Ինչպե՞ս ոչնչացնել քաղաքը: Սկսնակ դևելոփերի գործնական ձեռնարկ
Թբիլիսիում հաջողակ դևելոփեր լինելու, գործերը վերելք ապրելու և մայրաքաղաքի ժամանակակից շինարարական միտումներից ետ չընկնելու համար միայն մի քանի պայման է անհրաժեշտ կատարել:
Քայլ առաջին. կառուցում ենք ամենուր
Ով է ասել, որ կառուցել կարելի է միայն հատակագծով նախատեսված վայրերում: Եթե երկու շենքերի միջև բավականաչափ տարածք կա, որպեսզի այնտեղ երրորդը խցկել, ապա առա՜ջ (քանի դեռ քեզնից ավելի խելացին չի գտնվել և առաջ ընկել): Կառուցիր մայթին (ո՞վ է 21-րդ դարում ոտքով քայլում): Կառուցիր մարզահրապարակում (նորմալ երեխաները ֆուտբոլ են խաղում միայն Playstation-ով): Ի վերջո, եթե ելք չկա, շենքը կարելի է կառուցել մյուս շենքի աստիճաններին: Չե՞ք հավատում: Ինքներդ նայեք Ճավճավաձե 49 հասցեում:
Քայլ երկրորդ. ո՞ւմ են պետք ծառերը, թող անտառում աճեն
Ի՞նչ է այգին: Ինչ-որ միամիտ հիմար կսկսի ապացուցել, որ դա մի վայր է, որտեղ մարդիկ հանգստանում են քաղաքային աղմուկից: Մի՛ հավատացեք: Իրականում այգին էժան և շահավետ հնարավորություն է նոր տուն կառուցելու համար, քանի որ այնտեղ հին տներ չկան, որոնց բանկչներին պետք է տեղահան անել և նոր բնակարանով ապահովել: Չէ՞ որ քաղաքապետարանում աշխատող ծանոթ կա: Կամ միգուցե էկոնոմիկայի նախարարությունո՞ւմ: Ո՞չ, չկա՞: Իսկ զարմի՞կդ: Շինարարության համար թույլտվություն ստանալը խնդիր չէ: Պարզապես թռչունների և ծառերի սիրահարներին պետք է անտառ տեղափոխել:
Քայլ երրորդ. մայթերը չափսոսել
Հիշո՞ւմ եք, այն ասֆալտապատ ճանապարհը ձեր կառուցվող օբյեկտի կողքը, որը սահմանակից է ճանապարհի երթևեկելի մասին, այն մեծ սերնդի մարդիկ մայթ են անվանում, այն ամբողջությամբ ձեր տրամադրության տակ է: Դրա վրա կարելի է ավազ, ցեմենտ, ամրան լցնել: «Մայթի» վրա կարող են նաև ծառեր լինել, դրանք պետք է առանց վարանելու հատել: Շինարարությունն ավարտելուց հետո նույնիսկ չմտածեք ձեր տեխնիկայի կողմից ոչնչացված մայթը բարեկարգելու մասին: Այն լավ ծանոթը, որը քաղաքապետարանում է աշխատում, կկարգավորի հարցը պատկան մարմինների հետ:
Քայլ չորրորդ. բետոնը շաղախել առավոտյան
Անցնելով շինարարությանը, պետք է հիշել, որ ստիպված եք լինելու անընդհատ լսելու հարևան շենքերում ապրող մարդկանց դժգոհությունը: Սակայն սրտներիդ մոտ չընդունեք: Դա կամակոր ժողովուրդ է՝ տարօրինակ հավակնություններով: Օրինակ, կարող են հայտնվել և ասել, թե ինչու ես բետոնախառնիչը միացնում առավոտյան 4-ին, երբ մարդիկ քնած են: Ինչո՞ւ պետք է իրենց երեխաները շնչեն ձեր շինարարական փոշին: Ինչո՞ւ է իրենց բակն աղտոտված ձեր շինարարական աղբով: Ուշադրություն մի դարձրեք:
Քայլ հինգերորդ. բանվորը կգնա, բանվորը կգա
Գիտե՞ք, պատահում է, որ բանվորը շինարարության վրայից ընկնում է, և միանգամից աղմուկ է բարձրանում. զզվելի բիզնես, թքած ունեն մարդկային կյանքի վրա: Աշխատեք չնկատել դա: Աղմուկն արագ կհանդարտվի, նոր բանվոր կգա, միգուցե նաև ավելի էժան պայմաններով, քան մահացածը: Այդ պատճառով էլ բանվորների անվտանգության համար չարժե ծախսվել:
Քայլ վեցերորդ. պետությունը դու ես
Ընկերոջդ հորեղբայրը մեծամասնական պատգամավոր է, չէ՞: Եթե այդ հորեղբայրը հետաքրքրված է շինարարական բիզնեսով, ապա դա այն է, ինչ պետք է: Հակիրճ, թե ինչ է պետք անել. սրտաճմլիկ նամակ ես գրում այն մասին, որ օրենքները խեղդում են շինարարական բիզնեսը, թե ինչպես թույլ չեն տալիս ծառերը հատել (մայթերին լցնել խճաքարը, ծանր բեռներ լցնել շինարարության համար, բետոնախառնիչն առավոտյան 4-ին միացնել): Այնուհետև ձեր այդ մեծամասնական պատգամավորն այդ նամակը կկարդա հեռուստաօբյեկտիվների առջև, հավաքված արցունքը պիջակի թևքով կմաքրի և հանրային կերպով կխոստանա այդ հարցը բարձրացնել համապատասխան կոմիտեի առաջիկա նիստին և կհեշտացնի կառուցվող օբյեկտների մոտ գտնվող ծառերի հատումը:
Քայլ յոթերորդ. սև ու սպիտակ փիար
Եթե հետևեք վերոհիշյալ խորհուրդներին և ամեն ինչ ճիշտ այդպես անեք, այնուամենայնիվ հարյուրավոր մարտիկ կհայտվեն, որոնք կցանկանան ձեր կյանքը թունավորել: Սակայն սարսափելի բան չկա. դրա համար փիար գոյություն ունի (սպիտակ և սև):
Դիմում ես «հայտնի և հաջողակ մարդկանց» մասին ինչ-որ ամսագրի և հարցազրույց ես տալիս: Հարցազրույցի ժամանակ մի քանի անգամ կրկնում ես հետևյալ արտահայտությունները՝ «քաղաքի համար բոլորի սիրտն է ցավում», «սկզբում պետք է բարիքներ ստեղծել»: Ընդգծված շեշտադրում ես այն որ, քո ընկերությունը ֆինանսավորում է Վազիսուբանիում սուրբ Մևլուդի եկեղեցու շինարարությունը, հովանավորում է Բորժոմիի անտառում երեք սկյուռիկների և թաիլանդական հնգամարտի Վրաստանի հավաքականն է հովանավորում (լավ կլինի, որ հարցազրույցի համար ձեր լուսանկարը հավաքականի շապիկով լինի):
Հա, մի բան էլ. փոքր փոխհատուցման դիմաց նույն ամսագիրը հաճույքով հրապարակում է հոդված այն մասին, որ քո շինարարությանը խանգարող հայտնի ակտիվիստը չի հարգում վրացական հասկացություններն ու ավանդույթներն ու իր երեխաներին չի մկրտել:
Այսքանը, եղբա՛յր: Առաջ: