Ինչպե՞ս սանձել ժամանակը
Ժամանակն ու այն օգտագործելու ունակությունը ժամանակակից աշխարհի հրամայականն է դարձել: Մասնագետները փորձում են պարզել, թե ինչու են ոմանք հասցնում ամեն ինչ, իսկ մնացածների ժամանակը չի հերիքում ոչ մի բանի:
Ժամանակակից մարդիկ ահռելի գումարներ են ծախսում (ինչպես նաև շատ ժամանակ) այդ խնդիրը լուծելու համար. հատուկ գրականություն են գնում, թանկարժեք դասընթացների մասնակցում, խորհրդատուներ վարձում:
Աշխարհի ամենախոշոր առցանց amazon.com խանութում Time Managment ձեռնարկներն ամենավաճառվող գրքերն են:
Սմարթֆոններ օգտագործողների համար հարյուրավոր հավելվածներ կան, որոնք խոստանում են հեշտացնել նրանց կյանքը:
Ինձ թույլ եմ տալիս մի քանի խորհուրդ տալ նրանց, ում, ինչպես և ինձ, անհանգստացնում է այդ խնդիրը:
Աշխատանքային ժամանակի կառավարում
1. Մի՛ կորցրեք կենտրոնացումը
Օրը քանի՞ անգամ եք ձեր էլեկտրոնային փոստը ստուգում: Եթե դա անում եք ժամը մեկ, ապա իմացեք, որ օրվա ընթացքում կորցնում եք 1 ժամ. պարզվում է, որ մի զբաղմունքից մյուսին անցնելը նվազագույնը 4 րոպե կենտրոնացում է պահանջում: Inbox Detox գրքի հեղինակ Մարշա Իգանը մի ամբողջ հայեցակարգ է մշակել էլեկտրոնային փոստի հետ աշխատանքի վերաբերյալ: Նա խորհուրդ է տալիս այն օրվա ընթացքում ստուգել 5 անգամ:
Պարզ է, որ խոսքն այն դեպքերի մասին չէ, երբ գործնական նամակագրություն է գնում, որը ձեզնից անհապաղ պատասխան է պահանջում:
Մի խոսքով, երբ դուք սկսում եք մի գործով զբաղվել, ոչ մի դեպքում մի անցեք մյուսին, օրինակ փոստը մի ստուգեք և սոցցանցեր մի մտեք: Որքան հնարավոր է կենտրոնացեք:
2.Մի՛ եղեք ձանձրալի պերֆեկցիոնիստ
Եթե մի քանի անգամ վերադառնում եք նույն աշխատանքին՝ ձգտելով հասնել կատարելության, ինչն, ինչպես հայտնի է, այս աշխարհում հնարավոր չէ, իմացեք, որ նման մոտեցումը կարգելափակի ձեր մասնագիտական աճը: Հոգեբաններն ապացուցում են, որ պերֆեկցիոնիստները նույնպես խախտում են վերջնաժամկետն, ինչպես ծույլերը: Պատկերացրեք, որ սովորական հաշվետվություն եք գրում ձեր կազմակերպության կողմից անցկացված հերթական միջոցառման մասին: Հաշվետվությունը գրեցիք 3 ժամ 25 րոպեում:
Սակայն երբ վերընթերցեցիք, որոշեցիք, որ սկիզբը կարելի էր ավելի գեղեցիկ գրել: Ամբողջ տեքստը ոտքից գլուխ շուռ եք տալիս և դրա վրա ծախսում ևս 2 ժամ: Հետո ձեզ թվում է, թե ավելի լավ կլիներ, եթե ձեր հաշվետվությունում այլ երկրների օրինակներ լինեին. դա ևս երկու ժամ է խլում:
Պերֆեկցիոնիստի գործը երբեք չի ավարտվում: Իսկ վերջնաժամկետը մոտենում է: Այսպես, ցանկացած աշխատանքի սկզբում հստակ պլան կազմեք, որից չեք շեղվելու: Հստակ խնդիր դրեք ձեր առջև՝ գրել հաշվետվությունը 4 ժամվա ընթացքում, և երբեք մի խախտեք այդ վերջնաժամկետը:
3.Սովորե՛ք ճիշտ բաշխել աշխատանքը
Ժամանակի կառավարման մասնագետներն ասում են, որ վատն է այն ղեկավարը, ով չի կարողանում ճիշտ բաշխել աշխատանքը, և նրա թիմը երբեք ոչնչի չի հասնում:
Պետք է ճիշտ որոշել առաջնահերթություններն ու հրաժարվել այն աշխատանքից, որը կարող են մնացածն անել: Դա ամենևին չի նշանակում, որ ամեն ինչ պետք է գործընկերներին հանձնարարել: Պարզապես հիշեք, թիմի անդամներն ու ենթակաները հենց նրա համար են, որ դուք կարողանաք աշխատանքը բաժանել:
4 Օրը սկսե՛ք ամենաբարդ գործից
Ժամանակի կառավարման փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ եթե դուք առավոտյան կատարեք այն աշխատանքը, որը հատկապես ծուլացել եք անել և ցանկացել եք թողնել վաղվան, ապա ամբողջ օրը արդյունավետ ու բեղուն կլինի: Եթե ամենաբարդ աշխատանքն անեք օրվա առաջին կեսին, օրվա մնացած հատվածում հպարտ կլինեք, կթևավորվեք, ցանկացած աշխատանք ձեզ թեթև ու հաճելի կթվա:
5 Խուսափե՛ք շատախոս գործընկերներից
Վերանայեք ձեր աշխատանքային օրը և անկեղծ խոստովանեք՝ որքան ժամանակ եք ծախսում գործընկերների հետ զրույցների վրա: Հավանաբար 40 տոկոս, եթե ոչ ավել… Սակայն հետո մի բողոքեք, որ ուշ եք ավարտում աշխատանքը: Այն փաստարկը, որ գործընկերներն իրենք են գալիս, ինչ-որ բան հարցնում և այլն, անընդունելի է: Ես անձամբ օգտվում եմ գործընկերներից փրկվելու հասարակ մեթոդից. ականջակալներ եմ օգտագործում, և նրանք կարծում են, որ ես ինչ-որ բան եմ լսում, և զրույցի չեն բռնվում:
6 Սահմանափակե՛ք սոցցանցերում անցկացրած ժամանակը
Օ… Ահա և հասանք մեր ժամանակների ամենաանխիղճ թշնամուն… Շատ չեմ խոսի այս թեմայով, պարզապես վիճակագրություն կնշեմ. միջինում մարդն օրական սոցցանցերում մոտ 6 ժամ է անցկացնում, և այդ ժամանակի մեծ մասը բաժին է ընկնում աշխատանքային ժամերին: Սա միջինում, սակայն ոմանց համար 6 ժամը ժամանակ չէ: Իսկ 6 ժամում կարելի է ոչ միայն հաշվետվություն, այլ նույնիսկ՝ գրական գլուխգործոց գրել: Այդ պատճառով էլ հիմա մտեք Ֆեյսբուք և անհապաղ ջնջեք «Նույնիսկ հանդիպման գնալու ժամանակ չունեմ» գրառումը:
Ժամանակի կառավարում տանը
1.Փորձե՛ք ընթրել առանց հեռախոսի
Դուք տուն եք վերադարձել հոգնած, սպառված (ինչպես պարզեցինք, էլ.փոստը ստուգելուց և գործընկերների հետ զրուցելուց) և հաղորդագրություն եք ստանում հեռախոսին: Եվ ինչպե՞ս չստուգել Ֆեյսբուքը: Այնքան բան կարող է տեղի ունեցած լինել: Միգուցե ինչ-որ կարևոր բա՞ն են գրել:
Ահա դուք հարմարավետ տեղավորվում եք՝ մի կողմում ընթրիքը, մյուսում՝ հեռախոսը… Արդեն կեսգիշեր է, իսկ դուք դեռ սոցցանցում եք: Բայց աշխատանքից դուրս գալիս ինքներդ ձեզ խոստացել էիք բազմաբովանդակ երեկո անցկացնել՝ դարակները կարգի բերել կամ որևէ ֆիլմ նայել և ի վերջո ավարտել 100-էջանոց հետաքրքիր գիրքը, որն արդեն երկու ամիս է կարդում եք:
Մեկ խորհուրդ. համակարգչում Time Tracker, True Time Tracker կամ Project Hamster ծրագիր գցեք: Դրանք վերահսկում են ձեր աշխատանքը համակարգչի վրա և վիճակագրություն են կազմում, գրաֆիկներ, դիագրամներ են սարքում և ցույց տալիս, թե ինչի վրա ինչքան ժամանակ եք ծախսել: Իսկ երբ դուք վիզուալ տեսնեք ապարդյուն անցկացրած ժամանակը, կմտածեք և այլ կերպ կորոշեք առաջնահերթությունները:
2. Լա՛վ քնեք
Կյանքի մեծ մասը մարդը քնած է անցկացնում, սակայն խորհուրդ չեմ տա տնտեսել երջանիկ ժամերը, որոնք անցկացնում եք վերմակի տակ: Քունը կարևոր է, որպեսզի օրն արդյունավետ անցնի: Եթե դուք անընդհատ կիսատ եք քնում, ժամանակի կառավարման մասին իմաստ չունի խոսել: 8-ժամյա քունը նորմա է, չնայած՝ շատերին ուժերը վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է պետք, իսկ մյուսներին՝ ավելի քիչ:
Հետազոտեք ձեր օրգանիզմն ու երբեք մի կրճատեք քնի համար նախատեսված ժամերը: Հիշեք նաև քնի փուլերի մասին՝ արագ և դանդաղ: Եթե զարթուցիչը ձեզ արթնացրել է երկրորդի ժամանակ, համարեք, որ ամբողջ օրը վատ տրամադրություն եք ունենալու: Դրանից խուսափելու համար կարող եք ներբեռնել Sleep Cycle, Smart Alarm Clock հավելվածները, որոնք հաշվարկում են քնի փուլերը ու արթնացնում ճիշտ պահին:
Ժամանակի կառավարում հասարակական վայրերում
1.Ձեզ հետ գի՛րք վերցրեք
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը «Ինչպես գիրք գրել» գիրքում, սկսնակներին կարևոր խորհուրդ է տալիս՝ կարդալ որքան հնարավոր է շատ: Սթիվեն Քինգն ասում է, որ ուր էլ գնա, նույնիսկ՝ հացի, միշտ հետը գիրք է տանում. ի՞նչ իմանաս, ինչ կլինի, հնարավոր է, մի քանի ազատ րոպե լինի, ինչու՞ դրանք վատնել:
Լավ կլինի եթե բոլորը հետևեն Սթիվեն Քինգի խորհրդին: Նույնիսկ նրանք, ովքեր չեն պլանավորում գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալ: Պլանավորեք ձեր ժամանակն ավտոբուսում, մետրոյում, բանկում հերթ կանգնելիս կամ ատամնաբույժի ընդունարանում: Ուրիշների բամբասանքները լսելու փոխարեն ավելի լավ չի՞ լինի կարդաք այն 100-էջանոց գիրքը, որը չեք հասցնում ավարտել ժամանակի սղության պատճառով:
2. Խուսափե՛ք հերթերից
Քանի որ խոսք գնաց հերթերի մասին, պետք է նշել, որ 21-րդ դարում քաղաքակրթությունը բավականին առաջ է անցել: Այդ թվում նաև վճարումների ոլորտում: Ցանկացած վճարում, փոխանցում կամ բանկային գործարք կարելի է կատարել առանց տնից դուրս գալու՝ ինտերնետի միջոցով: Իսկ եթե դուք մնացել եք 20-րդ դարում, կես ժամ գտեք, գնացեք բանկ, ինտերնետ-բանկինգ բացեք և սովորեք օգտվել դրանից: Հերթ կանգնել էլեկտրաէներգիայի և աղբի վճարումը կատարելու համար պարզապես ծիծաղելի է:
Ազատ ժամանակի կառավարում
Կարող եք զարմանալ, սակայն ազատ ժամանակը նույնպես կառավարման կարիք ունի: Մենք հաճախ ենք շտապում նույնիսկ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Այդ պատճառով էլ հարցնենք ինքներս մեզ՝ ինչի վրա ենք ուզում ծախսել տնտեսած ժամանակը: Ազատ ժամանակ չի նշանակում վատնած ժամանակ: Ինչպես մասնագետներն են ասում, պետք է կարողանալ հանգստանալ, թե չէ նույնիսկ կարելի է արձակուրդից հոգնած վերադառնալ: Այն մասին, թե ինչպես անցկացնել ազատ ժամանակը, կխոսենք հաջորդ անգամ: