Ինչպե՞ս թատրոնը հաջողակ դարձնել
Հայտնի քաղաքագետ և Աբխազիայի ԱԳՆ նախկին բարձրաստիճան աշխատակից Իրակլի Խինտբան գարնան վերջում լքեց քաղաքականությունն ու գլխավորեց Սուխումի դրամայի ռուսական թատրոնը: Եվ թատրոնի արդեն աշնանային խաղաշրջանը գերազանցեց բոլոր սպասումները: Երեք պրեմիերաներն ու մեկ նորացված ներկայացումը հանդիսատեսին ետ բերեցին դահլիճ:
Նախկինում մի քանի տասնյակ հանդիսատես անգամ չէր հավաքվում ներկայացումներին, իսկ հիմա՝ անշլագն անշլագի ետևից:
Տարբեր տարիներին Իրակլի Խինտբան աշխատել է որպես ԱԳ նախարարի տեղակալ, ինչպես նաև ղեկավարել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի փորձագիտական վարչությունը: Նրա թատրոն գալը շատերի մոտ տարակուսանք առաջացրեց: Սակայն այժմ շատերին արդեն թվում է, թե այդ փուլում ավելի լավ որոշում հնարավոր չէր կայացնել:
Այն մասին, թե ինչպես լավ քաղաքագետից վերածվել հաջողակ թատերական պրոդյուսերի՝ Իրակլի Խինտբայի՝ JAMnews-ին տված հարցազրույցում:
— Որքա՞ն ծանր էր Ձեզ համար գործունեության ոլորտը փոխելու որոշումը: Եվ ինչո՞ւ այն կայացրիք:
— Ինձ համար դա դժվար չէր, քանի որ ես սիրում եմ և գիտեմ թատրոնը, պրոֆեսիոնալ կերպով հետաքրքրվում եմ թատրոնով արդեն շատ վաղուց: Ինձ համար այս ամենը լիովին տրամաբանական է: Այդ պատճառով էլ, որոշումը հեշտ է տրվել: Ես անգամ հրաժարվեցի բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու առաջարկից թատրոնում աշխատելու համար: Կարծում եմ, որ թատրոնի նշանակությունն ու դերն այնքան կարևոր է, որ դրան ժամանակ ու եռանդ հատկացնելը բավականին արդարացված է: Հավատացեք, ես չեմ պատրաստվում ժամանակս ապարդյուն վատնել:
— Ռուսական դրամատիկական թատրոնի աշնանային խաղաշրջանը շատ հաջող անցավ: Պատմեք, թե ինչպես Ձեզ՝ կողմնակի մարդուն, դա հաջողվեց:
— Այս հարցին մի քանի պատասխան կա:
Մանկուց թատրոնն ինձ համար առանձնահատուկ մի բան է եղել: Ուսանողական տարիներին Մոսկվայում ամեն երեկո թատրոն էի գնում, հետագայում եղել եմ աշխարհի լավագույն թատրոններում:
Ես ծանոթ եմ նաև շատ թատերական գործիչների հետ, հատուկ գրականություն եմ կարդացել, լավ ճաշակ ունեմ, այդ պատճառով էլ ինձ բավականին կոմպետենտ եմ համարում այս ոլորտում:
Բացի այդ, թատրոնի կառավարման հարցում մենեջմենթի հմտություններ են պետք, իսկ դրանք ես մարզել եմ՝ գործադիր իշխանության մարմիններում տարբեր պաշտոններ զբաղեցնելով:
— Ի՞նչն եք այս փուլում համարում Ձեր ամենակարևոր հաջողությունը:
— Կարևորագույն ձեռքբերումն այն է, ինչին մեր թատրոնները տասնամյակներով չեն կարողացել հասնել, իսկ մենք հասել ենք երեք ամսում: Նկատի ունեմ աշխատանքային կանոնավոր ռեժիմը: Իմ կարծիքով, արտիստը կորցնում է ոչ միայն պրոֆեսիոնալ հմտությունն, այլ նաև տաղանդը, երբ հնարավորություն չի ունենում գոնե շաբաթը մեկ բեմ դուրս գալ, իսկ ավելի լավ է՝ երկու-երեք անգամ:
Մեր դերասանները այժմ բեմ են բարձրանում նույնիսկ ավելի հաճախ, չնայած որ նախկինում ամենաշատն ամիսը մեկ էին խաղում: Նրանց համար հիմա բարդ է, նարնք սովոր չեն աշխատանքային նման ռեժիմի, ոմանք նույնիսկ դժգոհ են, սակայն թատրոնն այլ ուղի չունի և չի էլ կարող ունենալ:
Ռուսական դրամատիկական թատրոնն աշխատում է մշտական խաղացանկով, աֆիշան երկու ամիս առաջ է կազմվում, նոր ներկայացումների պրեմիերաների ժամկետները խստորեն պահպանվում են: Այդ առումով դեռ որևէ ձախողում չի եղել:
Մեր հերթական պրեմիերան՝ «Հինգ երեկո» ներկայացումը, կկայանա 2017թ-ի ապրիլի 13-ին, և ես ձեզ վստահեցնում եմ, որ կկայանա հենց այդ օրը:
— Թատրոնի վերջին սեզոնի երկու ներկայացումները ռուս ռեժիսորներն են բեմադրել: Եվ երկուսն էլ՝ շատ հաջող: Այնպիսի տպավորություն է, որ ռեժիսորները հեշտությամբ են համաձայնում համագործակցել Ռուսական դրամատիկական թատրոնի հետ: Իսկ ինչպե՞ս են իրականում տեղի ունենում բանակցությունները: Արդյո՞ք հեշտ է արտասահմանցի ռեժիսոր ընդգրկել ներկայացումներում:
— Ես խորապես համոզված եմ, որ Աբխազիայում թատրոնը նոր մակարդակի բարձրացնելն առանց Ռուսաստանից մասնագետներ հրավիրելու բացարձակապես անհնար է: Պետք է դադարել սեփական յուղի մեջ տապակվել, դա հակաարդյունավետ է:
Աշնանը ռուս ռեժիսորներ Անդրեյ Տիմոշենկոն և Անաստաս Կիչիկը մեզ մոտ երկու հիանալի ներկայացում են բեմադրել, որոնք մշակութային իրադարձություն են դարձել: Ներկայացումների նման որակ մեզ մոտ չէր եղել, ես դա պնդում եմ ողջ պատասխանատվությամբ:
Իմ նպատակն այսուհետ էլ լավ ռեժիսորների, լույսային օպերատորների, այլ թատերական մասնագետների հրավիրելն է: Մեր գործընկերները միանգամից ավելի զգոն են դառնում՝ աշխատելով հրավիրված պրոֆեսիոնալների հետ:
Իրոք լավ ռեժիսոր գտնելը հեշտ չէ: Ինքդ պետք է թատերական արտադրանքին լավ ծանոթ լինես, բացի այդ, միշտ օգտակար է, երբ մշակույթի հեղինակավոր գործիչներ կան Ռուսաստանում, որոնք կարող են խորհուրդ տալ: Եվ կարևոր է, որ մեր թատրոնը համապատասխանի:
Հաջորդ տարի, մենք կշարունակենք աշխատել Անդրեյ Տիմոշենկոյի հետ, ինչպես նաև այլ ռեժիսորների կհրավիրենք, որոնց հետ արդեն հստակ պայմանավորվածություններ ունենք:
— Շատ կարևոր հարց են ֆինանսները: Նախկինի պես հիմնվում եք պետական թատրոնի բյուջեի՞ վրա: Այն բավարա՞ր է արդյունավետ աշխատանքի համար:
— Այն բացարձակապես բավարեր չէ: Մենք աշխատավարձ ենք ստանում և տարեկան 700 հազար ռուբլի (12 հազար դոլար) ամեն ինչի՝ նոր ներկայացումներ բեմադրելու, կոստյումների և դեկորացիաների պատրաստման, հոնորարների վճարման, մեծ գույքային համալիրի պահպանման, կոմունալ վճարումների համար: Իսկ մեկ լուսարձակի լամպը կարող է 40 հազար ռուբլի արժենալ (մոտ 700 դոլար):
Այդ բյուջեն մեր այսքան արդյունավետ թատրոնի համար ամոթալի և խայտառակ բյուջե է: Մենք ինքներս ենք ձգտում գումար վաստակել, մեզ օգնում է մեր պաշտոնական գործընկեր Ա-Մոբայլը: Սակայն այսպես հավերժ չի կարող շարունակվել:
Ի վերջո, մենք պետաան թատրոն ենք, տարեկան 5 պրեմիերա ունենք: Էլ ո՞վ է Աբխազիայում այդքան արդյունավետ և ինքնազոհ աշխատում այդպիսի չնչին բյուջեով:
Այսպիսի իրավիճակը մեզ շատ է կաշկանդում, մենք չենք կարող ռիսկի դիմել և փորձարկումներ անել, պետք է մշտապես մտածենք դրամարկղային շրջանառության մասին, սակայն թատրոնն առնաց ռիսկի և փորձարկման չի կարող զարգանալ: Ես մեծ հույս ունեմ, որ 2017թ-ին պետությունը մեզ ավելի շատ ուշադրություն կհատկացնի:
— Ինչպե՞ս եք գնահատում ձեր թատրոնի դերասանական ներուժը:
— Մեր թատերախումբը լավն է, սակայն դերասանները քիչ են՝ ընդամենը 13 հոգի: Դա շատ քիչ է լիարժեք թատրոնի համար, որը կանոնավոր կերպով է աշխատում: Գրեթե երիտասարդներ չկան: Մենք հույս ունենք, որ թատերախումբը կհամալրվի Շչուկինի անվան ռուսական թատերական ինստիտուտի ուսանողների հաշվին:
Դերասանի մասնագիտությունն առաջին հերթին արհեստ է: Եվ այդ արհեստը կարող են սովորեցնել լավ թատերական դպրոցներում, այդ պատճառով էլ մենք հույսեր ենք կապում այդ երիտասարդների հետ:
Ես մշտապես նոր դերասաններ եմ փնտրում: «Հինգ երեկո» ներկայացման փորձերին արդեն մասնակցում է տաղանդավոր աբխազ ռեժիսոր Ինար Նարմանիան, որը լավ դերասանական պատրաստվածություն ունի:
— Դուք մեծ ուշադրություն եք դարձնում հանդիսատեսի հետ աշխատանքին: Լեփ-լեցուն դալիճները նույնիսկ հին ներկայացումների ժամանակ արդյունավետ մենեջմենթի՞ արդյունք են:
— Հիմա նորության էֆեկտ կա: Եվ բոլորին հետաքրքիր են պրեմիերաները: Խնդիրները կարող են հետո առաջանալ, երբ հարկ լինի պահպանել հանդիսատեսի հետաքրքրությունը:
Իհարկե, մենք նոր ներկայացումներ ենք բեմադրելու, սակայն հներն էլ են լինելու: Եվ այստեղ լրատվամիջոցների աջակցությունն է կարևոր, ես անձամբ դրան մեծ ուշադրություն եմ դարձնում:
Մենք արդեն շատ բաների ենք հասել, մեր թատրոնը բարձր հաճախելիություն ունի: Պետք է այնպես անել, որ հանդիսատեսի մոտ սովորություն դառնա մեր թատրոն գալը, որ նա այստեղ իրեն լավ և ուրախ զգա: Թատրոնն ուրախություն է: Ես անձամբ եմ դիմավորում հանդիսատեսին, ժպտում եմ յուրաքանչիուրին, բարի խոսքեր եմ ասում, օգնում եմ դահլիճում տեղը գտնել:
Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան, որ մենք գնահատում ենք յուրաքանչյուր հանդիսատեսի, որ բոլորին ուշադրություն է հատկացվում, որ թատրոնը հրաշալի բան է, որ դա երեկոն անցկացնելու լավագույն վայրն է:
Սակայն, այնուամենայնիվ, գլխավորը լավ ներկայացումն է: PR-ը չի օգնի, եթե ներկայացումը թույլ է և հանդիսատեսի հետաքրքրությունը չունի: Այդպիսի ներկայացումները մենք առանց ափսոսելու հանելու ենք խաղացանկից:
— Ի՞նչ է պետք Աբխազիայի հանդիսատեսին այսօր, ի՞նչ եզրակացություններ եք արել անցած երեք ամսվա ընթացքում:
— Այն, ինչ ցանկացած այլ երկրի հանդիսատեսին: Պետք է թատրոն, որը հանդիսատեսի էմոցիոնալ արձագանքին է արժանանում, չի թողնում, որ նա դահլիճից «սառը քթով» հեռանա:
— Դուք՝ որպես ղեկավար, ի՞նչն եք առաջնահերթ խնդիր համարում այս փուլում:
— Առաջնահերթ խնդիրը խաղացանկ կազմելն է: Նվազագույնը 8 որակյալ ներկայացում է անհրաժեշտ (չորսն արդեն կա) և կարճ ժամանակահատվածում այն պետք է կազմել:
Երկրորդը՝ թատրոնի կոլեկտիվի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելն է, մասնավորապես՝ արտադրական հատվածն ամրապնդելը:
Երրորդը՝ թատերախումբը համալրել երիտասարդներով: Եվ չորրորդը՝ ֆինանսական միջոցներ գտնել թատրոնի տեխնիկական վերազինման համար:
— Ի՞նչ պլաններ ունի Ռուսական դրամատիկական թատրոնը 2017թ-ի ձմռան և գարնան համար:
— Փետրվարին կմեկնարկի 36-րդ թատերաշրջանի երկրորդ կեսը: Սկսվում են Ալեքսանդր Վոլոդինի «Հինգ երեկո» հայտնի ներկայացման փորձերը:
Այն բեմադրում է երիտասարդ և տաղանդավոր մոսկվացի ռեժիսոր Անտոն Կիսելյուսը: Արդեն պատրաստ է թատրոնի գլխավոր նկարիչ Վիտալի Կացբայի դեկորացիաների մանրակերտը, որոնք կցնցեն երևակայությունը: Մեր առաջատար դերասանուհի Աննա Գյուրեղյանը հնարավորություն կունենա փայլելու շատ լուրջ դերում:
Միաժամանակ կսկսվեն Գոգոլի «Ռևիզոր» հայտնի պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման փորձերը՝ Անդրեյ Տիմոշենկոյի բեմադրությամբ:
Խաղացանկում անպայման կատակերգություն և մանկական ներկայացում կհայտնվի: Հիմա ես բանակցություններ եմ վարում 3 ռուս ռեժիսորների հետ և մոտ ապագայում կհայտնեմ արդյունքների մասին: