Ինչպե՞ս ՀՀ անկախության 30-ամյակը շնորհավորեցին համանախագահ երկրները
Հայաստանի վարչապետն ու նախագահը շնորհավորական ուղերձներ են ստանում երկրի անկախության 30-ամյակի առթիվ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ևս ուղերձներ են հղել:
Ի տարբերություն Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի առաջնորդներն իրենց ուղերձներում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորման անհրաժեշտությունը:
Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, ու ընդգծել, որ երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում իրենց ներդրումն ունեն 1.5 միլիոն ամերիկահայերը:
Ջո Բայդենը վերահաստատել է Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջմղման, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ապահովման ՀՀ ջանքերին, ինչպես նաև COVID-19-ի դեմ պայքարում: Բայդենը հիշեցրել է, որ հակահամաճարակային պայքարի համար ԱՄՆ-ն Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2 միլիոն դոլար:
ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու մեկ տարի առաջ տեղի ունեցած մարտական գործողություններին․
«Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը: Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ»:
Ֆրանսիայի նախագահը գնահատել է այն նշանակալի ուղին, որ անկախության ձեռքբերումից ի վեր անցել է հայ ժողովուրդը ժամանակակից և ժողովրդավարական պետություն կերտելու համար և նշել, որ հաղթահարելով մի շարք փորձություններ՝ Հայաստանին հաջողվել է ամրապնդել ինստիտուտների գործունեությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված ուղերձում Մակրոնը երկու երկրների հարաբերությունները որակել է սերտ, վստահելի ու բարեկամական՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կխորանա մշակույթի, կրթության, առողջապահության, տնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում:
Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, պատրաստակամություն է հայտնել լինելու Հայաստանի կողքին ու օգնելու «հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց ՀՀ առջև ծառացած մարտահրավերները».
«Ֆրանսիան ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը»:
Մակրոնի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերսկսվի Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս հարցում ևս Ֆրանսիան պատրաստ է աջակցել․
«Մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման»:
ՀՀ վարչապետ Փաշինյանին և նախագահ Սարգսյանին շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի տարբերություն համանախագահ մյուս երկու երկրների ղեկավարների ուղերձների՝ այստեղ չկա որևէ անդրադարձ 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցություն է հաստատվել, կառուցողական փոխգործակցություն կա ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում․
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա։ Դաշնակցային ոգով դրանց հետագա զարգացումն, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»։