլխավոր խնդիր է համարում գործազրկությունը։
• «Վրացական երազանքի» իշխանության լինելու տարիներին ՀՆԱ-ն ոչ միայն չի աճել, այլ նաև կրճատվել է։
• Վերջին հինգ տարում լարիի փոխարժեքը 1,60-ից ընկել է մինչև 2,80 լարի մեկ դոլարի դիմաց։
• Ընդ որում, Վրաստանում ֆիզիկական անձանց վարկերի ոչ պակաս, քան կեսը դոլարով է։
Արդյո՞ք կարևոր են անհատները
Որպես իշխող կուսակցության պարտության կարևոր գործոն Թոմաս դը Վաալը համարում է թեկնածուի անհաջող ընտրությունը․
«Սալոմե Զուրաբիշվիլին՝ Ֆրանսիայի նախկին քաղաքացին, իրեն գոռոզ է պահում և վատ է խոսում մայրենի լեզվով»։
Իսկ Գրիգոլ Վաշաձեն, շարունակում է դը Վաալը, պահպանում է հանգիստ տոնը, բացի այդ, նա ամուսնացած է բնակչության կողմից շատ սիրված պրիմա պարուհի Նինո Անանիաշվիլիի հետ։
«Այդ ամենն անէական է», — նրան պատասխանում է Միխեիլ Սաակաշվիլին։
Նա կարծում է, որ մարդիկ իշխող կուսակցության դեմ են քվեարկում, որովհետև տեսնում են, թե ինչ առանձնատներում են ապրում «Վրացական երազանքի» գործիչները, և թե ինչպես է այդ ընթացքում ապրում մնացած բնակչությունը։
Սաակաշվիլին հիշեցրել է նաև, թե, իր կարծիքով, ինչպիսի ամբարտավանությամբ է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքել մետրոյի աշխատակիցների գործադուլին, որոնց նա «շանտաժիստներ» էր անվանել։
Ի՞նչն է ավելի կարևոր՝ նախագահի քաղաքացիությո՞ւնը, թե՞ հասարակության անվտանգությունը
Թոմ դը Վաալն ուշադրություն էր հրավիրել նաև Վրաստանում նախընտրական արշավի բացասական և ագրեսիվ ոճի վրա։
«Զուրաբիշվիլիին մեղադրում են ֆրանսիական, իսկ Վաշաձեին՝ ռուսական քաղաքացիության համար», — գրում է նա։
«Այդ ամենը երկրորդական է», — պատասխանում է Միխեիլ Սաակաշվիլին։
Նա կարծում է, որ միայն երկու հարց կա, որոնք լրջորեն հուզում են հասարակությանը՝ տնտեսությունն ու անվտանգությունը։ Իսկ ոստիկանության հանդեպ վստահությունը 38%-ով անկում է ապրել 2013թ-ի համեմատ, երբ դեռ ուժի մեջ էին Միխեիլ Սաակաշվիլիի բարեփոխումներն ու ձեռքբերումները։
«Մեկ թիվը կարող է փոխարինել մի ամբողջ հոդված, — գրում է Սաակաշվիլին։ — 2018թ-ի ապրիլին Վրաստանում հարցվածների 67 տոկոսը հետազոտողներին ասել էր, որ «Վրաստանում իրավիճակը դեպի վատթարացումն է գնում»։ Եվ 2012թ-ին իմ կուսակցության ոչ պոպուլյարության գագաթնակետին [երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը» — JAMnews], հարցվածների միայն 31 տոկոսն էր նույն բանն ասել հարցման ժամանակ»։